Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գյուղական այս ներփակ աշխարհում մարդիկ կապված են միմյանց օրգանական կապերով, այդ իսկ պատճառով նրանք սրտացավ են միմյանց նկատմամբ։ Ռևազն ու Պավլեն ամբողջ գյուղի Ռևազն ու Պավլեն են և նրանց հանցանքը բոլորի հանցանքն ու հոգսն է և այս մարդիկ վարժված չեն այլ հարաբերությունների։

Մի ժամանակ սերտ և սիրառատ են եղել հարաբերությունները նաև «Ալխո» («Բեռնաձիեր») վիպակի հերոսների միջև, սակայն այստեղ էլ դրանք ստացել են նոր ձև ու բովանդակություն։ Վիպակում, երիտասարդների քաղաք տեղափոխվելու հետևանքով, գյուղն աստիճանաբար դատարկվում է, արժեզրկվում են երբեմնի ավանդական հայացքները, սովորական են դառնում նոր հարաբերությունները։

Գյուղը բաղկացած է տարբեր ինքնաշեն ինստիտուտներից, որոնցից մեկն էլ վարքուբարքի ինստիտուտն է։ Եթե կին ես, մայր ես, ուրեմն քո չափով պիտի վարես տնտեսության քո բաժինը՝ եփես, մաքրես, լվանաս, հնձվորին ճաշ տանես, առաքինության օրինակ լինես զավակներիդ և շրջապատող աշխարհի համար… Եթե տղամարդ ես, ուրեմն դու էլ քո անելիքներն ունես՝ պետք է վարես, ցանես, հնձես, խոտը տեղափոխես գյուղ… և այդպես տարին բոլոր։ Այս ամենը օրինաչափ է, ենթարկվում է գյուղական մտածողության և նրա ակտիվ  կացութաձևերի բոլոր կանոններին։

Տարիքն առած Գիքորը մեկն է այն գյուղացիներից, որոնք ապրում են այդ շրջապտույտի մեջ։ Նա հմուտ է տնտեսությունը վարելու գործում։ Ուստի բնական է, որ հասուն բերքով ծանրաբեռնված տանձենուն նայելով զայրանում է Անդրոյի վրա․ «Քո տո՜ւնը շինվի, ձեռիցդ հազար է թռչում, դու օրը ցերեկով քուն ես մտնում»։ Նա զայրույթով ու մի քիչ էլ տարակուսանքով է լցված նաև գյուղի հովեկների նկատմամբ։ Նրանցից մեկը մի ծավալուն կին է, մյուսները՝ դեռատի աղջիկներ։ Գիքորի համար այդ «վիթխարի» կինն ու դեռատիները գուցե նաև առաջին օրինակներն են, որոնք գյուղում գտնվելով, չեն աշխատոմ։ Սա ընդդիմության մի դրսևորում է հիշեցնում ողջ գյուղի նկատմամբ։ «Հասած աղջիկ եք, — չդիմանալով կանչում է Գիքորը, — մոռը հոտում է, մոռն ի՞նչ է, գնացեք քաղեք, ձմեռը մուրաբա կունենանք։ Ձեր հերը կուրախանա»։ Սակայն «վիթխարու» անտարբերությունից, նրա անշարժությունից երևում է, որ նրանք բնավ էլ մոռ հավաքելու կամ ընտանիքի հոր մուրաբայի հոգսը հոգալու նպատակ չունեն․ նրանք եկել են գյուղ, որպեսզի հանգստանան։ Մինչդեռ, օրնիբուն աշխատող գյուղացին չի կարող ըմբռել, թե սառնորակ գետն ու կանաչապատ ափերը հանգստի գոտիներ են։ «Վիթխարին նմանատիպ այլ կերպարների նման ընդգծում է միջավայրին ու բնությանը և դրանց գեղարվեստական իրացում՝ մաթևոսյանական աշխարհին օտար մարմինների առկայությունը», — նշում է Վ․ Գրիգորյանը։

