
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղն աշխարհում թեեւ հանրահռչակված է իր պատմական գերեզմանոցի ավելի քան 800 գեղաքանդակ խաչքար-տապանաքարերով, սակայն հազարամյակներ հեռվից մինչ մեր օրերը հասած բնակավայրում քիչ չեն նաեւ պատմության մի շարք արժեքավոր հուշարձաններ, որոնք քիչ են հայտնի կամ բավարար չափով չեն ուսումնասիրված եւ հայ ու արտերկրի հանրությանը ներկայացնելու կարիք ունեն։
Նորատուսի Հերի Դար ամրոցը և Շորգոլի կամ Պողոս-Պետրոս վանքը նպատակահարմար գտանք՝ ներկայացնելու մեկ հրապարակման շրջանակի մեջ, հաշվի առնելով պատմական այդ երկու կարեւորագույն հուշարձանների՝ իրար շատ մոտ գտնվելու հանգամանքը։
Նորատուսի Հերի դար ամրոցի մասին մեր իրականության մեջ առաջին անգամ մանրամասն նկարագրություն տվել է անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը՝ իր կողմից կատարված ուսումնասիրությունը ներկայացնելով «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքի համապատասխան բաժնում։
«Հերի դարի ամրոցը գտնվում է Նորատուս գյուղից երկու կիլոմետր արեւելք։ Սեւանա լճի ափամերձ հարթության վրա առկա է կոնաձեւ լանջերով, մեծ թեքության մի բարձունք։ Նրա լանջերը ծածկված են հրաբխային խարամով, որը եւ խիստ դժվարացնում է բարձունքի գագաթ ելնելը։ Այն շրջապատի հարթությունից բարձր է 120 մետր։ Տեղացիներն այդ բարձունքը Հերի դար են կոչում, որովհետեւ նրա հարավարեւելյան լանջում կան երկու բավական ընդարձակ քարայրներ, որոնք, ինչպես ցույց տվեց ուսումնասիրությունը, հավանորեն եղել են նախնադարյան մարդու կացարաններ։ Լեռան գագաթը ձագարաձեւ է, եւ բարձունքի բոլորակ եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների մնացորդները՝ կրկնելով տեղի շրջանաձեւությունը։
Պարսպի ընդհանուր երկարությունը շուրջ 500 մետր է, իսկ ամրոցի բռնած մակերեսը՝ շուրջ չորս հեկտար։ Պարիսպներից ներս երեւում են կացարանների ավերակները, որոնց մեջ իր լավ պահպանությամբ աչքի է ընկնում մի քառանկյունի շենք, որի պատերը մնում են երկու-երեք շարք քարի բարձրությամբ։ Պատերի լայնությունը 2,5 մետր է, իսկ շինության չորս անկյուններում դրված են խոշոր քարեր։ Այս շենքն ունի երկու բաժանմունք՝ երկու սենյակի ձեւով։
Ամրոցի պարիսպների կառուցման տեխնիկան նման է մյուս ամրոցների պարիսպների կառուցման տեխնիկային։ Ամրոցն ունեցել է 7 աշտարակ, որոնց հետքերը երեւում են պարիսպների վրա։ Աշտարակներից երկուսը գտնվում են ամրոցի մուտքի աջ ու ձախ կողմերում, երկուսը՝ ամրոցի հյուսիսարեւելյան պարսպամասում, իսկ երեքը՝ հավասար հեռավորության վրա, մեկը մյուսից 40-45 մետր հեռավորությամբ, ուղղված հարավ-արեւմուտք։ Աշտարակներն ունեն 6, երկուսը՝ ամրոցի հյուսիսարեւելյան պարսպամասում, իսկ երեքը՝ հավասար հեռավորության վրա, մեկը մյուսից 40-45 մետր հեռավորությամբ, ուղղված հարավ-արեւմուտք։ Աշտարակներն ունեն 6*6 մետր հարթակներ։
Ամրոցի մուտքը եղել է հյուսիսարեւելյան կողմից, այդ մասի լանջը համեմատաբար ավելի քիչ թեքություն ունի։ Մուտքից ճանապարհը դուրս է գալիս եւ իջնում դեպի ներքեւի հարթության վրա եղած բնակատեղին, այնուհետ աստիճանաբար թեքվում դեպի հյուսիս։ Բնակավայրից արեւելք փռված է դամբարանադաշտը։
Հերի դարի ամրոցը, հավանորեն, Վելիքուխի երկրի պաշտպանության գործում հատուկ տեղ է գրավել։ Կանգնած լինելով բարձր սարի վրա՝ այս ամրոցը մեծ տեսադաշտ է ունեցել։Այնտեղից պարզ երեւում են Գավառագետի հովտի ու նրա շրջապատի համարյա բոլոր կիկլոպյան ամրոցները եւ Սեւանա լճի ողջ հայելին»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։

