Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/

Պետք է նկատել, որ ղարաչու ինքնարդարացման ջանքերը, որքան հեռուն են գնում, այնքան խորքից և ամբողջապես են բացահայտվում նոր ժամանակների ապականվող, բարոյալքվող իրականության բոլոր կողմերը։ Նա ապրում է այն իրականության մեջ, որի մեջ հայտնվել են ամենքը, և հասարակությունը այդ հանգրվանին հասել է ոչ թե այս կամ այն անհատի վարքի ու գործունեության, այլ՝ պատերազմի հետևանքով։ Մարդը կանգ է առել պատերազմի ծնած չարիքների և նրա առաջացրած աղետալի հետևանքների առաջ։ Հերոսուհու ինքնարդարացումը նշանակում է, որ հանրության բարոյական արժեքների մեջ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել։ «Հասարակությունը՝ որպես ամբողջական մարմին, — գրում է Վ․ Գրիգորյանը, — երկար ժամանակի մեջ ձևավորել է նորմեր, որոնք նպաստում են դրա կենսագործունեությանը։ Տեղի ունեցող կատակլիզմները խաթարում են ոչ միայն տնտեսությունն ու հաշմում են հասարակական օրգանիզմը, այլև փլուզում են հարաբերությունները, որոնք մշակվել են դարերի ընթացքում»։

Խաթարված իրականության մեջ, աստիճանաբար բարոյալքվող միջավայրում, մարդն իր առջև ծառացած խնդիրները փորձում է լուծել՝ հաշվի չնստելով ազգային և կրոնական արմատացած նորմերի հետ։ Ազգականների, բարեկամների հետ ամուսնական կապը հայոց մեջ մերժվել է դեռևս Ներսես Մեծ Կաթողիկոսի (4-րդ դար) ժամանակներից, որի արձագանքները գրի են առնվել հայ մատենագիրների կողմից (Փավստոս Բուզանդ)․ «․․․Ամուսնության մեջ լինել օրինավոր, — նշում է Ռ․ Նահապետյանը, — չխաբել, միմյանց դեմ դավ չսարքել, հեռու մնալ ազգակցական մերձավոր, խառնակ ամուսնություններից, մանավանդ հարսների հետ մերձավոր կապերից»։

Թևիկի կյանքի այս դրվագը, ինչպես ասացինք, վկայում է նաև ամբողջ հասարակության բարոյական անկման միտումների մասին։ Շուշանն իր ժամանակի զոհն է, և նրա վարքը կրում է նույն ժամանակի կնիքը։ Սակայն Շուշանի և Թևիկի միջև վաղուց պատահած դիպվածը միակը չէ, որով բացահայտվում է ղաչաղի հոգու և մտքի հրաժարումը ամուսնու հիշատակի և նրա հարազատների նկատմամբ։ Պատերազմի օրերից տարիներ են անցել, անցել է և խոնարհումը Ակոփի հիշատակի առաջ։ Շուշանը՝ «գնացքը սահուն, հասակն ուղիղ, բերանը սեղմած, վշտացյալ աչքերը չոր», ապրում է աննահանջ, չարակամ, իշխանության ձգտող կյանքով։ Նա իր մեջ ուժ, կարողություն և համառություն է ունեցել՝ միայնակ մեծացնելու երեք երեխաներին և հպարտ է դրանով․ «Երեք տղես կուշտ ու հագնված, վառելիքս ուրիշի շալակով դռանս բերած դարսած, կովիս խոտը խորոմած դիզած, կարտոլս հանած- հորած ու ես էլ Տիգրանի աղջիկ Շուշանն եմ – իմ կյանքի ուղղությունը ուրիշի քոռերը չեն որոշելու» ։ Շուշանի անցյալը շատերին է հայտնի, ուստի Ակոփի լուսանկարը նոր տան պատին փակցնելը կարող էր զուտ ձևական բնույթ կրել։ Նկարի բացակայությունն իր հերթին կարող էր խոսք ու զրույցի առիթ հանդիսանալ։ Առաջին հայացքից թվում է, թե Շուշանը՝ Ակոփի նկարն ունենալու իրավունքը ընտանիքի փոքր որդու մենաշնորհը դարձնելով վերը նշված խնդիրներն է հարթում, մինչդեռ իրականում նրա օջախում լուսանկարն ունենալու անհրաժեշտությունը չկա։ Ակոփը Շուշանի անցյալն է, ավարտված պատմություն։ Բարոյալքված մի կնոջ համար քիչ հավանական է նկարի պահպանությամբ ավանդականությունը պահպանելու հեռատեսությունն ունենալը։ «Նա տեր չի կանգնում նկարին, այլ կերպ՝ ավանդույթին, ընտանեկան սրբությանը, դա միայն ավելորդ բեռ է նրա համար», — կարծում է Վ․ Գրիգորյանը։

