/
Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/
Խնդիրները ոչ թե անհատական տեսանկյունից են դիտարկվում, այլ անցյալից ներկա և ներկայից ապագա ավանդվող բարոյական սահմանների։ Որքան էլ Թևիկի ընտանիքում բարիք ավանդելու նախապայման լիներ նոր կնոջ մուտքը, այն ամենից առաջ պետք է ընդունելի և ըմբռնելի լիներ հասարակության կողմից։ Հասարակության մեջ գերակա գործոն էր հարազատների շրջանակը, որում նաև անձնական թշնամանք կար Թևիկի նկատմամբ։ Այդպիսին էր Թևիկի իրականությունն ու նրա ճակատագիրը, որը միայն նրանը չէր․ «Բայց այդ ճակատագիրը դուրս է գալիս անհատի սահմաններից, ասում է Կ․ Աղաբեկյանը, — նկատելի ու աննկատ թելերով կապվում միջավայրի սահմաններին, միախառնվում մարդկային այլ ճակատագրերի հետ, բեկվում ու անդրադարձվում հասարակական կյանքի, մարդկային հարաբերությունների լայն կապերի մեջ՝ դառնալով ժամանակի նշանը խտացնող անխարդախ վարքաբանություն ու գեղարվեստական ամփոփագիր»։
Շուշանը արհամարհում է նորահարսին, և իր ծանրակշիռ գործոնը տեգոր ու նրա երեխաների նկատմամբ ի ցույց դնելու համար արձակում է Թևիկի դստեր մազակալը, որը մայրացուն էր կապել։ Նորահարսից գլուխն ազատելը Շուշանի համար դառնում է կարճ ժամանակամիջոցում լուծվող խնդիր, իսկ մեծ Պեպենը իր ազնիվ հորեղբորը դեմ է անում հիվանդոտ քենուն։ Ընտանիքը վերականգնելու Թևիկի հույսերն ի դերև են լինում․ «…Թող ձեր խոսքը լինի,-հայտնում է նա,-առանց ձեր համաձայնության էի բերել, ուրեմն արժանի չէր, որ նա էս գյուղում մնար»։
Թևիկի մեջ եղբոր որդիների նկատմամբ անբեկանելի են մնում սերը, պարտականության զգացումը, նրա մեջ շարունակում է գործել կորսված հարազատի ընտանիքը, ունեցվածքը պաշտպանելու մղումը։ Սակայն նրա վերաբերմունքը համարժեքորեն ո՛չ ընկալվում և ո՛չ էլ գնահատվում է Վերանի և նրա եղբայրների կողմից։ Վերջինս, գյուղապետարանում պաշտոն ստանալուց հետո, առավել բարձր ու առավել հաղթական է կարծում իրեն հորեղբոր նկատմամբ, նրա տեսանկյունից հորեղբայրը մշտապես մեղավոր է հին ու անցած պատմության համար։ Առանց երկմտելու, մեծ Պեպենը, գրասենյակի մոտ՝ մարդկանց աչքի առաջ, մի հարվածով տապալում է հորեղբորը՝ ոչ այնքան ֆիզիկական ցավ պատճառելով, որքան նվաստացնելով և անարգելով նրան։
Շուշանի որդիները միմյանց հետ սիրով հարաբերվող եղբայրներ չեն, և ոչ էլ իրենց մոր երբեմնի խայտառակությունն են գիտակցում՝ որպես սեփական անպատվություն, սակայն նրանք «միասին են ատում» Թևիկ հորեղբորը։
Ծանր վշտերի, որբության և հարազատների նենգության մեջ անգամ Թևիկն անխարդախ է մնում, նա բարձր ու անգերազանցելի է մնում իր բնույթով, իր բարությամբ, ազնվությամբ։ Արտաքին աշխարհին նա չի համապատասխանում՝ չլինելով նրանց պես հաշվենկատ։ Նա մաքուր է մնում իր խղճի առաջ։
Թևիկը աշխատում է, իսկ մյուսները վայելում են կյանքը, իր գյուղական համեստ հողակտորը հարևանների բակերի առաջադիմությամբ տարեցտարի ավելի ու ավելի համեստ է դառնում, սակայն իր աշխատանքի մասն են կազմում թե՛ պետական ոչխարները և թե՝ ոչ պետականները, սովորական գործերի մեջ անգամ որևէ օգնող չունի․ դանակը մորթվող խոզի փորում կենդանին ձեռքից փախչում է։
