Արմանուշ Գրիգորյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վարդենիկի կրթահամալիրում, բարձրագույն կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում։ Ներկայումս աշխատում է Վարդենիկի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Մի քանի համահեղինակային գրքերի հեղինակ է, ստեղծագործում է չափածոյի և արձակի ժանրերում։
Գեղամա աշխարհ

Սոլանան քայլում էր՝ զգույշ, ասես վախենում էր, որ քարե մայթերը կճաքեն իր քայլերի տակ ու դուրս կգան անցյալի ձայները։ Վերոնան լուռ էր, բայց այդ լռության մեջ խոսում էին պատուհանները, կամարներն ու ժամանակից մաշված պատերը։ Այստեղ ամեն ինչ սիրո էր նման, բայց ոչ այն երջանիկ ավարտներով, որոնց հավատում են երեխաները։
Նա քայլում էր ու զգում, որ սիրտը ծանր է, ինչպես քաղաքի հին կամուրջները։ Մի ժամանակ այստեղ հավատացել էր, որ սերը, եթե իրական է, պարտադիր պիտի փրկի։ Իսկ հիմա գիտեր՝ իրական սերը նույնպես կարող է հեքիաթ դառնալ, եթե աշխարհը չի տեղավորվում նրա մեջ։
Ջուլիետի պատշգամբի տակ կանգ առավ։ Վերև նայեց, ու մի պահ թվաց՝ սերն այնտեղ դեռ սպասում է, նույնքան մաքուր ու անպաշտպան։ Բայց հետո քամին շարժեց օդը, ու նա հասկացավ՝ սերը չի մեռնում, պարզապես փոխում է հասցեն։ Երբեմն ապրում է հիշողության մեջ, երբեմն՝ ցավի, երբեմն էլ՝ պատմության գրքերում։
Նա շարունակեց քայլել՝ արդեն առանց շտապելու։ Որովհետև Վերոնայում նա թողեց ոչ թե սերը, այլ իր այն հավատը, որ ամեն հեքիաթ պիտի երջանիկ ավարտ ունենա։
Ու դա էլ էր մի տեսակ ազատություն։
Արևի պես էր՝ արևի նման մազերով, որոնք ասես շողեր էին արձակում ու մեկ-մեկ գալարվում էին նրա գլխի վրա։ Նրա աչքերը կանաչ էին, ինչպես գարնան մարգագետինը՝ դեռ անձրևի հոտը չկորցրած։
Սոլանան չէր սիրում աղմուկը։ Նա սիրում էր այգաբացներն ու մայրամուտները։ Այդ ժամերին նա նստում էր պատուհանի մոտ, ու արևը, կարծես ճանաչելով իր անունը, երկար մնում էր նրա դեմքին։ Եվ այնպիսի տպավորություն էր եթե աղջիկը ժպտա այդ պահին, ուրեմն հեքիաթը դեռ շարունակվում է։
Մոտ տասնհինգ տարի առաջ էր։ Ոսկեծամ այդ գեղեցկուհին ուսանող էր և դեռ ապրում էր հայրենիքում։ Աղջիկը ապրում էր հայրենիքի բնության, օդի, արևի ու ջրի հանդեպ սիրով և երբևէ բաժանվելու ցանկություն անգամ չուներ ու երբևէ չէր էլ մտածել, որ մի օր հեռու պիտի գնա նրանից։ Նա չէր պատկերացնում, որ օրորոցից լսած լեզուն օտար հողի վրա կարող է խորթ դառնալ այնտեղ , ուր որ ինքն օտար չթվալու համար ստիպված կլինի խոսել այլ լեզվով։