Գիքորն, ինչպես ասացինք, ծերունազարդ տարիքի մարդ է, սակայն նրա տան գործը նրա գործն է։ Անդրոյի Ալխոն, որ իր ողջ կյանքը անցկացրել է բեռնաձիու անասելի ծանր բեռը թիկունքին, նույնպես վաղուց երիտասարդ չէ։ Ուստի Գիքորի ու Ալխո ձիու ուղևորությունը դեպի գյուղաքաղաք Ղազախ, առավելապես փորձության և ոչ թե սովորական աշխատանքի է նման։ Ալխոն գյուղի բոլոր ճանապարհները լավ գիտի, իրեն երբեմն ճանապարհ տարած ժամանակավոր տերերի հասցեները նույնպես, նա անգիր է արել նաև Ղազախի ճամփան՝ արահետ առ արահետ, բարձունք առ բարձունք։ Ալխոն ապրում է բեռնաձիու աշխատասիրությամբ, տոկունությամբ, երբեմն՝ ինքնասպառումով, սակայն լուռ ներողամտությամբ. «Լկամը պատռեց բերանը, վիզը ոլորեց ու գլուխը թեքեց, և Ալխոն հիմա այդպես էր գնում սարերի արահետով»։

Հայ գյուղացու համար, որին ազնվացնողը նրա չարքաշ աշխատանքն է, աշխարհում իր չարչարանքով վաստակած արդյունքից ավելի վստահելի բան չկա։ Նրա գիտակցությանը խորթ է պետության միջամտությունը, վերջինիս ստեղծած արտադրանքը՝ զարգացող տնտեսության ճանապարհին։ Եթե դա հաց է, ապա հացի նման չէ, եթե ցորեն է՝ այն որակը չունի. «…Միայն Ծմակուտի հացն է պակաս։ Պետակա՞նը, պետականը, դե ճիշտ է, ցորեն է, ալյուր է, բայց դե եսի՞մ՝ ցորեն է, ալյուր է»,-դժգոհելով ղազախեցի Սիմոնի տանը «արևի ուժ» ունեցող հաց է կիսում Գիքորը։ Ծմակուտի հացը սկսել են թխել գործարանում, ինչը նշանակում է, որ դա այլևս գյուղացու արդար ձեռքի ստեղծածը չէ, մյուս կողմից էլ՝ առուծախի առարկա է՝ նոր ու անծանոթ մի երևույթ։ Բայց դա էլ բոլորը չէ․ «Հացն ստեղծվում է մեծ Սովետական Միության մեջ որևէ մի տեղ,-ասում է Հ․ Մաթևոսյանը,-և Դսեղի կարկուտը և Շիրակի երաշտը այսօրվա դսեղեցուն և այսօրվա շիրակեցուն չեն վերաբերում, քանի որ կարկուտն ու երաշտը չեն խփում այն արտին, որը պետք է լիներ հողի և գյուղացու փոխադարձ սիրո և փոխկապվածության արդյունքը․․․»։ Հողը, որը սիրվել է գյուղացու կողմից, որի նկատմամբ մշակողի հոգատարությունն ու գորովանքը ազգային մշակույթի մի մասն է եղել, այժմ գյուղացու ափերից փոխանցվել է պետական ձեռքերին և դրանով իսկ գյուղացին զրկվել է կարևոր մի բանից՝ ավանդաբար ժառանգվող և բնության օժանդակությամբ իրականացվող աշխատանքից։ Սա խոսում է մարդու ավանդական կացութաձևի փոփոխության մասին, որը գուցե հարմարավետ է, սակայն խորթ է ծմակուտցիներին։

Առաջին անգամը չէ, որ Գիքորը Ղազախում է, բայց առաջին անգամն է, որ նկատում է՝ մոտոցիկլի վրայից երիտասարդը ձեռքը երկարում, կատակով, թե անամոթաբար զարկում է դեռատի աղջկա հետույքին, ու երկուսն էլ շարունակում են իրենց ճանապարհը, ու երկուսն էլ չեն ամաչում։ Ղազախեցիները «չունեն քաղաքի կարգուկանոնը կամ փոքր գյուղերի տնավար առատությունը», իսկ «կլուբների» առաջ մեծ փորերով տղամարդիկ են կանգնում, ինչը նշանակում է, որ նրանք հունձ չեն անում։ Մի բան ընդհանուր է՝ տղամարդիկ, ինչպես Ծմակուտում է ընդունված, նարդի են խաղում։ Սակայն, երբ անձրև է գալիս, առաջինը նարդին են հավաքում, մինչդեռ՝ «Ծմակուտ անձրևն սկսվում է փչացող խոտի տագնապով»։

Գիքորը տարակուսանքով լսում և ցավով արձանագրում է, որ Սիմոնը կով չունի և չի էլ ցանկանում ունենալ՝ «ինչի՞ս է պետք»։ Որպես մեխանիզատոր է աշխատում, տան վրա երկրորդ հարկ է գցել և հանգիստ ապրում է։

