
Մարիետա Սարգսյանը ծնվել է 1964 թվականին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Վարդաձոր գյուղում։ Սովորել ու ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը եւ Երեւանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։ Առաջին անգամ տպագրվել է 5 — րդ դասարանում` «Պիոներ կանչ» թերթում, իսկ 6-րդ դասարանում դասարանում մի փոքրիկ պատմվածքով հանդես է եկել «Գրքերի աշխարհ» թերթում։ Այնուհետ շարունակաբար տպագրվել է Մարտունու շրջանի «Թռիչք» թերթի գրական բաժնում։ Ունի 15 համահեղինակային գրքեր, որոնք տպագրվել են ինչպես Կալիֆորնիայի գրողների միության ալմանախում , այնպես էլ՝ տարբեր ալմանախներում։ Հրատարակել է 1 հեղինակային գիրք՝ «Պատրանք և մարմին» վերնագրով , որի խմբագիրն է արդի գրող Շանթ Մկրտչյանը։ Երկրորդ , երրորդ և չորորդ գրքերը հանձնված է խմբագրման հայտնի արդի գրող Վարուժան Խաստուրի մոտ, իսկ հինգերորդ գրքում կզետեղվեն միայն պատմվածքները։
Մարիետա Սարգսյանը տարիներ շարունակ ու համառորեն ստեղծում է ուրույն, անկրկնելի, սիրով ու հույզերով, քնարականությամբ ու քնքշությամբ լի, շողշողուն գրականություն, որն ընթերցողին ձգում է առաջին իսկ տողերից ու տանում դեպի սիրո տիեզերական տարածություններ, անկեղծության, վեհ երազների, մաքառումների, ճշմարտության որոնումների հանգրվաններ։
Նրա բառարվեստի խորքերից ճառագում է սիրո, հավատարմության, նվիրումի, կենսասիրության շողքը, կշռադատված խոհականությունը, արարչագործ կամքը, Բարության ու Ճշմարտության հանդեպ անխորտակ հավատը։ Գեղեցիկի ու Վեհի անվերջ փնտրուքների մեջ Մարիետա Սարգսյանի քնարական հերոսը միշտ կառչած է իր սուրբ երազանքներին ու ձգտումներին, կյանքի վառ գարուններին ու ձմռան խստաշունչ փոթորիկներին, վայելքներին ու կորստյան անհուն ցավին։
Չափածո, թե արձակ, միեւնույն է, նրա գիրը գրավում է ամեն մի տարածություն, որտեղ կարիք կա գեղարվեստական բազմաբովանդակ, զուլալ , զտված ու սպասված ասելիքի։
Խոսրով Խլղաթյան
ՄԻ ՊԱՀԻ՛Ր ՍԵՐԴ
Մի պահիր սերդ, շաղ տուր հոգուս մեջ,
Թող սիրո փայլը հոգուս ընդերքում դառնա ոսկեփայլ սիրո ծաղկուն էջ…
Մի պահիր սերդ, շաղ տուր սրտիս մեջ,
Զարդարիր սիրտս քո սիրո լույսի ցոլքերով անշեջ…
(Ինչպես Երկինքն է կուրծքն իր զարդարում աստղե մանյակով,
Եվ գիշերային խավարը ցրում աստղերի փայլով)…
Մի պահիր սերդ, թող հոսի անկանգ,
Ինչպես որ գարնան առվակն է հոսում,
հոսում անալիք , հոսում է հանդարտ,
Ու կարծես ծաղկի, թփի հետ խոսում…
Նա ծարավ հողին պաղ ջուր է տալիս,
Ու էլ ծարավից ծաղկունք չեն լալիս…
Մի պահիր սերդ, շաղ տուր հոգուս մեջ,
Որ իմ երգերը չմնան կիսատ, գրվեն մինչև վերջ։
ՆԿԱՐԵՑԻ ԵՍ ՄԻ ԵՐԿԻՆՔ
Նկարեցի ես մի երկինք,
Եվ ամպը այն կիսաթխպոտ
Քո մազերի գույնը ուներ…
Եվ արևը ջերմ ժպտացող
Քո տա՜ք սրտի շունչը ուներ…
Նկարեցի գիշեր թախծոտ՝
Պաղ լուսինը քո աչքերի փայլը ուներ…
Եվ ցոլանքը արծաթափայլ`
Սիրուդ ձգող լույսը ուներ…
Ես հասկացա, որ մասն ես դու իմ աշխարհի,
Իմ երկնքի՛, իմ արևի՛ և իմ լուսնի՛,
