Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՆՈՐԱՏՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ


Մեր հոյակապ, հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով եւ ճգնությամբ գիշերն անքուն
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունռուշտ,
Փլուզումը հայրենիքի եւ ոսոխի սուրը անկուշտ։
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ Աստծո դատաստանի․․․
Ավետիք Իսահակյան

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր պատմաճարտարապետական, պատմական ու պատմամշակութային բացառիկ տեղն ունի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաեւ բովանդակ Հայաստանի հուշարձանների շարքում։
Այն թեեւ համարվում է 9-րդ դարի կառույց, որի հիմնադրումը կապվում է Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանի ու նրա կին Մարիամ Բագրատունու զավակ Սահակ իշխանի անվան հետ, սակայն եկեղեցու բակում մինչ օրս պահպանված անվավերագիր որոշ քառակող, կլոր կամ բազմանիստ քարակոթողներ այլ բանի մասին են փաստում՝ այս կառույցի պատմությունը տեղափոխելով շատ ավելի վաղ ժամանակներ։ Եկեղեցու կուռ ու բավականին ամուր հիմքը եւս ավելի շատ հիշեցնում է հեթանոսական տաճարների անխորտակ հիմքերը, որոնք բաղկացած էին հսկայական սրբատաշ քարաբեկորներից։
Նորատուսի տարածքում պահպանված հնագույն դամբարանները, կիկլոպյան ամրոցները, շեների ավերակները հաստատում են մեր կարծիքն առ այն, որ մինչ այս շքեղ կառույցի հիմնումը այստեղ եղել է գործող կամ ավերված սրբավայր, որը նոր շունչ է առել Սահակ իշխանի ու նրա հաջորդների ժամանակներում։
Ի դեպ, Սահակ իշխանը հարազատ եղբայրն էր Գրիգոր Սուփան իշխանի, ում հովանավորությամբ ու ջանքերով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում վեր է խոյացել հռչակավոր Կոթավանքը, Մաքենիսում՝ Մաքենյաց վանքը, որոնք հանդիսացել են ինչպես պատմաճարտարապետական գլուխգործոցներ, այնպես էլ՝ նշանավոր հոգեւոր կենտրոններ ու դպրատներ։
Վեհաշուք եկեղեցին վեր է խոյացել Հայաստանում արաբական լծի թոթափումից հետո, երբ Բագրատունյաց արքայատոհմը խնամիական կապերով կապվել է Սյունյաց հզոր իշխանապետության տերերի հետ, երբ մեկտեղվել են հայ ժողովրդի ու նախարարական առանձին տների ուժերը, եւ Հայոց հայրենիքը բռնել է վերելքի, տնտեսական ու կրթամշակութային զարգացման ուղին։
Նորատուսն այդ ժամանակներում էլ համարվել է Հայաստանի ու Գեղարքունյաց աշխարհի իշխանանիստ բնակավայրերից մեկը՝ գտնվելով Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի հանգույցներից մեկում։
Ինչպես «Նորատուս» փաստագրական ու հանրագիտարանային նշանակության գրքում վկայում է պատմաբան, վիմագրագետ Սուրեն Սաղումյանը, Սահակ իշխանը, կառուցելով Սուրբ Աստվածածին եկեղեցին, այն դարձնում է եպիսկոպոսանիստ, ու այդուհետ, ութ դար շարունակ, Նորատուսը համարվում է Գեղարքունյաց գավառի վարչական, առեւտրատնտեսական, մշակութային ու հոգեւոր կենտրոնը։
Միջնադարյան հայ նշանավոր պատմիչ, պետական ու եկեղեցական գործիչ Ստեփաննոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակ իշխանը մահացել է 910-ական թվականներին ու թաղվել Նորատուսի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, արեւմտյան դռան մուտքի ձախակողմյան պատի տակ։


