
Աղունը սիրո նկատմամբ կույր ու անհաղորդ է ի ծնե, և նույնիսկ իր կրծքի տակ խլրտացող սիրտն ի զորու չի եղել նրա մեջ սեր արթնացնելու՝ «փորիս խփիր՝ ինձ պետք չի ձեր լակոտը»։ Նանը օժտված է նույնիսկ Աղունին սիրելու շնորհքով։ Նրա սերն ու անաչառությունը անզիջում են օտար աղջկա կշտամբանքների առաջ։ Նրա «որդի» դիմելաձևի մեջ փորձառու սկեսրոջ շրջահայացություն է դրված, որին ընդառաջ գնացող է հարկավոր՝ ի դեմս հարսի, մայրություն է դրված նրա՝ «որդու ապրուստը դուրս տալը» ափսոսալու մեջ և այն բանի մեջ, որ նա իր որդուն «մարդորդի» հարս է ցանկանում։ Տարիներ առաջ հարսի վրա ձեռք բարձրացնելով անգամ նա աչք չի փակել որդու մաքուր շապկի, մաքուր անկողնու, ժամանակին սնվելու և խնամված հագուկապի վրա։ Նանը ողջամտորեն գնահատել է արված աշխատանքը, ներդրված ջանքը, մաշված ջիղը․ «Պառավը օրհնեց թիկնաթոռները կապողի մատները և սեղանը կապողի մատները, սփռոցը հավանեց, սփռոցն արժանի էր որդու շնորհքին և հարսի շնորհքին էլ»։

«Ծառերը» վիպակի հերոսուհին որդու ճակատագրով անհանգստացած մի կին է։ Մենախոսության միջոցով նա իր զավակին պատմում է իր հոր՝ Իշխանի կյանքի ոդիսականը։ Հերոսուհու խոսքը լի է տարիների անցուդարձով, որոնք և՛ գող ու ավազակ, խաբեբա ու հանցագործ Իշխանի կյանքի եղելություններն են ներկայացնում, և՛ այն ազնիվ, համեստ ցեղի, որին ինքը հարս է եկել։ Երկու կողմերն էլ նույն հայրենիքի զավակներն են, պարզապես նրանք տարբեր կերպ են հոգում իրենց խնդիրներն ու հոգսերը․ «Արյան ու գենետիկ երկու սկիզբների հակադրության մեկտեղումը ի վերջո չի հանգեցնում ընտրության, քանի որ, ըստ էության, այդ հակադրությունը չկա. մեկի ռանչպարությունը և մյուսի ավազակությունը ընդամենը տարազներ են, իսկ մորեմերկ սրանք երկուսն էլ բեռնաձի են, իրենց ու աշխարհի հոգսի հետևից վազողներ…»:
Վիպակում, թեև չկան հերոսուհու բնավորության, հոգեբանության կամ արտաքինի նկարագրություններ, սակայն նա ճանաչելի է դառնում այն կերպարի միջոցով, որի մասին խոսում է՝ որպես նախընտրելի մարդու։
Կնոջ այս կերպարը ընդդիմանում է մարդու խեղճությանը, բարությանը, հանդուրժողականությանը՝ «քոնոնք վախենում են ծաղրին՝ բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել»։ «Ծառերի» մայրը հստակ դիրքորոշում ունի կյանքի նկատմամբ, նա մերժում է չեզոք կեցվածքը, թուլությունը, խեղճությունը, անտարբերությունը»,- ընդգծում է Ժ․ Քալանթարյանը։
Հերոսուհին չի պաշտպանում որդու սիրառատ բնույթը, ինչպես որ չի հարմարվում ամուսնու, նրա հոր, նրա պապի, նրա ողջ գերդաստանի սիրող, ներողամիտ, ազնիվ բնույթին։ Նրա աչքում օրինակելի է Իշխանի տեսակը, «կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը», որը խորթ է իր զավակին, ում հոգում մշտարթուն է խղճմտանքը, սրտացավությունը․ «Խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ… զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս», — ասում է «Ծառեր»-ի մայրը։
