
Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Վարդենիս համայնքների գործող ղեկավարները վերընտրվել են բացարձակ առավելությամբ։
ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքի նախնական տվյալներով՝ Մարտունի համայնքում քվեարկությանը մասնակցել է 18 հազար 629 ընտրող , որոնցից 12 հազար 579-ը կամ 67,6 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Մարտունի համայնքի գործող ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Գավառ համայնքում քվեարկությանը մասնակցել են 12 հազար 761 ընտրող, որոնցից 10 հազար 380-ը կամ 81,3 տոկոսը քվեարկել են «Համերաշխություն» դաշինքի օգտին, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Վարդենիս համայնքում քվեարկությանը մասնակցել են 10 հազար 161 ընտրող, որոնցից 9530-ը կամ 93,8 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Վարդենիս համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Ի դեպ, Վարդենիս համայնքում, ի տարբերություն Գավառ ու Մարտունի համայնքների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մրցակիցներ չուներ, քանի որ որևէ կուսակցություն կամ դաշինք քվեարկվելու համար չէր առաջադրվել։
Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին, Ճամբարակ համայնքում՝ 2027 թվականին։
Գեղամա աշխարհ