«Հիրավի, եկեղեցու արեւմտյան պատի տակ , մուտքից ձախ, այժմ էլ ընկած է սեղանաձեւ մի խոշոր տապանաքար, դարին բնորոշ պարզ հորինվածքով ու զարդանախշերով՝ խաչքարի հովանու տակ, որը վերագրվում է Սահակ իշխանին։ Իսկ դամբարանը վաղուց եւեթ իսպառ ոչնչացված էր, եթե հարկավ, եղել է այդպիսի շենք։ Հասակով մեկ կանգնած, ձախ ձեռքը վեր պարզած բարձրաքանդակով մի խաչքար, 111 սանտիմետր բարձրությամբ, 65 սանտիմետր լայնությամբ եւ 20 սանտիմետր հաստությամբ, կա Սեւանա կղզու հյուսիսային լանջի ստորոտի ծառերի տակ՝ 10-րդ դարին յուրայատուկ տառաձեւերով արձանագրված․ «ՍԱՀԱԿ ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ»։ Ու թեեւ հիշատակագիրը հոգեւորականի է սազում, բայց քանդակի մանրամասները՝ թասակով ու տաբատով, աշխարհիկ-իշխանականի են։ Հավանական է, որ խաչքարը կզղի է բերվել Նորատուսից եւ այն վերաբերում է Սահակ իշխանին։ Ըստ երեւույթին, 910-ական թվականների վերջերին Նորատուսում մարել կամ իրավազրկվել է Սյունյաց նախարարական տոհմը, եւ Նորատուսը Գեղարքունիք գավառի հետ Աշոտ Երկաթի օրոք մտել է Բագրատունյաց թագավորության կազմի մեջ»,-եզրակացնում է Սուրեն Սաղումյանը։
Ճիշտ է, Նորատուսի եկեղեցու դռան մոտ գտնվող տապանաքարը վիմագիր արձանագրություն չունի, սակայն իր վրա կրող պատկերաքանդակները միանգամայն արտացոլում են իշխանական մարդու առօրյան, ասպազենը, հանդերձանքը, անգամ՝ ծառաներին։ Ու չի բացառվում, որ վերը հիշատակված խաչքարը հենց այս տապանաքարի կողքից տեղափոխված լինի Սեւանա կղզի։
Սեդրակ Բարխուդարյանն իր հեղինակած «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ վերծանել է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա ու բակի խաչքար-տապանաքարերին պահպանված 28 արձանագրություն։ Սուրեն Սաղումյանի աշխատասիրությամբ այստեղ վերծանվել է եւս 14 վիմագիր արձանագրություն, որը նախկինում դուրս է մնացել հրատարակիչների ուշադրությունից, իսկ եկեղեցու հարավային պատին պահպանված արձանագրության բովանդակությունը վերաիմաստավորվել ու ճշգրտվել է։ Այսքանով հանդերձ, ինչպես փաստում է Սուրեն Սաղումյանը, թե՛ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, թե՛ պատմական գերեզմանոցում առկա են շուրջ 80 վիմագիր արձանագրություններ, որոնք դեռեւս ընթերցված չեն ու սպասում են իրենց հետազոտողներին ու բացահայտողներին։
Սեդրակ Բարխուդարյանի վկայությամբ՝ Նորատուսի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 996 թվականին կերտված մի խաչքարի արձանագրությանը, որը հենց իր նախաձեռնությամբ տեղափոխվել ու պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այդ խաչքարը կանգնեցված է եղել հենց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Ըստ Սուրեն Սաղումյանի վկայության՝ Նորատուսի վարչակառավարական անձնակազմի եւ հարկապարտույթային հարաբերությունների վերաբերյալ չափազանց կարեւոր ու բացառիիկ տեղեկություններ է հաղորդում եկեղեցու հարավային պատի մեջ եղած արձանագրությունը, որը ճիշտ չի մեկնաբանվել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի ու Երվանդ Լալայանի մոտ։ Վավերագրի իմաստը մանրազնին քննությամբ բացահայտել է Սուրեն Ավագյանը իր «Վիմական արձանագրությունների բառաքննություններ» աշխատության մեջ։ Իսկ ի՞նչ է ասում այդ վավերագրությունը․ «ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԱՅՍ ԳԻՐ Ե ՆՈՐԱՏՈՒՈՑ ՇԱՀՆԱՅԻՍ, ԻՆԱՅԻՍ ԴԵՄԵԹԱՐՍ ՇԱՀ ԵՒ ԱՅԾԱՅՍ Ի ՎԵՐ ԿԱԼԱՔ ԱՎԱԳԻՆ ԱՐԵՒԻՆ ՀԱՄԱՐ՝ ՈՉ ԳԶՐԻՆ ՏԱՆ ՀԱԿ, ՈՉ ՉԱՓՈՂԻՆ։ Ա․ ԵԶՆ ՄԻՒՍԱԼՈՒՄ ԳԶԻՐՆ ԼԾԵ, ․Ա․ ԵԶՆ ՄԻՒՍԱԼՈՒՄ ՉԱՓՈՂՆ։ ՎԿԱՅ ԳՐԻՍ ԱՍՏՈՒԱԾ ՈՒ ՍԱՅՆԽՈՐԴՆ։ ՈՐ ԽԱՓԱՆԵ ՆԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ ԽՓԵԼ։ ԵՍ ԹՈՒՆԿՍ ԳՐԵՑԻ»։


