Ռուզան Արտուշի Վարդանյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 27-ին, ՀԽՍՀ Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքում։Ավարտել է Գավառի թիվ 1 միջն դպրոցը, Գավառի ինդուստրիալ մանկավարժական քոլեջի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը, Գավառի Պետական Համալսարանի Հեռակա ուսուցման ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը։ 2019-2021 թվականներին ուսանել է ԳՊՀ Մագիստրատուրայի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում և ստացել մանկավարժի որակավորում։ 2007-2020 թվականներին աշխատել է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմում որպես թեմակալ առաջնորդի օգնական։
2021թվականից աշխատում է Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես ուսումնական գծով փոխտնօրեն ։
Նրա ստեղծագործությունները լույս են տեսել «Վերածնունդ», «Գեղամա աշխարհ» համահեղինակային ժողովածուներում, «Գեղամա աշխարհ» մարզային թերթում։
Ամուսնացած է։ Ունի դուստր։
Գեղամա աշխարհ

2025 թվականին լրացավ հայ արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90 ամյակը, ինչը հաճելի առիթ դարձավ վերընթերցելու մեծ գրողի թողած գրական ժառանգությունը և կրկին մտորելու նրա ստեղծագործական մտքի, երկերում արծարծվող համամարդկային հարցերի և գրական-գեղարվեստական որակների շուրջ։ Ահա, այդ անդրադարձն էլ հանգեցրեց մի համեստ գիտահետազոտական աշխատանքի, որը սիրով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
Ռուզան Վարդանյան

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը 20-րդ դարակեսից սկսած ոչ միայն նոր ասելիքով համալրեց հայ գրականության գանձարանը, այլև բարձրացրեց այն նոր մակարդակի վրա և դարձավ գրավոր յուրահատուկ հուշարձան՝ հայ գյուղը, հայեցի մտածողությունը, վարքուբարքը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները արձանագրելու հարցում։ Հրանտ Մաթևոսյանի գրական հուշարձանները ստեղծվեցին նոր խոսքի, գրողի անհատական լեզվամտածողության և պատմության ու իրականության համամիասնության սկզբունքով, որոնք պարզորոշ կերպով արտահայտեցին փաստերի էությունը, նկարագրեցին հայ մարդու ընթացքն իր կենսագործունեության քաղաքական, հասարակական, մշակութային, սոցիալական և կենցաղային-առօրեական մակարդակներում։ Դրանք սեղմ ու բազմածավալ, հաճախ էլ ժողովրդական ու պարզունակ խոսքով քննեցին իրերի տեղն ու նշանակությունը, բացահայտեցին հայ մարդու, նրա ընտանիքի, նրա գյուղի, նրա հայրենիքի որակն ու տեսակը։ Հաճախ խնդիրները լուծեցին ներքին մտորման, ապա նաև՝ մենախոսության, երկխոսության, որևէ դիպվածի կամ սեփական կյանքի պատմությանը անդրադառնալու միջոցով։
«Մեր գրականության մեջ, — նկատում է գրականագետ Վաչագան Գրիգորյանը, — Մաթևոսյանը, ավելի քան մեկ այլ գրող, լայնորեն գործածեց ներքին խոսքը՝ որպես մարդկային բնավորությունը բացահայտելու, ինչպես և գեղարվեստական կառույցի կայացման հիմնական միջոց։ Ներքին խոսքը, որ ավելի մենախոսություն է, դառնում է մարդկային հոգեբանությունը, ներաշխարհը տանող ամենաուղիղ ճանապարհը»։
Հրանտ Մաթևոսյանի մուտքը գրական ասպարեզ դյուրին չէր, սակայն գրականության շրջապտույտում գրողն առանձին տեղ ունեցավ իր մտահայեցությամբ և խոսքի ինքնատիպությամբ։
«…Հրանտ Մաթևոսյան գեղարվեստագետն իր պատումի յուրահատ-կություններով չի ենթարկվում նախընթաց շրջանի հեղինակների ոճական յուրահատկություններին կամ, ասենք, ավանդույթին, եթե այդպիսին կա: Դա նրա տաղանդի առանձնաշնորհումն է. այլ դեպքում լինելու էր ենթակայություն, որ կնշանակեր անտաղանդություն կամ մանր շնորհ», — ընդգծում է գրականագետ Վալերի Փիլոյանը։
Հրանտ Մաթևոսյանը, արծարծելով անհրաժեշտ խնդիրները, երբեք չանտեսեց դրանց միջև եղած կապերը։ Նրա գեղարվեստական խոսքը սկզբնավորվեց՝ իր մեջ ընդգրկելով կյանքի խոր ճանաչողություն։ Նրա խոսքը քաղցրալուր եղավ ընթերցողի սրտին ու հոգուն, քանի որ այդ ստեղծագործությունները մի կողմից ընթերցողի նախահայրերի ու նախապապերի կռած հայրենիքի, այդ հայրենիքի կիզիչ արևի, խոխոջացող ջրերի, հերկվող արտերի մասին են, մյուս կողմից՝ մարդու, մարդկայինի։