Պարզապես սքանչելի են Հերի դարից բացվող բնապատկերները բոլոր կողմերից։ Հարավային կողմում, ինչպես ափիդ մեջ, ուրվագծվում են Գեղամա եւ Վարդենիսի լեռնաշթաները՝ իրենց բարձրաբերձ կատարներով, տասնյակ կլիոմետրերի ընդհանուր ձգվածությամբ։ Արեւելյան կողմում հստակ երեւում են Արեւելյան Սեւանի, հյուսիսային կողմում՝ Սեւանի ու Արեգունու, արեւմուտքում՝ Փամբակի լեռները, Արդանիշի ու Սեւանի թերակղզիները, Սեւանա լճի ափամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերը, Սեւանը գոտեւորող արհեստական անտառները։ Իսկ ամենամոտիկ բնության հուշարձանը, որը բացառիկ է՝ իր նմանն այլեւս չունենալով Գեղարքունիքի մարզում, դա «Կայա» կոչվող կրաավազային ժայռաշթան է , որ Հերի դարի բարձունքի դիմացից դեպի հարավ է ձգվում շուրջ 3-4 կիլոմետր երկարությամբ։
Բառերով անհնար է նկարագրել այն տպավորությունները, որոնք մարդը ստանում է՝ այդ ժայռաշղթան դիտելիս։ Բնության ամենազոր ձեռքն այնպիսի պատկեր է քանդակել ժայռերին, որ մարդկային աչքը դրանք կարող է նմանեցնել հազար ու մի պատկերների՝ մարդկանց, կենդանիների, բույսերի, կառույցների, այլ երեւույթների տեսքով։ Մի ժայռախումբ իր կերտվածքով նույնիսկ Սֆինքսի արձանի տպավորություն է թողնում։ Ժայռախմբերի ուղղահայաց բարձրություններում տեղ-տեղ նկատվում են տարատեսակ թռչունների՝ արծիվների, բազեների, չղջիկների, ծիծեռնակների, սարյակների բներ։ Որոշ տեղերում էլ նկատելի են ավելի մեծ չափերի փորվածքներ, որոնք կարող էին եւ ժամանակին տեղի բնակիչների համար ծառայել որպես թաքստոց-կացարաններ։ Ու եթե պատմույան հուշարձանները, մի քանի հազարամյակի կամ դարի պատմություն ունեն, ապա բնության այս հուշարձանն առաջացել է միլիոնավոր տարիներ առաջ։
Ժայռաշղթայի արեւելյան կողմում տարածվում է սոճու եւ փշարմավի հսկայական անտառը, որը կանաչ է մնում տարվա բոլոր եղանակներին, իսկ ամռան ամիսներին ծաղկում ու փոշոտվում է՝ սքանչելի բույր տարածելով շրջակայքով մեկ։
Բնության այս անկրկնելի հուշարձանի հյուսիսարեւմտյան բարձունքին, ուղիղ Հերի դար ամրոցի հարավային կողմի դիմաց էլ կանգուն է մնում պատմության եւս մեկ կարեւոր ու բացառիկ հուշարձան՝ Շորգոլի կամ Պողոս-Պետրոս վանքը՝ վերականգնված մատուռով ու մի քանի տասնյակ գեղաքանդակ տապանաքարերով ու խաչքարերով։
Շորգոլի վանքի ուսումնասիրության արդյունքներն արտացոլված են հայ անվանի հնագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ։

«Մատուռը գտնվում է գյուղից հյուսիս-արեւելք, մոտ երկու կիլոմետր հեռու, մի բարձրության վրա։ Շինված է եղել սրբատաշ քարերով, բայց հետագա նորոգումների ժամանակ հին մասից մնացել են պատերի ստորին մասերը միայն։ Արեւմտյան կողմում բազմաթիվ խաչքարեր իրար միացնելով՝ պատի տեսք են տվել եւ փոքրիկ բակ գոյացրել։ Շուրջը կան խցերի ավերակներ։ Թվական ունեցող ամենահին արձանագրությունը վերաբերում է 1613 թվականին, բայց շենքի հնագույն մասը 13-րդ դարից ավելի նոր չի կարող լինել»,-գրում է Սեդրակ Բարխուդարյանը։
Անվանի վիմագրագետն այս հնավայրում վերծանել է 7 խաչքարի եւ 3 տապանաքրի վրա պահպանված վիմագրերը։ Մնացած խաչքար-տապանաքարերը, որոնց թիվ հասնում է մի քանի տասնյակի, անարձանագիր են, սակայն իրենց պատրաստման ոճով համընկնում են 13-17-րդ դարերի քանդակներին։
Մի բան պարզ է, որ այս վանքն ու նրա շրջակայքի պատմական գերեզմանոցը ձևավորվել է Նորատուսից մի առանձին բնակավայրի շուրջ, որի անունն առայժմ անհայտ է մնում՝ ժամանակին անակնկալ լքվելու պատճառով։
Իսկ ի՞նչ են պատմում պահպանված ու վերծանված վիմագրերը։ Եվ այսպես, մատուռի հարավային պատի արեւմտյան անկյունում հին երեսպատման քարի վրա կա թերի արձանագրություն․ «Իմ թիվս․․․ ես․․․ ծառա եթել ի գեղիս ի եկեղեցիս Յ․․․ նոց իմոյ ոք․․․ Տեր Քրիստոս»։ Ըստ Բարխուդարյանի՝ արձանագրությունը վերաբերում է 13-րդ դարին։

