Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վոլոդյա Մհերյանի թողած գործն ու անունը կապրեն հավերժ

87 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց Մարտունի քաղաքի բնակիչ, Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրեն, մարզիչ, մանկավարժ, քաղաքի ու շրջանի մարզական կյանքում ծանրակշիռ ավանդ ներդրած անձնավորությունը՝ Վոլոդյա Հակոբի Մհերյանը։

Նա ծնվել է 1938 թվականի  մայիսի 30-ին,  ՀԽՍՀ Մարտունու շրջանի Մարտունի ավանում, ծառայողի ընտանիքում: 1945-1955 թվականներին սովորել և ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին, աչքի ընկնելով ակտիվությամբ ու կազմակերպչական ունակություններով,  ընտրվել է  դպրոցի կոմերտմիության կազմակերպության առաջին քարտուղար:

1955-1956 թվականներին  աշխատել է Մարտունու կոլտնտեսությունում՝ որպես գրադարանավար, և միաժամանակ կատարել կոմերտմիության կազմակերպության առաջին քարտուղարի պարտականությունները: Առանձնահատուկ սեր ունենալով սպորտի նկատմամբ՝   այդ տարիներին զգալի աշխատանք է տարել կոլտնտեսությունում՝ սպորտը մասսայականացնելու ուղղությամբ․ տեղծել  է վոլեյբոլի և ֆուտբոլի խմբեր, որոնք շրջանային մրցումներում գրավել են մրցանակային տեղեր:

1956 թվականին զորակոչվել է Սովետական բանակ: 1956-1957 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարզի Նախաբինո քաղաքի սերժանտական դպրոցը: 1957-1959 թվականներին  զորամասում վարել է դասակի հրմանատարի պաշտոնը՝ ավագ սերժանտի կոչումով, իսկ հետագայում ծառայել է  նաև կապիտանի զինվորական կոչումով:

1959 թվականին զորացրվել է բանակից և ընդունվել  Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: 1965 թվականին,  ավարտելով ինստիտուտը, նշանակվել է Մարտունու N1 միջն. դպրոցի  ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

1964-1966 թվականներին  աշխատել է ֆիզկուլտուրայի և սպորտի շրջանային կոմիտեում՝ որպես հրահանգիչ: 1966 թվականի սեպտեմբերից առաջ է քաշվել և նշանակվել  Մարտունու ժողկրթբաժնի մարզադպրոցի տնօրենի  պաշտոնում:

Նրա ղեկավարմամբ Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցն ունեցել է հսկայական  ձեռքբերումներ ու ծանրակշիռ նվաճումներ, որոնք ոսկե տառերով են գրվել Մարտունի քաղաքի ու շրջանի մարզաշխարհի պատմության մեջ։  Վոլոդյա Մհերյանը հատկապես նշանակալի աշխատանք է կատարել մարզչական կադրերով մարզադպրոցը համալրելու ուղղությամբ:  Նրա ղեկավարած դպրոցը շռնդալից հաղթանակներ էր տանում դպրոցականների համամիութենական սպարտակիադաներում՝ ամենատարբեր մարզաձեւերում ։ Բավական է նշել, որ Հայաստանի Հանրապետության  թիավարության հավաքականի կազմում ընդգրկված էին Մարտունու մարզադպրոցի 10 մարզիկ։ Միջազգային տարբեր մրցաշարերի են մասնակցել նաեւ մարզադպրոցի  ըմբիշները եւ թեթեւ ատլետները: Մարզադպրոցին մեծ հռչակ ապահովեց  հատկապես  ԽՍՀՄ թիավարության հավաքական թիմի անդամ Սոֆիկ Հայրապետյանը, ով դարձավ ԽՍՀՄ  չեմպիոն և ընգրկվեց օլիմպիական հավաքականի կազմում:

Վոլոդյա Մհերյանի դերը մեծ է նաև մարզադպրոցում  նախապատրաստական խմբերի ստեղծման և նրանց գործունեության ուղղությամբ: Մարզադպրոցը 1980 թվականին Սոցմրցությունում հանրապետությում գրավել է  3-րդ մրցակցային տեղը՝  արժանանալով ՀԽՍՀ Լուսավորության մինստրության պատվոգրին և դրամական պարգևի:

Վոլոդյա Մհերյանը 1976-1984 թվականներին  աշխատել է որպես Մարտունու ժողկրթբաժնի կուսակցական կազմակերպության առաջին քարտուղար: Լավագույն աշխատանքի համար պարգեւատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով, «Սոցմրցության հաղթող», «ժողովրդական գերազանցիկ» եւ «ՊԱՊ» 50 տարի» կրծքանշաններով,  բազմաթիվ պատվոգրերով եւ գովասանագրերով:

Երկարատեւ, նվիրական ու անբասիր աշխատանքի համար   արժանացել է «Սպորտի վաստակավոր աշխատողի» պատվավոր կոչման:

Նրա անձնական նվիրվածության շնորհիվ էր,  որ 1980 թվականին  բարելավվեցին  մարզադպրոցի շենքային պայմանները:

Վոլոդյա Մհերյանի  ղեկավարած մարզադպրոցն  ակնառու հաջողությունների է հասել նաեւ ծանրամարտ և ըմբշամարտ մարզաձեւերում: Մարզադպրոցը տարբեր տարիների ընթացքում պատրաստել է 29 սպորտի վարպետներ, 75 սպորտի վարպետության թեկնածուններ, 210 առաջին կարգի և շատ ու շատ թվով պատանեկան կարգի մարզիկներ։ Մարզադպրոցի մարզիչներից 3-ը ստացել են «Վաստակավոր մարզչի կոչում, իսկ մեկը՝ «Ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատողի» կոչում։

Մարտունու մարզադպրոցը նրա ղեկավարման տարիներին տվել է շուրջ 6000 շրջանավարտ, որոնցից 31-ը բարձրագույն մասնագիտական կրթություն են ստացել Ֆիզիկական կուլտուրայի  պետական ինստիտուտում։ Նա միշտ աշխատանքում հանդես է եկել ստեղծագործական նախաձեռնությամբ և անձնական օրինակ է ծառայել շատ-շատերի համար։

Վոլոդյա Մհերյանը, տնօրենի պաշտոնին զուգահեռ, կատարել է նաև մարզչական աշխատանք՝ մարզելով «Էրեբունի» մանկապատանեկան ֆուտբոլի թիմը։  Նրա սաներից կազմավորված  «Ալաշկերտ» ֆուտբոլային  թիմը ժամանակին հանդես է եկել հանրապետության առաջնության մրցումներում, իսկ նրա սան Ռոմիկ Խաչատրյանը ընդգրկված էր   ֆուտբոլի Հայաստանի  հավաքականի կազմում, խաղում էր Կիպրոսի «Օլիմպիակոս» թիմի կազմում։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 5 միլիոն դոլար: Մարզադպրոցը տվել է նաև Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից՝ ծովասարցի ըմբշամարտիկ Արշակ Հայրապետյանին:

 

1982-1985 թվականներին  նախապատրաստական խմբերի լավ աշխատանքի համար Մարտունու մարզադպրոցը ճանաչվել է առաջավոր փորձի հաստատություն և մասնակցել  1984 թվականին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած համամիութենական ցուցահանդեսին:

Էական ձեռքբերումների ու հաջողությունների շնորհիվ 1980-ական թվականներին, մի քանի տարի անընդմեջ, Մարտունին Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է որպես «Լավագույն մարզական շրջան»։

Նա միաժամանակ պարբերաբար մեթոդական և պրակտիկ օգնություն է ցույց տվել շրջանի հանրակրթական բոլոր դպրոցներում՝ շուրջ 25 տարի աշխատելով շրջանային ժողկրթբաժնի ֆիզկուլտուրայի մեթոդիստ: Նրա ավանդը մեծ է հատկապես հանրակրթկան դպրոցներում ՊԱՊ համալիրի ներգրավման և  մասսայականացման ուղղությամբ։

Վոլոդյա Մհերյանը,  միշտ աշխատել է «Օլիմպիականները մեր շարքերում են» նշանաբանով՝ կազմակերպելով եւ  անցկացնելով  շրջանային սպարտակիադաներ, աշխուժացնելով արտադասարանական խմբակների աշխատանքը հանրակրթական դպրոցներում։

Այսօր էլ Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցը, թիկունքում ունենալով այդ տարիների փառահեղ նվաճումները, շարունակում է նկատելի նվաճումները թե՛ հանրապետական, թե միջազգային ստուգատեսներում։

Իր գործի նվիրյալ  տնօրենի, մարզչի ու մանկավարժի, պարտաճանաչ ու հայրենասեր քաղաքացու, սիրված ամուսնու, ծնողի, ընկերոջ, բարեկամի, մարդկային արժանիքներ կրող մարդու՝ Վոլոդյա Հակոբի Մհերյանի թողած գործն ու անունը հավերժ կապրեն սերունդների հիշողության մեջ։

Մարտունու համայնքապետարան

«Գեղամա աշխարհ»

 

817 դիտում