Որ խռովքդ` փոթորի՛կն է իմ աշխարհի,
Խենթ հայացքդ շանթն է` հուրը իմ երկնքի…
Քո ժպիտը ծիածան է` կամար կապած,
Բազուկներդ, շողն արևի` ինձ փաթաթված,
Դու՛ ես աշխարհն` իմ աշխարհում այս լռակյաց,
Գիրկդ կգամ սիրագորով, թևերդ բա՜ց…
ԻՄ ԼՈՒՍԵ ՄՐՄՈՒՆՋ
Իմ լուսե մրմունջ, սեր իմ հրաբորբ,
Դու իմ կողքին ես, ինձնից անբաժան,
Քո լռությունը քուրա է այրող,
Քո ներկան՝ դեպի տուն կանչող կածան։
Աղոթք է դեմքիդ լույսը ճառագուն,
Ժամերգություն է հանդիպումը մեր,
Կանչում ես դու ինձ, կանչում դեպի տուն,
Ուր ինձ հյուսում ես սիրո երազներ։
Ինձ գրկող լույս ես խավարում վառվող,
Մի չքնաղ աստղ, որը չի մարում,
Ու ինձ կանչում է այդ լույսը իր մոտ,
Եվ ես ճամփորդն եմ հավերժիդ ծիրում։
Գրկիր ինձ, սեր իմ, ինձ քո գիրկը առ,
Տու՛ր երջանկության կայծը դրախտիդ,
Տու՛ր ինձ քո սիրո հուրը մշտավառ,
Ես քոնն եմ հավերժ, գերին արբունքիդ…

ԹԵ ԵՍ ՉԼԻՆԵՄ
Թե ես չլինեմ,
Փնտրի՛ր դու ինձ քո թղթերի մեջ,
Քո՛ մտքերի մեջ դու ինձ փնտրիր,
Երկնքում կապույտ և աստղերի մեջ,
Ամպերի գրկում և արևի մեջ՝ արևի անշեջ…
Թե ես չլինեմ,
Դու ինձ որոնի՛ր քո հուշերի մեջ,
Ծաղկի թերթերի, վարդի փշերի,
Ձյան փաթիլների և երկնից թափվող
Վարար անձրևի կաթիլների մեջ…
Ծիածանի մեջ ժպիտս փնտրիր,
Ձյան հալոցքի մեջ արցունքս գտիր ,
Վարդի թերթերում շուրթերս փնտրիր,
Եվ սրտիդ խորքում իմ սերը գտիր։
Եվ հիշի՛ր հավերժ.
Թե ես չլինեմ, ինձ չմոռանա՛ս,
Կողքիդ կլինեմ հոգով ու մտքով,
Ես միշտ կաղոթեմ, որ դու վեհ մնաս,
Ապրես աշխարհում ջերմ ու տաք սրտով…
Թե ես չլինեմ…
Բայց թե քեզ համար, որպես քաղցր հուշ,
ես միշտ կլինեմ…
ԼՌԵԼ Է ՀՈԳԻՍ
Այսօր տխուր եմ, լռել է հոգիս,
Նման է դարձել ավեր մի հյուղի։
Իմ սրտի աչքից արցունք է գալիս՝
Եղյամի նման այն ծառի ճյուղի։
Մեկն ինձ կորցրել է, կորցրել է հավետ,
Գնացել հեռու՜, գնացել անդարձ։
Մեկն ինձ մոռացել, հեռացել անհետ,
Ու չե՛մ էլ ուզում նրա վերադարձ։
Ես հայտնվել եմ հեղեղների մեջ,
Ջուրն ինձ տանում է պոկված ծառի պես։
Այդ հարահոսին չկա կարծես վերջ,
Ու ես խեղդվու՜մ եմ մարդկանցից անտես…
Այսօր տխուր եմ, լռել է հոգիս…
ԻՄ ԼՈՒՅՍ ԿՅԱՆՔԻ ԱՐԵԳԱԿԸ
Իմ լույս կյանքի արեգակը Մայրամուտվել է ուզում,
Եվ իմ ապրած տարիներից հրաժեշտ է աղերսում…
Փայլփլում է շողերով տաք, սրտիս տալիս ջերմություն,
Եվ տանում է իր ցոլքերով դեպի երազը անհուն։
Ես հոգնել եմ և չեմ ուզում Գարուն բացվի իմ սրտում,
Ճերմակ ձյուն է ու սառույց է տիրում հոգուս կապույտում։
Սովորել եմ ես իմ ներսի հավերժական սուրբ ձյունին,
Սրտիս երգը, Մասիսի պես, դեռ անհաս է ամենքին…
Իմ լույս կյանքի արեգակը Մայրամուտվել է ուզում,
Եվ իմ ապրած տարիներից հրաժեշտ է աղերսում,
Այն փայլում է շողերով տաք, Սրտիս տալիս ջերմություն,
Եվ հուշերիս պարտեզներում ճերմակ թախիծ է լցնում…
ՈՐՈՆՈՒՄ
Որոնեցի իմ ողջ կյանքում,
Որոնեցի քանի՜ տարի
Մի առկայծուն հույս իմ սրտում՝
Կանչելով քեզ ` արի՜֊արի՜,
Ու մտքովս ինչպե՞ս չանցավ,
Որ փնտրածս բնավ չկա,
Սպասելով օրս անցավ,
Չգտնելով ապրեցի ցավ.