Բակում կանգնած խաչքարի քիվին արձանագրված է երկու տող․ «Ի թվ․ ՋԾԴ ․/1505/ կանգնեցի խաչս ի փրկություն հոգոյ Դավթին, որդի Մըսրին»։
Մատուռի արեւմտյան մուտքի կողքին, գետնի մեջ խրված խաչքարին արձանագրված է․ «Ի թվ․ ՋԾԵ /1506/ ես, Շատիբեկս, կանգնեցավ Խաչս հոգվոյ իմոյ»։
Բակի մեջ գտնվող փոքր, օրորոցաձեւ տապանաքարի հարավային երեսին կա մեկ տող արձանագրություն․ «Այս է հանգիստ Ավաքին․ թվ․ ՋՁԵ/1536/։
Նախորդին կից մեկ այլ տապանաքարի հարավային կողմում կա 3 տող արձանագրություն․ «Այս է հանգիստ Փանոսին»։ Տապանաքարը նախորդի ժամանակակիցն է, Փանոսը՝ նույն գերդաստանի անդամը։
Բակի հյուսիսարեւմտյան անկյունում գտնվող խաչքարի քիվին արձանագրված է․ «Ես, անարժան Աթանես երեցս, կանկնեցի խաչս փրկություն հոգվոյ իմոյ․ թվ․ՌԹ․/1560/։
Բակի արեւելյան մասում գտնվող փոքր, օրորոցաձեւ տապանաքարի վրա անարվեստ գրչությամբ արձանագրված է․ «Սուրբ խաչս բարեխոս․․․-ի փրկության․ թվ․ ՌԿԲ/1613/։ Կազմող՝ Էլիաս։
Բակի հյուսիսարեւմտյան մասում պահպանված խաչքարի քիվին ու շրջանակներում արձանագրված է․ «Սուրբ Խաչս բարեխոս մեղավոր Մկրտչին՝ հայրն Ստեփանոսին, Սահակին»։ Բարխուդարյանի կարծիքով՝ այն 16-րդ դարի կերտվածք է։

Բակի արեւմտյան մասում պահպանված խաչքարի քիվին պահպանված է 1 տողանի արձանագրություն․ «Սուրբ Խաչս բարեխոս Տեր Մաթոսին։
Նախորդին կից մեկ այլ խաչարի քիվին կա մեկ տող արձանագրություն․ «Սուրբ Խաչս բարեխոս Մարիանին։
Նրան հարավից կից մեկ այլ խաչքարն էլ բովանդակում է հետեւյալը․ «Սուրբ Խաչս բարեխոս Աթիան։

Տարածքում սահքի պատճառով առաջացած փոսերից կարելի է ենթադրել, որ հողի շերտի տակ հնարավոր է թաղված լինեն այլ խաչքարեր ու տապանաքարեր, շինությունների հետքեր, ինչպես որ մի շարք այլ հնավայրերի դեպքում է։
Պատմական այս գերեզմանոցում հուղարկավորվել են ինչպես հոգեւորականներ, այնպես էլ աշխարհիկ մարդիկ՝ ունեւորներ կամ արհեստավորներ։ Այստեղ պահպանված տապանաքարերից ամենահետաքրքիրը վարսավիրի տապանաքարն է, որի վրա պատկերված անձի ձեռքին ցայտուն կերպով երեւում է վարսավիրի մկրատը։
Շորգոլի կամ Պողոս-Պետրոս վանքը Նորատուսի, ինչպես նաեւ Գավառ համայնքի այլ բնակավայրերի համար շատ վաղ ժամանակներից համարվում է ուխտատեղի ու սրբավայր, ուր մարդիկ այցելում են թե՛ ազգային եկեղեցական տոների, թե՛ սովորական այլ օրերի ընթացքում։ Պատմական այս վայրում այցելուներին ներշնչում ու ոգեւորում են ազգային ու ազգապահպան արժեքները, որոնք մեզ ավանդել են մեր քարագործ վարպետներն ու գրագետ կազմողները՝ հայկականության դեմքը փրկելով ու պահ տալով հետագա դարերին ու սերունդներին։ Եվ սա մի անկրկնելի, հրաշալիքներ կրող վայր է Նորատուս գյուղի հյուսիսարեւելյան կողմում, Սեւանա լճի ափին, որտեղ այնքան ներդաշնակորեն իրար են միաձուլված պատմության ու բնության գեղեցկագույն հուշարձանները։
Խոսրով Խլղաթյան