
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցում տեղի է ունեցել հայ նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին նվիրված միջոցառում։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր։
Միջոցառման ընթացքում հնչել են մեծանուն արվեստագետի անմահ ստեղծագործությունները, որոնց միջոցով մասնակիցները ևս մեկ անգամ արժևորել են նրա անգնահատելի ավանդը հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում։
«Առնո Բաբաջանյանը՝ հայ երաժշտության լուսաշող նվիրյալը, թողել է ստեղծագործական գեղեցիկ ժառանգություն, որն այսօր էլ ապրում է ու շարունակում ոգեշնչել ապրողներից։ Նրա մեղեդիներում կա և՛ հայրենասիրություն, և՛ սեր, և՛ մարդկային հոգու անկեղծություն։ Նրա ստեղծագործական ողջ ժառանգությունը հայ հին ու նոր երաժշտության հանճարեղ համադրությունն է, որն ապրում է մեր հոգիներում ու կապրի գալիք դարերի մեջ։ Այս միջոցառումն էլ ստացված ու յուրօրինակ հարգանքի տուրք էր մեծանուն հայ երգահանի հիշատակին ու թողած ստեղծագործական ժառանգությանը»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։
Գեղամա աշխարհ