
Մեր տան պատշգամբից, ինչպես ափի մեջ, երեւում է Գեղամա լեռնավահանը՝ իր բոլոր բարձրաբերձ կատարներով ու բլուրներով, որոնք օրվա տարբեր ժամերին հրաշագեղ տարբեր երանգներ են հագնում՝ մերթ կորած ամպերի գորշության, մերթ՝ թափառող մշուշների, մերթ՝ ճերմակաթույր ձյան հաստ շերտի, մերթ՝ արեւի բոցկլտուն ցոլքերի մեջ։ Քանի՜-քանի՜ անգամ, հայացքս սեւեռած սրբազան լեռնավահանին, փորձել եմ հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս հաշվել բոլոր լեռնագագաթներն ու բլուրները, սակայն ինչ-որ կետի վրա խառնել եմ հաշիվներս, քանի որ դրանք մի քանիսը չեն, այլ մի քանի տասնյակն անցնող սքանչելի վեհություններ են՝ դեպի երկնքի անհունները ձգվող, որոնց գլխին մայրամուտի ժամերին դանդաղընթաց իջնում է Արեգակը, իսկ ամպամած օրերին ամպերն ու մշուշներն են կանգ առնում թափառանքից հոգնած ու իրենց պետք եղած ժամին հեռանում։
Հեքիաթային այդ գեղեցկության ծալքերում հազար գաղտնախորհուրդ էջեր կան, որոնք միտք ու սիրտ են գրավում իրենց վառվռուն գույներով, հոգեպարար կարկաչներով, հսկայական քարացրոններով, մեծ ու փոքր լճերով ու լճակներով, անասնահոտերով, հովվական կյանքով, ալպյան բազմերանգ բուսածածկույթով, թռչունների դայլայլով, արծիվների խենթ սլացքով։
Գնացող-եկողներից նույպես շատ անգամներ էի լսել Գեղամա աշխարհի Արեւմտյան սահմանագծի բնության հուշարձանների շռայլությունների մասին, սակայն, ինչպես ասում են, մեկ անգամ սեփական աչքերով տեսածը հարյուր անգամ լսածից ավելի տպավորիչ է։
Ճամփորդում ենք «Սարվոր Տուրիզմ» ընկերության տնօրեն Լալա Մկրտչյանի ղեկավարությամբ։ Վարորդ Տիգրան Գասպարյանը, թեկուզ դժվարությամբ, բայց անտրտունջ կարողանում է հաղթահարել դաշտամիջյան ճանապարհների խորդուբորդությունները, ոլորանները, թեք տեղանքների վերելքները։
Առաջինը մեզ հիացնում են հացահատիկի արտերը, որոնք փռված են Հացառատի տնտեսություններին պատկանող դաշտերում։ Ցորենի եւ գարու արտերն արդեն հասկակալած են, փարթամ տեսքի մեջ ու առատ բերք են խոստանում։

Հետո արդեն մեր մեքենան սլանում է ալպյան շքեղ բուսածածկույթի մեջ անվերջ ձգվող ճանապարհով։ Դժվար է բառերով նկարագրել կախարդական գույների այդ աշխարհը, որը կարելի է ամբողջացնել «Ալպյան գորգ» բառակապակցությամբ։ Բուսածածկույթն էլ այս տարի չափազանց խիտ ու առատ է ստացվել, ինչը հուշում է, որ անասնապահական տնտեսությունները սպասվածից ավել անասնակեր կկուտակեն։ Այստեղ եւս բերքահավաքը կսկսվի օգոստոսի սկզբներին, ինչպես եւ հացքաղի դեպքում։
Բազմատեսակ ծաղիկները բացվել են իրենց սքանչելի կոկոնների վրա ու փայլատակում են ճերմակ, դեղին, կապույտ, կարմիր, կանաչ, բոսոր, մոխրագույն ու այլ երանգների մեջ։ Նրանց մի մասն էլ արդեն ծաղկաթափի մեջ է։ Վաղորդյան շաղն արդեն սկսում է ցնդել։