Շուշանի համար ավելորդ բեռան պես է նաև հալիվորը, որի մեջ ամուր արմատներ ունեն ավանդույթները։ Քանի դեռ նա երիտասարդների կողքին է, նրանք չեն կարող սրտի ուզածի պես տնօրինել իրենց կյանքը։ Այսպես է խորհում Շուշանը, որը կամ ազատություն է ակնկալում՝ սրտի ուզածն անելու համար, կամ մի ողջամիտ խորհուրդ հալիվորներից, որին հետևելով կարելի է անշեղորեն առաջ ընթանալ։

Մաթևոսյանի այս ստեղծագործության մեջ Շուշանը այրի կնոջ միանձնյա և հավաքական կերպար է, որի միջոցով հեղինակը միտում ունի ներկայացնելու իր ընտրած ժամանակամիջոցում և կենսական պայմաններում միայնակ կնոջ դժբախտությունը։ Այրի կնոջ կյանքը առհասարակ դյուրին լինել չէր կարող, իսկ Շուշանի պարագայում ծանրակշիռ գործոն է նաև տարիքը։ Նրա ծաղկուն հասակը դժվարությամբ կհաշտվեր տղամարդու բացակայության հետ, եթե դրան էլ գումարենք այն, որ նա ի բնե չար էր, ապա արդյունքում տեսանելի կդառնա հերոսուհու ամբողջական կերպարը։ Շուշանի չարությունը խորացրել էին նաև ծանր ժամանակները, նահապետական գյուղը, որի հետ նա անհաշտ էր։ Շուշանն իր հերթին չարություն էր սերմանել իր երեխաների մեջ, ինչը անհետևանք մնալ չէր կարող։

Մի անգամ Շուշանը համարձակվում է զավակների առաջ աներկմտանք հայտարարել, որ Նիկալն այլևս նրանց պապը և Փառոն էլ նրանց տատը չէ, որ նրանց տանն այլևս ոչինչ եղբայրներին չի պատկանում, որ նրանք այլևս Մելիքյան են և միայն իրենից են ծնվել։ Չարության սերուցքով սնված երեխաները մորը չեն զիջում և խոսքից գործի են անցնում՝ դիմելով դաժան արարքների․ ջրում խեղդում են սպիտակ ուլին, որը Ակոփի ու Մանվելի խորհրդանիշ-մատաղացուն էր, մասնակի կտրում, օճառաջրով հագեցնում են սեփական բակի բերքատու խնձորենին, որը Նիկալը տարիներ առաջ Ակոփի անունով էր պատվաստել, Ակոփի նկարը պատից պոկում, հորում են հողի մեջ։ Այդ ամենից տեղյակ Թևիկը Շուշանի առաջ կանգնում է «մորթելու պատրաստ մատաղի գառան պես»։

Շուշանը խոնարհվող տեսակ չէ։ Վարդոյից հետո տան շեմքը հատած Թևիկի նորատի կինը ընտանիքում սեր ու պատշաճ ընդունելություն չի գտնում, սակայն այդ Շուշանն է, որ հանդգնում է նորահարսի անելիքը ուղիղ նրա ճակատին ասել․ «Հիմար ու հպարտ, որ որդիները աշխարհը կառավարում են, սև ղարաչին ձեռքով ասել էր՝ գնա՛, թաքուն հասկացրել էր, որ գործը վճռված է»։

