Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծովասար գյուղում շուքով նշվեց վաստակաշատ մանկավարժ Ժորա Ստեփանյանի ծննդյան 90  և  աշխատանքային գործունեության 70-րդ տարեդարձերը

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինության կազմակերպչական ջանքերով հանդիսավորությամբ նշվեց վաստակաշատ ու հանրաճանաչ մանկավարժ, բազմազավակ հայր Ժորա Ստեփանյանի ծննդյան 90 և մանկավարժական գործունեության 70-րդ տարեդարձերը։

Ժորա Ստեփանյանի մեծարման ցերեկույթին  ներկա էին նախկին աշակերտները, ովքեր արդեն վաղուց անվանի ուսուցիչներ են, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, բժիշկներ, դոցենտներ։ Ցերեկույթին իրենց մասնակցությունն էին բերել նաև  դպրոցի մանկավարժական կազմը, հարազատները և ընկերները։

Ելույթ ունեցողները նշեցին իրենց սիրելի ուսուցչի 90 տարիների կյանքի հարուստ փորձի, ձեռքբերումների, հայրենիքին ու շրջապատին մատուցած անուրանալի ծառայությունների մասին։

Ցերեկույթի մեկնարկում ներկայացվեց Ժորա Ստեփանյանի հոր՝ Մամիկոն Խլղաթյանի բազմաշունչ ու բազմավաստակ գերդատանը, որի անդամները հայոց հայրենիքը շենացրել ու կառուցել են կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում՝ մանկավարժության,առողջապահության, արտադրության, գիտության, գյուղատնտեսության ու այլ բնագավառներում։

«Ժորայի հայրը հողագործ Մամիկոն  Ստեփանի Խլղաթյանն էր, մայրը՝ «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած  Վերջուշ Մուկուչի Ստեփանյանը։

Նրանք 1934 թվականին ամուսնացել են, կազմել հայկական ավանդական ամուր ընտանիք։ Ունեցել են 11 զավակ՝ 6 դուստր, 5 որդի։ Քույրերը և եղբայրները միմյանց հետ կապված են հայկական ավանդական ընտանիքին հարիր ազգային արժեքներով։ Սերը, միաբանությունը, մեծի և փոքրի գիտակցումը, միմյանց սատար կանգնելու պատրաստակամությունը, իրարով ապրելու կարողությունը՝ ահա այն արժեքները, որոնցով դաստիարակվել են նրանք։ Բոլորն էլ ամուսնացել են, կազմել գեղեցիկ, ամուր և կայուն ընտանիքներ, և Մամիկոնի գերդաստանն այսօր ունի 250 թոռ և ծոռ։

Սա մի հարստություն է մեր հայրենի աշխարհի համար, որն անկշռելի գանձ է, մի անպարտելի ու հավերժական զորաբանակ, որի երթն անկանգ շարունակվելու է նաեւ հետագա դարերի ընթացքում, շարունակվելու է այնքան, որքան որ կշարունակվի հայ ժողովրդի հարատև երթը։ Մամիկոն Խլղաթյանի որդիներից վաստակաշատ գյուղատնտես Արշավիր Ստեփանյանն ու իր կին Աղունն  ունեցել են 10 զավակ՝ բոլորն էլ  բարձրագույն կրթություն ստացած։ Ժորա Ստեփանյանն էլ ունեցել է 7 զավակ, որոնցից 4-ը ստացել են բարձրագույն կրթություն»,-նշեց Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Վարդանյանը։

«Թե՛ հողագործ ու շինական Մամիկոնի և թե՛ Վերգուշ մայրիկի համար առաջնային  էր զավակների կրթությունն ապահովելը, հիմա դժվար է պատկերացնել , թե այն ժամանակ ինչպիսի ճոխություն էր հետպատերազմյան դժվար տարիներին և սուղ հնարավորություններով ապահովել երեխայի կրթությունը, երբ միակ փոխադրամիջոցը մարդու ոտքերն էին։  Այդ տարիներին  մեր լեռնային գյուղում գործում էր յոթնամյա դպրոց, որտեղ էլ Ժորա Ստեփանյանը ստացել է նախնական կրթությունը։ Այնուհետ նա  ուսումը շարունակում է Նոր Բայազետի մանկավարժական ուսումնարանում՝ ստանալով տարրական դպրոցի ուսուցչի որակավորում։  Ականատեսները պատմում են, որ մայրը տարիներ շարունակ ոտքով, ուտելիքի պարկը շալակին, ուղևորվել է ուսանող որդու մոտ՝ հաց տանելու։ 1957 թվականին, աշխատանքին զուգընթաց,  Ժորա Ստեփանյանն ընդունվել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և 1963 թվականիին բարձր առաջադիմությամբ ավարտել հիշյալ ինսիտուտի լրիվ դասընթացը։ Շուրջ 70 տարի նա  դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա հարազատ գյուղի  միջնակարգ դպրոցում։ Իր սաներից շատերը հաղթող են ճանաչվել մաթեմատիկայի օլիմպիադաներում, շատերը այժմ  մաթեմատիկայի և ֆիզիկայի ճանաչված ուսուցիչներ  են, բուհերի առաջատար դասախոսներ, գիտությունների թեկանծուներ, դոցենտներ, հանարպետության առաջնակարգ մասնագետներ։  Փորձենք թվարկել այդ աստղաբույլից մի քանիսին․  Բեքսիմ Արսենյան, Հենրիկ Միքայելյան,    Կորյուն Առաքելյան, Օնիկ Միքայելյան, Լավրենտ Արզումանյան, Վաղինակ Գևորգյան, Թադևոս Թադևոսյան, Հուսիկ Գևորգյան, Նվեր Գրիգորյան, Նաիրի Վարդանյան, Արշավիր Արշակյան, Ստեփան Հայրապետյան, Կառլեն Աղեկյան , Մանվել Պապիկյան, Նվեր Սաֆարյան, Գոհար Ստեփանյան, Գևորգ Ոսկանյան, Կոմիտաս Ստեփանյան, Հայկ Ավետիսյան,Վարդան Ստեփանյան, Հասմիկ Ստեփանյան, Ծովինար Ստեփանյան, Շուշան Ստեփանյան և շատ շատերը․․․  Այս պահին այստեղ ներկա է հարազատ եղբայրը՝ Զավեն Խլղաթյանը, ով ճանաչված գիտնական է, գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ»,-ներկայացրին հաղորադավարներ Ստելլա Կակոյանը և Լուսինե Նազարյանը։