Ո՞նց չիմացա, որ երազ էր՝
Իրականում երբեք չկաս,
Որ երազ էր դա ինձ նման`
Խենթ ու խելառ մի աղջկա…
Տարվել եմ ես կյանքի հուրքով
Ու չեմ զգում իմ տարիքը,
Ապրում եմ ես երազ կյանքով`
Չտեսնելով իմ գալիքը…
Չեմ էլ տեսնում ես վախճանը `
Իմ հուրհրան ոսկեդարի,
Կամ՝ թառամող ալ վարդերը
Անցած կյանքիս ճանապարհի…
Ու… ես՝ գիժս, նոր հասկացա,
Որ նման եմ խենթ աղջկա,
Որ երազն է իր հորինում՝
Իմանալով, որ նա չկա…
ՔՈ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԶՈՒՄ ԻՄ ՀՈԳԻՆ
Աշունը անցավ,եկավ ցուրտ ձմեռ,
Եվ մերկ դաշտերը ձյունով պատեցին,
Ձյուն է միշտ մաղում, արև չկա դեռ,
Քո ջերմությունն է ուզում իմ հոգին…
Ամպատարած է երկինքը լազուր,
Ո՞ւր ես դու չկաս, ու՞ր ես իմ անգի՛ն,
Ցուրտ է, ձմեռ է, ձյուն է ամենուր,
Քո ջերմությունն է ուզում իմ հոգին…
Ծաղիկները հեզ խոր քուն են մտել,
Տերևներն անխոս ընկան, թափվեցին,
Իմ տխուր սիրտը տաք տեղ չի գտել,
Քո ջերմությունն է ուզում իմ հոգին…
ԻՄ ԿՈՐԱԾ ԱՍՏՂԸ
Ինչ — որ մի քամի՝ անհո՜ւյս մոլորվա՜ծ,
իմ պատուհանի փեղկերն է թակում։
Ինչ- որ մի անձրև իմ լուսամուտին
խուսափո՜ւկ, անձև լաց է նկարում…
Լացի արահետն ինձ վեր է տանում՝
դեպի հրաշքի իմ մոլորակը…
Իմ երազների հրթիռները սեգ
թռչում են վերև՝ այդ մոլորակը գտնելու համար…
Այն մոլորակը,
Ուր երջանկության աստղս է փայլում,
Իսկ կարոտնե՜րս…
Իսկ կարոտներս աշնան ա՛յս ցրտին, պատուհանիս տակ,
Անհագ կարոտով դեռ սպասում են ի՛մ երազների հրթիռներին սեգ,
որ պիտի գնան՝ այդ մոլորակը գտնելու համար։
Գտնելո՛ւ համար
իմ երջանկության այն կորած աստղը ,
Այն միա’կ աստղը, որ մոլորվել է Ծիրկաթինների մշուշների մեջ…
ԻՆՉՊԵՍ ՁՅԱՆ ՓԱԹԻԼԸ
Կուզեմ դառնալ փաթիլ ձյունի`
Օրորվելով մե՜ղմ ու դանդաղ,
Պաղ երկնքից իջնեմ ես վար,
Որ քեզ փարվեմ կարոտաբար։
Ու ինձ նայես պատուհանից,
Ձեռքդ մեկնես դու բաց փեղկից…
Քո ափի մեջ հանդա՜րտ իջնեմ,
Մե՜ղմ նազանքով ափդ շոյեմ…
Չդիմանամ ջերմությանդ`
Քո ափի մեջ հալվեմ, մնամ,
Եվ քո այրող ջերմությունից
Հենց ափիդ մեջ գոլորշանամ ։
Ու չերևամ , ինձ չտեսնես,
Անէանամ ու վերանամ,
Աչքերիդ մեջ ես հուշ դառնամ,
Մտքերիդ մեջ ` անմեռ մնամ։
Դու նկարես փաթիլն այդ ձյան
Կտավի մեջ քո մոգական,
Այն փաթիլը , որ ես էի,
Ձյան կերպարով ` հալվո՜ղ, անձայն…
ՏԽՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Այսօր շա՜տ տխուր եմ…
