Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՎԱՂԱՇԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌԸ

   
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի պատմությունը եւս բխում է հազարամյակների խորքից։
Այս գյուղի տարածքում այնքան հնագիտական հուշարձաններ կան, որոնք կարող էին լրացնել մի քանի մեծ երկրների հարյուրամյա կամ հազարամյա պատմություններ, սակայն դրանք մերն են, հայկական են, խորքային, բովանդակային, բացառիկ ու ինքնատիպ, որ երբեք ու ոչ մի դեպքում մեր հողի ու արյան թշնամիների կողմից չեն կարող յուրացվել, բռնազավթվել, սեփականացվել։
Այստեղ մի քանի կիկլոպյան ամրոցների ու հնագույն գյուղատեղիների ավերակներ կան, մի քանի տասնյակ միջնադարյան գեղաքանդակ խաչքարեր, նորագույն ու հնագույն եկեղեցիներ, դամբարանադաշտեր, լեռան բարձրաբերձ փեշով մեկուկես տասնյակ կիլոմետր ձգվող ջրանցք ու լեռնային ջրամբարներ, որոնք նույնպես մարդկանց ծառայել են հազարավոր տարիներ ու ծառայում են մինչ օրս։
Սակայն այդ բոլոր հմայքների մեջ մի ուրիշ կախարդական եզերք է Վաղաշենի հարավարեւելյան բարձունքին բազմած սուրբ Հռիփսիմե մատուռը։
Շրջանաձեւ շարվածքն արդեն հուշում է, որ այն բարձրանում է կրոմլեխի կամ խոշոր դամբարանի վրա ու պաշտամունքային կառույց է համարվում դեռեւս անհիշելի ժամանակներից։ Այստեղ մինչ օրս ուխտավայր են գալիս մարդիկ, այստեղ վեր է բարձրացել նաեւ վերջերս տեղադրված մետաղակուռ ու բարձր Խաչը` նվիրված Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին։
Ի դեպ, այս նույն մատուռից քիչ հյուսիս Վաղաշենի գերեզմանոցն է, որտեղ ամփոփված են Արցախյան 44-օրյա պատերազմի վաղաշենցի ինը հերոս նահատակների աճյունները, որոնց վրա եւ բարձրանում է հուշահամալիրը։
Առավել ցնցող են ավերակների մեջ իրար կողքի շարված միջնադարյան խաչքարերը, որոնցից մեկի վրա շատ պարզ նկատվում է Մեսրոպատառ շքեղ վայելչագիրը։
Այս խաչքարի վիմագիր տեքստը, պարզվում է, ընթերցել է ականավոր հնագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։ Միայն թե շփոթմամբ այն տեղադրել է Աստղաձորի հուշարձանների ցանկում։ Ահա տեքստի բովանդակությունը. ,,Ես Քրիքորս կանգնեցի խաչս թվ. ՋՉԸ 1539.,,
Այդուհանդերձ, Բարխուդարյանը շատ ճիշտ է նշում խաչքարի ու հուշարձանի տեղը` ,,Աստղաձորից հարավ-արեւմուտք, երեք կիլոմետր հեռու, բլրին գտնվող մատուռի բեմի առաջ դրված փոքր խաչքարի վրա երկու տող,,։
Նաեւ ականավոր գիտնականը հավաստում է, որ որ հենց այս խաչքարի կողքին էլ դրված է եղել արամեերեն արձանագրությամբ Արտաշիսյան սահմանաքարի բեկորը, որը եւ իր միջոցով տեղափոխվել է Հայաստանի Պատմության թանգարան։
Մատուռի հարավարեւմտյան կողմում լեռան գագաթին երեւացող կիկլոպյան ամրոցի պարիսպների հետքերն են, հյուսիսում, ինչպես ափիդ մեջ`փռվում է ողջ Վաղաշենը, Սեւանա լիճը եւ Արեւելյան Սեւանի ու Արեգունու լեռները, Արեւմուտքում` Մարտունի քաղաքն ու շրջակա գյուղերը, Գեղամա հզոր լեռնավահանը։
Իսկ Արեւելյան կողմում Աստղաձոր գյուղի տներն են, որոնց հարավային կողմում, ձորի մեջ, արդեն Աստղաձորի Սուրբ Հռիփսիմե մատուռն է, որի արեւմտյան բարձունքում , հարթության վրա, խաչքարերի մի ամբողջ դաշտ է փռված կամ հողի մեջ կիսաթաղված վիճակում։
Ահա այսպես, այս հինավուրց հողի ամեն մի մետրի, ամեն բարձունքի, լեռնափեշերի վրա մի գաղտնիք կա թաքնված, տիեզերական մի զորություն ու խորհուրդ, ձգողական մի ուժ։
Վաղաշենի Սուրբ Հռիփսիմե մատուռից դեպի հարավարեւմուտք, լեռնագագաթներին, մի քանի կիկլոպյան ամրոցներ կան, որոնց հետքերով գնալու ենք  օրերս։
Խոսրով   Խլղաթյան
14 դիտում