«Ժորա Ստեփանյանի մոտ ներդաշնակ են բնատուր պարգևները՝ տաղանդը, աշխատասիրությունը, ինքնակրթվելու ձգտումը, համակ նվիրվածությունը աճող սերդին կրթելու և դաստիարակելու աստվածահաճո սուրբ գործում։

Այդ ամենով նա դարձավ մեր ժամանակի վառ անհատականություններից մեկը՝ իր բարոյական բարձր նկարագրով, բնատուր շնորհներով ու արդարամտությամբ։ Նրա մտահորիզոնը շատ ավելի լայն շրջանակ ունի, քան իր մասնագիտությունն է, քանի որ նրա հետ ժամերով կարելիէ  զրուցել գրականությունից, արվեստից, աշխարհագրությունից, պատմությունից, փիլիսոփայությունից․․․Ու իր անսահման գիտելիքները նա միշտ սիրով փոխանցել է իր աշակերտներին։ Որպես մեծ ուսուցիչ՝ նա երանության ու հիացմունքի աննկարագրելի զգացում է ապրում՝ տեսնելով իր նախկին սաների հաջողությունները»,-երախտագիտական խոսք հնչեցրեց Ժորա Ստեփանյանի աշակերտ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր   Կորյուն Առաքելյանը։

Ցերեկույթի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ օրվա հերոսը՝ 90 տարին փառքով բոլորած Ժորա Ստեփանյանը․

«Ես հպարտ եմ առաջին հերթին իմ ընտանիքով ու գերդաստանով, երկրորդ հերթին՝ իմ բոլոր այն աշակերտներով, ովքեր այսօր կյանքի ամենատարբեր ոլորտներում զբաղված են հայրենիքի կառուցմամբ ու շենացմամբ։ Ամբողջ կյանքում ձգտել եմ թե՛ զավակներիս, թե՛ աշակերտներիս մեջ սեր սերմանել աշխատանքի ու հայրենիքի հանդեպ, ու ինձ դա գերազանցապես հաջողվել է։ Առավել հպարտ եմ այն աշակերտներով, ովքեր ոչ միայն լավ են յուրացրել մաթեմատիկան ու ֆիզիկան, այլ նաև այսօր դասավանդում են դպրոցներում ու բուհերում։ Ես, իրավամբ, գոհ ու երջանիկ եմ իմ վաստակով, բայց դեռ եռանդի մեջ եմ ու քանի դեռ ուժերս կբավարարեն, կշարունակեմ գիտելիքների փոխանցումը մատաղ սերնդին։

Կյանքում ձգտել եմ ամեն դասարան  մտնելիս մատաղ սերնդի մոտ սեր արթնացնել դեպի մաթեմատիկան, քանի որ առանց մաթեմատիկայի չի կարող լինել ո՛չ բժշկություն, ո՛չ շինարարություն, ո՛չ արտադրություն, ո՛չ էլ բազմաթիվ այլ բնագավառներ։ Հորս և սիրելի ուսուցիչներիս եմ պարտական իմ մաթեմատիկական  ընդունակությունների համար։ Բոլոր առումներով ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, թեև իմ տարիքին ու ձեռքբերումներին հասել եմ շատ դժվարությունների, մաքառումների, մեծ ջանքերի գնով»,-ասաց Ժորա Ստեփանյանը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ժորա Ստեփանյանն  արժանացել է «Աշխատանքային արիության համար», «Լավագույն աշխատանքի համար» , «ՍՍՀՄ ժողովրդական կրթության գերազանցիկ» մեդալների։ 1989 թվականին նրան  շնորհվել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչումը։ 1996 թվականին ստացել  է «Մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի» տարակարգ։

Ցերեկույթը գեղարվեստական կատարումներով զարդարեցին   Ծովասարի Մշակույթի կենտրոնի «Ալաշկերտ» պարային համույթի անդամները։

Խոսրով  Խլղաթյան

23 դիտում