«Դժվարընկալ ու չմեկնաբանված հատվածների ստորեւ ներկայացված վերծանությամբ վերջնականապես պարզվում է վավերագրի հիմնիմաստը, այն է՝Շահնա Ինան ու դեմեթարը, Ավագ Զաքարյանի բարեհաճությամբ, զիջել են չափողի՝ եկամուտների, բերքի, կալվածքների շահույթների հաշվառող աշխարհագրի եւ գզիրի՝ շահնայի ու դեմեթարի կարգադրությունները, հրամանները ի կատար ածողի օգտին բնակչության եկամուտներից ՝ շահից եւ այծեկաշու պարկեր մատուցելու պարտականությունից։ Սակայն, ի հատուցումն այս շահութազրկության, գյուղացուն պարտադրվում է սեփական լծկաններով մեկ օր, բնականաբար, ձրի, անհատույց, վարուցանք կամ մի այլ հարկադիր գործ կատարել այդ սպասավորների համար։ Կոռային այս պարտույթը տարածված էր ոչ միայն Նորատուսում, իսկ այս իրավավճիռը կայացվել է 1230-ական թվականներին, երբ նույն Ինան եւ իր կին Սանդուխտը գնում են Ագարակ գյուղատեղին Արծվաքարի դոլակներ կոչվող հնավայրի տարածքում ու կառուցում ցայժմ պահպանվող եկեղեցին»,-գրում է Սուրեն Սաղումյանը։


Հավելենք, որ հիշատակված Ագարակ գյուղտեղի տարածքում պահպանված եկեղեցին նույն Սալոյի վանքն է, որը հստակ երեւում է Գավառ-Մարտունի մայրուղու արեւմտյան բարձունքին, Սեւանա լճի ափին։
Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին առկա է արեւային ժամացույց՝ շրջանագծ եզրերում Ա․Բ․Գ․Դ․Ե․Զ․ Է․ Ը․ Թ․ Ժ․ ԺԱ․ ԺԷ տառերով ու տառակապակցություններով, որոնք արտահայտում են թվային արժեքները։ Վեցերորդ դարից սկսած՝ հայոց հոգեւոր կառույցների հարավային պատին տեղադրվող արեւի ժամավույցներն ունեցել են կիրառական նշանակություն ու հանդիսացել են հարդարանքի յուրահատուկ միջոց։
Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում դարերի ընթացքում կատարվել են թաղումներ, ուր ամփոփվել են հոգեւոր հայրերի աճյունները։ Սակայն դրանց շարքում ամփոփված տապանաքարերից մեկի վրա կին է պատկերված։

 

