
/Շարունակությունը՝ նախորդիվ/
Ազգագրական աղբյուրները վկայում են հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամի խիստ կանոնակարգված վարքի մասին․ «Հայկական ընտանեկան համայնքը հազարամյակների ընթացքում մշակել էր իր անդամների իրավահարաբերութ-յունները կարգավորող բանավոր կանոններ։ Գիտնականների ճիշտ դիտողությամբ, դրանց մեջ ամենաէականը երկու սեռերի փոխհարաբերության հարցն էր և ապա՝ ավագության կարգը»։ Աբելի ընտանիքի կյանքն իր բազմաթիվ դրսևորումներով զգալի չափով տեղավորվում է ընդգծված կաղապարի մեջ։ Մինչդեռ որևէ կերպ կաղապարվելու կամ նոր միջավայրում ադապտացվելու հույսեր չեն ներշնչում նորահարսի մոտեցումները։ Ելնելով Աղունի վարքագծից, նոր միջավայրի մարդիկ խոր հոգոցով արձանագրում են, որ հարսը լեզուն էլ հետն է բերել, ինչը վկայում է այն մասին, որ վանքերեցի հարսը հակադրվում է ավանդական վարքուբարքին։
Ավանդական վարքուբարքի առնչությամբ մեզ հարուստ տեղեկություններ է հաղորդում նաև ազգագրագետ Ռ․ Նահապետյանը․ «Հայաստանի պատմագրական գրեթե բոլոր շրջաններում գերիշխել է ընտանիքի նահապետական կենսաձևը, որի բնորոշ երևույթներից է եղել կանանց, առանձնապես հարսների նկատմամբ կիրառված սահմանափակումների համակարգը»։
Աղունի անհաշտ բնավորությունն ի սկզբանե նկատում է հատկապես տան ավագը՝ սկեսրայր Աբելը։ Ազգագրությունը մեզ հուշում է, որ հնում, հայկական գերդաստանի հայրն ունեցել է բացարձակ իշխանություն, որը, թեև չի գործադրվել դաժանորեն, սակայն տարածվել է ընտանիքի բոլոր անդամների վրա։ Այս մասին հաղորդվում են նաև հետաքրքիր մանրամասներ․ «Ճաշին կամ ընթրիքին․․․ պապը նստում էր սեղանի գլխին։ Նրա խոսքը ընդհատելը անխոհեմություն էր․․․ Ընտանիքում բոլոր կնճռոտ հարցերը, վեճերը լուծվում էին միայն պապի գիտությամբ»։ Հայկական գերդաստանում նշանակալի դեր և հեղինակություն է ունեցել տատը կամ մեծ մայրը, որը, նաև որոշ չափով հանդիսացել է հայրական բացարձակ իշխանության հակակշիռը․ «․․․Գերդաստանի ներքին կառավարությիւնը գտնվում է տատի կամ մօր ձեռքին․ նա է հսկում հարսների և աղջիկների վրա»։
Ազգագրության վերը բերված դիտարկման իսկությունը մենք գտնում ենք նանի գործելակերպի մեջ․ «Այդ ամառ հղի էր,-ասվում է Աղունի մասին,-ուզում էր ուտել, ուտել, ուտել, իսկ հացի ու պանրի վրա կողպեք էր դրված և բանալին խճճված էր պառավի կարկատանների մեջ․․․»։ Ձմեռվա համար ամբարված սննդամթերքի, կուտակված գարու, ցորենի, ամբողջ մառանի պահպանությունը կարևոր գործառույթ է եղել հայկական տան մեջ, իսկ այդ գործառույթն իրականացնող անձը տիրապետում էր ոչ միայն իր գործին, այլև այդ հանգամանքի նշանակությանը․ «Սննդամթերքների մառանի բանալիների տրցակը և բաշխման իրավունքը նահապետի կնոջն էր պատկանում․ բանալին նրա իրավունքների խորհրդանիշն էր հանդիսանում»։ Այս բոլորը հայ ընտանիքի հանապազօրյա ընթացքի մասն էր կազմում և պատշաճում էր նրան այնպես, ինչպես ամեն մարդացեղի ներկայացուցչին՝ իր մաշկի գույնը։