Այս իրողությունը մեզ համար բացահայտում է Մաթևոսյանի՝ հայոց մեջ ազնվականության անկման տենդենցների արտացոլումը։ Իրականությունը, այո՛, բազմադիմի է, պատերազմը, այո՛, լի է չարիքներով, և իրավամբ Շուշանի շուրջ ծավալվող իրադարձությունները, նրան բարոյական անկման տանող գործոնները բազմաթիվ են և ծանրակշիռ։ Սակայն բարոյական նորմերը, որոնք հազարամյակների ծնունդն էին, նույնպես մեծ աղետների միջով են ուղեկցել այն մարդկանց, ովքեր իրական բարոյականությունը փոխանցել են նոր ժամանակների ղարաչիներին, Թևիկներին և Ջանդառներին։ Այն նույնպես խոցելի է եղել ժամանակի մարտահրավերների առաջ, բայց չի խոցվել։

Կյանքի տարբեր խառնարաններով է անցել նաև Օհանը՝ նույն ընտանիքի անդամներից մեկը, նա, որ այնքան անցանկալի իրադարձությունը տեսել է, սակայն համարում է, որ «սխալ է տեսել», դառնորեն գիտակցում է, որ նման բան եղել է, սակայն նրա մարդկային տեսակը հայրերից ու պապերից նրան փոխանցված ավանդական որակները թույլ չեն տալիս մտածել անգամ իր տեսածի մասին։ Փոխարենը նա գտնում է Թևիկին «բուժելու» ուղին․ իր հետ տանում է սար և ողջ ճանապարհին հանդիմանում, ավագ եղբոր իր դիրքերից մատնացույց է անում  կրտսերի տեղն ու կարելիի սահմանը։ Թևիկը գնում է Օհանի ձիու ետևից, ինչպես «մի վիրավոր շուն» կամ՝ «տրորված ծաղիկ», գնում է, որպեսզի Օհանն իր հասակը շտկի։ Օհանին շրջապատող սարվորները, մարդիկ, ովքեր հարգանքով էին վերաբերվում Օհանին, գյուղի իրադարձություններին քաջատեղյակ լինելով, լռում են Օհանի առաջ։

Պատահական չէ, որ Օհանի մասին խոսելիս Մաթևոսյանը նրան «սարերի թագավոր մեր ախպեր» է անվանում։ Այս հանգամանքը մի կողմից ընդգծում է նրա գործունյա բնույթը, մյուս կողմից՝ մարդկանց հարգանքին, մեծարանքին արժանի լինելը։ Սա վերստին ապացուցում է, որ այս երկում ավանդականության պահպանողներից մեկն էլ Օհանն է։ Նրա ձեռքում մի կողմից ավագի իրավունքն է, մյուս կողմից հասարակության ըմբռնումը այդ իրավունքի նկատմամբ։ Օհանի ազնիվ հեղինակությունը հասարակության մեջ, նրա հանդեպ հարգալից վերաբերմունքը արտահայտվում է նաև մի պարզ նախադասությամբ՝ «նրա հարգանքի առաջ մեզանից ոչխա՞ր տանեին, իրենց օտար դռներին մեզ երեք օրվա գերի՞ պահեին»։