Ինչպես վկայում է եկեղեցու սպասավոր Միքայել Կյուրեղյանը, սա հայ հոգեւոր կյանքում բացառիկ դեպք է, քանի որ կանանց թաղումները սրբավայրերում հայ եկեղեցու կողմից արգելված է եղել։ Բայց այս փաստը գալիս է հաստատելու այն իրողությունը, որ Նորատուսի մյուս հին հոգեւոր տունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կամ Դափուց վանքը, եղել է կանանց մենաստան, ուր ծառայության մտած կույսերից մեկի մարմինն էլ ամփոփվել է այստեղ։
«Ամենայն հավանականությամբ, այս կինը եղել է միանձնուհի, հասել Մայրապետի աստիճանի, ապրել մաքրամաքուր ու սրբակենցաղ վարքով, իրենից ներկայացրել հոգեւոր արժեքներ կրող անձնավորություն, որի պատճառով էլ ձեռք է բերել սրբավայրի ներսում հանգչելու թուլտվություն»,-ներկայացրեց Միքայել Կյուրեղյանը։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հայրերն ու հավատավորները, բնական է, տեսել են բազմաթիվ ու բազմապիսի ասպատակություններ, բնական աղետներ, հալածանքներ, որոնց պատճառով էլ հաճախակի ընդհատվել է հոգեւոր այս կառույցի գործունեությունը։
Այսպես, Հովհաննես Շահխաթունյանցի վկայությամբ, Գեղարքունյաց աշխարհը 1751-1787 թվականներին ենթարկվել է լեզգիների ձեռնարկած արյունալի չորս արշավանքներին, որոնք ամայացուցիչ են եղել գրեթե բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Նորատուսի համար։ Լեզգի հրոսակներից պաշտպանվելու նպատակով ժողովուրդը հավաքվել ու փորձել է պատսպարվել եկեղեցու ներսում ու տանիքին։ Սակայն ավարառու դահիճները հրով այրել են եկեղեցին ու հրո ճարակ դարձրել անպաշտպան ժողովրդին։ Այդ ոճրագործության հետքերը բացվել են միայն այն ժամանակ, երբ 1830 թվականին Արեւմտյան Հայաստանից վերաբնակության եկած հայ գաղթականները մաքրել են եկեղեցու ներսը հողի հաստ շերտից՝ այն վերանորոգելու ու հավատի տուն դարձնելու նպատակով։ Հողի տակից նորաբնիկ հայերը դուրս են բերել տղամարդկանց, կանանց ու երեխաների այրված ոսկորներ։ Շահխաթունյանցի ասելով՝ դեպքի մասին Նորատուսում վերաբնակվածներն իմացել են տեղացիներից, որոնց բեկորները դեռ շարունակել են գոյություն քարշ տալ բնաջնջման եզրին կանգնած իրենց բնօրրանում։


«Հարց է ծագում․ ներգաղթից 10 տարի հետո գյուղում որոնումներ կատարող վիճակի առաջնորդին ովքե՞ր էին պատմում ավանդազրույցը, որը գրանցված չէր ոչ մի տեղ։ Իհարկե, ոչ եկվորները։ Հետեւցնելի է ուրեմն, որ այդ դառը հիշողությունների մորմոքն անթեղած պահում էին նահատակների շառավիղները՝ հին նորատուսցիները, եւ այն հաղորդում բարեխիղճ պատմաբաններին։ Այս դիտարկամբ եւս կարելի է կռահել, որ Նորատուսը չի ամայացել, եւ հուսանք, որ ի հայտ կգան ավելի վստահելի փաստարկներ բնակավայրի չընդհատվող, շարունակական կյանքի, հին ու նոր նորատուսցիների միավորման, միաձուլման մասին»,-եզրակացնում է Սուրեն Սաղումյանը։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությանն ու պատմամշակութային արժեքներին անդրադարձ են կատարել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը եւ Երվանդ Լալայանը՝ նկարագրելով թե՛ պատմական անցքերը, թե՛ վիմագրությունների բովանդակությունները եւ խաչքար-տապանաքարերի կառուցվածքներն ու քանդակները։
Նրանք եւս վկայել են լեզգիների աշխարհավեր արշավանքների ու գործած ոճիրների մասին։ Մեսրոպ Սմբատյանցի ներկայացմամբ՝ «Եկեղեցին մեծահռչակ աղոթարան եղած պետք է լիներ բազմության կրոնավորաց, ըստ որում շրջապատումն ուներ զանազան հին մաքուր քարով շինվածքներ, որոց մեջ արժանի տեսության է մի ուսումնարանն կամ սեղանատունն միաբանից՝ 20 քայլ երկայնությամբ եւ 10 քայլ լայնությամբ, բայց որմունքն կիսականգուն։ Եկեղեցվո մեջ եւ չորս կողմումն կան մասնավոր գերեզմանոցներ նախնյաց՝ խաչքարերով զարդարված, որոց մեջ անվանի էր խաչքարն Մելիք Բարեքսեի, որ կանգնած էր այն մեծադիր, կարծր ու կոպիտ, 3 գազ երկայն եւ գազուկես լայն գերեզմանաքարի գլխավերեւն, որն իբր թե զարդարված էր աննշան անշուք կենդանյաց պատկերներով»։


