Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Սաղաթել Թադևոսյանը շախմատի հանրապետական մրցաշարում գրավել է երկրորդ տեղը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Սաղաթել Թադևոսյանը  Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հանրապետական հուշամրցաշարում զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը՝ առաջին տեղի համար պայքարում զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանի տեղեկացմամբ՝  մրցաշարին  Հայաստանի  տարբեր մարզերից ու մայրաքաղաքիցմասնակցել են  630 պատանի շախմատիստներ, ովքեր  9 օր շարունակ պայքար են մղել  առաջին հորիզոնականների համար:

Սաղաթել Թադևոսյանն  Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է  7,5 միավոր։

«Սաղաթել Թադևոսյանն իր բարձր պատրաստվածությամբ, կամքի ուժով և նպատակասլացությամբ բարձր է պահել ոչ միայն Վարդենիսի, այլև ամբողջ Գեղարքունիքի մարզի պատիվը՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր դպրոցը և համայնքը։ Հաղթել 630 շախմատիստների մրցապայքարում՝ դա նշանակում է շատ լուրջ, ծանրակշիռ հաղթանակ։ Նա անցած տարում ևս հանրապետական ստուգատեսներից մեկում գրավեց առաջին տեղը, ու մենք շատ հպարտ ենք նրա գրանցած հաջողություններով»,-ներկայացրեց Անահիտ Սահակյանը։

Սաղաթել Թադևոսյանը ՀՀ Շախմատի ակադեմիայի Վարդենիսի մասնաճյուղի սան է։

Գեղամա աշխարհ

30 դիտում