Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքում ծաղկեդրումով ու շուքով հարգեցին Հայրենիքի  համար նահատակված հերոսների հիշատակը

Հունվարի 27-ի առավոտվանից  մարդաշատ են Գեղարքունիքի մարզի հուշահամալիրները, պանթեոնները, շիրմատները, որտեղ հազարավոր քաղաքացիներ ծաղկեդրումով, խոնարհումով, խնկարկումով ու աղոթքով իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայրենիքի համար նահատակված հերոսների սուրբ հիշատակին։

Գավառ քաղաքի զբոսայգում՝ Հայրենիքի համար նահատակված հերոսների պանթեոն- հուշահամալիրում, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի ղեկավար կազմը և աշխատակիցները, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները, Գավառի պետական համալսարանի և քոլեջների ուսանողները, դպրոցների աշակերտները, զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու հարազատները, բազմաթիվ քաղաքացիներ։

Հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ կատարեց  Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։ «Այսօր մենք կանգնած ենք լռության առջև, բայց այդ լռությունն իմաստավորված է դիմագծով, հետագծով, քայլքով, շնչով ու գործով, և այդ անմահությունը, ինքնազոհումը անսակարկելի է, անմոռանալի։ Անկարելի է հարևանցել մեր հերոսների սխրանքը։ Լույս մեր հերոսների շիրիմներին, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի, իսկ մեզ ուժ, կորով, սեր, միություն, զորացում, մարդասիրություն, առաքելության կանչ ու կոչ, որպեսզի յուրաքանչյուրս յուրովի պահենք, շահենք մեր տունը՝ Հայոց տունը։ Ուժ և կարողություն ամենքիս»,-Հոգեհանգստյան կարգից հետո ներկաներին դիմեց Գեղարքունյքց  թեմի առաջնորդական տեղապահը։

Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի, ծաղկեդրման և ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում՝ մասնակցությամբ համայնքների ղեկավարների, աշխատակազմերի աշխատակիցների, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկների աշխատակացիների, զոհված հերոսների ընտանիքների անդամների ու հարազատների, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի, բազմաթիվ անհատ քաղաքացիների։

Գեղամա աշխարհ 

20 դիտում