Նրանց ընտանիքի շրջապատում մի մարդ կար՝ հոր ընկերոջ որդին. մարդ, որի ներկայությունը նրան բառացիորեն խեղդում էր։ Դա հանկարծակի զզվանք չէր, ոչ էլ անբացատրելի հակակրանք։ Դա մտածված, գիտակցված զզվանք էր՝ այն տեսակից, որ չի գոռում, բայց անդադար ճնշում է ներսից։ Նրան թվում էր՝ այդ մարդը նենգ է, ներսից կեղծ, լուսավորությունից զուրկ։ Եվ նա դա չէր թաքցնում։ Ասում էր ուղիղ, առանց շրջանցելու, առանց մեղմացնելու՝ հենց այնպես, ինչպես զգում էր։ Նրան թվում էր, որ այդ երիտասարդի ստոր տեսակը խանգարում է իրեն և նրա պատճառով չի կարողանում վստահել ու հավատալ ուրիշներին։ Բայց ամենացավալին նրա ներկայությունը չէր։ Ամենացավալին այն էր, որ հայրը վստահում էր ։ Այդ վստահությունն խոցում էր աղջկան ամենախորը ձևով։ Ոչ մի բան այնքան չէր ցավեցնում, որքան այն գիտակցումը, որ իր հայրն այդ մարդու մեջ տեսնում էր այն, ինչ ինքն ամեն գնով չէր տեսնում,չէր էլ ուզում տեսնել։ Եվ Սոլանան ստիպված էր հանդուրժել մի մարդու, ում մեջ ոչ մի լույս չկար, բայց ում նկատմամբ իր հոր վստահությունը անսասան էր։ Այդ տղայի անունը Ռոման էր։ Նրա ձայնը մի տեսակ զրնգուն ու կոպիտ էր,ասես խոսելիս շեշտը դնում էր բաղաձայնների վրա։ Նրա աչքերը տարբեր գույն ունեին, և Սոլանան երբեմն մտածում էր, որ այդ երկերեսիությունն ինչպես հոգում, այնպես էլ մարմնում էր արտացոլվել։ Բարձրահասակ էր, համակրելի արտաքին ուներ, այնպիսի տեսք, որ առաջին հայացքից վստահություն էր ներշնչում։ Բայց աղջկա համար նա երբեք գեղեցիկ չէր թվացել։ Որովհետև գեղեցկությունը նրա համար սկսվում էր ներսից, իսկ Ռոմանի հոգին հակառակն էր թվում՝ տգեղ, խամրած, անհանգիստ։
Սոլանան զարմանում էր, թե ինչպես կարող են մարդիկ չտեսնել այն, ինչ ինքն այդքան պարզ էր տեսնում, ինչպես կարող են խաբվել արտաքին համակրանքով ու աչքերի տարբեր գույնը շփոթել յուրահատկության հետ, մինչդեռ ներսում ապրում էր մի բան, որ իրեն վանում էր։
Մի օր Ռոմանը օգնության կարիք ուներ։ Նա գրեց Սոլանային՝ առանց խնդրելու, առանց հարցնելու, գրեց այնպես, ասես դա բնական էր, ասես իրավունք ուներ։ Լավ իմանալով, որ Սոլանայի համար դժվար է լինելու օգնել մեկին, ումից այդքան խորշում էր։ Եվ հենց այդ գիտակցված դժվարության մեջ էր նորից նույնը՝ նույն լուռ ներխուժումը, նույն սահմանների անտեսումը։
Նա երկար նայեց հաղորդագրությանը։ Ոչ թե որովհետև չէր հասկանում՝ ինչ անել, այլ որովհետև հասկանում էր շատ լավ։ Որ այստեղ խոսքը օգնության մասին չէր։ Այստեղ խոսքը կրկին իր սահմանների փորձարկման մասին էր։
Սոլանան շատ զայրացավ ու նամակը ցույց տվեց հորը այն հույսով, որ այս անգամ հայրը կհասկանա իրեն։ Գոնե մեկ անգամ Ռոմանին կնախատի կասի, որ ստոր ձևով փորձում է ներխուժել նրա հանգիստը, նրան հունից հանում է։ Նա չէր սպասում պաշտպանություն այլ որր հայրը տեսնի այն, ինչ ինքը վաղուց էր տեսել։ Բայց հայրը նամակը կարդաց հանգիստ, շատ հանգիստ, աչքերը չխստացան, ձայնը չփոխվեց։ Մի փոքր լռեց, հետո նույն տոնով ասաց․
