
Ապրիլի 13-ից Գեղարքունիքի մարզային ու համայնքային գրադարաններում մեկնարկել են «Ազգային գրադարանային շաբաթվան» նվիրված միջոցառումները։
Մարզային ու համայնքային գրադարանների տնօրենների տեղեկացմամբ՝ «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցները՝ գլխավոր գրադարանավար Ներսես Հայրապետյանը, Համագործակցության և գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը և առաջատար գրադարանավար Անիցա Գենդջյանը այցելել են Գեղարքունիքի մարզային գրադարան։ Գեղարքունիքի մարզային , 7 համայնքային և Գեղարքունիք գյուղի դպրոցական գրադարանները համալրվել են նոր գրականությամբ։
Ազգային գրադարանի աշխատակիցները մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզային գրադարանի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ Երազիկ Գրիգորյանի և Հովիկ Չարխչյանի հետ հանդիպմանը։
Միջոցառման ընթացքում Ներսես Հայրապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով նորարարության դերը գրադարանային գործում և ընթերցանության մշակույթի զարգացման անհրաժեշտությունը։
Նշված նախաձեռնությունները միտված են գրքային ֆոնդերի հարստացմանը, ընթերցանության խթանմանը և համայնքային գրադարանների զարգացմանը։
Գեղարքունիքի մարզային գրադարանում իրականացվել է «Գիրք, հեքիաթ և երգ» խորագրով սպասված հանդիպումը՝ սցենարիստ, մանկագիր Երազիկ Գրիգորյանի և գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։ Միջոցառման ընթացքում գրադարանը վերածվել է հեքիաթի, երաժշտության և գրականության կենդանի հարթակի, որտեղ մեկտեղվել են տարբեր արվեստների աշխարհներ։
Մանկական բաժնի ընթերցողները բեմականացրել են հատվածներ Երազիկ Գրիգորյանի հեքիաթներից, որին հետևել է հարցուպատասխան և ակտիվ շփում հեղինակի հետ։
Հանդիպման հյուրերի ելույթներն ու գրական զրույցները հանդիսատեսին փոխանցեցին ոգեշնչում և նոր հետաքրքրություն դեպի գիրքն ու արվեստը։
Շաբաթվա շրջանակներում Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր Սևանի տարածաշրջանի դպրոցների գրադարանավարներին՝ մասնակցելու սեմինար-պարապմունքին, որը ներառում էր
«Գրադարանային ֆոնդի դասակարգում», «Աշխատանք ընթերցողների հետ», «Համալրման և մշակման բաժնի աշխատանքներ», «Գրականության անցկացում գրադարանի գլխավոր գրքում և թվայնացում», «Դպրոց-գրադարան համագործակցություն» թեմաները։ Սեմինարն անցկացրել են ԳԿՀ-ի փոխտնօրեն Մարգարիտ Սմբատյանը, համալրման բաժնի ավագ գրադարանավար Աննա Սարգսյանը և սպասարկման բաժնի գրադարանավար Էմմի Հարությունյանը։
Սեմինար-պարապմունքի մասնակից գրադարանավարները կենտրոնական գրադարանի կողմից ստացել են գրքեր:
«Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում Գավառի համայնքային գրադարանում հյուրընկալվել է հոգեբան, փորձագետ, նեյրոհոգեբանության մասնագետ Արմինե Դավթյանը։ Հոգեբանը լսարանին ներկայացրել է «Անձի երեք ուժերի մոդելը կրթության և հոգեբանական աշխատանքի մեջ» թեմայով դասախոսություն։
Հանդիպմանը մասնակցել են Գավառ համայնքի կրթակամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, հոգեբաններ և գրադարանավարներ։
Հոգեբանը ներկայացրել է իր հեղինակած «Անհատի տիպաբանությունը և ներդաշնակության մանկավարժությունը» գիրքը, ինչպես նաև իր հեղինակային մոտեցումները։ Նա անցկացրել է ինտերակտիվ թրեյնինգ՝ «երեք ուժերի մոդելի» հիման վրա։
Հանդիպման ավարտին Արմինե Դավթյանն իր հեղինակած գրքերից նվիրել է հանդիպմանը մասնակից ուսանողներին և գրադարանին։
Գեղամա աշխարհ