ԿԻՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
ԵՎ Հ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/

«Ազգագրության մեջ հայ ժողովրդի ընտանեկան կենցաղն ուսումնասիրողին վիճակված է գործ ունենալ ընտանիքի երկու հիմնական ձևի՝ նահապետական մեծ ընտանիքի՝ գերդաստանի, և դրանից անջատված, փոքր ընտանիքի հետ: Այս ձևերը միմյանցից էապես տարբերվում են ինչպես տնտեսական ու իրավական հիմքով, այնպես՝ կազմով ու կառույցով», — ընթերցում ենք «Էջմիածին» ամսագրի էջերում։
Նահապետական գերդաստանից բաժանվող ընտանիքները, դիմելով ինքնուրույնության, ունենում էին համեմատաբար փոքր թվով անդամներ, ձևավորում էին նոր՝ «փոքր կամ անհատական ընտանիքներ», սակայն ավանդականության և սովորույթային մակարդակում, հիմնականում, մնում էին պահպանողական։ Փոքր ընտանիքի գլուխը՝ տղամարդը, շարունակում էր աշխատել և նյութական բարեկեցության մեջ պահել իր օջախը։ Հնուց ավանդված սովորության համաձայն՝ ընտանիքի տղամարդն իր ծնողների, մանավանդ հոր՝ գերդաստանի նահապետի ներկայությամբ, անհարմար էր զգում սիրել իր երեխաներին, քանի որ այս բանը ամոթալի էր համարվում հայոց մեջ, սակայն փոքր ընտանիքում նա կարող էր իրեն թույլ տալ գրկել, գգվել, երեխաներին, զբաղվել նրանց հետ։ Հնուց փոխանցված վերաբերմունքն առանձնապես չէր փոխվում կնոջ նկատմամբ։ Այս հարցում պետք է նկատի առնել իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Նահապետական շրջանում նրանց իրավունքները նեղ ու սահմանափակ են եղել։ Այս կաղապարը նրանց շուրջ ձևավորվել է ի ծնե․ «Մի քոռ տղան օխտը սաղ աղջկանից լավ է»,-ժողովրդական իմաստությամբ։ Աղջիկ երեխան ստորադասվել է անգամ ընտանիքի ամենափոքր տղային և նրա առաջ որևէ կերպ գլուխը բարձրացնելու իրավունք չի ունեցել։ Այդպիսի վարվեցողություն է պահանջվել նաև հարսից՝ փոքր տեգրոջ պարագայում։ Կինը հարկադրված է եղել ենթարկվել ամուսնուն։ Այս մասին առանձին վկայություններ կան մի քանի ազգագրագետների մոտ։ «Իգական սեռը մանկությունից սկսած մինչև պառավությունը կատարելապես ստորադասված է արական սեռին. դեռ աղջիկ ժամանակ նա ենթարկվում է հորը և եղբայրներին, — նկատում է Ե․ Լալայանը։ Քույրը իրավունք չունի նույնիսկ իրենից կրտսեր եղբոր հարվածներին պատասխանել. արդար, թե մեղավոր… Ամուսնացած ժամանակ նա միանգամայն ենթարկվում է յուր «գլխատեր» ամուսնուն, իսկ այրի ժամանակ՝ կամ տեգրերին, կամ յուր որդիներին»։

Արական սեռի գերադասությունը իգականի նկատմամբ առավել սուր և ծանր արտահայտություն է ունեցել Ախալքալաքում։ Կինն ամուսնու կողմից ընկալվել է որպես ընտանիքի աշխատանքներն իրականացնող, ամուսնու ցանկություններին հագուրդ տվող, իրավազուրկ մի անձ, սակայն տարվա ընթացքում ավելի շատ է աշխատել, քան ամուսինը։ Մթերքի նկատմամբ իրավազուրկ լինելով՝ ապավինել է սկեսրոջ տված սննդին, ամուսնուն օգնել է բազմաթիվ գործերում՝ այդ դեպքում անգամ երբեմն, նրա կողմից ենթարկվելով ֆիզիկական բռնության։ Կինը խոնարհությամբ է կատարել նաև ընտանիքի բոլոր անդամների ցանկությունները՝ մեծից փոքր. «Նրան հրամայում են ոչ միայն կեսրարը, կեսուրը և ամուսինը, այլև մեծ տեգերկնիկներն ու տեգրերը։ Նա առանց կեսուրի թույլտվության ոտը մի քայլ անգամ դուրս դնելու իրավունք չունի։ Նույնիսկ յուր հարազատ որդուն առաջին տարին նա ծիծ չի տալիս, մինչև կեսուրը չհրամայե… Զրկված անձնական ազատությունից, դատապարտված մշտական լռության, նա ստիպված է կատարել տան բոլոր ծառայությունները, օգնել ամուսնուն տնային և դաշտային աշխատանքի մեջ», — դարձյալ նշում է Ե․ Լալայանը։