Նոր միջավայրից Աղունին զանազանողը միայն անբաժինք լինելը կամ աննահանջ կերպով մերձավորների խոսքին հակադարձելը չէ, այլև իր օրերում զարգացող, լուսավորվող կյանքը, իր դարաշրջանի կոնֆլիկտները, որոնք հասունացել և բեկվում են անհատի հոգեբանության մեջ։ Աղունին համակել է լավ ապրելու հոգսը։ «Հոգեբանության և բնավորության ձևավորման գործում առաջնային, որոշիչ դերը կեցությանն է, — գրում է Վ․ Գրիգորյանը, — օրինաչափորեն Մաթևոսյանը հենց կեցությունից է գնում դեպի անհատի հոգեբանություն, ներաշխարհի բացահայտումները, «ընդգծում է անձի սոցիալական հոգեբանությունը» կեցության խորքային ըմբռնմամբ»։
Ծմակուտը հնավանդ գյուղ է, մի գողտրիկ աշխարհ, որի զավակները օրավուր հացը վաստակում են տքնաջան աշխատանքով։ Նկատենք, որ աշխատանքը ելակետային նշանակություն ունի Մաթևոսյանի ողջ ստեղծագործության համար և բնորոշ է Մաթևոսյանական գյուղին, մանավանդ Ծմակուտին։ Այստեղ մարդիկ վաստակածը կիսում են հավասարապես, մեծ ընտանիքներով ապրում են մեկ տանիքի տակ և վիզը չեն երկարում դեպի ուրիշ աշխարհներ և, որ ամենակարևորն է, նրանց խնդիրները, դժվարությունները, նրանց վեճերն ու անհամաձայնությունները մինչև երդիկ են բարձրանում և այնտեղից դուրս չեն գալիս։ Այլ է Աղունի դեպքում․ «Կայուն ու անկայուն որակների՝ կենսաբանականի և սոցիալականի, գլխավորի ու երկրորդականի համադրումներով էլ ամբողջանում է Աղունի բնավորությունը։ Այս ամենով նա դառնում է ոչ միայն անհատական հատկանիշների արտահայտողը, այլ կենդանի կյանքի կրողը, որտեղ երևույթների կայացման հիմքը բացահայտվում-ամրագրվում է «սոցիալական բեռից ազատված ժամանակով»։ Աղունի միտքը զբաղված է քաղաքի կյանքով, նրա առաջընթացով, մտքի ու կենցաղի լուսավորությամբ, չնայած որ քաղաքում վաղուց ի վեր գլուխ է բարձրացրել խաբեությունը, մարդկանց միջև դրամական փոխհարաբերությունը։ Աղունը լսել է, որ քաղաքում լույսերը վառվում են, արդուկն օգտագործվում է, տունը տաքացվում է վառարանով, ռադիոն աշխատում է, սակայն «հաշվիչը չի հաշվում, մի բան են անում՝ էդ բոլորը լինում է անփող»։ Նրա ինքնաբուխ մղումը դեպի քաղաքային օրեցօր լուսավորվող կյանքը, գտել է գեթ մեկ դրսևորում՝ որդին կրթվել և ապրում է քաղաքում և «ժուռնալիստական գիծն է զարգացնում»։