— Դե մարդ է, օգնություն է խնդրում,մի եղիր եսասեր, օգնիր էլի։ Այդ խոսքերը աղջկա վրա ծանր նստեցին։ Իր սահմանները կրկին մնացին անտեսված։ Սոլանան լռեց։ Նա զգաց ու հասկացավ, թե որքան միայնակ կարող է լինել ճիշտ լինելը։
Աղջկա հայրը ոչ այնքան բարձրահասակ էր, սև մազերով, բծախնդիր ու խիստ մարդ։ Նրա խստությունը աղմուկ չէր սիրում․ այն նստած էր շարժումների մեջ, խոսքի կշռի, լռության ճիշտ պահին։ Սոլանան հազվադեպ էր իր հույզերը ցույց տալիս հորը, որովհետև նրանց միջև կար չասվածի համաձայնություն․ զգացմունքները պարտադիր չէ բարձրաձայնել, երբ դրանք արդեն հասկացված են։ Եվ հայրը, թեև երբեք դա չէր արտահայտում բառերով, ներսից միշտ հասկանում էր նրան։
Նա գյուղական հասարակ կյանքով ապրող մարդ էր։ Արդար քրտինքով ապրող, հողի, աշխատանքի ու պատասխանատվության օրենքներով ձևավորված։ Բայց այդ պարզության մեջ երբեմն կար նաև ճոխությունների հանդեպ սովորություն, այն տեսակ ոչ աղմկոտ ճոխությունը, որ գալիս է երկար զրկումներից հետո։ Հայրը սիրում էր լավ սեղան, մաքուր հագուստ, կարգ ու կանոն։ Երբեմն այն, ինչ նա տեսնում էր որպես համեստություն ու ջանք, աղջիկը զգում էր որպես կեղծ շերտ։ Եվ այդ տարբերությունը ևս նրանց միջև թեև չդարձավ հակամարտություն, բայց միշտ մնաց լուռ հեռավորություն։
Երբ Ռոմանը հայտնվեց այդ աշխարհի մեջ, այդ տարբերությունը, կարծես թե, ենթարկվեց փորձության։
Նա չմերժեց հորը և արեց նրա ասածով։ Սկզբում պատասխանեց սառը՝ կարճ ու կոնկրետ։ Սակայն խոսակցությունը կամաց-կամաց երկարեց․ սկզբում օրեր, հետո շաբաթներ ու ամիսներ, և նրանց միջև մի տեսակ կապվածություն ծնվեց։ Աղջիկը բացահայտեց, որ Ռոմանը շատ խելացի մարդ է, և ինքը, թերևս, այդքան ժամանակ սխալվել էր նրա հարցում։ Սոլանան ու Ռոմանը երբեք անիմաստ թեմաներ չէին կիսում։ Նրանց խոսակցությունները չէին երկարում ժամանակ սպանելու համար։ Դրանք երկարում էին, որովհետև իրենց մեջ խորհուրդ էին կրում։ Յուրաքանչյուր բառ ինչ-որ բան էր ասում, ինչ-որ բան էր բացում, ինչ-որ բան էր տեղաշարժում ներսում։
Մի անգամ Ռոմանը նրան ասաց, որ կարդա Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը։ Սոլանան կարդաց այն սպասումով, որ գրքի էջերի մեջ կգտնի մի բան, որը կապ ունի իրենց միջև գոյացած անտեսանելի կապի հետ։ Որ այնտեղ, տողերի արանքում, ինչ-որ կերպ կճանաչի իրեն ու նրան։
Հետո Ռոմանը բացատրեց գլխավոր իմաստներից մեկը․
«Նպատակը արդարացնում է միջոցները»։