Լոռվա «փոքր ընտանիքում» զավակները մեծացել են բարի և քնքուշ սրտով։ Ընտանիքի հայրը, իհարկե չանտեսելով նահապետական գերդաստանից ժառանգած կարգուկանոնը, վարքուբարքը, չհեռանալով առանցքային կարևորության հարցերից, իրեն թույլ է տվել հայրական սիրով և հոգատարությամբ շրջապատել երեխաներին, իսկ կնոջ հետ պարբերաբար խորհրդակցել է ընտանեկան հարցերի շուրջ, չնայած այն բանին, որ օտարների ներկայությամբ ամուսինները խստագույնս պահպանել են հաղորդակցվելու ընդունված կարգը։ Նահապետական վարքականոնների նկատմամբ կատարվող այս համեստ շեղումները ժամանակի ընթացքում հանգեցրել են դրական տեղաշարժերի։ Ձևավորվող ընտանիքի ներսում, կինը, դառնալով ամուսնու խորհրդատուն, ծանոթացել է նրա և՛ հոգսերին ու հաջողություններին, և՛ աշխատանքի մանրամասներին ու դրանից ստացվող արդյունքներին, և՛ բուն նյութական վիճակին։ Եթե ընտանիքը հայտնվել է նյութական սուղ պայմաններում, ապա կինը սկսել է տնտեսել եղած միջոցները՝ ծախսելով խնայողաբար, առաջնահերթությունը տալով անհետաձգելի կարիքները հոգալուն։ Ամուսինն իր հերթին ձգտել է առավել աշխատասեր և հոգատար լինել։
Կինը՝ որպես ամուսնու նեցուկ
Ծմակուտյան ընտանիքներից մեկը՝ Աբելի ընտանիքը, անշուշտ, նահապե-տական տարրեր է պարունակում իր մեջ։ Այն բաղկացած է որդիներից ու աղջիկներից, հարսներից ու թոռներից, որտեղ ընտանիքի հոր առաջ ոչ ոք գլուխ չի բարձրացնում, մտքին եկածը չի ասում։ Երեխաների, հարսների ու թոռների և տնտեսական գործերի նկատմամբ իրավունքն ու պատասխանատվությունը, ինչպես նաև մառանի տնօրինությունը պատկանում են տան տիրուհուն։
Աբելի ընտանիքում բաժանության մասին ոչ ոք չի մտածում․ «Եվ թեպետ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այդ ընտանիքն արդեն հիմնականում կորցրել էր իր դերը, — մեծ ընտանիքի մասին գրում է ազգագրագետ Վ․ Բդոյանը,-այնուամենայնիվ նրա տրոհումն ու բաժանքը ծանր ազդեցություն էր ունենում ոչ միայն նահապետի ու նրա կնոջ, այլև հենց բաժանվողների վրա»։
Սիմոնի և Աղունի ընտանիքը «փոքր ընտանիքի» տիպիկ օրինակ է, որը ձևավորվում է՝ դառնացնելով հատկապես Աբել ապիին․ «Աբել ապին լաց եղավ և տնքաց․ «Գնո՞ւմ եք, Սիմոն ջան, մեզ թողնո՞ւմ եք, բալա ջան», — ընթերցում ենք «Աշնան արև» վիպակում։
Սիմոնը հանդարտ, հավասարակշռված, ծնողասեր և համեստ մարդ լինելով, երբևէ չէր նախաձեռնի մեծ ընտանիքից հեռանալու և սեփական տանիքը ստեղծելու գործը։ Այդ ձեռնարկի հեղինակը Աղունն է՝ «տուն ենք սարքելու» իր աներկբա որոշումով։ Այս գաղափարը նահապետական կարգուկանոնից տարբերվող, հնամենի կացութաձևերին և նորմերին սակավադեպ բնորոշ գաղափար է, սակայն ամուսինների աշխատասիրության, կազմակերպվածության, մեկի վրա մյուսն ավելացնելու կարողության շնորհիվ պսակվում է հաջողությամբ և վկայում է նաև հայկական ընտանիքում կնոջ նշանակալի դերի մասին։
