Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Նորաբակի պատմամշակութային ու պատմահնագիտական նորահայտ արժեքները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ սահմանամերձ գյուղը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում 2011-2013 թվականններին  ՀՀ ԳԱԱ  հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից այստեղ իրականացված հնագիտական պեղումները Գերմանիայի Հալեի ու Թյուբինգենի համալսարանների հետ համագործակցությամբ: Գիտական արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր  Արսեն Բոբոխյանի վկայությամբ՝   Պեղումներ են իրականացվել  Նորաբակ գյուղին կից գտնվող ամրոց-բնակավայրի «Նորաբակ 1» հնավայրում: Բնակավայրը տեղակայված է Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհին: Պեղումների արդյունքում գտնված նյութերը պարզել են, որ հուշարձանի տարածքը բնակացված է եղել դեռեւս վաղ բրոնզի դարաշրջանում (Ք.ա. 35-25 -րդ դարերում, իսկ պաշտպանական համակարգը գործել է վաղ եւ միջին երկաթի դարաշրջանում (Ք.ա. 12-7-րդ դարերում):

Պատմական այլ աղյուրները տեղեկացնում են, որ Նորաբակը Քրիստոսից առաջ յոթերորդ դարից ընդգրկված է եղել Մեծ Հայքի թագավորության մեջ, Սյունյաց նահանգի Սոդաց գավառի  կազմում։ 13-րդ դարից տարածքն անցել է Դոփյան իշխանական տան տիրապետության ներքո։ Հետո տարածքը մտել է Սեֆյան Իրանի, այնուհետ՝ Ռուսաստանի կազմում։ 1918 թվականի մայիսից գտնվում է Հայաստանի Հանրապետության կազմում։

Այս գյուղը գտնվում է Արցախ տանող ճանապարհներից մեկի հանգույցում, ուստի և շատ հաճախ է ենթարկվել նվաճողների ասպատակություններին, դարձել ռազմական բախումների վայր։ Ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ սարսափներ ու կորուստներ է կրել հայ բնակչությունը այդ արշավանքների արդյունքում։ Այս գյուղը  նաեւ հսկող դիրք ունի իրենից դեպի հյուսիս տարածվող Մասրիկի լայնածավալ հարթավայրի վրա։

Նորաբակում վերջերս գետնատարած վիճակից բարձրացված ու կանգնեցված խաչքարի արձանագրությունը հավաստում  է, որ այստեղ հայ բնակչությունն ապրել է մինչեւ 17-րդ դարի վերջերը, գուցե նաեւ 18-րդ դարի սկիզբը, որից հետո արդեն գյուղը վերաբնակեցվել է մահմեդական ցեղերով։ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցն իր «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» կոթողային ու հանրագիտարանային աշխատության մեջ այս գյուղի անունը նշում է Ղարաղոյին տարբերակով, որպես արդեն թուրքաբնակ, «Որո վերեւի բլրակի վերա կան գերեզմաններ եւ խաչքարեր, որոց միույն վերա արեւելյան երեսից գրված էր․ «Շնորհիվն Աստուծո ես տեր Մովսես բեկ եւ աղա գյուղիս միաբան կանգնեցի սուրբ խաչս բարեխոս Տեր Սահակին, հորն յուրո Միր Հավրային, թոռն Իսրայելին, հիշեցեք ի Քրիստոս»։ Սույն խաչքարի արեւմտյան երեսին գրված է․ «Սուրբ խաչս բարեխոս Սահակ կազմողին, թվին ՌՃԽԷ/   1698/

Տապանաքարերի միույն վերա գրված է․ «Այս է հանգիստ Խուդանի  որդի պարոն Իվանին, թվ․ ՌՃԻԷ/1678/։

Եկեղեցվո միայն մի որմն և երկու սյունքն երեւին»,-վկայում է Մեսրոպ Սմբատյանցը։

Հարկ է նշել, որ Մեսրոպ Սմբատյանցն այս վայրեր այցելել է 1863 թվականին, երբ դեռ կանգուն են մնացել գերեզմանատանը մոտ գտնվող եկեղեցու մի պատն ու սյունը։ Իսկ ահա հետագա ժամանակներում այլալեզու ու այլադավան ցեղերը վերացրել են թե՛ Իվանի տապանաքարն ու բազմաթիվ այլ Խաչքար-տապանաքարեր,  թե եկեղեցու պատն ու սյունը։

Գյուղի անունը եւ խաչքարի արձանագրությունը նույնությամբ հիշատակում է ականավոր մյուս հնագետը՝ Երվանդ Լալայանը, ով 1910-ական թվականներին այս տարածքի բնակավայրեր  է  այցելել՝ պատմագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