Աղունի և Ծմակուտի բնակիչների բախումների պատճառներից մեկն էլ անհատի և նոր միջավայրի անդամների աշխարհայացքների խորն ու առանցքային տարբերություններն են։ Աբելի ընտանիքը մեծ է, աշխատողները շատ, սպառողները՝ նույնպես։ Սակայն այդ ընտանիքը առաջ է մղվում ապրելու և ոչ թե ապրուստի միջոցներով ուրիշներից զանազանվելու կամ քաղաքին նմանվելու հոգսով։ Այդ է պատճառը, որ մեծ ընտանիքը ապրում է համեստ հարկի տակ՝ ինչպես տարիներ առաջ և շարունակում է ճաշ եփել, հաց ուտել, լվացք անել, քնել ու արթնանալ, խոսել ու խնդալ մի սենյակի մեջ՝ մեծով, փոքրով, որդիներով, դուստրերով և հարսներով։ Այս հանգամանքը հեռավոր և ամուր արմատներ ունի․ «Նահապետական գերդաստանն իր կազմով ու կառուցվածքով սերտ ազգակցությամբ եռասերունդ կամ քառասերունդ ընտանիքների համախմբումն ու միավորումն էր մեկ տան մեջ»։ Աբելի ընտանիքը հատկանշական է հենց նահապետական վարքուբարքով, կարգուկանոնով, ինչի հետ Աղունը միանգամից հաշտվել չի կարող։ Աղունի սիրտը պայթում է, երբ ընտանիքի անդամները ուտում ու ծիծաղում են, բայց նրանց կերածը շատ համեստ կերակուր է, համագյուղացիներին հեգնում ու ծիծաղում են, բայց իրենք էլ նրանց պես մարդիկ են։ Լավ ապրելու հոգսը Աղունի մեջ ձևավորվում-հասունանում է առաջնային նպատակի նման և նա ամեն ջանք ու եռանդ ներդնում է, պայքարում է իր երիտասարդության, իր առողջության, իր ու Սիմոնի միջև այդպես էլ չձևավորվող ջերմության գնով՝ հանուն ապրուստի, հանուն նյութական բարեկեցության։ Քարը քարի վրա է դրվում, գլխներին ծածկ է հայտնվում, օջախում մի նոր ձեռքբերում՝ կռվով, ծեծով ու արցունքով․ Սիմոնն աղում է կնոջ կողերը։
Այլ է Սիմոնի բնույթը․նրա մեջ չարություն չկա, «վրեժ չկա», նա, պարզապես, Աղունի շտապողականությունը չունի, նրա կյանքում կենցաղը՝ սովորական կենցաղ, իսկ ամեն օրը սովորական օր է, և ամենևին էլ ճշգրիտ հաշվարկով կազմակերպվող ընթացք չէ, ստույգ նպատակադրում չէ, ապագայի նախագիծ չէ։ Աղունին տանջում, հավասարակշռությունից հանում է Սիմոնի դանդաղկոտությունը, աշխարհի հետ համերաշխությունը, գոհությունը կյանքից։ Նա է տնօրինում ամուսնու ստեղծածը, և կտրատվում է, և բացատրում-բարձրաձայնում է ջղերի քայքայումով, որ կարող էր շատ լինել, բայց քիչ է, որ սեփական խոտն ավելի կարևոր է, քան «պետականը», սակայն կյանքն ընթանում է իր բնականոն հունով, Սիմոնն էլ՝ կյանքի հունով։ Սիմոնն ապրում է առաջվա նման, առավելագույնը, որ շահում է Աղունը, իր ստեղծած տուն ու տեղն է, իսկ մնացյալը կորսված ժամանակն է, քայքայված ջղերը, գլխի ցավը և ափսոսանքը, որ պայքարը իզուր եղավ և ժամանակն այդպես էլ լավ չապրվեց․ «Աղունը ներքին անհանգիստ մղումով փորձում է ծմակուտյան ժամանակին նոր ընթացք ու արագություն հաղորդել, — իրավացիորեն նկատում է Վ․ Գրիգորյանը, — նա այլ կերպ չի պատկերացնում գոյության իմաստը։ Բայց դա իրեն հաջողվում է միայն սեփական ապրումների աշխարհում, իսկ միջավայրի վրա նրա ունեցած ազդեցությունը չնչին է»։