Հերոսուհու խոսքը սովորական հանդիմանության նման չէ, այն տառապանք է ի խորոց սրտի, ամենօրյա խնամատարություն, մայրական հոգածություն իր զավակի համար։ Այս հերոսուհու փնտրածը ո՛չ արժանապատվություն և ո՛չ էլ բարոյա-կանություն է, նա ուժի, քաջության, համառության, անխղճության կողմնակիցն է։ Նա համոզված է՝ ով ուժեղ է, նրանից վախենում են, ով հափշտակում է, նա ունեցվածքի տեր է, ով համառ է, նա հաջողության է հասնում։ «Ծառերը» վիպակի հերոսուհու ամբողջ մենախոսությունը կենտրոնացած է մի որոշակի գաղափարի՝ առնական ուժի, վրիժառու կամքի, կյանքի հանգամանքներին համապատասխան ճկուն վարքագիծ ունենալու շուրջ», -գրում է Ժ․ Քալանթարյանը։
Հերոսուհու խոսքը հակասում է նրա մանկության հիշողություններին։ Հերոսուհին առնաուտ Իշխանի դուստրն է, բայց մանկությունը ոտաբոբիկ, գլխաբաց ու սովալլուկ է անցկացրել։ Նա ապրել է որբության մեջ, ականատեսն է եղել արատավոր երևույթների ու շարունակ տագնապել է հոր համար, որից վախեցել են ու չեն վախեցել, հետապնդել են ու չեն բռնել, նշանառել են ու չեն կրակել ու մի օր էլ օրենքի մարդիկ իրենց առաջը գցած տարել են։
Վարդոն («Տաշքենդ») ավագ սերնդի արժանապատիվ կեցվածքի կրողն է։ Նրա օջախը հարմարավետ է և ապահով, ներդաշնակված է Ծմակուտի հետ։ Ակնհայտ է, որ Վարդոյի ամուսինը Ջանդառի համարձակությունը, բազկի ամրությունը, նախաձեռնողությունը չունի, սակայն նրան տրված է Վարդոյին հանդիպելու երջանկությունը։ Սա մի խոհեմ կին է, որը ողն ու ծուծով ճանաչում է իր ամուսնուն, սակայն այնպիսի սեր ու հարազատություն է տածում նրա նկատմամբ, որ ի զորու է դառնում հաղթահարելու նրա՝ տհաճ իրադարձություներով աչքի ընկնող անցյալը և ամուսնուն էլ ազատելու անցյալի հոգսերից։
Վարդոն իր խոհեմությամբ ընդունակ է զսպելու անգամ Շուշանի հանդգնությունը։ Նա, ողջամտորեն և մեծահոգաբար ներս է հրավիրում իր ամուսնուն այցելած ղաչաղին և մեկնաբանում է Շուշանի այցը, թե իր տեգոր տունն է, եկել է։ Վարդոն նաև բարի սիրտ ունի և ընդունակ է հասկանալու այրի կնոջ դրությունը։ Այս մասին է խոսում Շուշանին մտերմաբար ճանապարհելիս նրա հետ ու նրանից հետո այրու բախտի համար Վարդոյի արտասվելը։
Վարդոն աշխատում է իր տեղում, առաջ է տանում ընտանիքի, հաճախ էլ ամուսնու գործը, ինչպես Թևիկի հարահաս եղբայր։ Սեփականում է նրա գավաթի օղին՝ ամուսնուն ազատելով նաև հարբելու անհարմարությունից և այդ բոլորը լռությամբ․ «Թեկուզ գյուղացի ու թեկուզ ազգական՝ ուրիշը երբեք չպիտի տեսներ, որ Վարդոն Թևըկի վրա համարիր մայր է – մարդ ու կին, տան գլուխ մարդ, ու տան հնազանդ ծառա կին»։ Թևիկի նկատմամբ նրա հոգատարությունը մայրական զգացմունքի է նման։ Այնքան մեծ է նրա դերը ընտանիքում, երեխաների հանդեպ մայրական պարտականությունների մեջ, որ նրա մահով երիտասարդ ընտանիքը ակնթարթորեն կորցնում է սեփական հավասարակշռությունը։
Այլ բնույթի մարդ է Շուշանը։ Հեղինակը նրան անվանել է «ղարաչի»՝ այդ միջոցով ակնարկելով հերոսուհու անհաշտ, աղմկոտ, խանդով ու չարությամբ լեցուն բնավորության մասին։ Սակայն չմոռանանք նաև հերոսուհու հողմաբեկ, կյանքից հալածված դրության մասին։ Քանի որ արդեն առիթ ենք ունեցել հանգամանորեն խոսելու կերպարի շուրջ, այստեղ կբավարարվենք հավելելով միայն, որ Շուշանի բնույթն իր դրսևորումները գտել է պատերազմի վարած պարարտ հողի մեջ։ Ընտանիքի որբանալը, դեռատի կյանքով առլեցուն կնոջ այրիանալը, սրտում ու երակներում երիտասարդության խլրտոցը միանգամայն բարենպաստ պայմաններ էին ներսի