Գիքորի սրտին ծանրանում են նաև Սիմոնի որդու անունը՝ Մակբեթի, կապույտ ու սառը աչքերը, օտարոտի վերաբերմունքը, որին ինքն արժանանում է պատերազմի տարիներին իր հացով սնված ընտանիքում։ Շունը կծել է Ալխոյի վիզը և պետք է եռացրած ջրով լվանալ, իսկ ջուրը շարունակ ուշանում է։ Երեխան ուղղակի հայտնում է, որ Գիքորը ջուր չի խնդրել։ «Եվ ինքը հասկացավ, որ միակ մտերիմն այդտեղ Ալխոն է»։ Սիմոնը ոչ այն է՝ անտեղյակ, ոչ այն է՝ անտարբեր է երեխաների նկատմամբ։ Գոհ է, որ «իրենից հաց չեն ուզում», «իրենք իրենց համար են» ու դեռ ավելին՝ «իրենք գիտեն՝ իրենց գործերը»։ «Մարդը հեռանում է աշխատանքից, դրա արդյունքից։ Օտարումը տարածվում է և ընտանեկան հարաբերությունների վրա, քանի որ հացի արարման ընթացքին ընտանիքի անդամները մասնակցություն չեն բերում»,-իրավացիորեն ընդգծում է Վ․ Գրիգորյանը։

Գիքորի սիրտը կրծող ցավերը բազմաթիվ են, սակայն ազնիվ, ներփակ և դատարկվող գյուղի ցավերը բոլորին են վերաբերում։ Գիքորն առանձնապես վրդովված է որդու՝ Հենրիկի վարքի, ապրելակերպի պատճառով։ «Ահա, հնձվորն աղբյուրի գլխին գերանդի է քաշում, կանայք աղբյուրի տակ խոտ են դիզում, եղա՞վ, եկել նստել եք մեջները, տաշի-տուշի»։ Մտովի կռիվը հարազատ որդու հետ այն բանի համար է, որ Հենրիկը ծերունազարդ հորը, կնոջն ու զավակներին թողել է գյուղում, ինքը տեղափոխվել է Կիրովական, ապրում և աշխատում է այնտեղ, իսկ Ծմակուտ գալիս է ամռանը՝ ընկերների հետ կերուխում անելու։ Ծմակուտի մասին հիշում է մեկ էլ, երբ իրեն գյուղի բարիքներն են պետք և այն էլ հարկ չի համարում անձամբ տանել, երբ քաղաք մեքենա կգնա, թող հայրը բեռնի, ուղարկի։ Հոր ներողամիտ սիրտը հանդարտվում է, մշակում, հավաքում ու բեռնում է, սակայն ուղարկելուց հետո կրկին զայրույթով է լցվում։ Ամիսներ ի վեր լուր է ուղարկում որդուն, որպեսզի մթերքի դատարկ պարկերը ետ ուղարկի՝ ապարդյուն։

Գիքորին ցավ է պատճառում որդու բարոյական անկումը։ Որդու հետ գյուղ եկող քարտուղարուհու ոտքերը երկար են, իսկ իր հարսը «անճկուն գյուղացի» է։ Որդին հոր մասին հիշում է գառը բաստուրմա դնելու, ընկերներին մաքուր կապույտ օղի հյուրասիրելու ժամանակ, իսկ խորովածը սեղանին դրվելուց հետո մոռանում է նրա գոյության մասին և անգամ հանուն հոր ներողամտության՝ կենացը չի խմում։  Ժամանակ առ ժամանակ աչքերը ոլորում է կնոջ վրա, որը լուռ համեստությամբ Գիքոր հայրիկի հետ խորոված է հասցնում սեղանին։ Գիքորը տեսել է, թե հարսի կոկորդն ինչպես է ուռչում նման դեպքերում։ Հարսն աչքի է ընկնում հնազանդությամբ, բարեվարքությամբ․ «…Նա երեք երեխա է ծնել, նրա երեխաների վրա մի ծուռ տեղ չկա, նրա տունը փայլեցրած է, հնազանդ, նա եթե չի էլ սիրվում՝ հլու սիրում է, նա տան կին է, իսկ լրբերը լինում են հատուկ տեսակի»։