Աղունին բնորոշ են սառը դատողությունն ու հաշվենկատությունը։ Այս մտքի արտահայտություններից մեկը Աղունի և Սիմոնի երկխոսությունն է այն մասին, թե իրենց մի պարտատերը քաղաքում ոչխար կծախի, պարտքը կմարի։ Այդպես է մտածում Սիմոնը, իսկ Աղունը ամուսնուն հորդորում է կշռադատել՝ Կիրովականում ոչխար ծախողը փողը կբերի՞, կհասցնի՞ Ծմակուտ, և տարակուսած ամուսնուն ինքն էլ պատասխանում է, որ չի բերի՝ «խելք կառնի, չիթ կառնի և կոշիկ»։
Եթե ամուսինները փողի հետ կապված գործ են ունենում, ապա Աղունը համարձակորեն հետաքրքրվում է դրամի քանակի, ավել-պակասի մասին։ Երբ հարցը Արմենակի քաղաքային կյանքի հաջողություններին է վերաբերում, նա Սիմոնին կազմակերպված ու գործնական խորհուրդներ է տալիս․ «Մի ոչխար մորթիր․․․ Զանգ տուր Երևան, ասա՝ իմ Արմենակի ընկերներն եք․․․ մի ավտո լցվեք եկեք․․․ Մտիր խանութ մի երկու կոնյակ-լիմոնադ առ, տար դիր աղբյուրի ջրում։ Թող գան ուտեն, հացը ճամփա է բացում, Սիմոն» ։
Աղունի խոսքերը վկայում են ազնիվ բարեկամությունից դեպի սեփական շահի գիտակցություն և մարդկային առնչություններից դեպի դրամական-դրամատիրական փոխգործակցություն ընթացող հարաբերությունների մասին, ինչի հետևանքով էլ փոխվում է մարդկային դիմագիծը, անցյալի մարդն իր տեղը զիջում է ներկայի մարդուն, հին որակներին փոխարինում են նոր որակները։ Նշված հատկանիշներով Աղունը դառնում է նոր ապրելակերպի կրողը՝ վերստին հակադրվելով իր միջավայրին։
Սիմոնի մեջ ամփոփված է գյուղական մաքուր, անաղարտ, մարդու հանդեպ անսասան հավատով առլեցուն անհատը։ Նրա մտահայեցությունը չի արատավորվել նորամուտ առուծախի, խաբեության, մոլության ու մոլորության բավիղներում։ Նրա ընթացքը հանդարտ է և ուղղագիծ, ծանրաբեռնված դժվար ու նվիրված աշխատանքով եղբոր ու ընկերոջ համար, պետության համար, տունդարձից հետո՝ տան համար։ Տան գործը հատկապես դժվար է, քանի որ չի վարձատրվում կնոջ սիրով, ժպիտով, ջերմությամբ, պատահում է և հաճախ, որ փոխադարձվում է հանդիմանությամբ, դիմադրությամբ, մոլեգին քննադատությամբ։
Սեփական խաղաղ ընթացքը Սիմոնին հանգեցնում է խղճի հանգստության և ներքին աշխարհի հետ՝ անտագնապ հարաբերությունների։
Աղունի հետ այդպես հարաբերվել չի հաջողվում։ Սիմոնն անցյալում փոքրիկ շեղում է թույլ տվել՝ նայելով Մայայի կողմը։ Ժամանակը վաղուց պարպել է այդ հուշը, բայց Աղունը՝ ոչ․ «-էդ ինչի՞ չկերար, փափուկ ձվածեղ չէր՝ դրա համար չկերար, — ժպտալով, հեգնանքով և իրենց երկուսին հայտնի մեկի նկատմամբ իր գերազանցության զգացումով ասաց նա։ — Հենց ապրե՜ս, — իր անկյունում խնդրեց Սիմոնը, — խնդրում եմ։ Բայց Աղունը չխնայեց. — Գնամ Երևան գամ՝ քեզ համար փափուկ ձվածեղ եմ անելու։ Իր անկյունում Սիմոնն ավելի խեղճացավ»։
Եթե Սիմոնի անցյալի մեղքերի համեմատությամբ Աղունի «գետը պարզ, պարզ է,», ինչպես Աղունն է պնդում, ապա միանգամայն պարզ ու պարզ է Սիմոնի ողջ կյանքը, բարոյական նկարագիրը։ Սիմոնը մարդկայնորեն ազնիվ է, մեծահոգի է և ներողամիտ։