Աղունը գործունյա, նյութական միջոցները հավուր պատշաճի տնօրինող կին է, որի մեջ մշտապես արթուն է նաև կյանքի անակնկալներին պատրաստ լինելու ձգտումը, մինչդեռ, մտածողության վերջին դրսևորումը բացակայում է նանի մոտ, ինչի համար էլ Աղունը հանդիմանում է նրան․ «…Հորանց գնալիս դու էն ո՞ւմ շորն էիր հագել։ էն ո՞ւմ շորն էիր հագել ապնի մահով։ էն ումի՞ց ուզեցիք հոգեհացի ալյուրը, լավ միտըդ բեր… Մարդ բա կմեռնի ու իրա անտեր տանը մի հոգեհացի պատրաստություն չի ունենա՞»։
Կյանքի նկատմամբ այլ պահանջներ և այլ բարոյական նորմեր են առաջնորդում նանին և Աբելին։ Տարիներ ի վեր Աբելն իր համագյուղացիների օգնական ձեռքն է եղել, մշակել է նրանց հողը, նորոգել է թիերը, ծնեցրել է կովերին, կարել է տրեխները, հաշտեցրել է գժտվածներին։ Աբելի տան դուռը «կրնկի վրա բաց է եղել» բոլորի առաջ, և նանը երբեք մտքով անգամ չի անցկացրել, թե մի օր մահը կբախի իր դուռը, իսկ իր ընտանիքը կարիքի մեջ կհայտնվի, և նրանք, ովքեր արժանացել են իրենց մշտական աջակցությանը, օգնության ձեռք անգամ չեն մեկնի։
Նանի համար էլ դժվար է եղել։ Նրա ապրուստը անաշխատանք հաջողությամբ չի գտնվել, սակայն նանը չի դժգոհում։ Նա սիրող ու խաղաղ զավակներ է տվել աշխարհին և անցյալի ջերմ ու լուսավոր հիշողություններ է առել դրա դիմաց՝ «ամբարի վրա Սիմոնս էր», «աղջկերքը տորքի տակ էին», «էն մեծ, լի ընտանիքը»։
Աղունը, ո՛չ հայրական տնից ու ո՛չ էլ ամուսնական կյանքից, այսպիսի հիշողություններ չունի։ Արփենիկը վաղ է մահացել, ապին՝ ավելի ուշ, երկուսի մահով էլ նանն իրեն որբ ու միայնակ է զգում, սակայն շարունակում է փառք տալ Աստծուն ապրող զավակների համար և այն հաջողությունների, որոնք պատահում են նրանց․ «Ադամոս սել է կապում, Սիմոնիկս գալիս է, Ակոփիկս սարում է, երեխես սարում չարչարվում է․․․ աղջկերքս կան։ Գոհություն քեզ, տեր․․․»։
Նանի բնույթն ուրիշ է։ Նա երբևէ չի մտատանջվել նյութական պակասության հոգսով։ Նրան տանջողն ուրիշ բան է եղել։ Նրա աչքը երբեք չի կտրվել Սիմոնի նորաստեղծ ընտանիքից և շարունակ ցավով է հետևել որդու՝ խաղաղության կարոտ օջախի իրադարձություններին։ Նանը իրեն գյուղեգյուղ, քաղաքից քաղաք ու վանքից վանք է գցել՝ գտնելու «իր երեխի երեսը ուտողից» ազատվելու գեթ մի հնար։ Մայրական սիրտը չէր կարող հանդարտվել, քանի դեռ չէր գտնվել որդու տանջանքներին վերջ դնող դարմանը։ Աղունը շատ նեղ, սուբյեկտիվ տեսանկյունից է գնահատել այս երևույթը։ Վիրավորանքը, ցավը այնպես դառնորեն են կրծել նրան, որ նա տասնյակ տարիներ անց էլ պահում է ու պատրաստ է նանին ցույց տալ հոգևորականների թուղթ ու գրերը։ «Բերել թաղել էիր շեմքափետիս տակ։ Ցույց տա՞մ»,-հանդիմանանքով հարցնում է Աղունը։ Նանի մեջ անխախտ է առաքինությունը, պատկառանքը։ Վերհիշելով անցյալը, նա հոգեպես տանջվում է։ Աղունի լեզվի առաջ արտասուք է թափում մի նահապետական ընտանիքի մայր, որն իր տան ու զավակների տնօրինողն ու աղախինը, սիրողն ու հանդիմանողը, աշխատեցնողն ու կերակրողն է եղել։ Եվ դարձյալ մնում է անդրդվելի․ «Եթե ամոթ չես անում,-ասում է նանը,-ցույց տուր»։
Այդ անցանկալի դիպվածը, որը կապված է նանի անվան հետ, մեր տեսանկյունից, միջավայրում ընդունված և այնտեղից թելադրվող երևույթի հետևանք է․ «Կախարդությունը,-հուշում է Ե․ Լալայանը,-Լոռում բավականին տարածված է․ այստեղ էլ դրանով զբաղվում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։ Տղամարդիկ գործում են առավելապես «Վեցհազարյա», «Աղթարք», «Հավախոս» և ձեռագիր գրքերի ցուցմունքով…»։
