Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԵՂՄՆԱՎՈՐ, ԱՄԵՆԱԲԱԶՄԱԺԱՆՐ ԳՐՈՂԸ. ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հրաչ Բեգլարյանը Գեղամա աշխարհի ոչ միայն ամենահայտնի, այլ նաեւ ամենաբեղմնավոր ու ամենաբազմաժանր գրողն է՝ հեղինակելով բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր, պատմավեպեր, ակնարկներ, հոդվածներ։ Այսօր էլ նրա գրիչը գրեթե Աստծո ամեն օր խոսում է ընթերցողների հետ, խոսում արվեստով, սրտահույզ, անկեղծ, բռնկուն, ճշմարիտ, միշտ տեղին ու ժամանակին։ Երեւի թե չկա մի թեմա՝ հայրենիքին, Արցախին, հայրենի բնությանը, սիրային քնարերեգությանը, իմաստասիրությանը, այլ ուղղղություններին առնչվող, որտեղ ներկայացված չլինի Հրաչ Բեգլարյանի հղկված, հյութեղ ու հնչեղ գիրը։

Հրաչ Բեգլարյանը ծնվել է 1956 թվականին,  Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում։ Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի (այժմ՝ Գեղարքունիքի մարզԾովագյուղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին։ Բեգլարյանը պատմական գիտությունների թեկնածու է և երկար տարիներ դասախոսել է հանրապետության հոգևոր ու աշխարհիկ ուսումնական հաստատություններում։ Նա ունի շուրջ 20 տարվա լրագրողական աշխատանքի փորձ։ 1986-2006 թվականներին աշխատել է «Սևան» թերթում նախ որպես Նամակների, մշակույթի և կենցաղի բաժնի վարիչ, ապա՝ խմբագրի տեղակալ։ Հրաչ Բեգլարյանը Սևան քաղաքի օրհներգի բառերի հեղինակն է (Երաժշտությունը՝ Վ. Սարգսյանի): Հայաստանի գրողների միության անդամ է 2013 թվականից, լրագրողների միության անդամ՝ 1994 թվականից։

Հրաչ Բեգլարյանը ստեղծագործել սկսել է մանուկ հասակից։ Դեռևս դպրոցական տարիներից նրա բանաստեղծությունները տպագրվել են «Պիոներ կանչ», շրջանային «Լուսարձակ», հետագայում նաև՝ «Ավանգարդ»«Գարուն» և այլ պարբերականներում։ Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ 2014 թվականին տպագրվել է նրա «Երկրագործական մթերքների վերամշակումը միջնադարյան Հայաստանում» գիտական մենագրությունը, որը նրա տասնամյակների գիտական պրպտումների արգասիքն է։

Գրական և գիտական մամուլում հանդես է եկել գիտական, հրապարակախոսական տասնյակ հոդվածներով, պատմվածքներով ու բանաստեղծություններով, առանձին պատմվածքներ ու բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, շվեդերեն, վրացերեն լեզուներով:

2017  թվականի փետրվարին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել «Արծվաբույն» դրամայի բեմելը, 2022 թվականի ապրիլին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է նրա «Վերջին գահը» պատմական դրաման՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողների ուժերով։

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հրաչ Բեգլարյանի արձակ ու չափածո գործերից։

 

 

 

 

 

ԱՅՍ ԳԱՐՆԱՆԸ ԳՐԱԾ ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

 

***

-Չեմ հասկանում Աստծո ստեղծած աշխարհը,-շշնջացի,

-Չեմ հասկանում կյանքը,- զարմացա,

-Չեմ հասկանում մահը,- լացեցի…

-Ինչի՞դ է հարկավոր հասկանալը, ապրիր,- ասացին ինձ:

Ապրիր բողբոջող ծառի մեջ, որ վաղ առավոտյան բացել է աչքերը

և ցողաթաթախ՝ ժպտում է արևին:

Ապրիր ծիծառների ճխոցի մեջ:

Տե՛ս, թե ինչպես են ճախրում՝ առավոտը կտուցներից կախած:

Նրանց ամեն ճախրանքին մի պուտ ժպիտ խառնիր

և ժպիտդ շաղախիր գարունով:

Ապրիր երգի մեջ:

Ինչքա՞ն մեռած պիտի լինես,

որ քո երգից մի բուռ չցողես օրվադ վրա:

-Ապրիր,- ասաց գնարբ ծաղիկը,

-Ապրիր,-շշնջաց զեփյուռը ցայգալույսի,

-Ապրիր,- ժպտաց բաժակը և մի կուց սրճաբույր լցրեց առավոտվա մեջ:

-Ապրիր,- ամեն վայրկյանը քեզ նվեր է տրված

և աղոթքն է նվեր սրտիդ խորքում ծլած…

Ապրիր, քեզ մահ չկա, ծնվող երգդ վկա,

Երգիր ամբողջ հոգով, գարնան ծիծառն ինչպես,

Ապրիր գարուն ծնող ծիրանենի որպես:

Արևի հետ ապրիր, շողը բռնիր նրա,

Նրա շողից կախվիր, ապրիր շողի նման,

Որ իր սկիզբն ունի, սակայն չունի վախճան:

Ապրիր, սակայն սիրով, գարնան սերը շատ է,

Ախր անսեր կյանքը մեռնելուց էլ վատ է:

 

ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐՃ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

***

-Ինչո՞ւ տվեցիր այս խեղդող հազը, Տեր իմ:

-Այս բանաստեղծության համար:

Ո՞վ պիտի կրեր երկունքի ցավը տողի:

***

Ծերունին գիտեր, թե որտեղից են գալիս քամիները,

Գիտեր, թե ուր և ինչո՞ւ են չվում թռչունները աշնան,

Գիտեր, թե ուռենին մազերն ինչու է գանգրացնում

ամեն գարնան,

Բայց չգիտեր, թե իր ծեր ու հոգնած ոսկորներից

ի՞նչ են ուզում աշնան զզվեցնող անձրևները:

***

Ես քեզ դարձյալ սիրում եմ, ուռենի:

Իմ ջահել օրերի աղջիկն ես ճանապարհիս կանգնած

և մազերդ խառնում է քամին:

Ինչո՞ւ են դողում ոստերդ ժամանակի առաջ:

Ժամանակը քեզ չի կպչում

և հուշերիս մեջ դողում ես,

Ուռենի:

***

Ձմեռվանից հետո բույնը ծառի վրա՝

Որբացավ,

Քամին ինչպե՞ս չվայեր

և ծառն ինչպե՞ս չպոկեր վարսերը:

… Հետո ի՞նչ, որ բնի տերն ագռավն էր:

***

Գիշերվա մթից

Ու անձրևից ծնված գարունը

Առավոտյան վազում էր

Կանաչ սիզամարգի միջով:

***

Սարյակը ճյուղին

Համրացել էր մի պահ

և ըմբոշխնում էր

գարնան առավոտվա անձրևի

Գույնը:

***

Օրացույցը պատին՝

ափսոսում է անընդհատ,

որ չի կարողանում պատմել

գարնան անձրևի արբեցնող

թացության մասին:

 

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

 

Արի, իմ սոխակ…

Ռ. Պատկանյան

***

Քնիր, իմ անուշ, տխուր եմ այսօր,

Քամին ծիծաղս փաթաթեց իր մեջ,

Փախցըրեց, տարավ լեռները ձյունոտ

Եվ այնտեղ ցանեց վայունով ստերջ:

Քնիր, իմ անուշ, էլ ծիծառ չկա,

Ծիծառը զարկվեց ջրերի վրա,

Ծխում է հիմա երկինքը ցավից

Ու փայփայում է երազը նրա:

Քնիր, իմ բալիկ, էլ տատրակ չկա.