Նորաբակի անունը Մեծ Ղարաղոյունլի տարբերակով նշում է նաեւ  անվանի հայագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը՝ իր «Հայ միջնադարյան ճարտարապետներ եւ քարգործ վարպետներ» աշխատություններից մեկում անդրադառնալով Օհանէս կազմողի գործունեությանը։

 

«Այս վարպետի շինած միակ հայտնի խաչքարը գտնվում է Բասարգեչարի շրջանի Մեծ Ղարաղոյինլի գյուղում։ Այն կանգնած է գյուղամիջի բլրի գագաթին, որտեղ հնում եղել է գերեզմանատուն։ Խաչքարն իր դարաշրջանի լավագույն նմուշներից է, գեղեցիկ քանդակներով զարդարված է ոչ միայն արեւմտյան, այլ նաեւ արեւմտյան երեսը, որի կենտրոնում պատկերված է մեծ խաչ, իսկ շուրջն ընդարձակ արձանագրություն է փորագրված։ Խաչքարը կանգնեցրել են իրենց հոր՝ Տեր Սահակի և մոր հիշատակին նրանց չորս զավակները, 1698 թվականին։ Այս խաչքարի արձանագրություններն առաջին անգամ հրատարակել է Սմբատյանցը, խիստ աղճատված ձեւով, ուր եւ Օհանէսի փոխարեն կազմող է դարձել խաչքարի տերը՝ Սահակը։ Այս նույն աղճատումներով այն մտել է նաեւ Երվանդ Լալայանի աշխատության մեջ»,-գրում է Բարխուդարյանը։

Ապա նա հստակ ուղղություն է մտցնում արձանագրության տեքստում, որն ասում է․ «Շնորհիվն Աստուծոյ ես Թամրազս, Տեր Մովսես, Ալայպէկս, Ղարագուզս միապան կանկնեցինք խաչս բարեխոս Տեր Սահակին՝ հօրս մերո եւ մար մեր Հմաին, թոռ Նիւրայելին․ յիշեցեք ի Քրիստոս»։

Իսկ այս խաչքարի ճակատային մասի ամենավերին քիվում ուռուցիկ ու ընդգծված տառերով գրված է․ «Սուրբ Խաչս բարեխոս Տեր Սահակին․ Օհանէս կազմող»։

Այս խաչքարը շատ չարչրկված, բայց հայտնության նման պատմություն ունի, քանի որ երկար ժամանակ գտնվել է գետնատարած ու հողածածկ վիճակում, անգամ այն ժամանակ, երբ հրաշքով վերահայացած Նորաբակում հաստատվել են Ադրբեջանից 1988 թվականին բռնի տեղահանված հայ ընտանիքները։

Նրա հետքերով տողերիս հեղինակին տարավ պատմաբան, խաչքարարվեստի ուսումնասիրության մեջ խորացած Սեւակ Արեւշատյանը։

Այս խաչքարը գտնվում է Նորաբակ մտնող գլխավոր ճանապարհի մուտքից դեպի արեւմուտք, մի քանի տասնյակ մետր հեռվում գտնվող բլրի վրա։

Մինչ խաչքարին հասնելը Սեւակ Արեւշատյանի ուշադրությունը գրավեց քարե անշաղախ ցանկապատի մեջ դրված թամբած ձիու քարե քանդակը։ Նրանից քիչ հեռվում էլ , ճահճոտ տարածքում, հոսող առվի մեջ, նկատեցինք պատկերազարդ տապանաքար, որը, հավանաբար, այստեղ հայտնվել է այլադավանների կողմից տարածքը քանդելու, տակնուվրա անելու ու այլ նպատակներով օգտագործելու արդյունքում։

Պարզապես ցնցող տպավորություն թողեց Օհանէսի կերտած խաչքարը։ Խաչքարի ճակատային մասում , երկու փոքր խաչերի արանքում Հիսուսի պատկերն է։ Դրանցից ցած մեծ խաչի պատկերն է, որի ձախակողմյան հատվածում արդեն Մարիամ Աստվածածինն է՝ Մանուկ  Հիսուսին գրկած։ Ամենաներքեւում մարդկային երեք պատկերներ են, որոնք հավանաբար այդ ընտանիքի անդամներն են։ Խաչքար արեւելյան կողմում, թիկունքային մասում արդեն մի խաչ է քանդակված, որի շուրջ էլ տարածվում է վերը հիշատակված արձանագրությունը։