Ինչպիսի սոցիալական միջավայր էլ քննելու լինենք, առանցքում եղել և լինելու է մարդը՝ իր հույզերով ու ապրումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, ֆիզիկական ու մտավոր արտահայտություններով, հոգևոր ու բարոյական աշխարհով, իր անսահմանափակ դրսևորումներով։ Այս սկզբունքով է առաջնորդվել նաև Հրանտ Մաթևոսյանը՝ փորձելով մարդուն բացահայտել տարբեր կերպարների միջոցով։
Նրա ստեղծագործությունները սեփական ընթացքով արտացոլեցին հայ ժողովրդի անցած մի քանի հազարամյա ուղին՝ բոլոր դիմագրաված խնդիրներով ու դժվարություններով հանդերձ։
Հրանտ Մաթևոսյանի երկերը ընթերցողի համար բացահայտեցին հայ ժողովրդի՝ ավելի հեռվից գալու պատմությունը և ավելի հեռուն գնալու հնարավորության տեսլականը, և այդ արեցին մեզ հարազատ «այբ»-ն ու «բեն»-ը սովորեցնելու նման։ Հայ մարդու ընթացքն ու հարատևման բանաձևը ցույց տվեցին հայկական անջնջելի և օրինակելի կաղապարի՝ ընտանիքի միջոցով․ «Մարդկային, ընտանեկան այն ջերմությունը, որ կա նրա հերոսների մեջ, — նկատում է Վ․ Գրիգորյանը, — դառնում է գոյության կարևոր նախապայման, այստեղ բոլորը անհանգստացած են իրենց մերձավորով, հարազատով, ապրում են նրանց հոգսը, լավն ու վատը համարում իրենցն ու բոլորինը»։
Մաթևոսյանի հերոսները մի ողջ ժողովրդի անցյալի և ներկայի հանրագումարը հաճախ կարողացան ներկայացնել մեկ ընտանիքի կյանքի և գործունեության նկարագրությամբ։
«Աշնան արև» վիպակը՝ հին ու նոր կացութաձևերի, փոխհարաբերութ-յունների արտահայտման հանգրվան
Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակում առանձին ուշադրություն են պահանջում հերոսների կյանքի ու գործունեության, դրանցում ավանդականի և նորի ըմբռնումների և այդ հերոսների աշխարհայացքի տարբերությունների հարցերը։
Աղունի՝ վիպակի կենտրոնական հերոսուհու ծննդավայրը Վանքեր գյուղն է, իսկ նանը, Սիմոնը, Աբելը, Արուսն ու մյուսները այլ միջավայրի մարդիկ են։ Աղունը մեծացել է գողությամբ զբաղվող Կնյազ Իշխանի տանը, որի ընտանիքը երբեք կարիքի մեջ չի եղել։ Աբելի ընտանիքը հացը վաստակել է բազմաչարչար աշխատանքով, ու, չնայած իր համառ աշխատասիրությանը՝ լավ չի ապրել՝ հաց ու կարտոֆիլ է կերել։ Վաղ հասակում Աղունը զրկվել է մորից և հիշողության մեջ մայրական սեր, ջերմություն չի ձևավորվել։ Խորթ մոր հետ անցկացրած մանկության մի քանի տարիները տխուր հիշողությունների են վերածվել։ Դարպասեցի մայրացուն երևան չի հանել աղջկա օժիտակալը, բաժինքի համար նախատեսվածից միայն հորաքրոջ գործած գորգն ու կարպետներն է ուղարկել Ծմակուտ։
Անվանի հնագետ, ազգագրագետ Երվանդ Լալայանն իր հուշագրություններում բերում է բազմաթիվ վկայություններ հայ ընտանիքում աղջկան տրվող օժիտի բազմազանության մասին․ «Նրա օժիտի մեջ մի զույգ սպիտակեղենի հետ դրված է լինում արծաթյա քամար, արծաթյա թաս հազարփեշյան, ապարանջան և այլն»։
«Հայ ավանդական ընտանիքում երբեք էլ չի անտեսվել աղջկա դերը, հետևաբար ամուսնացնելիս կարևորվել է օժիտի ձևով նորապսակներին օգնելը»,-իր հերթին նկատում է Վ․ Գրիգորյանը։ Մեջբերվածը խաղաղ կեցության այն պարզ բանաձևերից մեկն է, որոնք ընկած են հայ ավանդական ընտանիքի հիմքում։ Նորապսակների ծնողները նոր կազմավորվող օջախը ապահովել են ապրուստի շոշափելի միջոցներով և, համաձայն ընդունված կարգի՝ օժիտով, դրանով նաև որոշակի վերաբերմունք դրսևորելով երիտասարդների նկատմամբ։ Տրամաբանական է, որ այսպիսի մի իրողություն չէր կարող դուրս մնալ Աբելի ավանդական ընտանիքի ուշադրությունից։ Ընտանիքի աչքից չէր կարող վրիպել նաև Աղունի երկար ու գործունյա լեզուն։ Ուստի, բաժինքի խնդիրը դեռ չհարթված, ընտանիքին սկսում է նեղություն պատճառել նաև հարսի անհաշտ, անկոտրում բնավորությունը։ Աղունը որևէ հարց չի թողնում անպատասխան՝ անկախ դիմացինի սեռից և ընտանիքում զբաղեցրած կարգավիճակից, իսկ պատասխանն իր հերթին հագեցած է կշտամբանքով, հանդիմանությամբ։
/Շարունակելի/