Վիպակում աչքի են զարնում քաղաքի ծնած դառնությունները․ նոր սերունդը հեռանալով գյուղից, հեռանում է իր բարոյական նկարագրից, իր մեջ դաստիարակված մարդկային որակներից, ներքին կարգապահությունից, ավագ սերնդի կողմից իրեն փոխանցված նորմերից։ Քաղաքն իրենով է անում նոր սերնդին, ինչի հետևանքով գյուղը կորցնում է իր հողը փայփայողին՝ վարողին, ցանողին, հերկողին, կյանքն այլևս չի զարգանում խոտի դեզի ստվերում, ինչպես նախկինում։ Գնացողները ետ չեն գալիս, նրանց սիրտն այլևս չի ցավում մնացողների համար։

Նեղ, անձնական հարաբերությունների ֆոնին տեսանելի է Գիքորի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի բացակայությունը, ինչը վկայում է նոր ժամանակներում հայր ու որդի հարաբերությունների խաթարման, ծնողների, ավագների նկատմամբ հարգանքի, գնահատանքի, մեծարանքի բացակայության, որդիական պարտա-կանությունները չկատարելու մասին։ Նկատվում է նաև երևույթի հակառակ և ոչ պակաս անցանկալի դրսևորումը․ հայրերը չեն հետաքրքրվում իրենց զավակներով, նրանց նիստուկացով, մեծերի նկատմամբ վերաբերմունքով, նրանց հետաքրքրություններով, ապագայով։ Ընդհանուր փոխհարաբերությունների մեջ օրեցօր պակասում է պարզությունը, բարեկամությունը, սրտաբացությունը, երախտագիտության զգացումը նույնիսկ երբեմնի ստնտուի նկատմամբ։ Խոսքը այնպիսի արատավոր երևույթների մասին է, որոնք բույն են դրել փոքրիկ, աննկատ գյուղաքաղաքներում ու քաղաքներում՝ նոր ժամանակներ թևակոխելու, սոցիալ-տնտեսական տեղաշարժերի և այլ հանգամանքների հետևանքով։

Գյուղն ազնիվ է ինքն իր հետ, պահպանողական ու հետևողական է իր բարոյական կերպարի նկատմամբ («Օգոստոս»)։ Նրանք, ովքեր երբևէ ինչ-որ դիպվածով շեղվում են ընդունված բարոյական նորմերից, արժանանում են համարժեք վերաբերմունքի․ «․․․Մարիամի գլխաշորը հանեց՝ որ չպատռվի, բռնեց բոլոր մազերը միանգամից՝ որ փունջը փոքր չլինի ու չպոկոտվի, ու խփեց ուսերին, կրծքերին, փորին, մեջքին, քամակին․․․։ Հետո գլուխը կռացրեց ու խփեց միայն մեջքին, մեջքին, մեջքին՝ որպեսզի և ցա՛վը լինի, և կապտո՛ւցք չլինի»։

Աշխենի այս դասը Մարիամին է ուղղված՝ իր ընկերուհուն, որի ամուսինը զոհվել է ռազմաճակատում, երբ Մարիամն ընդամենը քսան տարեկան է եղել։ Կյանքը բեռ է դարձել Մարիամի փխրուն ուսերին՝ իր ու երկու դստեր ապրուստի միջոցները, անտղամարդ տունը, հասարակության աչքը, իր երիտասարդությունը։ Մարիամը, մեծ դստերն ամուսնացնելու հետո ապրում է փոքրի հետ՝ ազնիվ աշխատանքով, ծանրաբեռ և խաղաղ տանջանքով։ «Հասարակությունը նրան զրկել է ամեն կարգի «առավելություններից», — նկատում է Վ․ Գրիգորյանը, կյանքը նրան վերածել է բեռնաձիու՝ հոգսաքաշի, որի համար ապրելը գոյության կռիվ է, հացի համար պայքարը՝ ամենօրյա, չընդհատվող աշխատանք» ։

Մի երեկո Մարիամն իր սայլը տվել է Անդրոյին՝ սարքելու, հետո նրան թույլ է տվել ստուգել իր թախտի ամրությունը, իսկ Անդրոն չի ցանկացել ետ դառնալ, քանի որ «կյանքը կարճ է», իսկ Մարիամը փռի պես տաք է։ Անդրոն հարցրել է, թե  «անմարդ շա՞տ է դժվար» և այդ արել է խղճահարված, մարդկայնորեն։