Առաջին կանգառը կատարում ենք Զաքոյի լճակի մոտ, որը Գավառ քաղաքից գտնվում է մոտ 10 կիլոմետր հեռավորությամբ, ծովի մակերեւույթից շուրջ 2600 մետր բարձրության վրա։ Լճակի շուրջ արածում է տավարի նախիրը, իսկ ջրերի վրա լողում են վայրի բադերը՝ կեր որոնելով լուսաբացի շողքերի ներքո։ Նրանցից քիչ հեռվում, դեպի հյուսիս, քարի վրա վեհորեն թառել ու ակնդետ լճակի ջրերին նայում է արծիվը։ Նախրի մեջ աչքի է զարնում ծանրաքարշ ու սեւագույն ցուլը, որի բառաչից օդն ու հողն ասես դղրդում են։ Իսկ փոքրիկ հովիվը, գավառցի դպրոցական, նախիրը կառավարում է՝ հպարտորեն ձիու թամբին նստած։ Երբ փորձում ենք մոտիկից լուսանկարել արծվին, նա անմիջապես խրտնում է մոտեցող ոտնաձայներից, բացում լայն թեւերը եւ ճախրում դեպի երկինք։ Նա ավելի է գեղեցկանում այդ սլացքի մեջ։

Հետո արդեն մեզ դիմավորում են եզդիների վրանները, նրանց անասնահոտերը եւ գելխեղդ հովվաշները, որոնց ահազդու տեսքը կարող է յուրաքանչյուր մարդու կամ կենդանու գամել իր տեղում։ Եզդիների վրանների մոտ երեւում են կանայք ու մանկահասակ երեխաներ, հոտերի մոտ՝ պատանիներ կամ երիտասարդ այրեր։ Փարախներն ու վրանները, հնադարյան կենցաղ հիշեցնող միջավայրը հուշում են, որ ժամանակն այստեղով գրեթե չի էլ հոսել, որ հովվերգական կյանքը անփոփոխ գլորվել-հասել է մեր օրերը, որ մեր աչքերի առաջ բացվել է հենց հազարամյակներ առաջվա անկրկնելի տեսարանը, երբ մարդ արարածը, ընտելացնելով վայրի կենդանիներին ու տիրապետելով անասնապահության մշակույթին, այլեւս անբաժան մնաց նրանից՝ անգամ սրընթաց զարգացող մերօրյա աշխարհում։ Միակ բանը, որ այստեղ հուշում է ժամանակակից կյանքի մասին, դա անասնապահների ավտոմեքենաների գոյությունն է։ Մնացած դեպքերում նույն վրաններն են, նույն փարախները, նույն հոտերը, հովվաշները, տարեց կամ փոքրիկ հովիվները, ոչխար կթող կանայք, խուզ անող տղամարդիկ, կաթ ու կաթնամթերք արտադրողների բազմությունը՝ առանց էլեկտրական էներգիայի, բաղնիքի, խոհանոցի, կահույքի, հեռուստացույցի, հոսող ջրի։ Նրանց վառելիքը հիմնականում ոչխարի տարթն է, որ վառվում է վառարանի մեջ, իսկ վառարանը անխափան հոգում է սարվորների շուրջօրյա կարիքները։

Եվ ինչպես որ բազմաքանակ են Գեղամա լեռնավահանի բլուրներն ու գագաթները, նույնչափ բազմաքանակ են եզդիների ամառային արոտավայրերում տեղադրված վրանները, որոնք հիմնականում ամրացված են լճերի ու լճակների կողքին, իհարկե, այն լճերի ու լճակների, որոնք ամռան ընթացքում պակասում, սակայն իսպառ չեն ցամաքում։
Մեր անկանգ վերելքը շարունակվում է այնքան, մինչեւ որ արեւի ցոլքերի ներքո փայլատակում է Ակնա լիճը։ Դժվար է հավատալ, որ լեռների գրկում, ծովի մակերեւույթից մոտ 3 հազար մետր բարձրության վրա կարող է նման մեծության լիճ գոյանալ ու ծփալ հավերժորեն։ Բավական է ասել, որ այն ընդգրկում է շուրջ 50 հեկտար տարածք՝ սարահարթի բնական թասի մեջ։ Ունի ավելի քան 30 մետր խորություն։ Ակնա լճի ջրերն օգտագործվում են ոռոգման եւ անասնահոտերը ջրելու նպատակներով։ Այստեղ նաեւ իշխան ձուկ է բուծվում, որի համի մասին վկայում են այն ճաշակող զբոսաշրջիկները։ Լեռնային լիճն ալիքվում է մեղմորեն մեր հիացական հայացքների ներքո։
