
«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ունակություն է տվել՝ երաժիշտ լինելու ու շփվելու հոգևորի հետ»
Ռոբերտ ՄԼՔԵՅԱՆ
Հայաստանի սրտում` մայրաքաղաք Երևանում է ծնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, ով արդեն նշում է իր կյանքի 65-րդ տարեդարձը: Ծնողների բարեկիրթ դաստիարակության արդյունքում նա ընդունվում է երաժշտական դպրոց և սովորում ջութակ նվագել: Սակայն հոր բաղձալի ցանկությունն էր` որդուն տեսնել սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ :
Մաեստրոն վստահ է , որ իր կյանքում ամեն բան ի վերուստ է որոշվել : Նախախնամություն: Ճակատագիր: Հայրն այլևս հովանավորն էր երկնքից: Ռոբերտ Մլքեյանն ընդունվում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա , ուսանում օպերային , սիմֆոնիկ դիրիժորություն ու երգչախմբային դիրիժորություն : Բարեբախտություն է… Ակադեմիական փայլուն կրթություն ստանալուց հետո նա վերադառնում է հայրենիք և ուսումը շարունակում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում ` Էմին Խաչատրյանի մոտ : Մլքեյանն իրեն հատուկ բարի ու մեղմ ժպիտով է հիշում դասախոսին ու այդ երանելի տարիները , Էմին Խաչատրյանի ներկայությունն իր կյանքում համարելով նվեր Բարձրյալից:
Տաղանդաշատ Մաեստրոն 1992 թվականին հրավիրվում է Գյումրի` ղեկավարելու տեղի սիմֆոնիկ նվագախումբն ու կամերային երգչախումբը : Հայրաքաղաքը գրկաբաց ընդունեց Ռոբերտ Մլքեյանին , ով իր հերթին ներդրեց ողջ ներուժը : Նվիրվեց : Պետերբուրգյան ակադեմիական կրթության դասականի ու հոգևորի , բարձր արժանիքների ուղենիշով , իր բարոյական կերպարով նա ստեղծեց նոր որակ և նորովի զարկ տվեց Գյումրու երաժշտական մշակութային կյանքին : Իրեն հատուկ մեծ պատասխանատվության , ուժեղ կամքի , անմնացորդ աշխատասիրության շնորհիվ Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ , որը գործում է առ այսօր: Մաեստրոն այն ղեկավարել է մինչև 2000 թվականը : Այժմ վսեմությամբ ու աղոթքներով` Երևանից հետևում , աջակցում , ուրախանում է նվագախմբի յուրաքանչյուր հաջողությամբ : Այդ տարիներին , իսկ ավելի ճշգրիտ` 1995 թվականին , Ռոբերտ Մլքեյանը հիմնել է «Հայ Ֆոլկ» վոկալ անսամբլը , որն առանձնակի հաջողություն է գրանցել: Հյուրախաղերով ու համերգային գործունեությամբ հիացրել է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հանդիսատեսին:

Մաեստրո Մլքեյանի ստեղծագործական կյանքի կարևոր բարձրակետերից է 2000 թվականին Հայաստանի կամերային երգչախմբի ստեղծումն ու հիմնումը: Սա ոչ միայն իր , այլ նաև հայ ազգի ձեռքբերումն է: Ներկայանալի , մեծարժեք մշակութային գործող օրգանիզմ է ` իր ողջ հմայքով ու գեղագիտական բարձրաճաշակ արվեստով: 2008 թվականին Հայաստանի կամերային երգչախումբը ստանում է պետական կարգավիճակ:
Անարատ հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի , հայտնի բարեգործ Քույր Արուսյակի խնդրանքով ու հոգածությամբ Ռոբերտ Մլքեյանը վերաստեղծում է «Տիրամայր Հայաստան» երգչախումբը: Մաեստրոն սրտի հուզմունքով է խոսում ու պատմում այս երգչախմբի մասին : Նա իր երեխաներն է համարում երգչախմբի աղջիկներին :
Ամենամեծ հաջողությունը 2015 թվականին Հռոմում կայացած ելույթն էր պատարագի ընթացքում, որտեղ պատարագիչն էր Հռոմի պապը : 2016 թվականին , երբ Հռոմի պապը եկել էր Գյումրի , պատարագ մատուցելիս խնդրել էր , որ ինչպես Հռոմում` Գյումրիում ևս «Տիրամայր Հայաստան» երգչախումբը երգի պատարագը: Անմոռանալի ու հրաշալի են անցել այս խմբի հյուրախաղերը եվրոպական երկրներում :
Ռոբերտ Մլքեյանն իր արվեստում վառ ու տարբերվող անհատականություն է ` օժտված մարդկային ազնվագույն հատկանիշներով: Նրա հոգու ջերմությունն ու սրտի բարությունն ակնհայտ դրոշմված են իր իսկ գործերում : Եվ որտեղ հայտնվում է բարձր մտավորականը , այնտեղ ծաղկում է , արթնանում երաժշտության կախարդանքը: Մեծ վարպետությամբ, բարձրագույն չափանիշով ու կատարյալի սահմաններում է արարում Մաեստրոն: Ունենալով հոգու առատաբեր հարստություն, երաժշտա-խոհափիլիսոփայական յուրահատուկ մտածողություն, նա ֆանտաստիկ կերպով ներկայացնում ու յուրաքանչյուրի սրտին հասանելի է դարձնում երաժշտության բարձրարվեստ նմուշները , բացահայտելով` անբացատրելի լաբիրինթը:
Ռոբերտ Մլքեյանի կատարողական արվեստի բարձրագույն ցենզի մեկնաբանությամբ, իմաստուն ղեկավարի աստվածատուր ձիրքի շնորհիվ` երաժշտությունը հնչում է իբրև աղոթք` հասնելով ու անցնելով վերերկրայինը, որտեղ ակամայից թե՛ հայ , թե՛ օտար հանդիսականը մեր օրերից տեղափոխվում է մինչև նախաքրիստոնեական դարաշրջան : Շրջագայելով ու ծանոթանալով հոգևոր ու աշխարհիկ իրադարձություններին՝ նա հայտնվում է անցյալի ու ներկայի վերացական խաչմերուկում ու հասկանում , որ Հայաստան աշխարհն է սկզբնաղբյուրը հոգևորի, քանի որ մենք ունենք հսկայական մշակութային ժառանգություն` սաղմոսներ, շարականներ, տաղեր, գանձեր : Ունենք Մեսրոպ Մաշտոց , Ներսես Շնորհալի , Նարեկացի , ունենք Կոմիտաս Վարդապետ :
Մաեստրոն ոչ միայն փայլուն մասնագետ ու ստեղծագործող է , այլև հայրենիքի համար մտածող մտավորական , մշակութային ժառանգության պահպանող , տարածող ու փոխանցող , հրաշալիի ջատագով , բարձրարժեք հայ ։ Նա հմուտ վարպետությամբ, կատարյալ ողջամտությամբ իր կերտած արվեստը հասցնում է համամարդկային հնչեղության : Անուրանալի է նրա նվիրումն ու ներդրումը երաժշտական մշակութային կյանքում:
Ռոբերտ Մլքեյանը Հանովերում կայացած «EXPO 2000» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանյան օրերի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավարն է եղել: Հատկանշական է Հայաստանի պետական կամերային երգչախմբի բուռն գործունեությունը` իր երեսուն մշակութային զինվորներով , մասնավորապես մասնաճյուղի տնօրեն , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանի անձնուրաց , նվիրական հաղթարշավով երթն արդեն իսկ դուրս է եկել միջազգային ասպարեզ : Երգչախմբի առաքելությունն է՝ նոր շունչ հաղորդելով հանրահռչակել խմբերգային արվեստի բարձրագույն նմուշները որպես ազգային ինքնություն ու համամարդկային արժեք` կապելով մշակութային կամուրջ դեպի աշխարհ :

Համերգներով նրանք հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում , հեղինակավոր դահլիճներում ` Բերգամոյի Դոնիցետիի օպերային թատրոնում , Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում» , Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում , նաև պատմական նշանակության տաճարներում: Աշխարհահռչակ «ECM records» ձայնագրման ստուդիայի կողմից Հայաստանի պետական կամերային երգչախումբը ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի «Ars Poetica» երգչախմբային կոնցերտը, որը թողարկվել է իբրև ձայներիզ և արժանացել համաշխարհային երաժշտական հանրության բարձր գնահատանքին` ստանալով հինգ աստղ: Այն ընդգրկվել է նաև «THE GRAMAPHONE» հեղինակավոր անգլիական կատալոգում:
Կոմիտասի խմբերգերի հոգևոր ու աշխարհիկ ստվար ընտրանին ` նվիրված Վարդապետի ծննդյան 140-ամյակին , ձայնագրված Սաղմոսավանքում` ճանաչվել է լավագույնը: Այս ամենը կրել է ոչ միայն գեղարվեստական, այլև բարձրարժեքային նշանակության միտում՝ ուրույն տեղ ամրագրելով հայկական երաժշտամշակույթին համաշխարհային տիրույթում:
Արվեստագետի ճշգրիտ ստեղծագործական գործունեության շնորհիվ այսօր ունենք երաժշտական մտածողությամբ ու բավականին կիրթ հանդիսատես :
Ռոբերտ Մլքեյանն ԱՐՏԻՍՏ է ի վերուստ: Խարիզմատիկ Մաեստրոն անէրկբայորեն վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը: Դա է վկայում յուրաքանչյուր համերգի ընթացքում և ավարտին չդադարող ծափերը , մարդկանց ջերմագին ընդունելությունը , բռավոները և հադիսատեսի հոսքը դեպի ետնաբեմ` մեկ լուսանկարի , ողջագուրման , շնորհակալության համար :
«Խնդրում եմ Արարչին , որ երբևէ խոչընդոտներ չստեղծվեն մարդկանց համար , որովհետև մարդկությունը առանց այդ էլ տանջված է…Երևի մի օր էլ մենք որպես ազգ կվերականգնվենք»,-ամուր հույս ու համոզմունք է հայտնում Ռոբերտ Մլքեյանը։
Մարիաննա Գևորգյան