
Այլեւս մեզ հետ չէ Հայոց հայրենիքը կառուցող ու պաշտպանող նվիրյալ անձնավորությունը՝ Մարտունի քաղաքի բնակիչ, շինարար, Արցախյան ազատամարտի մասնակից, սիրված ծնող, ընկեր ու բարեկամ Համլետ Գվիդոնի Սիմոնյանը։
Նա ծնվել է 1944 թվականի դեկտեմբերին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում։ Ավարտել է Աստղաձորի միջնակարգ դպրոցը, 1963-1965 թվականներին ծառայել ԽՍՀՄ բանակում։ Ծառայությունից վերադառնալուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի մի շարք շինարարական կազմակերպություններում՝ եռակցողի մասնագիտությամբ։ Տասնամյակներ շարունակ նա աշխատել է շրջանի կարեւորագույն կառույցներում՝ շենացնելով ու ծաղկեցնելով հայրենի եզերքը։
Արցախյան շարժման սկզբից անդամագրվեց «Հայ Դատ» հասարակական-քաղաքական կազմակերպությանը եւ նրա մարտական ջոկատի կազմում մասնակցեց հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը, ինչպես նաեւ՝ Քարվաճառի ազատագրական մարտերին։ Մի կողմ դրած բազմանդամ ընտանիքի առօրյա հոգսերը՝ նա օրերով, երբեմն էլ ամիսներով, զենքը ձեռքին, գիշերում էր սահմաններում, ավելի հաճախ՝ բաց երկնքի տակ, որպեսզի այդպես կանխեր թշնամու մուտքը, որպեսզի այդպես անվտանգ պահեր իր հայրենիքն ու ընտանիքը։
Իսկ խաղաղ տարիներին, անգամ կենսաթոշակի անցնելուց հետո, Համլետ Սիմոնյանը շարունակեց շինարարի իր աշխատանքը մարզի տարածքում ու նրա սահմաններից դուրս՝ հոգալով իր ընտանիքի հանապազօրյա հացը ու մասնակցելով հայրենի աշխարհի շենացմանը։
Ճակատագրի բերումով Համլետ Սիմոնյանը 2016 թվականի ապրիլի 1-ին այցեցել էր Արցախ՝ տեսակցելու իր Հայոց բանակում ծառայող իր թոռանը՝ Լեւոն Սարոյանին։
Վերադարձի ճանապարհին նա հայտնվեց ռազմագործողությունների տարածքում։ Մարտական առաջադրանքը կատարելիս վիրավորվեց Լեւոն Սարոյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմում էլ Համլետ Սիմոնյանը, չնայած արդեն իր պատկառելի տարիքին, փորձում էր ամեն կերպ սատարել հայ մարտիկներին։ Նա ծանր էր տանում մեր հայրենիքին պատուհասած վերջին տարիների աղետը, Արցախի կորուստը, ոչ մի կերպ չէր համակերպվում պարտության ու դառը իրողության հետ։
Համլետ Սիմոնյանը ազնիվ ու շիտակ բնավորություն ուներ, մարդամոտ էր ու ուշադիր շրջապատի, բարեկամների ու հարազատների նկատմամբ։ Վայելում էր մարտական ընկերների ու շրջապատի սերն ու հարգանքը, միշտ կանգնում կարիքի մեջ հատնված մարդկանց կողքին, իր խրատներով ու խորհուրդներով կողմնորոշում շատերին։
Զրուցասեր էր, աչքի էր ընկնում նուրբ հումորով ու սրախոսությամբ, ընթերցասիրությամբ, որը ժառանգել էր իր հորից՝ Առաջին աշխարհամարատի և 1918-20 թվականների Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերի մասնակից, հայրենասեր Գվիդոն Սիմոնյանից։ Ու հենց այդ նույն հայրենասիրության կրողը դարձավ ինքը՝ այն սիրով փոխանցելով իր զավակներին ու թոռներին։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա արժանացել է բազմաթիվ պարգևների։
Համլետ Սիմոնյանը երկրային կյանքում թողեց սիրող կին, երեք զավակ, չորս թոռ, բազմաթիվ ընկերներ ու հարազատներ, ովքեր միշտ վառ ու կենդանի կպահեն նրա հիշվող անունն ու հայրենապահպան գործերը։
Մարտունու համայնքապետարան
«Գեղամա աշխարհ» թերթ
Մի խումբ ընկերներ