
Գրկել են նրանք շիրիմները մութ
Կյանքի վայելքի շողի փոխարեն,
Ու տարածվում է լռություն մի բիրտ,
Մի խնկարկելի, նենգ ունայնություն։
Վեհ էին նրանք, քաջ ու անվեհեր,
Երբ ելնում էին գոռ , ահեղ մարտի,
Ճախրում թշնամուց միշտ վեր ու հզոր,
Հաղթանակ կռում` այնքան բաղձալի։
Սուրբ էին նրանք, անկեղծ ու բարի,
Երդվյալ զինվոր Հայ հին հայրենյաց,
Հրի ու սրի, արնախումների
Բանակների դեմ զինավառ կանգնած։
Մարտնչում էին նրանք անդադրում
Հանուն վառվռուն, տաք գարունների,
Կյանքերը դրած զոհասեղանին,
Որ հայը չապրի որբ ու Անտունի։
Հանգան նրանք լուռ կամ հառաչանքով,
Երազի ծվատ փեշերին կառչած,
Գնացին երկինք` այս կյանքին ծարավ,
Բայց հպարտորեն եւ ազատաբաղձ։
…ՈՒ բանակվել են նրանք երկնքում,
Մեր հոգիներում` ցավից հրդեհվող,
Դարերում կանգուն հուշարձաններին,
Հայկականության օդում փոթորկվող։
Կանչում են նրանք մեզ` ապրողներիս,
Չարի դեմ ցասման հաղթահանդեսի,
Բռնկվում որպես արեգական լույս,
Որպես ոգեղեն ճամփա Գալիքի։