Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքի տնամերձ հողամասի քարե ցանկապատի մեջ նկատված մի քանդակի մասին  

Գավառ քաղաքի բնակիչ Սոնյա Զաքոյանին պատկանող հողամասի քարե ցանկապատի դարպասի մուտքի մոտ, Հրաչյա Բունիաթյան փողոցի կողմից, պատի մեջ, աչքի է զարնում հղկված քարի վրա արված մի քանդակ, որտեղ պատկերված է առյուծի մարմին, գլխի հատվածում արտահայտիչ երեւում է արծվի կտուցը, աչքը, իսկ առջեւի աջ ոտքի առջեւում պատկերված է զարդանախշ գավազան, որի մի ծայրը հենված է գետնին, մյուս մասը վերջանում է մեջքի ու պարանոցի հատման կետում։ Գլխի ամենավերին մասում նկատելի է խույրը կամ թագը, հետնասում առյուծի պոչն է՝ վեր բարձրացրած ու ոլորված վիճակում։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա մի սովորական քանդակ է, մեր ժամանակների ինչ-որ անհայտ կամ հայտնի վարպետի ձեռքի գործ։ Սակայն մանրազնին ուսումնասիրությունը կարող է բերել այն համոզման, որ մենք ավելի հավանական է, գործ ունենք շատ ավելի հնագույն ժամանակների ստեղծագործության ու շատ կարեւոր, նորահայտ հուշարձանի հետ։

Մեզ առաջին հերթին հետաքրքրեց, թե երբվանից ու ինչպես է մոտ 40 սանտիմետր լայնության, 45 սանտիմետր երկարության ու քսանհինգ-երեսուն սանտիմետր հաստության այդ քարի վրա քանդակը հայտնվել ցանկապատի մեջ, փողոցի երեւացող մասից։ Հողի սեփականատեր Սոնյա Զաքոյանից պարզեցինք, որ իրենք հողամասը եւ նրա վրա կառուցված հին շինությունը 2000 թվականին գնել են Գավառ քաղաքի բնակիչ Պետրոս Գզրարյանից, քանդել հին շինությունը եւ նոր շենք ու ցանկապատ կառուցել։ Շինարարական աշխատանքների ժամանակ էլ ի հայտ է եկել քանդակը։ Սոնյա Զաքոյանի՝ արդեն վաղամեռիկ ամուսին Աշոտ Հակոբյանը որոշել է քանդակը դնել այնպիսի տեղում, որ եւ լավագույնս ու ապահով պահպանվի, եւ տեսանելի լինի հանրությանը։

-Հիմա լավ չեմ հիշում, քանդակված այդ քարը քանդված պատի մեջ էր, թե սալարկված բակի քարերի մեջ։ Ամեն դեպքում, այդ շինարարության շնորհիվ կարողացանք պահպանել ու սերունդների համար տեսանելի ու հասանելի դարձնել այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Չեմ կարող ասել, թե սա որ դարում է քանդակվել, ինչ է խորհրդանշում, սակայն պարզ է, որ այն պատմական արժեք ներկայացնող քար է։ Արդեն երջանկահիշատակ, «Կենաց տուն» մշակութային ՀԿ նախագահ, արվեստագետ, մեր համաքաղաքացի Լալա Մնեյանը զբոսաշրջիկներին ուղեկցում էր այս քանդակի մոտ ու բացատրում դրա պատմահնագիտական արժեքի մասին,-պատմեց Սոնյա Զաքոյանը։

Այնուհետ զննեցի այն տարածքը, որտեղից հայտնաբերվել է քանդակը։ Տարածքով մեկ ավերակ շինություններ են, որտեղ ավելի շատ ընդգծված երեւում են 19-20-րդ դարերի ընթացքում կատարված կառույցների հետքեր, կավաշեն կիսաքանդ պատեր։ Բայց կիսաքանդ պատերից մեկի անկյունային հատվածում նկատվեց սրբատաշ մի քանի քարերով շարվածք, որում օգտագործված շաղախն իր ամրության աստիճանով նման էր շատ ավելի հին ժամանակներում կառուցված պալատների կամ տաճարների վրա օգտագործված շաղախներին։

Այնպիսի տպավորություն է, որ այստեղ, 19-20-րդ դերում արված կառույցների մեջ հնարավոր է գտնել նաեւ շատ ավելի վաղ ժամանակներում արված կառույցների հետքեր, որ այս տները ժամանակին բարձրացել են մշակութային մեկ այլ շերտի վրա։

Մասնագետներից ճշտեցի, որ քանդակն արվել է Գավառի տարածքի կարմիր բազալտի վրա, որը շինարարության, ճարտարապետության ու քանդակագործության ուղղություններում օգտագործվել է դեռեւս ուրարտական կամ ավելի վաղ ժամանակներից ու հասել մինչ մեր օրերը։

Ավելորդ չէ հիշել ու հիշեցնել, որ Գավառ քաղաքի բերդի գլխի տարածքից է հայտնաբերվել Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի արձանագրությունը, քանի որ այս քանդակի գտնվելու վայրը Բերդի գլխից գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Չի բացառվում նաեւ, որ այս քանդակը կարող է լինել մի որեւէ պետական կազմավորման կամ իշխանական տան զինանշան։

 

Մեր հարցմանն արձագանքեց Երեւանի մատենադարանի գիտաշխատող, միջնադարյան քանդակի մասնագետ Զարուհի Հակոբյանը։

«Պատկերված է շղթայված առյուծ, դա զինանշան չէ։ Ուշ միջնադարում, կամ արդի նոր շրջանում՝ 17-19-րդ դարերում  նման պատկերներ հանդիպում են հատկապես քանդակում (օրինակ, Թբիլիսիի Բեթղեհեմի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու (1727թ.), Նախիջեւանի Օծոփի Սբ. Աստվածածին եկեղեցու վրա): Բայց եթե ավելի հետ գնանք, ապա մի շարք ձեռագրերում ու նաև Գեղարդավանքում (13-րդ դար): Նման պատկերներ նաեւ արեւմտաքրիստոնեական արվեստում կան: Այնպես որ,  եզակի չի նաեւ  այս օրինակը, որը, հավանաբար, կերտվել է 18-19-րդ դարերի ընթացքում։

Ամեն դեպքում, անկախ նրանից, թե երբ է կերտվել այս քանդակը, այն իրենից պատմամշակութային  արժեք է ներկայացնում, արվեստի այնպիսի գործ, որ բխել է հին կամ հնագույն ժամանակների դիցաբանական պատկերացումներից։

 

 

 

Խոսրով Խլղաթյան

 

9 դիտում