Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԱՐԾՎԱԹՌԻՉ ՄԱՏՈՒՌԸ

    
Արծվաթռիչ մատուռը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Արծվաքար թաղամասից 7 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, Սեւանա լճի ափին, Երեւան-Սեւան-Մարտունի-Վարդենիս մայրուղու անմիջական հարեւանությամբ։
Ինչպես իր «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքում նշում է հնագետ Գեդեոն Միքայելյանը, Արծվաթռիչ մատուռը գտնվում է Ղումլուխ ամրոցի հարավային թեւի ստորոտում։ Անվանի հնագետներ Մեսրոպ Սմբատյանցի, Երվանդ Լալայանի, Սեդրակ Բարխուդարյանի և Գեդեոն Միքայելյանի հետազոտությունների համաձայն՝ Արծվաթռիչ կոչվող մատուռը այն նույն բնակավայրի տարածքում է եղել, որը գտնվել է Ագարակ կոչվող բնակատեղիից մոտ 1 կլիոմետր դեպի հարավ, Ղումլուղ ամրոցի ստորոտում։ Իհարկե, հիմա այդ բնակատեղիի ավերակներից գերթե ոչինչ պահպանված չէ, բացի այս մատուռից, քանի որ այս տարածքում են նախորդ դարի 30-40-ական թվականներին կառուցվել Արծվաքար գյուղի անասնապահական ֆերմաները։
Մատուռի տարածքում կամ շրջակայքում վիմագիր արձանագրություններ առայժմ չեն գտնվել, իսկ մատուռի ներսում, պատերի մեջ ագուցված վիճակում պահպանված խաչքարերն իրենց պատրաստման ոճով թվագրվում են 13-15-րդ դարերում։ Արծվաթռիչ մատուռը, որը համարվել է արծվաքարցիների սիրված ուխտավայրերից մեկը, եղել է կիսավեր վիճակում` մինչեւ 1970-ական թվականները։ Այն այդ տարիներին վերականգնվել է Արծվաքարի ոչխարաբուծական ֆերմայի վարիչ, արծվաքարցի Լյովա Մխեյանի կողմից։
Մատուռի հատակի տապանաքարերից մեկի վրա նկատվում է մեր ժամանակներում արված անվարժ փարագրությամբ մի արձանագրություն, որը, ամենայն հավանականությամբ, հետեւյալ բովանդակությամբ․ «․․․Եկեղեցին վերանորոգված է»։ Իսկ փորագրության ներքո հավերժության նշանն է, որը, բնականաբար, տապանաքարի վրա քանդակվել է իր պատրաստման ժամանակ։
Մատուռի բակում, պարիսպներից ներս տեղադրված է երկաթյա խաչ՝ մի քանի մետր բարձրությամբ, այնպես, որ այն տանիքից վեր էլ երեւա ու տեսանելի լինի բոլոր կողմերից։ Այն տեղադրվել է ընդամենը մի քանի տարի առաջ։
Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ մատուռի հարեւանությամբ անցնող մայրուղին կառուցվել է 1980-ական թվականներին, որի ժամանակ վնասվել են շրջակայքի դամբարանները կամ հնագույն շինությունները։ Այլ խոսքով՝ դժվար է այժմ հետազոտության միջոցով գաղափար կազմել, թե որ դարաշրջանի կառույց կարելի է համարել Արծվաթռիչ մատուռը, քանի որ գրեթե ոչինչ չի պահպանվել նրա շրջակայքի հնավայրերից։ Սակայն մատուռը շրջապատող պարսպի արեւմտյան ու հյուսիսային պատերի շարվածքը ենթադրում է, որ այն կառուցվել է շատ ավելի հին ժամանակներում, քան կերտվել են այստեղ տեղադրված խաչքարերը։ Այդպես կարելի է ենթադրել պատերի անշաղախ ու խոշոր քարերի շարվածքից, որոնք հատուկ էին Կիկլոպյան դարաշրջանի կառույցներին։ Բացի այդ, մատուռի հյուսիսային կողմին կից նկատվում է եւս մի կիսավեր շինություն, որի մեջ կա զոհասեղանի նմանվող մի քար։
Մատուռի ներսում, արեւմտյան պատի մեջ ագուցված է 13-րդ դարի 1, արեւելյան պատի մեջ՝ 3 խաչքար։ Այստեղի խաչքարերից եւս մեկը կերտվել է 13-14-րդ դարերում։ Մատուռի մուտքից աջ, կիսով չափ հողի մեջ, պահպանվել է 14-15-րդ դարի մի խաչքար։ Նույն դարաշրանի մի խաչքար կա արեւելյան պատի մոտ, իսկ հատակը պատված է խոշոր ու հղկված տապանաքարերով։
Մեծ հետաքրքրություն են առաջացնում մատուռի արեւմտյան կողմի պատի տակ ընկած եւ պարսպի հարավարեւելյան հատվածում կանգնեցված խաչքարերը, որոնք թեեւ չունեն արձանագրություն, սակայն, ինչպես հավաստեց վիմագրագետ Սեւակ Արեւշատյանը, իրենց պատրաստման ոճով կարող են թվագրվել առնվազն մինչեւ 9-րդ դարով։
Մի բան պարզ է, որ մենք այստեղ գործ ունենք բազմաշերտ հուշարձանի հետ, քանի որ նրա շրջակայքը հարուստ է պատմական այնպիսի հուշարձաններով, ինչպիսիք են Ղումլուխի կիկլոպյան ամրոցը, Սալոյի վանքն ու Ագարակ բնակատեղին, Քանագեղի ամրոց-հնավայրն ու հարուստ դամբարանադաշտը, մի քանի գյուղատեղիներ, ինչպես նաեւ՝ ժայռերի խորքում բացված քարայր-կացարանները, որոնք օգտագործվել են անհիշելի ժամանակներից մինչեւ 1970-ական թվականները, երբ Կարմիրգյուղի անասնապահական տնտեսություններն այս քարայրային մեծ սրահներում պահում էին իրենց անասնահոտերը ամռան ու աշնան ամիսներին։
Արծվաթռիչ մատուռը եւս հնագիտական ուսումնասիրության լուրջ կարիք ունի։
Խոսրով Խլղաթյան
22 դիտում