«Մաթևոսյանը կարևորում է «բարոյական արմատների» նշանակությունը՝ ելնելով դրանց, ընդհանրապես բարոյականության խորքային ու բազմակողմանի ըմբռնումից»,-նկատում է Ս․ Փանոսյանը։ Նանի խոհեմությունը, նրա օրինակելի արժանապատվությունը մի դեպքում չէ, որ գերազանցում են Աղունի սահմանափակ աշխարհայացքը։ Նա լուռ հպարտությամբ է տարել անցյալի վշտերը և շարունակում է հանդուրժողականությամբ վերաբերվել նաև հարսի հանդիմանություններին։
Արմենակը ապրում է քաղաքում և «լրագրողական գիծն է զարգացնում», սրանք այն եզակի դափնիներն են, որոնցով հատուցվել է Աղունի երկարամյա պայքարը Աբելի դեմ, Նանի, Ադամի, Սիմոնի դեմ, գյուղի, գոմի, ծեծի, ցավի, ցանկանալու և չունենալու, ձգտելու և չկարողանալու, աշխատելու և քիչ ստեղծելու, հափշտակելու կամք չունենալու դեմ։ Ինչ-որ պահի, երբ Աղունը բակում դիզում է իր հեղած արցունքների ու Սիմոնի գերմարդկային ջանքերի գնով ստեղծածը, թվում է թե նրա մեջ արթնացած մայրն է այդ անում։ Սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է։ Քաղաքի համար տարեցտարի խնայողաբար ետ գցածը նախատեսված է ոչ թե հանուն իր զավակի բարօրության, այլ ընդդեմ Ծմակուտի և, հատկապես, նանի կենսակերպի։ Դա ավելի շատ պայքարի, կռվի է նման, քան ծնողական օրինաչափ սիրո։ Պատահական չէ, որ Աղունը շատ է ցանկանում, որպեսզի նանը լավ տեսնի այն ամենը, ինչը ինքը տանելու է քաղաք և լավ լսի, որ «նա փայտ չի կրծում, նրանը գլխի աշխատանք է»։ Թվում է, թե խորհուրդ է հարցնում նանից, սակայն հարցի խորքում տեղեկացնում է, որ Արմենակի համար նաև մեծ, եղջերու գորգ է նախատեսել, տալու է ու չի խնայելու։
Աղունը որդու համար ստեղծել է ապրուստի այն միջոցները, որոնք չեն հատկացվել Սիմոնին և իրեն, երբ բաժանվում էին մեծ տնից։ Նանը որդուն մի կով է տվել, որը սատկել է և մի թախտ, քանի որ այդ է եղել իր ունեցածը։ Այդ բանը Աղունը շարունակ հիշում է ու չի ներում, նա չի ներում Սիմոնի հարազատներին՝ համեստ ունեցվածքի և շռայլ երջանկության համար, մինչդեռ ընդամենը մարդկային, սովորական ուրախություն է եղել․ «Օրվա տպավորություններից, մեղքի զգացումից ու նաև արատներից փորձում են ձերբազատվել իրենք իրենց ու ուրիշների վրա ծիծաղելով, լիցքաթափվելով ու մաքրվելով», — նկատում է Ժ․ Քալանթարյանը։
Նանը՝ որպես մեծ մայր, մի կողմից հանդես է գալիս դաստիարակող-հանդիմանողի, մյուս կողմից՝ օբյեկտիվորեն խրախուսող-գնահատողի դիրքերից։ Նրա մեջ ապրող մայրը բոլորի մայրն է։ Այդ է պատճառը, որ նրա տնօրինած բազմանդամ ընտանիքում «մեկը մեկի մի մազին չէր դիպչում», իսկ երբ ընտանիքը նեղության մեջ էր լինում՝ «մեր ուրախությունի, մեր սերի մեջ պահում էինք մեր նեղությունը»։
Զուսպ հանդուրժողականությունը, ընտանեկան դժվարությունները գաղտնի-ության շղարշի տակ առնելը, դրանք ներընտանեկան միջոցներով հաղթահարելը, սովորաբար, հատուկ է փոքր բնակավայրերին, որոնց շրջանակներում հասարակությունը փոխկապակցված կենսակերպ է վարում։ Նանը հարգալից է վերաբերվում հասարակական ընդունված նորմերին, մինչդեռ Աղունը նման նորմերի չի տիրապետել նախկինում և չի ցանկանում ընդունել դրանք այժմ։
/Շարունակելի/