Բազեն զարկել է ամպոտ երկնքում

Եվ ճախրել արնոտ ամպերից էլ վեր,

Իսկ ես ողբում եմ նրան իմ երգում:

Քնիր, իմ տղա, որոր էլ չկա,

Որորի թևը վիրավոր է, տե՛ս,

Ջրերը նրա երազը խմել,

Բալասան արած լուռ մեկնել են մեզ:

Քնիր, իմ սիրուն, բազե էլ չկա,

Նա էլ զարկըվեց խոլ սլացքի մեջ,

Դեռ կենդանի է երազը նրա,

Մարտի է կանչում ինձ ու քեզ հավերժ:

Եվ արծիվ չկա, զարկվել է վաղուց,

Իր ճախրանքի մեջ անամպ երկնքում,

Նրա ճախրանքը ժամանակի դեմ

Իմ ու քո խանդոտ սլացքն է կնքում:

Քնիր, իմ տղա, հոգնել ես, գիտեմ,

Ես էլ եմ հոգնել իմ երգից արդեն,

Մութի օրոցքում գիշերն է հոգնել

Եվ երգն է հոգնել ու դարձել անդեմ:

Քնիր, իմ անուշ, տխուր եմ այսօր,

Քամին ծիծաղս փաթաթեց իր մեջ,

Վայում է վախով իմ ներսում հիմա,

Բազմապատկելով հույսերն իմ ստերջ:

 

ԵՐԿԻՐ

 

Ես թիկունքիս մրմուռն ու ամեն օր տանջող ցավը

Կախում եմ ամենամոտիկ ծառից և

Քայլում եմ հեռու:

Անձրևը խփում է դեմքիս,

Քամին ետ է հրում, մառախուղը պարուրում է այնպես,

Որ ճանապարհը չտեսնեմ,

Բայց ես քայլում եմ:

Երկիր…

Լեռներդ չեն ցածրանում, իսկ ես չեմ հասնում նրանց,

Քայլում եմ իմ մեջ մտած

և ուրիշները չեն հասկանում` ինչու:

Երկիր…

Քեզ տիրացածների լեզուները լպրծուն են ու ստախոս,

և նրանք քեզ համար չեն քայլում քո ճամփաներով:

Դու ուզում ես նրանց բեռը թոթափել,

ինչպես ես եմ թիկունքիս ցավը թոթափում,

Բայց ոչ ես եմ կարողանում ազատվել ցավից,

Ոչ դու` քո արդար լուսաբացները

Գողացողներից:

Երկիր…

Ես ցավս ետ եմ առնում ծառից.

Ցավը լվացք չէ, որ չորանա ու թեթևանա:

Ես ցավս չեմ ուզում քեզ թողնել,

Ծառը ցավից կչորանա,

Ես չեմ ուզում ցավս սարերիդ թողնել.

Նրանք դրանից կխոնարհվեն,

Իսկ առանց սարի, դու դու չես լինի…

Ես ցավս ծովին տալ չեմ կամենում.

Դրանից ծովը կալեկոծվի, իսկ ես ծովը սիրում եմ, երբ խաղաղ է

Ու ժպտուն…

Երկիր…

Ետ տուր իմ բաժին ցավը,

քանզի այն հենց իմ թիկունքի համար է հորինված…

 

***

Քարի տակ թաքնված գիշերային քամի,

Ծառի սաղարթին՝ գիշերային սիրո ու վայելքի հետքեր,

Կեղևի տակ՝ սիրահարների փսփսոց:

Ծիածանի տակով անցած մի աղջիկ

Տղա էր դարձել մի պահի մեջ

և երազանքի պատյանը կախվել, մնացել էր

ծառերի սաղարթներին

ու ծվեն-ծվեն փողփողում էր լուսաբացի քամուց:

Լճի մեջ թաքնված գիշերային թախիծ՝

Ձկների անխոս երգերի վկան:

Քարի տակ թաքնված գիշերային տքնանք

և դարերի հառաչը՝ քարերի վրա:

Ջրերի վրա վազող քամի,

Որ իր ուր գնալը ինքն էլ չգիտի

և օդի մեջ խտացող գիշերային տագնապ,

որ լուսուդեմին ցրվում է մի քիչ:

Ծովի վրա փռված սիրահարների հառաչ

և սարն ի վար կախված կիսամանգաղ լուսին…

…Ո՞ւր տանեմ ես իմ թախիծը

և ինչպե՞ս հագցնեմ մերկ գիշերվան:

Գիշերվա շորերը ծվեն-ծվեն՝

Փողփողում են քամու դեմ

և երկինքը կափարիչ է կապտասև:

Ո՞վ կքամի իմ ծիծաղը

և ո՞վ կբազմապատկի աստղերը իմ մեջ.

