/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/
Անդրոյի մայրը կենդանի է, և մշտապես հետաքրքրվում է որդու գործերով, հոգում ու անհանգստանում է նրա համար՝ «Անդրանի՜կ, էդ ո՞վ է խոտ բերում»։ «Անդրանի՜կ, մեղուն վայ թե ձագ է տալիս»։ Անդրոն լսում է, պատահում է՝ արձագանքում է, պատահում է՝ ոչ, բայց միշտ մորը վերաբերվում է հարգանքով, համբերությամբ՝ անգամ հոգնության ու զայրույթի պահին։
Ավանդականի և նորի հարաբերություններում, ընտանեկան փոխհարաբերությունների քննության մեջ, Մաթևոսյանի հերոսների գերակշիռ մասը հանդես է գալիս՝ որպես հայոց տան ավանդականության կրող։
Ազգերի պատմական ընթացքի մեջ ձևավորված ավանդույթները այն նախադրյալներն են, որոնք կարող են հիմնարար դեր կատարել հասարակությունների կայունության հաստատման համար: Օրգանական համերաշխությունը, որը բխում է միջանձնային հարաբերություններից, կարող է իրականություն դառնալ միայն ընտանիքի ներսում։ Մաթևոսյանական գյուղաշխարհի խաղաղ համակեցության նախադրյալները հայ ընտանիքի կեցության հնավանդ եղանակները։ Այդ եղանակները սովորությունների, ժառանգորդության և գենետիկ հիշողության ուժով սահմանում են ընտանիքի անդամների տեղը, դերը, գործառույթը, իրավունքներն ու պարտականությունները։ Այս մարդկանց գիտակցության մեջ առաջնային նշանակություն ունեն հարգանքն ու մեծարանքը, սերն ու հոգատարությունը յուրայինների նկատմամբ։ Մաթևոսյանի հերոսները հետևում են կյանքի այս պարզ կանոններին և ապրում են ոչ այնքան բարեկեցիկ, որքան՝ ինքնաբավ կյանքով։ Նրանց առաջնորդողը ներքին բարոյական նորմերն են՝ պատասխանատվության գիտակցումը, տքնաջան աշխատանքով հացը վաստակելու ծանր և բավականություն պատճառող պարտականությունը, անխարդախ բնավորությունը, հաշտ ու խաղաղ համակեցությունը։

«Աշնան արև» վիպակը մեր առաջ բացում է Ծմակուտի լայնահուն կյանքի բազում էջեր։ Փոքր ու նեղ է գյուղը, սակայն մարդկային ու սիրառատ են նրանում ձևավորվող հարաբերությունները։ Ընդարձակվող կյանքը նոր հնարավորութ-յունների, նոր հարաբերությունների տեսլականով հեղաբեկում, փոփոխում, նոր ընթացք է հաղորդում շտապող բնավորություններին։ Այդպիսի բնավորությամբ աչքի է ընկնում Աղունը։ Նրա հայացքը աշխարհին միանգամայն ուրիշ է, որը չի համընկնում Ծմակուտի դարավոր արժեհամակարգի, նրա բարձր արժեքների՝ ավանադույթի, սովորույթի, բարոյականության, մարդկային դիմագծի պահպանության սկզբունքների հետ։ Ծմակուտի արժանի ներկայացուցիչները հավատարիմ են իրենց եզերքին, մինչդեռ փոքր-ինչ հեռվից եկած հարսը չի ցանկանում, և չի կարողանում որդեգրել այն լավագույնը, ընտանեկանը, դարավորը, որը պահպանել է հնամենի Ծմակուտը։
Սիրո, ջերմության և փոխօգնության առանձնահատուկ հիմքերի վրա է խարսխված «Հացը» պատմվածքի՝ ազնիվ գործունեությամբ մի կտոր հացի շուրջ հավաքվող ընտանիքը։ Ամուսինների նպատակը մեկն է, բայց մեծ է, բարձր է, վեհ է և կարելի է իրականացնել միայն մեծ չարչարանքների գնով։ Այդ վեհ նպատակը փոխանցվել է մեզ մեր հեռավոր անցյալից։ Ուստի պատահական չէ, որ ազգագրագետները հայերի բնութագրական կողմերից են համարում նաև ուսումնատենչությունը։