Սոլանան սկսեց կապել,որ գուցե նրա նպատակը իրեն հասնելն էր, և բոլոր միջոցները պիտի արդարացված լինեին։ Իսկ իր սե՞րը… նպատակ էր, թե՞ միջոց։ Այդ հարցը երկար ժամանակ իր ներսում անպատասխան մնաց։ Եվ հենց այդտեղ էլ, թերևս, նա սխալվեց։
Սոլանան ուզում էր հասկանալ, թե ինչ երաժշտություն է սիրում Ռոմանը։ Որ կարողանա մեղեդու տեսքով երազել նրա մասին, հպել նրան իր սրտի լարերին։ Երբ Ռոմանն ասաց, որ դասական երաժշտություն է սիրում, աղջկա հիացմունքը կրկնապատկվեց։ Դասական երաժշտության մեջ նա սկսեց տեսնել Ռոմանի տրամաբանությունն ու իմաստությունը։
Երաժշտությունը հաճախ դառնում է այն կամուրջը, որով զգացմունքները ավելի համարձակ էին քայլում։
Ռոմանի ձայնը, նրա բառերը, նրա մտածողությունը հպվում էին նրբազգաց աղջկա հոգուն ու որոնցից հետո մարդը այլևս նույնը չի մնում։
Ռոմանը այն մարդն էր աշխարհում, ով նրան ամենալավն էր հասկանում։ Նա հասկանում էր Սոլանային՝ դեռ մինչև նա կհասցներ ասել։ Ռոմանը սովորեցրեց զգույշ լինել բառերի մեջ,սովորեցրեց մտածել, հետո խոսել, սովորեցրեց, որ յուրաքանչյուր ասված խոսք պիտի ունենա իր ծանրությունը, իր հիմնավորումը, իր պատասխանատվությունը։ Նա նրան շատ բան էր սովորեցրել։ Եվ այդ «շատ»-ը չէր չափվում փաստերով, այլ փոխված ներքին կառուցվածքով։
Մի քանի ամիս այդպես շփվեցին։ Խոսքերը նրանց միջև երբեք դատարկ չէին։ Երբեք անիմաստ թեմա չկար։ Այդ տղայի խելքը աղջկան բարձրացնում էր, ձգում վերև։ Նրա հետ խոսելիս Սոլանան իր նման չէր,ասես փոխվում էր ու դառնում էր ավելի իրական,քան միշտ եղել էր։ Նա սկսում էր դառնալ նրան նման՝ ավելի կենտրոնացած, ավելի խորը, ավելի ճշգրիտ։
Մի օր ինչ‑որ բան էր պատահել և արևի նման աղջիկը տխուր էր։ Ռոմանը հարցրեց՝ ոնց է։ Նա ասաց ու հանկարծ լաց եղավ’ առանց պահելու, առանց ամաչելու։ Ռոմանը ասաց, որ այլևս չլացի, որ իրեն չի կարելի արցունք թափել։
Սոլանան կիսաժպիտով, կիսալացով պատասխանեց․
— Ինչի՞։ Արցունքս ադամանդ չի, որ ընկնի հատակին ու փոշոտվի։
Ռոմանը պատասխանեց այնպես, որ այդ խոսքը մնաց Սոլանայի ներսում տարիներով․
— Քո մի կաթիլ արցունքը հազար ոսկու հետ համեմատել չի լինի։
Նա, իհարկե, շոյված էր։ Բայց դա միայն շոյանք չէր։ Դա մի կետ էր, որից հետո նա այլևս չէր կարող նրա մասին չմտածել։ Նա զգում էր՝ սիրում է նրան։ Կյանքում առաջին անգամ նա մեկին սիրում էր առանց հաշվարկի, առանց ապահովագրության, առանց ետդարձի։
Ռոմանի հետ զրույցները Սոլանային դարձնում էին ավելի լավը, և նա կարծում էր՝ դա սեր է։ Նա հույսեր էր փայփայում,կարծում էր՝ նա էլ է սիրում իրեն։ Չէ՞ որ այդպես են խոսում միայն նրանք, ովքեր զգում են։