Տխրությունը կարծես եկել ու նստել է սրտիս մի անկյունում՝ սրտիս «այգու» մեջ…
Ես վատ եմ, բայց չեմ փորձում վռնդել նրան։ Ընդունում եմ՝ ինչպես արևն է ընդունում ամպին, որովհետև գիտեմ՝ նա եկել է ոչ թե ավերելու սրտիս այգին, այլ հիշեցնելու, որ աճը երբեմն միայն ցավի միջով է լինում։
Այսօր հասկացա, որ տխրությունն ունի աչքեր, որոնք տեսնում են անտեսանելին, ունի ականջներ, որոնք լսում են լռության ձայնը, և ունի խոհեր, որոնք պահում է լռության խորքում…
Նա՝ իմ տխրությունը, մերկացնում է հոգուս այգու ծառերը, թափում նրանց հին տերևները և րոպե առ րոպե իր լռությամբ լցնում արմատների խորքը։
Ես երևի չէի հասկանա լույսի համը, եթե չզգայի մթության դառնությունը։
Չէի գնահատի խոսքը, եթե տխրությունը ինձ չստիպեր լռել։
Տխրությունը սրտիս խորքում մի ամբողջ բանաստեղծությունների շարան է հյուսում, որոնք պիտի ծնվեն ու ապրեն հավերժության մեջ…
Երբ նրանք ծնունդ առնեն, ոչ մի աշուն չի կարող թառամեցնել նրանց, և ոչ մի ձմեռ՝ ձյունով ծածկել։
Մի օր ինձ կլքի տխրությունը, և երբ հեռանա, հոգիս նորից կպայծառանա, բայց ներսում մի փոքր դատարկություն կմնա… ինչպես այն սենյակում, որտեղ երկար ժամանակ հյուր ես պահել հարազատ մեկին, ու նրա գնալուց հետո օդում դեռ մնում է լռության հոտը…
Հիմա ես գիտեմ՝ տխրությունը թշնամի չէ։
Նա խորհրդավոր ուսուցիչ է, որ սովորեցնում է ինձ, թե ապրել նշանակում է համարձակություն ունենալ ներս ընդունելու և՛ արևը, և՛ անձրևի ամեն մի կաթիլը։
Տխրությո՛ւն, շնորհակալ եմ քեզ…
Դու սովորեցրիր ինձ գնահատել երջանկության գինը։
ԳԱՐՈՒՆԸ, ՈՐԸ ՉԵԿԱՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ
Ձմեռն այդ տարի համառ էր։
Նա նստել էր լեռների ուսերին՝ ինչպես ծեր թագավոր, որ հրաժարվում է գահը հանձնել։ Սպիտակ թագը խստորեն սեղմել էր իր ճակատին, իսկ շունչը՝ սառն ու ծանր, կախվել էր հովիտների վրա։
-Ես դեռ չեմ ավարտել,-մրմնջում էր նա, -դեռ լռություն կա աշխարհում, դեռ մարդիկ չեն սովորել սպասել։
Բայց հեռվում, շատ հեռվում, մի անտեսանելի շունչ էր շարժվում։
Գարունը չէր գալիս աղմուկով։ Նա միշտ գալիս էր այնպես, կարծես ոչ ոք իրեն չէր սպասում։
Նա առաջինը խոսեց հողի հետ։
-Հոգնե՞լ ես, -շշնջաց նա։
Հողը լռեց մի պահ, հետո՝ խորքից արձագանքեց.