-Այս խաչքարը հողի երեսից բարձրացվել ու կանգնեցվել է միայն 2020 թվականին։ Պատահաբար է հողի շերտի տակ նկատվել քարի վրայի խաչն ու գիրը։ Մի քանի տարի առաջ, դարձյալ պատահական դիպվածով, այս տարածքում հողի տակից դուրս են բերվել մի քանի հիասքանչ խաչքարեր, իսկ մի խաչքար էլ ի հայտ եկավ դպրոցի շենքի դիմաց, ճանապարհի եզրին, որն այժմ էլի կանգնեցված վիճակում է։ Ես կարծում եմ, որ գյուղի մեջ ու նրա վարչական տարածքում դեռ շատ ավելի խաչքարեր ու տապանաքարեր կգտնվեն, որոնք երկար  տարիների ընթաքում ավերել կամ թաղել ու թաքցրել են մեր ժողովրդին ու նրա պատմամշակութային արժեքներին  թշնամացած ցեղերը,-նշեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը։

Հնավայրի տարածքում  տեսանք ցանկապատ ծառայող մի տապանաքար, որի լուսանկարն  սումնասիրելու ժամանակ նկատեցինք վիմագիր արձանագրություն, որի վերծանման համար հարկ կլինի վիմագրագետների օգնությունը։

Վազգեն Ասադուրյանը մեզ ուղեկցում է դեպի շրջակայքի ավերակներ՝ ցույց տալով  մի քանի հրաշաքանդակ խաչքարեր, որոնք հողի տակից դուրս են բերվել ու ուղղակիորեն հենվել ավերակված պատերին։ Խաչքարերից մեկի բարձրություը կազմում է շուրջ   3,5 մետր։

Խաչքարերից մեկի կողքին ընկած է քարե սյան խարիսխ, որը միանգամայն հուշում է մոտակայքում մի հոգեւոր ճարտարապետական կառույցի գոյության մասին։

-Դպրոցի շենքի դիմաց, գյուղ մտնող մուտքի մոտ ի հայտ եկած խաչքարը պատրաստվել է 9-րդ դարում։ Մեր տեսած երկու խաչքարերը կերտվել են 13-րդ դարում, իսկ մյուս խաչքարը՝ 11-12-րդ դարերում։ Արձանագիր խաչքարն էլ կերտվել է 1698 թվականին։ Այս ամենը փաստում են, որ 9-17-րդ դարերում այս հողի վրա ապրել ու արարել է բացառապես հայ ժողովուրդը,-հավաստեց Սեւակ Արեւշատյանը։

Ապա Վազգեն Ասատուրյանը մեզ ուղեկցկեց բլրի հյուսիսային կողմ՝ ցույց տալով մի այլ զարմանահրաշ քանդակ։ Այն մարդկային դեմք ու  գլուխ է ընդամենը, որը հիշեցնում է կռքի արձան ու հեթանոսական մշակույթի տարր։ Կարծում եմ, որ այստեղ իրենց հեղինակավոր խոսքը կարող են ասել մասնագետները։

-Այս քանդակն էլ եղել է շուռ տված վիճակում, այնպես, որ երեւացող կողմից սովորական քարի տպավորություն թողնի։ Մի պատահական դիպվածով էլ այդ քարն են շուռ տվել ու տեսել, որ այն գրավիչ քանդակ է։ Այս ողջ տարածքում, կարծում եմ, դեռ շատ խորհրդավոր արժեքներ կան հողին տակ թաղված, որոնք կարող են  ի հայտ գալ հնագիտական  լուրջ ոսումնասիրությունների ու պեղումների արդյունում,-հավաստեց Նորաբակի վարչական ղեկավարը։

Մեսրոպ Սմբատյանցի նկարագրած գերեզմանոցից ժամանակի ընթացքում  այստեղ հաստատված մահմեդական բնակիչները գրեթե հետք չեն թողել՝ ամբողջ բլուրն ու շրջակայքը վերածելով բնակելի տարածքների՝ տների ու տնամերձ հողամասերի։ Մի տան կիսաքանդ պատի ստորին հատվածում նկատվեց բոլորովին այլ ոճի պատաշար՝ արդեն սրբատաշ քարերով, որը սովորական աչքով էլ տարբերվում էր նոր ժամանակների շարվածքից։ Դա էլ գուցե կարող է լինել հայկական եկեղեցու հետքի վկայությունը, ինչպես որ քիչ հեռվում ընկած քարե սյան խարիսխն էր։

Ժամանակավորապես ավարառու ազգերից գերված, վնասված կամ թաղված հայկական պատմամշակութային արժեքները ոչ միայն պետք է խնամվեն ու պահպանվեն աչքի լույսի պես, այլ նաեւ պետք է ստանան պետական գրանցում, հանրահռչակվեն ու ավելացնեն համայն հայության հոգեւոր գանձերի ու մասունքների անհաշվելի կշիռները։

Խոսրով   Խլղաթյան

 

0 դիտում