Ասել է, թե 1860-ական թվականներին Նորատուսում հնագիտական ուսումնասիրություններ կատարելու եկած Մեսրոպ Սմբատյանցն անձամբ տեսել ու արձանագրել է եկեղեցուն կից միաբանների ուսումնարանի կամ սեղանատան կիսականգուն վիճակը։
Մեսրոպ Սմբատյանցն արձանագրել է նաեւ եկեղեցու ներսի վիմագրերի, ինչպես նաեւ՝ Արեւի ժամացույցի գոյությունը։
«Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարսպապատ է, որի մեջը և շուրջը կան բավականաչափ խաչարձաններ և հասարակ տապանաքարեր։ Ամենից ավելի ուշագրավ է մի տապանաքար, 3 մետր երկարությամբ, 76 սանտիմետր լայնությամբ 1,08 մետր հաստությամբ։ Սրա երեսին նկարված է մի գավազան, որի երկու կողմը գրված է․ «Ես մելիք Ոհկես տապանս շինեցի հօր իմում մելիք Պարէքին»։ Այս արձանագրության վերեւ քանդակված է մի ռնգեղջյուր, որ կռվում է յուր վրա ցատկած վագրի հետ, իսկ ներքեւում՝ մի եղջերու՝ ոտների տակ մի վիշապ»։ Այս տապանաքարի արեւմտյան կողմը կանգնեցված է մի մի խաչքար, որի ճակատին գրված է․ «Կամավն Աստծոյ, ես Մելիք Բարէքս կանգնեցի զխաչս վասն փրկութեան հոգվոյ իմոյ։ Մելիքսեթ կամզող․ Բարէքին է խաչս։ Իսկ խաչքարի թիկունքին գրված է․ «Կամավն Աստծո, ես, մելիք Բարէքս, եղբայրն իմ Ստեփանոս քահանէն, որդին իմ Գունկչայ բեկն, հայրն իմ Գունդուզ աղեն, եկինք Գանձակայ, շինեցինք կարմունճս, շինեցինք շրջապատս, կանգնեցինք զխաչերս, որք երկրպագէք, յիշեցեք ի Քրիստոս»,-վկայում է Երվանդ Լալայանը։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մի քանի դար շարունակ ամփոփվել են ունեւոր դասի կամ հոգեւորականության ներկայացուցիչներ։