-Ես քնած չեմ, ես սպասում եմ։
Գարունը ժպտաց՝ այնպիսի ժպիտով, որ նույնիսկ քարերը ժպտացին։
Բայց Ձմեռը զգաց այդ շարժումը։
Նրա աչքերը սրվեցին։
-Ո՞վ է համարձակվում առանց իմ թույլտվության շնչել այս աշխարհում,- բարկացավ նա։
-Ես չեմ գալիս քո դեմ, -մեղմ ասաց Գարունը, -ես գալիս եմ նրա համար, ով արդեն պատրաստ է արթնանալ։
-Դու շտապում ես, -խիստ ասաց Ձմեռը,-մարդիկ դեռ չեն սառել այնքան, որ գնահատեն ջերմությունը։
-Իսկ դու երկար ես մնացել,- պատասխանեց Գարունը,-այնքան, որ մոռացել ես՝ սառույցը նույնպես մի օր հալվում է։
Եվ սկսվեց նրանց լուռ պայքարը։
Ձմեռը ուժեղացրեց իր սառնությունը, ձյունը նորից թափվեց՝ ծանր ու խիտ,
ձյունախառ փոթորիկը սուլեց՝ կարծես ուզում էր փակել ամեն մի ճեղք, որտեղից կարող էր կյանք անցնել։
Բայց Գարունը չկռվեց ուժով։
Նա դանդաղ իջավ ու փարվեց հողին, ապա դանդաղ մտավ հողի սառը շերտի տակ։
Այնտեղ, մութ ու խոնավ լռության մեջ, մի փոքրիկ սիրտ էր բաբախում` ձնծաղիկը։Գարունը իր ջերմ ձեռքով շոյեց ձնծաղիկի փոքրիկ ու քնքուշ գլուխը .
-Վախենո՞ւմ ես,- հարցրեց Գարունը։
-Ո՛չ, ֊ պատասխանեց նա, բայց մութ է…
-Մութը վերջ չէ,- շշնջաց Գարունը,-մութը այն տեղն է, որտեղ լույսը պատրաստվում է ծնվել։
Վերևում Ձմեռը ավելի կատաղեց։
-Ես դեռ այստեղ եմ,- գոռաց նա,- և ոչինչ չի աճի իմ ներկայությամբ։
Բայց այդ պահին…հեռվում, շատ հեռվում, ինչ-որ բան փոխվեց։
Արևը բացեց աչքերը։
Նա երկար էր լռել՝ հարգելով Ձմռան ժամանակը։
Բայց հիմա լռությունը այլևս արդարացում չէր։
-Բավակա՛ն է,- ասաց նա հանգիստ, բայց անառարկելի ձայնով։
Նրա առաջին շողը հպվեց լեռներին։
Երկրորդը՝ հովիտներին։
Երրորդը՝ հողին։
Եվ հողը շնչեց։
Այդ շունչը այնքան խորն էր, որ նույնիսկ Ձմեռը զգաց այն։
-Սա դավաճանություն է,- մրմնջաց նա՝ նահանջելով մի քայլ։
-Սա կյանք է,-պատասխանեց Արևը։
Եվ հենց այդ պահին հողի սրտից ճեղքվեց լռությունը։
Փոքրիկ, սպիտակ, բայց անսահման համարձակ մի ծաղիկ բացեց իր աչքերը։
Ձնծաղիկը։
Նա չնայեց Ձմռանը։
Նա նայեց լույսին։
Ձմեռը լռեց։
Նա հասկացավ, որ պարտվել է ոչ թե ուժին, այլ՝ համբերությանը, ոչ թե աղմուկին, այլ՝ անտեսանելի ծնունդին։
Նա հանեց իր սպիտակ թագը, դրեց լեռների վրա ու շշնջաց.
-Ես կվերադառնամ… բայց հիմա՝ քո ժամանակն է։
Գարունը չպատասխանեց։
Նա պարզապես քայլեց առաջ՝ հողի, ջրի, մարդկանց սրտերի միջով։
Եվ ամենուր, որտեղ նա անցնում էր, մարդիկ հանկարծ հիշում էին մի բան, որ վաղուց էին մոռացել՝ ինչպես է զգացվում ապրելը։
Իսկ Ձնծաղիկը, փոքրիկ ու լուռ,
կանգնած էր աշխարհի եզրին՝ որպես ապացույց, որ նույնիսկ ամենաերկար ձմեռից հետո
բավարար է մեկ շող, մեկ շունչ, մեկ հավատ՝ որ կյանքը նորից սկսվի…
Մարիետա Սարգսյան