Ազնվագույն աշխարհ է «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հոգևոր աշխարհը։ Վիպակում հովիվների հանրապետությունն իր պաշտպանական բոլոր լծակներով մի ամբողջական, կայացած ընտանիք է հիշեցնում, որտեղ մեկի հոգսը բոլորի հոգսն է։ Այստեղ մանրուքները չեն կարևորվում, ոչ ոք չի հիշում, թե ով և քանի ոչխար է մորթել։ Վիպակում առանցքային տեղ ունի մարդը։ Այս բանը պատահական լինել չէր կարող։ Մեծ գրողը առանձնահատուկ կարևորություն է տվել մարդուն․ «Ես ուզում եմ լինել նրանց ճակատագրի տարեգիրը, նրանց, ովքեր անհատականություն են, բայց ընդհանուր ամփոփագրերում նշվում են որպես մարդկային միավորներ, իսկ մեծ ողբերգակների դրամաներում ներկայացվում են որպես ֆոն, վատ գրողների՝ ամբոխ»[1],-հարցազրույցներից մեկում ընդգծել է Հ․ Մաթևոսյանը։ Մաթևոսյանի հերոսները նույնպես կարևորում են մարդուն, նրա հետ հարաբերությունների որակը։
Այս մեծ ընտանիքում ամուր են ծանոթ-բարեկամական բոլոր հնավանդ կապերը։ Այդ կապերը թույլ չեն տալիս, որպեսզի համագյուղացի Ռևազի ոչխարները գիտակցվեն՝ իբրև ուրիշի ապրանք, որպեսզի մեղադրվող հովիվներից յուրաքանչ-յուրը փորձի օրենքի առաջ ինքն իրեն արդարացնել․ պետք է արդարացվեն բոլորը կամ՝ ոչ ոք։ Հովիվները դատում են օբյեկտիվորեն և ընկերների խնդիրներին նայում են հարազատի տեսանկյունից։
Գիքորը քաղաքին տվել է ամենաթանկը՝ իր զավակին, ինչի հետևանքով ներսում դատարկ տարածություն է գոյացել։ Ժամանակն իր հետ նոր վարքուբարք է բերել և արտաքին գեղեցկությունը դարձել է գրավիչ, իսկ ներքին բարոյականությունը՝ երկրորդական։ Երիտասարդները քաղաքում գայթակղվում են նոր հորիզոնների տեսլականով, ինչի հետևանքով ձևավորվում են մարդկային նոր որակներ և նոր աշխարհայացք, աստիճանաբար փոխվում են բարոյական արժեքները։ Այս բանի վկայությունն է ղազախեցի Սիմոնի ընտանիքը, որտեղ հոր ու որդու փոխհարաբերությունները խիստ անսովոր են․ երեխայի մոտ չի արժևորվում հոր խնդրանքը, իսկ հորը չեն հետաքրքրում երեխայի ներկան ու ապագան։ Մյուս կողմից զգացվում է արտաքին աշխարհի ազդեցության շունչը․ անթիվ հայկական անունների ընտրանու մեջ Սիմոնը որդուն անվանել է Մակբեթ։ Օտար անունը կրող երեխան հեռու է նաև մեծահասակների հետ վարվեցողության կանոններից։ Սիմոնին այլևս հարկավոր չէ կով պահել և ոչ էլ ձեռքով հունձ անել՝ նման գործերն արվում են տեխնիկայով։ Սա նշանակում է, որ փոխվել է մարդու աշխարհայացքը, բարոյական աշխարհը, կենսամակարդակը։ Առևտրատնտեսական նոր հարաբերությունները որոշ չափով թափանցել են Ծմակուտ, որոշ չափով էլ՝ Ղազախ։ Փոխվել է գյուղերի ու գյուղաքաղաքների ընդհանուր դիմագիծը՝ շեղվելով մարդուն ազնիվ պահող ընթացքից։