Թևիկի հետ պատահած դժբախտությունները և գալիք նորերը գուցե բացում են նրա աչքերը, սակայն չեն լցնում նրա սիրտը չարությամբ․ նրա մեջ գործող մարդը անեղծ մարդն է։ «Առավել ընդհանուր դեպքերում կյանքի անանձնական ոլորտի մեջ հիասթափություն ապրած, արտաքին հանգամանքների դեմ իր անզորությունն զգացած մարդն ապավինում է կյանքի անձնական ոլորտին, անցնում ներհոգեկան վերափոխումների միջով, որոնում հանգամանքներին դիմակայելու հնարավոր միջոցներ, դրանցից օգտվելու, դրանք իրեն ենթարկելու ճեղքեր, դառնում ճարպիկ ու խորամանկ», — նկատում է Կ․ Աղաբաբյանը։ Այս տողերը պատշաճ կերպով ներկայացնում են Շուշանի որդիների անցյալն ու ներկան, նրանց ապրումներն ու հոգեվիճակը, դժվարությունները հաղթահարելու կարողությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում նաև՝ իրավիճակի տերը դառնալու ճկունությունը։ Մինչդեռ, Թևիկի կյանքը հակադիր պատկերն ունի։

Մաթևոսյանի ազնիվ հերոսը ո՛չ իր անցյալի, ո՛չ ներկայի, ո՛չ էլ ապագայի տերն է, նա իր կամքով ընտրած կնոջ հետ ապրելու ճանապարհ անգամ չի կարողանում հարթել, ուստի զրկված է և՛ անձնական կյանքից և՛ սովորական հարաբերությունների մեջ սեփական տեսակետը հայտնելու իրավունքից։
«Տերը» վիպակը Հ․ Մաթևոսյանի գաղափարական խտացումներով լի երկերից մեկն է։ Այստեղ էլ, ինչպես գրողի բազմաթիվ ստեղծագործություններում, ուշադրության առարկա է դառնում Ծմակուտը՝ իր հին ու նոր խնդիրներով, հոգսերով ու ուղերձներով։
Մեծ թվով երիտասարդներ տեղափոխվում են քաղաք՝ սովորելու և աշխատելու։ Սոցիալիստական հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացումների ֆոնին, անխնա կերպով օգտագործվում են համայնքների բնական միջոցները։ Գյուղի նոր Տերերը գյուղաշխարհի հետ հարաբերվում են ի պաշտոնե։ Այս իրողությունների համատեքստում «Տերը» վիպակը դառնում է հայրենի եզերքի, սեփական հոգեկերտվածքի, նախնիների թողած հոգևոր-նյութական ժառանգության, նրանց կենսափորձի տերը լինելու աննկուն պայքարի միջավայր։ Այդ պայքարը չի հասնում ցանկալի արդյունքների, քանի որ պայքարողների շրջանակը նեղ է և աստիճանաբար հարմարվում է իշխանությունների առաջադրած պահանջներին ու պայմաններին։
Հարցի էությունը լիարժեքորեն պատկերացնելով, Հ․ Մաթևոսյանը ցույց է տալիս, թե ինչպես է արտաքին աշխարհի ներգործությունը առավելություն ձեռք բերում գյուղական դարավոր արժեքների նկատմամբ։
Ռոստոմը ազնիվ գյուղացու լիարյուն խտացում է, որը գյուղի, նրա բնական հարստությունների, հոգևոր-բարոյական և նյութական արժեքների, ավանդա-կանության, արժանապատվության պահապանն է։ Սակայն նա միակն է պահպանողական դիրքերի անսասանությամբ, քանի որ գյուղի կամքը խոնարհվել է ձևավորված հանգամանքների առաջ։