Ակոփը, Մանվելը, Օհանն ու բազմաթիվ այլ մարդիկ զոհվել ու ոչխարների պատմության, Թևիկի հետ պատահած դիպվածի հետ մեկտեղ մնացել են անցյալում։ Արդեն հասուն տարիքում Թևիկի բախտի անիվն ուղիղ ճամփով է ընթացել․ երիտասարդ կինը՝ Վարդոն, սիրել է նրան, հեռու է պահել տան ու հանդի գործերից։ Վարդոն տղամարդու պես գնացել է խոտհունձի, ինքն է եղել տան տիրոջ և տան ծառայի ծանր դերերում, սակայն այդ մասին իմացել են իրենք՝ ամուսիններն ու  ամենամտերիմները։ Վարդոն մտերմաբար ծիծաղել է ամուսնու չարչարանքների, խոտհունձի մեջ մղվող նրա պայքարի վրա, իսկ Թևիկը ճանաչել է նրա հարազատությունը և երբեք չի նեղացել նրանից․ «…Վարդոն ծիծաղում էր, ինչպես որ մայրը իր երեխայի վրա սիրելով ծիծաղի, ու Թևիկի չարանալն էլ՝ ինչպես որ երեխան ետ դառնա ու մոր առաջ լեզու պտտի»։ Նա և՛ սեր ու հոգածություն, և՛ իշխանություն է ունեցել ամուսնու վրա։ Խոտհունձին մասնակից մյուս կանանց հետ Վարդոն իրեն թույլ է տվել խմել, մինչդեռ ամուսնուն՝ միայն բաժակաճառ ասել, որից հետո խմիչքը վերցրել է նրա ձեռքից։ «Ամուսնու ձեռքից բաժակն առնելու այդ արարքը օտար աչքի ներկայությամբ Վարդոն իրեն թույլ չէր տալիս, միայն՝ երբ այսպես մենք ու մենք էինք լինում»,-ընդգծում է հեղինակը։

Վարդոյի լուռ գործունեությունը, նրա նվիրվածությունը սեփական ընտանիքին և ամուսնուն այս հերոսուհու և «Աշնան արևը» վիպակի նանի միջև զուգահեռներ անցկացնելու պատեհ առիթ են ստեղծում։ Այս կանանց միջև բազմաթիվ ընդհանրություններ կան․ նրանք լուռ են հասարակության առաջ և ներողամիտ են սեփական անհաջողությունների հարցում, սիրառատ և հոգատար են իրենց ամուսնու նկատմամբ, իրենց ունեցվածքի կազմակերպողն ու տնօրինողն են, իրենց օջախի տերն են և ծառան են միաժամանակ։

Զուգահեռներ անցկացնելու առիթ է նաև կյանքի անակնկալներին փորձառությամբ նայելու նրանց բնավորությունը։ Նանը փոխանցում է իր կյանքում քննություն բռնած դասը․ «Որդին հարսինն է, աղջիկը՝ փեսայինը․ շաղ են գալիս՝ տանը մնում ես մենակ․ լավ է, թե վատ՝ մարդն է քոնը․ ամեն մեկը իրենը գտնում է, քոնը քո մարդն է»։ Վարդոն էլ դաս է առնում իր ավագ բարեկամուհուց․ «… Անցյալը թաղում ու վրան քար են գցում, այնուհետև քո մշակն է, ինչ բանեցնես՝ էն է բանելու, ինչ ուղղություն տաս՝ քո ուղղությամբ է գնալու»։ Այս հերոսուհիները հանդուրժող մարդիկ են, նրանք ներողամիտ ու հաշտ են աշխարհի հետ։

Մի օր էլ Թևիկի բախտի անիվը թեքվում է։ Վարդոն, որ երկու մանկահասակի մայր էր, անհաջող հղիության հետևանքով ձեռքից գնում է։ Մինչ ղաչաղը զբաղվում է գյուղում սուտ լուրեր տարածելով՝ իբրև կնոջը Թևիկն է թունավորել, Սիմոնը՝ իր գործը թողած, շտապում է սար՝ փոխարինելու Թևիկին, որպեսզի վերջինս հասնի հիվանդանոց։ Իր օգնությունն է տանում նաև ծերության մեջ մոլորված Փառոն, սակայն ճամփին մոռանում է իր ուր գնալը։

Վարդոյի թևերի հովանին, սերն ու հոգածությունը, ջերմությունը, հարազատությունը կորցրած, երկու որբերի հետ ինքն էլ որբացած Թևիկը դիմում է ինքնուրույն ապրելու հոգսին․ նոր կին է բերում։ Այդ փոփոխությունը նկատվում է և՛ միջավայրում, և՛ ընտանիքում, ուր Շուշանը բացահայտ ծաղրի է ենթարկում տեգրոջը։

/Շարունակելի/

23 դիտում