Բայց մի օր Ռոմանը սկսեց հարցնել Սոլանայի ընկերուհիներից մեկի մասին։ Սկզբում աննշան,իսկ հետո ասաց, որ անտարբեր չէ։ Ավելին՝ հետաքրքրված է եղել նրանով։ Այդ պահին աշխարհը կանգ առավ իր ներսում։ Անհնար է բացատրել,թե որքան ցավեց աղջկա հոգին,որքան կոտրվեց այդ պահին, սկսեց արտասվել՝ առանց շունչ քաշելու։ Լացում էր այնպես, որ մարմինը չէր հասցնում հետևել հոգուն։ Նա այլևս իմաստ չէր տեսնում ապրելու մեջ։ Պարզապես ամեն ինչ դատարկվեց այդ պահին։
Մի քանի օր նա չպատասխանեց տղայի նամակներին։ Հետո գրեց։ Ռոմանը, բնականաբար, զգացել էր։ Գիտեր՝ ինչու նա չէր գրում։ Ոչ մի հարց չտվեց։
Մեկ շաբաթ անց երկուսն էլ համալսարանի ավարտական քննությունն էին հանձնելու։ Ռոմանը գրեց ու ասաց․
— Դու պիտի քսան ստանաս։ Գերազանց։ Որովհետև հրեշտակները գերազանց են ստանում։
Եվ Սոլանան… նորից շոյված էր։ Ներսում նորից մի փոքր հույս ծնվեց։ Այն վտանգավոր հույսը, որը արդեն մեկ անգամ իրեն կոտրել էր, բայց որից նա դեռ պատրաստ չէր հրաժարվել։
Սակայն տխրությունը դեռ Սոլանայի մեջ էր։ Այն չէր անցել, չէր մարել, որովհետև նա գիտեր՝ Ռոմանը ուրիշի մասին է մտածել, գուցե էլի մտածի։ Բայց այդ մտածմունքների մեջ արևաբույր աղջիկը ավելի շատ իր վրա չէր կենտրոնանում։ Երբ Ռոմանի քննությունները մոտեցան, նա Աստծուց խնդրում էր միայն մեկ բան՝ որ տղան գերազանց ստանա իր քննությունը։ Իր համար չէր աղոթում այլ նրա որովհետև երիտասարդը չէր հասցրել պարապել և որովհետև պիտի շուտով գնար երկրից։ Կային կարևոր գործեր, և տղան չգիտեր՝ որքան ժամանակ հետո կվերադառնա։ Աղջիկը ուզում էր, որ գոնե այդ մի ծանրությունը նրա ուսերից հեռու լիներ։
Գրեթե ամբողջ գիշեր նա աղոթեց։ Աղոթքի մեջ լաց էր լինում՝ ներսից քանդվող անընդհատ լացով։ Ռոմանը գիտեր, որ Սոլանան շատ է մտածում իր մասին և հենց այդ գիշեր նամակ եկավ։
Նա գրեց․
— Սոլանա,դու լուսին շատ ես սիրում։ Դու սիրում ես նայել լուսնին։ Դուրս արի, տես՝ ինչ սիրուն է։
Ապա ավելացրեց․
— Այն աղջկա ‘ ընկերուհուդ մասին այլևս չեմ հարցնի։Գիտես ինչու՞…
Սոլանան հարցրեց՝
— Ինչո՞ւ։
Պատասխանը եկավ գրեթե աննկատ․
— Որովհետև լուսինն այսօր շատ սիրուն է, որովհետև դու լուսին շատ ես սիրում։
Այդ նախադասության մեջ ամեն ինչ կար՝ լռություն, խնայողություն, չասված խոստովանություն, բայց նաև փախուստ։ Ռոմանը ընտրել էր գեղեցիկ լռությունը ճշմարտությունից։
Հաջորդ օրը նրանք քննություն հանձնեցին։ Երկուսն էլ նույն գնահատականը ստացան։ Սոլանան դա ընկալեց որպես իր աղոթքի պատասխան։ Ռոմանը այլևս չխոսեց այն աղջկա մասին։ Իսկ Սոլանան… ավելի շատ սկսեց սիրել նրա խելքը։ Եվ նրան։
