
2025 թվականի հուլիսի 26-ից Սևան քաղաքում ներդրվել է թափոնների տեսակավորման նոր համակարգը, ինչի արդյունքում էլ անցած տարվա վերջին հինգ ամիսների ընթացքում տեսակավերվել և Հրազդանի կենտրոնական աղբավայր է տեղափոխվել 13 տոննա 210 կիլոգրամ աղբի թափոն։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ արդեն 6 ամսից ավելի սևանցիները աղբահանության ոլորտում քայլ առ քայլ ձևավորում են նոր մշակույթ:
Կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են՝ թաղամասերում, փողոցներում, հասարակական նշանակության շենք-շինությունների հարակից տարածքներում, առանձնատների բակերում, հուշում են, որ վերամշակելի թափոններն այսուհետ ունեն իրենց համար հատկացված տարաներ:
Վերամշակելի թափոնները «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը, Սևանին նվիրաբերված թափոնատար մեքենայով տեղափոխվում են Հրազդանի սանիտարական աղբավայր, որտեղ էլ ստանում են «երկրորդ կյանք»:
Համաձայն «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ներկայացված վիճակագրական տվյալների՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տեսակավորման թափոնամաններից տեղափոխվել է 400 կգ ապակի, 10360 կգ ստվարաթուղթ և թուղթ, 600 կգ մետաղ, 50 կգ պոլիէթիլենային տոպրակ, 1800 կգ պլաստիկ:
«Իհարկե, ինչպես տեղեկացնում են ՍՊԸ-ից, տեղափոխվող թափոններն ամբողջովին տեսակավորված չեն եղել. Հրազդանի սանիտարական աղբավայրում դրանք ևս մեկ անգամ տեսակավորվել են, որի արդյունքում 26090 կգ թափոն տեղափոխվել է աղբավայրի՝ ընդհանուր օգտագործման բջիջ: Աղբահանությունից թափոնների կառավարման անցումը հնարավոր է բոլորիս պատասխանատու վերաբերմունքի և քաղաքի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի շնորհիվ:
Սևանում սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, և իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։