Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հայրենական Մեծ պատերազմի սարուխանցի 104 տարեկան վետերան Մեխակ Ավետիսյանին շնորհավորական ուղերձ է փոխանցվել ՌԴ Նախագահից ու դեսպանատնից

Ռուսաստանի դեսպանությանն առընթեր պաշտպանության հարցերով կցորդի ապարատի աշխատակիցները շնորհավորել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի բնակիչ,  Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Տիգրանի Ավետիսյանին՝ նրա 104-րդ տարեդարձի կապակցությամբ և փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը, ՌԴ դեսպանատան աշխատակիցներն անձամբ են այցելել Մեխակ Ավետիսյանին, զրուցել նրա հետ, կիսվել տպավորություններով, իսկ Մեխակ Ավետիսյանն էլ իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահին ու դեսպանատան աշխատակիցներին՝ իր հանդեպ ցուցաբերած հարգանքի ու գնահատանքի համար։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մեխակ Ավետիսյանը պաշտպանել է Պսկովը, 242-րդ առանձին զենիթահրետանային դիվիզիոնի կազմում կռվել է Ստարայա Ռուսայի մոտ՝ հյուսիս-արևմտյան ճակատում։ Հետագայում, 2-րդ Բալթյան ճակատի կազմում, մասնակցել է Լատվիայի ազատագրմանը, որտեղ էլ դիմավորել է ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակը։ 1945 թվականի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին մասնակցել է ճապոնիայի միլիտարիստներից հյուսիս-արևելյան Չինաստանի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանով, «Կարմիր Աստղի» շքանշանով, «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով և բազմաթիվ մեդալներով։  Զորացրվել է 1945 թվականի դեկտեմբերին, իսկ 1946 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի: Մեկ տարի դասավանդել է Գեղարքունիքի դպրոցում, իսկ հաջորդ տարվանից մինչեւ 2005 թվականը՝ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1975-1987 թվականներին աշխատել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնում: Կրթել ու կյանք է ճանապարհել հազարավոր սերունդներ: Թոշակի անցնելուց հետո գրել եւ հրատարակել է հայրենի եզերքին նվիրված գրքեր: Ունեցել է երեք զավակ, 27 թոռ եւ ծոռ:

«Նա մոտ 100 տարեկան հասակում հեղինակեց  «Սարուխանի հերոս զավակը»  գիրքը, որը  պատմում է իր ծոռ, Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած Հակոբ Արայիկի Հարությունյանի կարճատեւ, բայց անմահացած կյանքի մասին: Մեխակ Ավետիսյանի կյանքը, իրոք, նման է լեգենդի։ Այս տարիքում էլ նա շարունակում է ապրել իր հայրենիքի, շրջապատի հոգսերով, մարդկանց լավատեսություն ներշնչելով։ Վերջերս էլ մեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվը սիրով ընդունեց Մեխակ Ավետիսյանին, ու այդ հանդիպումը վերածվեց շատ սպասված ու շքեղ միջոցառման, երախտագիտության անմոռաց դասի»,-ներկայացրեց Հայկ Մուդոյանը։

Գեղամա աշխարհ

23 դիտում