
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մազրադպրոցի սան, բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, կոչումը շնորհվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։ Սիմոն Սիմոնյանին ու սպորտի վարպետի կոչման արժանացած մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար:
Սիմոն Սիմոնյանը 2024 թվականի Հայաստանի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումները նվաճած բռնցքամարտիկ է։ Ծնվել է 2008 թվականին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Մարզվել է Մարտունու մարզադպրոցում, մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ։
«Մեզ համար այս կոչումը չափազանց մեծ գնահատական ու պատիվ է, քանի որ Սիմոն Սիմոնյանը մեր մարզադպրոցի առաջին բռնցքամարտիկն է, ով կարողացավ ստանալ Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչումը։ Նա հաջորդ տարի արդեն հանդես է գալու մեծահասակների առաջնությունում, որտեղ պահանջներն ավելի խիստ են, ու չեմպիոնական կոչումների համար պայքարը շատ ավելի բարդ է։ Սակայն մենք վստահ ենք, որ Սիմոնը կշարունակի աճել ու գրավել նորանոր բարձունքներ»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։
Գեղամա աշխարհ