Ապա շարունակում ենք մեր երթը դեպի Աժդահակ, դեպի երկնամերձ կատար։ Հստակ ճանապարհ գոյություն չունի, միայն կանաչապատ ու քարացրոններով հարուստ սարահարթերում հազիվ նշմարվող մեքենաների անիվների տեղերն են հուշում, թե որտեղով է հնարավոր անցնել։ Մեր «ՈՒԱԶ»-ի վարորդ Տիգրանը ուշիուշով չափում է տարածքը, ձգտում հստակ կողմնորոշվել, «Սարվոր տուրիզմ»-ի համահիմնադիր Հակոբ Սարգսյանը միացրել է հեռախոսի կողմնորոշիչ ուղեցույցը, սակայն հարկ է լինում քանիցս դիմել նաեւ մեր ճանապարհին հանդիպած հովիվների օգնությանը, քանի որ մեր երթը հաճախ անհնարին են դարձնում քարակույտերը, ձորակներն ու խանդակները։

Տեղ-տեղ մենք անցնում ենք թափառող մշուշների միջով, որոնք խիտ զանգվածներով բռնում են լեռնագագաթները, լեռնափեշերը, ստորոտներն ու սարահարթերը։Ի վերջո, մոտենում ենք մի կետի, որտեղ արդեն ավտոմեքենայի հետագա երթը դառնում է անհնար, ու մենք պիտի ապավինենք մեր քայլքին։ Աժդահակ պիտի բարձրանանք արեւմտյան կողմից՝ կտրելով մոտ 1-1,5 կիլոմետր ճանապարհ։ Ու շատ հաճելի է, որ օրը պայծառ է, ոչ անձրեւային, ինչ հազվադեպ է լինում այս կողմերում։ Օդը շատ զով է, երբեմն մեր դեմքին զարնում է օդային սառը հոսանքը։ Վերելքը, պարզվում է, արեւմտյան կողմից այդքան էլ դժվար չէ՝ համեմատած լեռան մյուս կողմերի հետ։ Աչքի զարնող է լեռան կարմրությունը․ այն հիմնականում բաղկացած է խարամից, որի անթիվ-անհամար բեկորները, իրար վրա կիտվելով, մի աժդահա, դեպի երկինք մխրճված սար են գոյացրել։ Քայլում ենք մեծ ձնահյուսերի կողքով, որոնց հալքը դեռ շարունակվում է՝ արցունքի պես վճիտ ձնհալքի ջուրը վազում ու կորչում է հողի կրծքում, քարերի արանքում։ Նույնքան հիացած քայլում ենք վայրի ծաղիկների գեղեցիկ ու բազմագույն բույլերի ու զգլխիչ բույրերի միջով։ Նրանք, թվում է, մի երանելի հրաշքով են հող գտել այս խարամի անապատում ու ամուր, սիրով կառչել լեռան փեշերին՝ գտնելու եւ գրավելու իրենց տեղն այս հեքիաթային աշխարհում։

Վերջապես ոտքս դնում եմ վերելքի վերջին կետին, ու աչքերիս առաջ բացվում է երկնային ու երկրային հրաշքների միաձուլումից ծնված կախարդական եզերքը։ Մենք արդեն գտնվում ենք Գեղարքունիքի մարզի ամենաբարձր կետում՝ ծովի մակերեւույթից 3597,3 մետր բարձրության վրա։ Հսկայական թասը միանգամայն անթերի է գծված, իսկ նրա հատակին ծփում է սրբասուրբ, անմահական ջուրը։
Անկուշտ նայում եմ թասին ու լճի վճիտ ջրերին, հոգիս խառնում բնության անկրկնելի, վեհագույն շռայլությանը, անէանում մարդկային աշխարհի դաժան ու չար բնույթից, ստորագույն արարքներից ու մտովի աղոթում երկնքի ունկերին, որ մրմունջներս հաստատապես հասնեն Աստծո ողորմությանը։ Ինձ համար ոչինչ չեմ ուզում, այլ աշխարհի համար խաղաղություն, սեր ու բարություն եմ տենչում, որ Ուխտս ընդունելի լինի։ Հայոց հայրենիքի անխորտակ, հզոր, խաղաղ ու շեն երթն եմ ուզում։