Մարիամը գյուղական հոգսին սովոր կին է և նրա աչքը ո՛չ ուրիշի կյանքին, ո՛չ էլ նրա ունեցածին է, պարզապես նա «անօգնական է»։ Նա բավարար համարձակություն չունի անգամ ծառից ընկած պտուղը առանց թույլտվության վերցնելու, քանի որ դա ուրիշի այգու պտուղն է։ «Կարելի՞ է տանձ վերցնել,-տանձենին կքվել էր բերքի առատությունից,-տո հիմա՛ր․․․ հրեդ բերանդ է մտնում, վերևից քաղիր, էլի՛»։

Աշխենը լավ է գիտակցում, որ անամոթ ու անպատկառ կնոջ հետ չէ, որ գործ է ունեցել իր Անդրոն, սակայն նա չափված ու գծված կյանքով է ապրում։ Ֆերմայում ամենաշատը իր հանձնած կաթն է, ամենամաքուրը իր մաքրած հորթանոցներն ու հորթերն են։ Աշխատում է լի ու լի էներգիայով, շարժվում է աշխույժ։ Մարդկանց հետ առնչվում է խոնարհությամբ, մի քիչ էլ ամոթխածությամբ, գործն ավարտելուց հետո անգամ ոտքը ֆերմայից դուրս չի դնում, մինչև ֆերմայի վարիչ Լևոն քեռին չտա իր համաձայնությունը։ Անդրոն հայտնվում է ուշ, ասես խոտի մասին չի մտածում, առջևում ձմեռ չկա, «տաշած քարի է ման գալիս, որ մտնի տակը»։ Հատկապես այս վերջին հանգամանքը Աշխենին էլ, Անդրոյին էլ դուրս է մղում ընդունված կարգուկանոնից, և ստիպում է, որ Աշխենի կուրծքը ուռչի խանդից։

Աշխենը, քեռի Լևոնի առաջ, ամոթխածի իր կերպարով, կնոջ խոցված ինքնասիրությունը թաքցրած, թվում է՝ իսկապես հնձվորին մածուն տանելու է գնում։ Բայց՝ ոչ։ Աշխենը գնում է պարպելու իր միջի զայրույթը, որ առաջացել է մի քիչ չիրականացած ցանկությունների, մի քիչ Անդրոյի ապրած փափուկ կյանքի, և հատկապես իր ու Անդրոյի համեստ երջանկությունն անխաթար պահելու մղումով։ Բայց այդ զայրույթի միջից դեռ կարեկցում է Մարիամին․ «Հետո ջուր խմեցրեց Աշխենը Մարիամին, իր սանրը տվեց մազերը սանրելու, կապեց նրա գլխաշորը և դույլերն ինքը վերցրեց, որովհետև Մարիամը ոտքի վրա դժվար էր մնում»։

Անդրոն կիսով չափ սիրում, կիսով չափ էլ խղճում է Մարիամին՝ «շալակով խոտ չբերես, քեզ մի՛ սպանիր, Մարիամ»։ Աշխենի լիքը-լիքը մարմնին, երկար-երկար լեզվին երբեմն նայում է անտարբերությամբ, երբեմն հաճույքով ու դրա հետ էլ զարմանում է, թե մեկ-մեկ ո՞ւր է կորչում Աշխենի երկար լեզուն։

Այս բոլորը գյուղի ներսում է, գյուղաշխարհի հոգու մեջ և այդ աշխարհն իր մեծ ու փոքրով այնքան կենսունակ է, որ մարդու մահից հետո անգամ ամեն բան նրան է հիշեցնում․ նայում ես ձորին, և հիշում ես, որ հայրդ մի օր նստած է եղել ձորի բերանին, ձեռքդ մեկնում ես գործին և հիշում ես, որ մի օր այդ գործում հայրդ է օգնել քեզ․ «Բա ես ի՞նչ անեմ՝ կացինս, կոթ չունի»,-ասել է ինքը։ «Սարքե՜մ, քեզ մատաղ»,-պատասխանել է հայրը»։ Հայրը սարքել է և այնպես է սարքել, որ գյուղի դարբինը ճանաչել է նրա ձեռքի գործը։ Կացնի կոթը սարքվել է մի հացենու փայտից, որը դեռ հոր կյանքի օրոք այլևս չկար, իսկ «ապակիով, կոշտ շորով, ափով հղկված» հոր սարքած կացնի կոթը դեռ կա։

18 դիտում