Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կամրացվի և կկառուցապատվի Գավառագետի հունը

 ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին 2026 թվականից  Գավառ համայնքի բնակավայրերով հոսող Գավառագետի հունը կամրացվի և կկառուցապատվի։

Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի հավաստամամբ՝ այդ նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է 464 միլիոն 964 հազար դրամ։

«Գավառագետի՝ բնակավայրերով հոսող որոշ հատվածներում դժվար է զանազանել, թե որն է հունը, որը՝ ափը։ Խոտով, թփերով, տեղ-տեղ էլ անգամ ծառերով ծածկված հունը հատկապես գարնանային վարարումներին հեղեղային իրավիճակ է ստեղծում։ Արդյունքում տուժում են ափամերձ տնտեսություններն ու ենթակառուցվածքները»,-ներկայացրել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

«2022 թվականին Գավառ համայնքի բնակիչներն այդ  հարցը բարձրացրել էին։ Մենք հետո համայնքապետարանի հետ քննարկում ունեցանք, և իրենք գրավոր դիմեցին մեզ, որպեսզի մենք միջնորդենք, որ կարողանանք Գավառագետի հունի մաքրման և ամրացման աշխատանքներ իրականացնել։ Պայմանավորվեցինք, որ համայնքապետարանը նախագիծ ձեռք կբերի, և կփորձենք կառավարության միջոցներով, պետբյուջեի միջոցներով  այդ ծրագիրն  իրականացնել։ Համայնքապետարանի հետ միասին մեկ ամբողջական նախագիծ ենք իրականացրել, որ մեկընդմիշտ լուծենք այդ հարցը։ Իհարկե, հետագայում ևս պետք կլինի մաքրման աշխատանքներ իրականացնել, բայց հունի ամրացման ու մաքրման աշխատանքները առաջիկա տարիների համար  բավականին լավ արդյունք կտան»,-ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ։

Պետական միջոցներով իրականացվելիք ծրագիրը, մաքրման աշխատանքներից զատ ներառելու է նաև ենթակառուցվածքների վերականգնում և բարեկարգում, լուծելու է բնապահպանական մի շարք խնդիրներ։

«2024 թվականին  Գավառի համայնքապետարանը սկսեց Գավառագետի՝ Գեղարքունիք գյուղից մինչև Նորատուս ընկած հատվածներում առկա խնդիրների գույքագումը։ Դրա հիման վրա արդեն 2025 թվականին պատրաստ էին գետի հունի մաքրման և ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Համայնքի ղեկավարը կարողացավ ներկայացնել հիմնախնդիրը, որից հետո արդեն Գեղարքունիքի մարզպետի  միջնորդությամբ այն ներկայացվեց ավելի վերին ատյաններ՝ ՀՀ Ջրային կոմիտե, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, և, ի ուրախություն մեզ, Գավառագետի մաքրման ծրագիրը ֆինանսավորվել է 2026 թվականի պետական բյուջեի միջոցներով։ Գեղարքունիք-Լանջաղբյուր շուրջ 3 կմ երկարությամբ ձգվող  հատվածում պետք է գետի մաքրում իրականացնել, վթարային մեկ կամուրջի վերականգնում, գետից ծառերի հեռացում, վնասված և փլուզված ափապաշտպան հենապատի կառուցում։ Նման կարգի աշխատանքներ կիրականացվեն նաեւ մնացած հատվածներում, մի քանի կիլոմետր երկարությամբ։   Այսինքն՝ մենք քարտեզագրել ենք բնակավայրերի միջև եղած գետի ամբողջ երկայնքով խնդիրները, որոնք կլուծվեն ամբողջությամբ։ Նախագծով նախատեսված հիմնական աշխատանքների ավարտին, անհարաժեշտության դեպքում գետի տարբեր հատվածներում կտեղադրվեն նաև աղբորսիչներ»,- հավաստել է Գրիգոր Դաշտոյանը։

Գեղամա աշխարհ

8 դիտում