Սիմոնի՝ գործնականությունից փոքր-ինչ հեռու, դանդաղընթաց կենսակերպը բնությունից է գալիս, այդ պատճառով էլ երբևէ շեղումների հանդիպելիս նա անակնկալի է գալիս՝ չգտնելով իրավիճակին հարմար, պատշաճ ասելիք անգամ․ «Սիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց՝ Արմենը գա, մի բան կմտածենք։ Ու այդպես էլ քնեց մութաքաների վրա»։ Այդ օրը ընտանիքի դուստրը պատմության ուսուցչի հետ փախել էր Կիրովական։
Սիմոնն ապրում է, ոչ թե պայքարում, լուռ աշխատում է և կռիվ չի տալիս և ստեղծվելիքը ստեղծվում, կուտակվում է համաչափորեն, ժամանակի հետ և ոչ մի անգամ չի ընկնում ժամանակից առաջ, փոքր-ինչ առաջ է ընկնում միայն Սիմոնի ուժից․ «Եվ այդ ժամանակ նա նկատեց, որ խուրջինի իր հակը ամուսինը տանում է դժվար, ծալված, մեռնելով, իսկ Ադամի ձեռքին կարծես բեռ չկար… Հետո ամուսինը կարծես փախավ այդ բեռից, կողքի-կողքի գնալով՝ նա հասավ կոճղին, բայց կոճղը չէր գտնում, նստելու տեղը չէր գտնում»։
Ծմակուտյան միջավայրի լիարյուն, ամբողջական հոգեկերտվածքը Մաթևոսյանը ներկայացրել է ընտանիքի մեծ մոր՝ նանի կերպարի միջոցով։ Նանը Հ․ Մաթևոսյանի այն հերոսներից է, որոնք հանդիսանում են իրենց միջավայրի ավանդական վարքուբարքի, բարոյականության կրողը։
Նանին բնորոշ է սիրել կարողանալը, խաղաղությունը, հանդուրժողականութ-յունը, սեփական ցավը սեփական ատամի տակ պահելու շնորհքը․ «…Նա դարավոր սովորույթների կրողն է, — նկատում է Վ․ Գրիգորյանը, — անառարկելի՝ իր ծանրակշիռ բնավորությամբ»։ Նրա սերն ու խինդը, հոգսն ու ցավը իր ընտանիքի, ամուսնու և զավակի, նրանց աշխատանքի ու հացի հետ է կապված։ Նանի առաքելությունը օջախի մայր, սիրող կին լինելն է։ Նրա տունը տքնաջան աշխատանքով, սակայն սիրով է կառուցված․ «Ամեն կին իր ամուսնու համար պետք է սեր լինի, — ասում է նա, — Աբել ապին հնձից, գոմերից, ձմռան փայտատեղից ինչքան եկել է՝ ես նրան տաշտակի մեջ եմ դրել ու տաք ջրով, գոլ ջրով լողացրել եմ։ Սիմոնս քեզանից սեր չտեսավ»։ Նանը նաև Ծմակուտի հոգևոր ժառանգության, նրա դարավոր արժեհամակարգի փոխանցողն է։
Մեկ ուրիշ միջավայրի ծնունդ է Արուսը․ «Իմ տղերքին ես տվել եմ առողջություն և մի ձեռք անկողին․․․ իզուր եմ տվել։ Ի՞նչ է եղել – աշխարհը լեն, որ կողմ նայում ես՝ ապրուստ ու կյանք է թափած։ Դու ծիծաղելու սիրտ ուզիր»։ Արուսի տեսանկյունից՝ զավակներին այնպիսի բաժինք տալը, ինչպիսին ընդունված է եղել հնում, այլևս արդիական չէ․ զավակներն իրենք էլ կարող են հարկավորը ստեղծել, քանի որ ժամանակները փոխվել են՝ «աշխարհը լենացել է»։ Այդ իսկ պատճառով նա ափսոսում է այն մեծ ապրուստը, որը Աղունը ճամպրուկել և տանում է քաղաք, որպեսզի ամենքին դեռ անհայտ հարսի առաջը փռի։ Արուսը այդ ապրուստի՝ չարչարանքով, արյուն-քրտինքով ստեղծվելու ականատեսն է եղել։ Երբ նա հիշատակում է՝ «էսօր երկուսով երկու հավ ենք կերել»՝ նկատի ունենալով իրեն և իր ամուսնուն, դրանով Աղունին ակնարկում է կյանքի թեկուզ կենցաղային, աննշան, բայց ուրախություն պատճառող երևույթների մասին։