Քարի տակ թաքնված գիշերային քամի՞ն,

Թե՞ իմ սրտում տրոփող տագնապը օրերիս:

***

Լճի վրա թավալգլոր տվող քամի

և սառը քարերի մեջ ծվարած

գիշերային կորած մի մրմունջ:

  1. 10. 2016 թ.

 

 

 

 

 

ՀԻՇԱՏԱԿԻ ԻՄ ՏՈՒՐՔԸ

 

Այսօր զորավար Անդրանիկի ծննդյան օրն է: Ես իմ նվազ ուժերով Զրավարի կերպարին անդրադարձել եմ իմ «Հրեշտակներ կային արևի մեջ» վեպում: Ընթերցողին եմ ներկայացնում մի կարճ հատված այդ վեպից:

***

Ձյունը գաղթականների ոտքերի տակ տրորվել, դարձել էր դաշտանավորի ապականված լաթ: Լևոնը ողջ օրը ձիու մեջքին էր: Ոչինչ, որ քաղցած էր ինքը, վատն այն էր, որ սոված էր Կայծը: Ձին դիմացկուն, համբերատար ու հասկացող` անտրտունջ ենթարկվում էր:

Գաղթականների նահանջող քարավանի վերջից, նրանց նահանջն ապահովելով գալիս էին Լևոնին հատկացված զինվորները, իսկ կամավորական ջոկատն Անդրանիկի գլխավորությամբ կառչում էր ամեն թփից, յուրքանչյուր ձորից ու բարձունքից: Կռվում էր` որքան ու ինչ չափով որ հնարավոր էր ու հայրենիքը հենց այնպես չէր զիջում: Հայրենիքը խղճում էր իր զինվորին, խռովում ու հաշտվում էր նրա հետ, լալիս ու հայհոյում էր նրա բերանով:

Հարկավոր էր արագ գնալ, շտապ հեռանալ ճակատային գծից և ամենակարևորը` հարկավոր էր երեխաներին փրկել: Եթե Կայծի դիմացկուն ճկունությունը չլիներ, ձին կտապալվեր ու այլևս ոտքի չէր կանգնի, քանի որ Լևոնը մեկ քարավանի առջևում էր հայտնվում, մեկ գնում էր կողքից, մեկ էլ քշում, հասնում էր վերջապահ զինվորներին խրախուսելու:

Երեխաներին առավոտյան կերակրել են: Սնունդ կա, բայց ժամանակ ու հնարավորություն չկա: Դրա համար էլ կարգադրել է հենց սայլերի մեջ հաց բաժանել. ամեն մեկին մի կտոր, ամեն մեկին ձեռքի ափի չափով: Թող ուտեն, սրտները պնդանա, որ առաջ գնան: Նրա հոգսը հիմա ծանրացել է հիսուն անգամ: Առաջ երկու երեխայի մասին էր մտածում, հիմա` քառասունյոթ: Կարող էր մի պատառ հաց էլ իր բերանը դնել, բայց չուզեց: Նախ երեխաների բաժինը, թեկուզև մի փոքր, նվազեցնել չուզեց, հետո էլ Կայծը սոված՝ ինքն ինչպե՞ս ուտի:

Գաղթական երեխաների մեջ ամենամեծն Արևիկն է, Արևը, որ Սարիղամիշից է եկել, միացել քարավանին: Տասնվեց տարեկան է, բայց հազար ցավ տեսած կնոջ շարժուձև ունի: Գեղեցիկ է, դալար հասակով, հյուսքերը մեջքին գցած: Ու թեև երբեք չի ժպտում, բայց աչքերը զուլալ ու ջինջ են: Երբ առաջին անգամ տեսավ, սրտի մեջ ինչ-որ բան ճխաց: Այդպես լինում է հավատավորի հետ, երբ օրվա հոգսերի թելին շարված` ասես մոռանում է Աստծուն: Հետո հանկարծ հիշում է և սրտի մեջ տաք ու հարազատ մի հոսանք է խաղում: Սիրտը ճխում է ինչ-որ աննկարագրելի ուրախությունից և այդ հրճվանքից թրջվում են աչքերը:

Այդպես եղավ նաև Լևոնի հետ. սիրտը ճխաց և չնայած ծանր ու դժվար ճանապարհին, ամբողջ օրն ուրախ էր: Հետո նահանջի ու գաղթի քսան օրերի ընթացքում մտերմացան: Իմացավ, որ աղջիկն իրենց գերդաստանից միակ փրկվածն է: Փախել է իր նման` գիշերով, արտերի, ձորերի ու անձավների մեջ թաքնվելով: Մի անգամ նույնիսկ շորի տակից կապած դաշույնը ցույց տվեց.

-Միշտ մոտս է: Էն ժամանակ պահում էի, որ եթե հանկարծ թշնամու ձեռքն ընկնեմ…

Արևը մոր պես հասնում էր բոլոր երեխաներին, խնամում, մխիթարում, բուժում, խաղում էր հետները և Լևոնը զարմանում էր, թե այդ աղջիկն այդքան գործն ինչպե՞ս է հասցնում: Ինքն էլ չիմացավ` ինչպես սիրահարվեց նրան:

Իսկ այդ օրը Զորավարի աչքերից կայծ էր ցայտում: Ցավը, պարտության դառը ցավը պատել էր նրան ու նահանջում էր գաղթականների թիկունքը պահելով: Միշտ հաղթել էր թշնամուն, միշտ նրա աչքի փուշն էր եղել ու հիմա… Տեսնում էր, թե ոնց է հայրենիքը թիզ առ թիզ թշնամուն թողնում ու անզորությունից կրակ էր ցայտում աչքերից: Զայրանում էր ռուսական նահանջող զորամասերի համար, զայրանում Անդրկովկասի կառավարիչների կողմնակալ, հայատյաց գործողությունների համար, հայ քաղաքական գործիչների վախկոտ, անգործունյա, անատամ քաղաքականության համար էր զայրանում: Դեմքը սրվել էր, բոլոր նյարդերն ու մկանները լարվել էին և դա ամենաառաջինն զգում էր ձին: Ձին զգում էր հեծյալի ծնկների նյարդային հպումն իր կողերին և դրանից լարված թրթռում էին նրա ռունգները:

Գաղթականների քարավանը գնալով մեծանում էր: Առու-առու, վտակ-վտակ գալիս, խառնվում էին իրար և բազմապատկում Զորավարի ցավը, անհանգստությունը, հոգսը: Մտքի մեջ` հուր ու կայծակ, սրտի մեջ` գուղձ-գուղձ արյուն, մտածում ու չէր արտահայտվում, դեմքը քար էր ու քարացած: Մտքում անիծում էր իր ճակատագիրը՝ պարտված, եղեռնազարկ եղած ժողովրդի պարտված զորավարի ճակատագիրը, բայց ատամները սեղմում ու ցույց չէր տալիս: Չէր խնայում ո՜չ իրեն, ո՜չ զինվորներին, ո՜չ գաղթականներին: Գիտեր, որ անխիղճ բան է արածը, բայց այլ հնար չուներ: Հարկավոր էր ժողովրդին ապահով հանգրվան հասցնել, իսկ հետո կառչել ամեն քարից ու թփից, արյուն ու կյանք տալ, որ հայրենիքի մի մասը, գոնե մի փոքր մասն, ապրի:

Օրն իրիկնանում էր: Քարավանը նեղ կիրճով իջնում էր դեպի տափարակի վրա փռված գյուղը: Էլի մի փոքր, ևս մի ժամ ու հանգիստ կլինի, սնունդ կլինի: Ոնց էլ չլինի, գյուղում ինչ-որ բան կճարվի:

Զորավարը ձիու մեջքին արձանացած նայում էր ճանապարհին: Մտքի մեջ Դիլմանի ճակատամարտն էր, երբ թուրքը գայլ տեսած նապաստակի պես փախչում էր իր զինվորների առջևից ու ինքը չէր թաքցնում հրճվանքը: Իսկ հիմա՞: Բարձունքների վրա իր զինվորները դիրք էին գրավել: Արդեն երեք շաբաթ չհանգստացած, թերսնված, զինամթերքի պակաս զգացող զինվորները: Նրանցից ոչ մեկը չի տրտնջում, չի բողոքում, բայց նրանցից յուրաքանչյուրի ցավը Զորավարին ցավն է: Չեն տրտնջում նաև գաղթականները և Լևոն անունով տղան, որ օր ու գիշեր ձիուր մեջքին է և ամեն ինչ անում է իր հրամանը կատարելու համար:

Գաղթականների քարավանը պիտի տեսնի, որ Զորավարը չի հուսահատվել, հասկանա ու հավատա պիտի, որ նա ու նրա զինվորներն ամեն ինչ կանեն ժողովրդին պաշտպանելու համար: Թե ինչ կմտածի տնանկ դարձած գաղթականը, Զորավարի համար կարևոր է: Կարևոր է, որ գաղթականը չկոտրվի: Զորավարը գիտի, որ հայրենքի տալը հեշտ է, հետ վերցնելը` դժվար: Գաղթական դարձած ազգին իր արժանապատվությունը վերադարձնելու համար ժամանակ է պետք, երկա՛ր ժամանակ:

Ահա թե ինչու այդքան կարևոր էր, որ գաղթականները ոչ իր հուսահատված լինելն զգան, ոչ էլ տեսնեն հիասթափված ու ջարդված լինելը:

… Թե գաղթի ճանապարհին իրենք էլի քանի՞ հյուրընկալ ու տաք գյուղ գտան, քանի՞ աղքատ կամ կիսավեր շեն տեսան, ո՜չ Լևոնը հաշվեց, ո՜չ Արևը, բայց այդ ծանր, դաժան ու անվերջ թվացող օրը նրանցից ոչ մեկը չմոռացավ: Հենց այդ նույն օրն էլ նրանք իրար սեր խոստովանեցին: Երդվեցին հավատարիմ լինել և երբեք չդավաճանել իրար, չդավաճանել ոչ ոքի… Հարսանիք ու նվագ չեղավ, քեֆ ու ուրախություն չեղավ: Ձմեռվա հոգնած, հագսաշատ օր էր…

Անդրանիկը գաղթականությանն ուղեկցեց մինչև Ախուրյան: Ինքը նոր դիրքեր գրավեց, իսկ Լևոնին հանձնարարեց քարավանն Էջմիածին հասցնել:

— Զորավար,- դեմուդարձ եղավ Լևոնը,- ախր… ես թուրքին պարտք եմ, ախր… իմ մեծ ու շեն գերդաստանից ես ու էս էրկու էրեխեն ենք մնացել, որ հիմի չկռվեմ, բա թուրքի պարտքի տակ ո՞նց մնամ: Ախր էդպես ապրել չեմ կարողանա, Զորավար:

-Պա՞րտքը,- խեթ նայեց Անդրանկիը,- քո կարծիքով էսքան գաղթականին անվնաս Էջմիածին հասցնելը հե՞շտ գործ է: Քո կարծիքով առյուծը մենակ նա՞ է, ով գնդակը կրծքին առնում, հերոսանու՞մ է:

Լևոնը կախել էր գլուխը: Գիտեր, որ Զորավարը ճիշտ է ասում, Իսկ Անդրանիկը ձեռքը դրեց տղայի ուսին ու խրատեց.

-Հարցնում ես` ե՞րբ պիտի տամ պարտքս: Տղա, էնքան շատ պարտք ունի թուրքը մեզ, որ դժվար թե մի սերունդ կարողանա էդքանը ետ առնել: Դու մինչև քո կյանքի վերջը, քո էրեխեքը, նրանց թոռները… Լևոն, հիմի մեր ծանր ժամանակն է, բայց ծովը, որ անշունչ ու անխելք է, էլի ալեկոծվում է: Ալիքները նախ ափ են գալիս, հետո ետ են գնում, որ ավելի խոշորանան ու առավել մեծ թափով հարձակվեն:

Դու էս ժողովրդին, ու հատկապես որբերին, հասցրու Էջմիածին: Սրանք պիտի մեծանան, որ մի օր հաշիվ պահանջեն: Այնպես որ, քո գործն ավելի կարևոր է, քան իմը: Ես անցյալից կառչած, ներկան եմ ուզում պահել, իսկ քոնն ապագան է:

Գաղթականների քարավանը քսանչորս օրում հասավ հայոց հոգևոր մայրաքաղաք, բայց թե դա ո՞րերերդ քարավանն էր, ոչ ոք չհաշվեց և ոչ մի պաշտոնական փաստաթղթում գրի չառնվեց, թե քանի խեղված ճակատագիր մխրճվեց Արևելյան Հայաստանի մի բուռ հողի կուրծքը:

 

ԱՐԱՂԻ ՈՒ` ԵՏ…

 

-Բրիգադիր, էս աշնան անձրևին ու ցրտին Սիբիր տեղ առանց արաղի աշխատել կլինի՞,- հարցրեց քեռիս:

-Դժվար է,- ասաց բրիգադիրը ճաղատը քորելով,- բայց էս գյուղի խանութում արաղ չկա:

-Ատամանովի խանութում արաղ են ստացել,- ասաց քեռիս ինձ,- չգնա՞նք բերենք:

Բիգադիրը հիմա էլ հաստ հոնքերը քորեց ու թեև հարցն իրեն չէր ուղղված.

-Գնացեք,- ասաց,- մինչև Ատամանով վաթսուն կիլոմետր է, ինչո՞վ կգնաք:

-Դու փողը պատրաստիր,- ասաց, քեռիս, դուրս եկավ ու կես ժամ հետո կոյուղատար ցիստեռնի խցիկից ձայն տվեց ինձ,- գնա՞նք:

-Գնանք,- ասացի ես:

Ճանապարհը աշնան ցեխ ու տիղմով էր պատած, խոշոր կոպիճով: Մեքենան սլանում էր ինքն իրեն մոռացած: Հասավ խանութին, կանգնեց դռանը, քեռիս իջավ ու ետ եկավ քսան րոպե հետո, արկղի մեջ զնգզնգացող արաղի շշերով: Արկղի մեջ մի շշի տեղը դատարկ էր: Նայեցի քեռուս.

-Գործակատար Լյուբան ի՞մ բարեկամն էր, թե հորդ:

-Ոչ մեկի,- ասացի, հասկանալով, որ մի շիշը դատարկել են երկուսով:

Դուրս եկանք Ատամանովից ու քեռիս ժպտալով հարցրեց.

-Մի հատ չփորձե՞նք արաղի հումն ու էփածը:

-Փորձենք, բա ի՞նչ,- ասացի ես,- լա՞վ արաղ է:

-Վատ արաղ չկա, կա վատ բրիգադիր, որ չի թողնում ամեն օր խմել:

Խմեցինք շշից, կեսն ինքը, կեսը ես:

-Ոնց որ թերեհում է,- էլի կատակեց քեռիս: Ես շունչս հազիվ տեղը բերեցի ու ռուս ալկաշի նման հոտ քաշեցի թևիցս:

-Հիմի ետ ենք թռնում,- ասաց քեռիս,- իմ քշածը ոչ թե «Գավնավոզ» է, այլ «Յակ-40»: Ես ոտս դնեմ գազին, դու նայիր սլաքին, հենց որ հասնի հարյուրի, կասես՝ հարյուր:

-Հա,- ասացի ես:

Հին, քանդված ու կոպիճապատ ճանապարհով սլացողն իրոք «Յակ-40» էր: Ես շաղվող աչքերով նայում էի սլաքին, իսկ օդաչու քեռիս քշում էր ծեր մեքենայի բոլոր ուժերը քամելով:

-Հարյո՛ւր,- վերջապես կանչեցի ես:

Մեքենան ծեր ձիու նման հանկարծ խրտնեց ու ասես հետևի երկու ոտքով աքացի տվեց:

-Ի՞նչ պատահեց,- հարցրեց քեռիս առանց ոտքը գազից ետ քաշելու:

-Ցիստեռնը թռավ ավտոյի վրայից,- ասացի ես հայելու մեջ նայելով:

-Չգնա՞նք կողքի գյուղից օգնություն խնդրենք,- հարցրեց քեռիս, մի կերպ արգելակելով,- ես էնտեղ շատ ծանոթներ ունեմ: Քառասուն կիլոմետր է:

-Գնանք,- ասացի ես:

-Առանց խմելու դժվար թե էս գործը գլուխ բերենք,- ասաց քեռիս ու մի նոր շիշ բացեց:

Քառասուն կլիոմետրն անցանք տասնհինգ րոպեում: Եկան քեռուս ծանոթ տղաները, կռան բերեցին, եռակցման ապարատ, ցիստեռնը դրեցին մեքենայի վրա, եռակցեցին, ամրացրեցին:

-Չգնա՞նք,- հարցրեցի ես:

-Էս տղերքը մեր ի՞նչն էին, որ եկան, օգնեցին,- հարցրեց քեռիս,- բա նրանց պատիվ չտա՞նք:

-Տա՜նք,- ասացի ես ու ոտքերիս մոտ դրած արկղից երեք օղի հանեցի:

Քեռիս իմ հանածին մեկն էլ ավելացրեց: Մենք էլ էինք շնորհակալ, տղերքն էլ:

-Ուշացանք,- ասաց քեռիս ու նայեց ժամացույցին,- հիմի տղերքն սպասում են: Ավտոն սարքել ենք, հիմի էլ բան չի լինի: Դու էլի նայիր սպիդոմետրին, հենց հասնի հարյուրին, ասա:

-Լավ,- ասացի ես ու քեռիս էլի ոտքը դրեց գազին:

-Հարյո՛ւր,- հինգ րոպե հետո ասացի ես:

-Հասանք,- ասաց քեռիս,- էս փորձանքից լավ պրծանք: Մի հատ էլ չխմե՞նք էդ կենացը,-հարցրեց ու բացեց մի նոր շիշ:

-Խմե՜նք,- ասացի ես, մանավանդ, որ ծարավ էի:

Խմեցինք: Արդեն մութն ընկնում էր:

-Արի մնացած օղին հասցնենք տղերքին, հետո մեքենան տանք տիրոջը,- ասացի ես:

-Մեքենայի տեր Յուրի Իվանովը իմ բարեկա՞մն է, թե՞ քո,- հարցրեց քեռիս,- էդ մարդու լավության տակից պիտի մի բանով դուրս գա՞նք, թե չէ:

-Դուրս գանք,-ասացի ես ու մի օղի տվեցի քեռուս:

-Մեկը քիչ է,- ասաց քեռիս ու մեկն էլ վերցրեց:

Մեքենան տվեցինք Իվանովին ու հասանք տղերքին, ձեռքներիս մի շիշ օղի բռնած:

-Զգույշ եղիր, հանկարծ չկոտրես,- զգուշացրեց քեռիս:

-Ո՞ւր է օղին,- հարցրեց բրիգադիրը:

-Էս է,- ասացի:

-Էս մեկը, բա մնացա՞ծը…

-Չկա,- ծիծաղեցի ես:

-Դու է՞լ ես խմել,- խոժոռվեց բրիգադիրը:

-Բա գնացել էինք օղի բերելու, որ չխմեի՞նք,- զարմացա ես:

-Մի արկղ օղուց էս մե՞կը տեղ հասցրիք,- զարմացան բրիգադի մյուս տղաները:

-Էս էր,- ասաց քեռիս,- օղին աշխատավոր մարդու ինչի՞ն է հարկավոր: Դուք չգիտե՞ք, որ օղին մարդու թշնամին է:

-Է՞,- զարմացած հարցրեց բրիգադիրը:

-Դե մենք էլ էդ թշնամուն ոչնչացրել ենք,- ասաց քեռիս, պառկեց իր մահճակալին ու երեսը դեպի պատն արեց:

-Էս աշնան թոն ու թոռին Սիբիր տեղ առանց արաղի ձեղնահարկ կսարքվի՞,- գլուխը քորելով հարցրեց բրիգադիրը:

Քեռիս արդեն քնել էր ու նրան ոչ ոք չպատասխանեց:

 

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

49 դիտում