Այդ մասին փաստում են Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ վերծանված վիմագրերը:
Պետրոս աբեղայի խաչքարը թվագրվում է 1459 թվականով, Եղիսաբեթի խաչքարը՝ 1555 թվականով, Ալսհդատինի խաչքարը՝ 1277 թվականով, Հակոբճանի խաչքարը՝ 1580, Տեր Առաքելի խաչքարը՝ 1586, Աբրահամի եւ կողակից Խանաղի խաչքարը՝ 1595, Ակոբի խաչքարը՝ 1606 թվականներով։ Մի խաչքարի վիմագրություն էլ փաստում է, որ այստեղ հանգչում է նաեւ հռչակավոր Մելիքսեթ կազմողի աճյունը․ «Սուրբ Խաչս բարեխոս Գրիգորին եւ Մելիքսեթ կազմողին՝ 1595 թվական»։
Խաչքարերից մեկն էլ դարերին է փոխանցել Յոհանես կազմողի անունը։
Վիմագրություններում արձանագրված են նաեւ Մելիք Բլբուլի կին Շահզադի, Տեր Ովանեսի, Սահակի, Մխիթարի, Ումրշատի, Շահսուլթանի, Մարտիրոս քահանայի, Էտարի, նրա ծնողներ Դիվատուրի, Մարքրտի, Քասպարի անունները։
Իրենց վրա մի քանի դարերի պատմություն կրող այս խաչքար-տապանաքարերը միաժամանակ քանդակագործության շքեղ նմուշներ են, որոնք հիացնում են իրենց զարդամոտիվներով, գեղագիտական ճաշակով ու մտահղացումներով։
Ճարտարապետական հորինվածքով Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր սրահով կառույց է, որը 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։
Պատմական այլ աղբյուրների վկայությամբ` սրբատաշ, խաչաձեւ, կամարակապ եւ անսյուն, 10 մետր երկարություն, ութ մետր լայնություն եւ ինը մետր բարձրություն ունեցող հոգեւոր այս կառույցը եւ հայ ճարտարպետության գլուխգործոցներից համարվող այս կոթողը կանգուն է մնացել մինչեւ 17-րդ դարի վերջերի աշխարհավեր երկրաշարժը, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Գառնիի երկրաշարժ անունով։
Հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ՝ այդ երկրաշարժը տեղի է ունեցել 1679 թվականի հունիսի 4-ին։ Երկրորդը կրկնվել է օրեր անց՝ հունիսի 12-ին։ Միքայել Չամչյանի վկայությամբ՝ զոհվել է շուրջ 8 հազար մարդ։ Խոնարհվել է Գառնիի հեթանոսական տաճարը, բազմաթիվ այլ հոգեւոր ու աշխարհիկ կառույցներ։
Ավելի քան 7 մագնիտուտ հզորության երկրաշարժից խոնարհվել են նաեւ Գեղարքունյաց աշխարհի հռչակավոր պատմաճարտարապետական կառույցները՝ Շողագավանքը, Կոթավանքը, Հայրավանքը։ Այդ նույն արհավիրքից փլվել են Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը եւ պատերի վերեւի մասերը: Դժվար է ասել՝ արդյո՞ք հասցրել են վերականգնել երկրաշարժի փլվածքները, թե այն այդպես էլ այն կիսակործան է մնացել մինչեւ լեզգիների արյունալի արշավանքները, որոնք տեղի են ունեցել բնական արհավիրքից շուրջ մեկ դար անց, ու կործանանար երկրորդ հարվածը եկեղեցին կրել է լեզգիների կողմից գործադրած հրդեհի նետեւանքով։
1830 թվականից հետո Գեղարքունյաց աշխարհում հաստատված արեւմտահայ գաղթականները եկեղեցին ծածկել են գերաններով եւ դարձրել գործող հավատի տուն՝ կառույցի հատակը մաքրելով հողի շերտից, ավերածություններից ու այնտեղ կենդանի այրված մարդկանց ոսկորներից:
Սուրբ Աստվածածինը, սակայն, նորից կիսավեր վիճակի վերադարձել է խորհրդային անաստվածության տարիներին:


Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նորատուսցիները շարունակ մտածել են եկեղեցին իր նախկին շքեղ տեսքի մեջ վերականգնելու ուղղությամբ, ինչը, բարեբախտաբար, տվել է իր ցանկալի արդյունքը։ Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների կազմակերպչական ջանքերի շնորհիվ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հետ համագործակցությամբ Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը սկսվեց 2010 թվականից, Նորատուսում ծնված, բայց արտերկրում բնակվող Հայկ Մաղաքելյանի բարերարությամբ: Միջոցների սղության պատճառով, սակայն, շինարարությունն ընդհատվեց որոշակի ժամանակահատվածում եւ վերսկսվեց նորատուսցի Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ:
Բացի եկեղեցու վերականգնումը, բարեկարգվեց նաեւ նրա տարածքը, ստեղծվեց ժամանակակից ու գեղեցկատես պուրակ:
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին բացվեց եւ վերաօծվեց 2019 թվականի սեպտեմբերին՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ Մայր Աթոռի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։
Այս հայրենանվեր ձեռնարկների շնորհիվ այսօր Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է Հայաստանի զբոսաշրջային ամենագրավիչ կառույցներից մեկը, որտեղ այցի են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ թե հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից՝ ծանոթանալու Հայաստանի բազմադարյան պատմությանն ու պատմամշակութային արժեքներին։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին միաժամանակ դարձել է ուխտագնացության կենտրոն ու սրբավայր թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր ծագերում բնակվող հայերի համար։

Խոսրով Խլղաթյան

0 դիտում