Մի ամիս անց Ռոմանը գնաց երկրից։ Եվ կապը կորավ։ Նա չէր զանգում։ Եվ նա լուր չուներ նրանից։
Անցան օրեր։Սոլանայի սիրտը գրաված տղայի ամենամոտ ընկերը սկսեց այլ կերպ նայել Սոլանային։ Սկզբում՝ լռությամբ,հայացքներով, որոնք երկար էին մնում, հետո՝ ակնարկներով։ Իսկ մի օր ասաց ուղիղ՝ որ անտարբեր չէ նրա հանդեպ։ Ավելին՝ ասաց, որ սիրում է նրան։
Սոլանան զայրացած էր։ Ոչ միայն նրա վրա, այլ ամբողջ իրավիճակի։ Նրան թվում էր՝ սա հեռվից հեռու խաղ է։ Թվում էր՝ Ռոմանն է կանգնած դրա հետևում։ Թվում էր՝ նա փորձում է իրեն, չափում է իր զգացմունքները, ստուգում՝ մինչև ուր կարող է գնալ։ Եվ հենց այդ կասկածի մեջ աղջկա ներսում ծնվեց մի որոշում, որը ոչ սրտից էր, ոչ խելքից։ Դա վիրավորված հպարտության որոշում էր։
Նա որոշեց «պատժել»։ Արդեն քանի գիշերներ կարոտից ու ցավից կուչ եկած աղջիկը ասաց, որ համաձայն է շփվել, ընկերություն անել նրա ընկերոջ հետ։ Ասաց դա հանգիստ ձայնով, բայց ներսում ամեն ինչ ճչում էր։ Նա կուրացած էր սիրուց, այն սիրուց, որը չի մտածում հետևանքների մասին։
Կյանքում առաջին անգամ Սոլանան խոսք տվեց մի մարդու, ում հանդեպ ոչինչ չէր զգում` ոչ ջերմություն, ոչ հետաքրքրություն,ոչ ձգում,միայն ու միայն դատարկություն էր, ուրիշ ոչինչ։ Բայց նա անտեսեց դա,անտեսեց նաև այն վախը, որ միշտ ունեցել էր հոր հանդեպ՝ նրա կարծիքը, նրա ցավը, նրա հնարավոր հիասթափությունը։ Ինքնագլուխ որոշում կայացրեց։ Առաջին անգամ իր կյանքում՝ ոչ ճիշտ մարդու համար։
Երբեմն մարդիկ սխալ քայլ են անում ոչ թե որովհետև չեն հասկանում՝ որն է ճիշտը, այլ որովհետև շատ լավ հասկանում են։ Եվ հենց դրա համար են փախչում ցավից՝ ընտրելով այն, ինչ հետո ավելի է ցավեցնելու։
Նրա ընկերոջ հետ շփվելու ընթացքում Սոլանան կամաց-կամաց բացահայտեց մի բան, որը միաժամանակ և՛ թեթևացնող էր, և՛ կործանարար․ տղաները իր մասին ոչինչ չէին ասել միմյանց։ Խաղ չէր եղել,փորձություն չէր եղել, ոչ մի ստուգում, ոչ մի խորամանկ քայլ։ Իսկական սերը նրա հետ խաղ չէր արել։ Եվ հենց դա գիտակցելն էր ամենացավալին։ Ոչ թե այն, որ սխալվել էր, այլ այն, որ իր կյանքը խճճել էր հենց ինքը։
Այդ պահին նրան թվաց՝ այլևս ելք չկա։ Նա մտածում էր՝ արդեն շփվել է նրա ընկերոջ հետ, իսկ նրան կկորցնի ընդմիշտ։ Բացի այդ, նրա մեջ սարսափելի վախ կար, որ հայրը երբևէ կիմանա երկու պատմությունն էլ։ Այդ վախը խեղդում էր նրան, զրկում խոսելու համարձակությունից։ Վերջապես Ռոմանը գրեց աղջկան ու աղջիկը նամակը սկսեց կարդալ հեկեկանքով։Անհնար է բացատրել,թե որքան խորն էր կարոտը թաքնված իր ներսում։ Սիրտը անհանգիստ թևածում էր կրծքի մեջ, շունչը կիսատ-կիսատ էր գալիս, իսկ աչքերից հոսող արցունքները խառնվել էին իրար՝ և՛ ուրախության, և՛ տխրության հետ։Սոլանան շտապեց անկեղծանալ ,քանի որ զգում էր,թե ինչքան մեղավոր է։ Տղան ասաց,որ սպասի մինչև իր գալը․ եթե դա չշարունակվի, ինքը կգա, և ամեն ինչ լավ կլինի։