նենգությունը դուրս հորդելու համար։ Սակայն այդ ամենից հեռու կարելի է դիտարկել զուտ ընտանիքի հոր հանդեպ հարգանքի բացակայության իրողությունը։ Շուշանի անհարգալից վերաբերմունքը ամուսնու հիշատակի նկատմամբ առարկայանում է սեփական զավակների ձեռքով։ Աճեցված ծառը, որը ոչ միայն Ակոպի ու Մանվելի հիշատակարանն է, այլև հայ տղամարդու սրբազան պարտականություններից մեկը, դատապարտվում է չորանալու։ Ծառի ավերումով ավերվում է ընտանիքի հայրը, նրա իշխանությունը, շվաքը իր տան և զավակների վրա։
Աշխենը («Օգոստոս») ակտիվ, աշխատասեր կին է, ինչին դիպչում է՝ աչքի է ընկնում մաքրության, դասավորության փայլով, սեփական և ֆերմային վերաբերող գործերը կատարում է մեծ եռանդով։ Իր գործունյա բնավորությամբ երբեմն զայրույ-թով է լցվում դանդաղող, գործին անտարբերությամբ նայող Անդրոյի նկատմամբ։ Ամուսնու հանդեպ կրկնվող պոռթկումը միայն Աշխենի բնույթով պայմանավորված չէ, այլև՝ Անդրոյի։ Վերջինս փոքր-ինչ ալարկոտ, կյանքի ընթացքին, նրա փոփոխութ-յուններին անտարբեր, նախանձախնդրություն չունեցող, երբեմն հայացքն իր տան գործից ու երբեմն էլ, Աշխենից հեռու, սակայն տեսակով իր ունեցածից գոհ մարդ է։
Աշխենի մեջ մեծ նախանձախնդրություն կա կյանքում ամեն բանի նկատմամբ։ Աշխենը նպատակադրող և լռությամբ առաջ ընթացող տեսակ է։ Նա սովոր է առաջինը լինել ամեն ինչում։ Անդրոյի անհաշտությունը կնոջ լեզվի հետ, առիթից առիթ նրան տնից դուրս անելը, Աշխենի հոգում արդեն իսկ վերածվել են մեծ զայրույթի, իսկ Անդրոյի և Մարիամի մասին շշուկները խորացնում են եղածը։ Աշխենը նաև մեծահոգի և սրտացավ մարդ է, նա ընդունակ է հասկանալու Մարիամի կացությունը, այրի կնոջը բաժին հասած հոգսերը։ Ուստի Մարիամին տնավարի ծեծելը ոչ թե անողոք կնոջ, այլ իր ունեցածը պաշտպանողի վարմունք է։ Աշխենը ձգտում է պահպանել իր և իր ընտանիքի արժանապատվությունը։
Մարիամի կապը Անդրոյի հետ իրականում կանոնավոր բնույթ անգամ չի կրում։ Անդրոյից առաջ պատահել են ուրիշները, սակայն նրանք էլ չեն մտել Մարիամի կյանք։ Ամեն այր, որ երբևէ նայել է Մարիամի երեսին, նայել է առաջին և վերջին անգամ, և այդ պատահել է Մարիամի խեղճությունից, իր բազում հոգսերի մեջ մենակությունից և բնության պահանջով։ Մարիամն իր փխրուն ուսերը խոտի բեռան տակ ցավեցնելով, սևացնելով կով է պահում, որպեսզի ինքը լինի իր տան տերը, իր գլխի տերն ու իր նեցուկը և նեղություն չպատճառի ո՛չ դստերը, ո՛չ փեսային։
Անդրոյին պարբերաբար կանչող նանը հոգատար, անհանգիստ մոր կերպար է, որի աչքը շարունակ հսկում է որդու ապրուստի՝ փեթակների, ուրուրից վնասվող հավերի, ձիու, խոտի, բակի, տան, ամեն բանի վրա։ Նանը ականջալուր է ամեն ինչին, նրան հայտնի է անգամ, թե մեղուն երբ է սերունդ տալիս։
Գյուղին անծանոթ վարքուբարք ունեն «վիթխարի» հովեկն ու նրա դուստրերը։ Նրանք գյուղաշխարհի մարդիկ չեն, ուստի չեն կարող ըմբռնել Անդրոյի հորդորը՝ իրենց ընտանիքի հոր համար մոռի մուրաբա պատրաստելու մասին։ Չեն կարող հասկանալ գետափը զննող հայացքների թաքուն հետաքրքրություններն իրենց արտաքին տեսքի նկատմամբ։ Այն, ինչը սովորական է և պատշաճ գետափին հանգստացող «վիթխարուն», ամոթալի է և հանդուգն բնության ափերի մեջ ներփակ և կուսական գյուղի տեսանկյունից։