Վերից չափում եմ ոտքիս տակ ընկած ողջ լեռնաշխարհը։ Հսկա լեռնաստանի վրա արեւելյան ու հյուսիսային կողմից նստած են ճերմակաթույր ամպերը, հարավից երեւում է Գեղամա լեռնավահանի գագաթների ու բլուրների, սարահարթերի ու ձորերի պատկերը՝ տեղ-տեղ ձնապատ, տեղ-տեղ մառախլապատ։ Արեւմուտքից, շատ հեռվում նշմարվում են Կոտայքի մարզի բնակավայրերը։ Գավառը, իր բնակավայրերով , չի երեւում․ նրան պատնեշել են բարձրաբերձ լեռներն ու ամպերը։ Մեր թիկունքում, լեռան հարավային կողմում, զբոսաշրջիկները դահուկներով սահում են պնդացած ձնահյուսի վրա։ Արտասահմանցի երկու զբոսաշրջիկ էլ մինչ լեռան ստորոտ էին եկել հեծանիվներով, հետո վերելքը սկսել ոտքով՝ ներքեւում թողնելով դրանք։

Բարկ արեւն ու ցուրտ օդը մեկտեղված էին լեռան գագաթին։ Երկյուղածորեն իջնում եմ դեպի թասի հատակը, դեպի դշխոյական տեսքի մեջ թաղված լիճը։ Մեր արշավախմբի անդամներն ավելի շուտ են տեղ հասել ու մոտիկից անհագորեն վայելում են բարձրաբերձ լեռնային հրաշքը, նրանցից ոմանք անմահական ջրով թրջում են իրենց մարմինները, իսկ բարակ վերնազգեստով ջուր մտած Անին վերեւից նմանվում էր ջրահարսի՝ ամենեւին չխուսափելով ջրի ծակող սառնությունից։
Սիրով հաղորդվում եմ զուլալ ու պաղպաջուն ջրին։ Եվ թող դա լինի Մկրտություն Հայոց հին ու նոր հավատի, Հայոց երազանքի ու նպատակների։ Նստում եմ լճափի քարին՝ հայացքս չկտրելով լճի ծփանքից, նրա գաղտնախորհուրդ գոյությունից։ Տխրում եմ այն մտքից, թե որքան դժվարությամբ հասա լեռնային այս Ոգուն, ու որքան հեշտ պիտի հրաժեշտ տամ․․․թեկուզ ամեն տարվա գոնե մեկ օր այստեղ վերադառնալու ակնկալիքով։
Վայրէջքն ավելի հանգիստ ու թեթեւ է թվում, իսկ հոգնածության զգացողությունը ասես չքացել է մեր ստացած երջանիկ, հոգեբուխ տպավորություններից։ Վերադառնում ենք նույն ճամփաներով, նույն բարձր տրամադրությամբ ու միաժամանակ ծրագրում մեր արշավի հաջորդ երթուղին, որը պիտի լինի Սպիտակասարում։ Գավառ ենք հասնում՝ մայրամուտի ու մթնշաղի հրաշալի ակնթարթները միասին վայելելով։
Այո, մեր բնաշխարհի ամեն մի անկյունն իր համար ամեն մեկը պիտի փորձի բացահայտել, հոգով ու սրտով մերձենալ նրան, զգալ, սրտի թրթիռով սիրել հայրենի երկրի ամեն մի քարն ու թուփը, լեռն ու մշուշը, ջուրն ու ծաղիկը, հավքն ու ձյունը, վերջապես՝ արաչագործ ոգով բռնկված մարդուն, քանի որ Հայրենասիրությունը նաեւ այս կերպ է լինում։
Վերջաբանի փոխարեն- Այս ճամփորդությունը հնարավոր դարձավ «Սարվոր տուրիզմ» ընկերության եւ նրա ղեկավար Լալա Մկրտչյանի նախաձեռնությամբ։
Հրաշալի գործ է ձեռնարկում այս զբոսաշրջային ընկերությունը` մարդկանց կապելով հայրենի պատմության եւ բնության հուշարձաններին, բացահայտելով նոր արժեքներ, նոր հետաքրքրություններ։ Հորդորում եմ հայրենակիցներիս՝ հաճախակի օգտվել «Սարվոր տուրիզմ»-ի ծառայություններից, նրա միջոցով ուղեւորություններ ձեռնարկել դեպի մեր պատմության ու բնության հուշարձաններ՝ որտեղ ձեզ սպասում են ոգեղեն արժեքներ, անկրկնելի ապրումներ, անջինջ տպավորություններ։
Խոսրով Խլղաթյան