
Անցած հինգշաբթի օրը Երեւանի «Նոա» ֆուտբոլային թիմը Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության շրջանակներում տանը հյուրընկալել էր Լեհաստանի Հանրապետությունը ներկայացնող «Լեգիա» թիմին, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Հաղթանակի դեպքում հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մեր թիմը նվաճելու էր Կոնֆերենցիաների լիգայի Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։
Հանդիպման սկիզբը շատ տհաճ դասավորություն ստացավ մեր թիմի համար, քանի որ հենց երրորդ րոպեին մեր դարպասապահն ու պաշտպանը կոպտագույն սխալ թույլ տվեցին, որից էլ օգտվեց լեհ հարձակվողը և բացեց խաղի հաշիվը։ Մեր դարպասապահը առաջին խաղակեսում եւս մեկ կոպիտ սխալ գործեց, որից դարձյալ օգտվեցին հյուրերը և կրկնապատկեցին խաղի հաշիվը։ Բարեբախտաբար, մրցավարն այդտեղ ինչ-որ խախտում նկատեց ու գոլը չհաշվեց, այլապես դժվար կլիներ մտածել մեր թիմի հաղթանակի կամ պարտությունից փրկվելու մասին։
Երկրորդ խաղակեսի սկզբում, սակայն, «Նոա»-ն կերպարանափոխվեց ու սկսեց հարձակողական խաղ ցուցադրել։ Արդյունքն էլ չուշացավ, ու շուտով Մատթեուս Այասը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Այնուհետ խաղն ընթացավ փոխնիփոխ գրոհներով, որտեղ, սակայն, ավելի շատ զգացվում էր մեր թիմի առավելությունը։ Եվ խաղի 84-րդ րոպեին, արդեն օգտվելով լեհերի սխալից, մեր թիմին առաջ մղեց Նարդին Մուլահյուսեինովիչը՝ հաշիվը դարձնելով 2։1։
Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆուտբոլային ակումբը միջազգային ասպարեզում Փլեյ- օֆֆի ուղեգրի է տիրանում՝ հետագա փուլերում պայքարը շարունակելու իրավունք ձեռք բերելով։
Երկու օրից մեր թիմը մրցաշարի վերջին տուրում Լեհաստանում հյուրի կարգավիճակով կհանդիպի Կիեւի «Դինամո» թիմի հետ։ Հաղթելու դեպքում «Նոան» կարող է ավելի բարձր դիրք զբաղեցնել մրցաշարային աղյուսակում։
Խոսրով Խլղաթյան