Արուսն իր աշխարհայացքով նկատելի առավելություններ ունի Աղունի նկատմամբ․ բարեկարգվող կյանքը նրան անհոգություն ու թեթևություն է բերում և նրա մտահորիզոնում չի վերաճում հոգս ու ցավերի։ Նա ապրում է գյուղական սահմանափակ կյանքով, սակայն գոհ է։ Այս հերոսուհին մի տեսակ միջանկյալ դիրք է գրավում նանի և Աղունի կերպարների միջև։ Նրա բնույթը ավանդական է․ նա պարզ մարդ է, որն ապրում է համեստ աշխատանքի արգասիքով։ Սակայն նրանում արտացոլված է նաև երևույթի երկրորդ կողմը․ հանդիսանալով ավանդականության կրողը, նա չի ձգտում դրա փոխանցողը լինել։ Արուսը հաշտ է իր հետ և իր միջավայրի, սակայն նրանում արթուն է նաև ծանր ու թեթև անողի, օտարին հարազատից զանազանողի ողջամտությունը․ «…Քաղաքի պտուղ հարսդ մեծացել է մաքրության ու փողի մեջ, դու էլ արյուն-արտասուքով մի քանի կոպեկ ես իրար գցել, որ տանես նրանով անե՞ս․․․ Կառնեն ճաշասենյակն էլ, սառնարանն էլ, գորգը ոտքների տակ էլ կգցեն․․․ ու քեզ կասե՞ն դու ով ես»։ Արուսն իրեն ազատել է նաև մեծ ընտանիքում ապրելու հոգսից, ինչպես ընդունված է եղել ավանդաբար։ Փոխարենը որդիներին տվել է իրենց հասանելիքը, իսկ իրենը Փիլոն է։ Վերջին գիտակցությունը իր մեջ կրում է նաև շրջահայաց նանի՝ Աղունին ուղղված խրատը․ «Որդին հարսինն է, աղջիկը՝ փեսայինը․․․ լավ է, թե վատ է, մարդն է քոնը, քառասուն տարեկանում կորցրիր, թե ութանասուն, ամենամեծ կորուստդ է․․․ քեզ ես կորցնում։ Քանզի դու նրա հետ եզ էիր ու գութան էիր քաշում»։ Աղունը նման ողջամտություն չի ցուցաբերում Սիմոնի հարցում։
Մարդու բնավորության, ճակատագրի, սոցիալ-բարոյական նկարագրի, նրան ուղեկցող հանգամանքների, նրա աշխարհայացքի բացահայտման ճանապարհին, Մաթևոսյանն իր հերոսներին սերտորեն կապված է պահում կյանքի սոցիալական երևույթներին, դրանց բնականոն ընթացքին։ Այս հատկանիշը առավել քան բնորոշ է «Աշնան արևը» վիպակի առանցքային հերոսներին։ Նրանց միմյանցից զանազանողն այն հանգամանքն է, թե նրանցից ովքեր կարող են լինել ավանդական արժեհամակարգի, այդ պատասխանատու առաքելության կրողները՝ ավանդական և ժամանակակից կյանքի խաչմերուկում։ Այս տեսանկյունից նանին պետք է առանձնացնել՝ որպես Ծմակուտի ավանդականության արժանի անդրադարձնողի։ Նրա մեջ պետք է տեսնել նահապետական ընտանիքի տիրուհուն, այր մարդու հոգածուին, ջերմեռանդ կնոջը, սիրառատ մորը, հյուրընկալ տանտիկնոջը։ Նրա մեջ արտացոլված ազնվականությունը արգելում է նրան շեղվել իր միջավայրի և իր ժամանակի վարքուբարքից։
/Շարունակելի/