Մաթևոսյանը վիպակն ավարտել է դրական տրամադրությամբ՝ մատաղ սերնդի մեջ տեսնելով Ռոստոմի անավարտ գործը շարունակողներին։ Երեխաները հասկացել են, թե որն է Ռոստոմի առաքելությունը, ըմբռնել են նրա ու նոր տերերի գործելաոճերի տարբերությունը։ Նոր տերերին ուղղված երեխաների արհամարհանքը վկայում է այն մասին, որ նոր սերունդը արժևորում է Ծմակուտն իր ավանդական կաղապարի մեջ, հոգևոր և նյութական ժառանգությամբ հանդերձ և լինելու է իր գյուղի և իրեն ավանդված արժեքների Տերը։
«Տաշքենդ»-ի հոգևոր-բարոյական միջավայրը նույնպես պահպանության կարիք ունի, սակայն այդ միջավայրի կրած փոփոխությունները մեծ հաշվով առաջացել են պատերազմի և ոչ թե երկրում սոցիալ-տնտեսական տեղաշարժերի հետևանքով։ Հերոսների մի մասը (օրինակ՝ Ջանդառը) իր հոգևոր աշխարհում, իր գործունեության մեջ շարունակում է հազարավոր թելերով կապված մնալ իրեն ավանդված արժեքներին։ Այս մարդկանց հետաքրքրում են թե՛ իրենց գյուղից հարս գնացող, թե գյուղ եկող հարսների վարքագիծն ու հետագա ճակատագիրը, նրանք անտարբեր չեն անգամ իրենց գյուղի ձիու ճակատագրի նկատմամբ։ Նրանցից յուրաքանչյուրին առավել խորությամբ անհանգստացնում է սեփական ընտանիքի բարոյականության մակարդակը՝ լինի այդ ընտանիքի հարսի, պատանի որդու, թե մեկ այլ անդամի վարքով պայմանավորված։ Նրանց միջավայրին պատկանող, նրանց բարոյական շնչով դաստիարակված մարդիկ, շարունակում են բարության, ազնվության, խոհեմության օրինակներ լինել, ինչպիսին Թևիկն է։ Թևիկի ողջամտությամբ ներվում է Շուշանի և՛ հին մեղքը, և՛ նոր մեղքը (նորահարսի վտարումը), և եղբորորդիների անարդարացի չարությունը, նենգությունը։ Ո՛չ կյանքի դառնությունները, ո՛չ ծանր ու տևական աշխատանքը, ո՛չ եղբորորդիների արհամարհական, ստորացուցիչ վերաբերմունքը չեն կարողանում խաթարել, բեկել Թևիկի մարդկային բարձր արժանապատվությունը, մարդ մնալու գիտակցությունը, եղբոր այրուն, որբերին, նրա օջախին հովանի լինելու մեծահոգությունը։
Ավանդականությանը հավատարիմ հերոսները, տրամաբանորեն, համարժեք վարքուբարք են ակնկալում նոր սերնդից։ Այս դժվար լուծվող խնդրի պատասխանատուն դառնում են Ջանդառը, Օհանը, Թևիկը, Վարդոն, Նիկալը, Սիմոնը, Փառոն և ուրիշներ։ Ջանդառի ուշադրությունը նորահարսի նկատմամբ, Վարդոյի ներողամտությունը Շուշանի հանդեպ, Օհանի եղբայրական հովանին Թևիկի վրա, այս ամենը վկայում են հերոսների համեստության, ավանդականության, նրանցում արմատացած արժեհամակարգերի մասին։ Նիկալն ու Փառոն իրենք խնամակալների կարիք ունեն ծերունական տարիքի մեջ, մինչդեռ նրանց կերպը, որակը, հարահաս, անդադրում տեսակը չի կարող աչք փակել կարիքի մեջ գտնվողի վրա։ Ժամանակը զրկել է նրանց սիրելի, հարազատ մարդկանցից, սակայն անզոր է եղել զրկելու երկաթե կամքից, հոգևոր-բարոյական արժեքներից։ Այս տեսանկյունից Թևիկի (որը Շուշանի և նրա որդիների և մշակն է, և տնտեսվարը, և հնձվորը) դիրքերը ավելի ամուր են, քան պետական պաշտոն զբաղեցնող եղբորորդունը։ Վերանի ձեռքբերումը ընդամենն ամրագրված է թղթի վրա և կարող է այսօր կամ վաղը փոփոխության ենթարկվել, մինչդեռ Թևիկինը՝ հոգում ամրագրված ձեռքբերում է։