Բայց Սոլանայի համար այդ պահին «լավ» հասկացություն այլևս չկար։ Նա ելք չէր տեսնում։ Եվ շարունակում էր այն ընկերությունը, որը ոչ սեր էր, ոչ ընտրություն, այլ փախուստ։
Երբ նա մի օր վերադարձավ հայրենիք ու նայեց Սոլանայի աչքերի մեջ, աղջիկը չկարողացավ զսպել իրեն։ Արցունքները հոսեցին առանց հարցնելու։ Նա լացում էր, հեկեկում, ինչպես միայն նրանք են լացում, ովքեր իրենց սրտի առաջ անպաշտպան են։ Նա նորից բռնեց Սոլանայի ձեռքերը, առավ իր ափերի մեջ ու նույն ձայնով ասաց․
— Լավ կլինի։
Բայց երբեմն կան խոսքեր, որոնք ճշմարիտ են, բայց ուշացած։
Անցան ամիսներ։ Սոլանան նշանվեց։ Բազում փորձությունների միջով անցնելով՝ դարձավ նրա ընկերոջ հարսնացուն։ Այդ պահին արդեն իսկապես ելք չկար։ Ոչ որովհետև ստիպեցին, այլ որովհետև ինքն իրեն փակել էր իր իսկ ընտրության մեջ։
Նրանց հարսանիքի օրը նրանք հեռացան երկրից։ Երկար ժամանակ ապրեցին Վերոնայում։ Կյանքը շարունակվեց։ Բայց ամեն անգամ, երբ Սոլանան հիշում էր նրան, իր մեջ նորից վերապրում էր այն զգացողությունը, որը ապրել էր տարիներ առաջ։ Այն իրականը։ Այն մաքուրը։ Այն, որը իրենն էր, բայց երբեք իրենը չդարձավ։
Սոլանան չի վախենում այդ սիրուց։ Չի ուրանում այն։ Եվ եթե անգամ ինչ‑որ մեկը դա մեղք համարի, նա արդարացնում է այդ սերը։ Որովհետև այն ծնվել է լռության, խելքի ու հոգևոր մտերմության մեջ։ Այն ոչինչ չի խլել, ոչինչ չի փչացրել։ Այն պարզապես մնացել է նրա մեջ՝ որպես ճշմարտություն։
Որովհետև կյանքում կա մի սեր, որը մինչև վերջ չես ապրում, բայց որը ամբողջ կյանքիդ հետ ապրում է։
Նրանք երբեք իրար չասացին այն, ինչ զգացին ու պիտի ասեին։ Նրանք ընտրեցին լռությունը։ Այն լռությունը, որ Վերոնայի փողոցներում խոսուն էր՝ քարերի, ստվերների ու երեկոյան քամու նման։
Սոլանան այլևս երբեք չզգաց այն սերը, որն զգացել էր նրա հանդեպ։ Ոչ ուժով, ոչ խորությամբ, ոչ մաքրությամբ։ Այդ զգացողությունը չկրկնվեց։ Այն մնաց միակ՝ ինչպես մեկ անգամ տեսած լուսին, որ այլևս նույն կերպ չի վերադառնում։
Ու ուրիշին ասելու ոչինչ չմնաց։ Որովհետև երբ սրտիդ ամբողջ բառապաշարը արդեն ասել ես մեկ մարդու’ լռությամբ. հետո խոսքերը դառնում են սովորական։
Կան սերեր, որ չեն դառնում պատմություն։
Չունեն սկիզբ ու վերջ։
Չունեն «մենք»։
Բայց ունեն հավերժ ներկայություն մարդու ներսում։
Դրանք չեն պահանջում արդարացում։
Չեն աղմկում։
Չեն խանգարում կյանքին։
Դրանք պարզապես կան։
Եվ դա բավական է։