Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/

«Այս գյուղը հազար թելով կապված է աշխարհին. հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի, մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայի խանութով, ուսուցման ծրագրերով.․․ այս գյուղը համալսարաններին տալիս է ընդունակ աշակերտներ, բանակին՝ կենսուրախ և կարգապահ ռազմիկներ և այլն»։ Խոսքը Անտառամեջ գյուղի մասին է, ուր առանձին տեղ ունի հովիվների հանրապետությունը. «․․․Այդ հանրապետությունը գլխավորում է վարիչ Զավեն Քոչարյանը։ Նրան ենթարկվում է տասնինը մարդ։ Հանրապետությունն ունի քառասուն շուն, քսան մահակ, տասը հրացան, քսան յափնջի, մեկ շվի, տասը-տասնմեկ հազար գլխանոց հոտ»։ Այդ հանրապետության շատ կարևոր մասն են կազմում առատ բնությունը, անակնկալներով լի եղանակային պայմանները, ոչխարների հոտին պարբերաբար այցելող գայլերի ոհմակը, թրխկացող հրացանները, աշխատանքի արդյունքը գտնող ու կորցնող գյուղացու ապրումները։ Եղանակին ապավինելով հնձվում ու չորացվում է խոտը, խուզվում են ոչխարները։ Ոչ ոք չի վիճում իհարկե, որ ժամանակները փոխվել են, գյուղը առաջընթաց է ապրել, որ հեռախոսը, թերթը, էլեկտրականությունը, ռադիոն մտել են կենցաղ և դարձել են սովորական բաներ։ Անտառամեջը այդ լավ է հասկացել, սակայն «կենտրոնը» դեռ չի ըմբռնել, որ բնության գործոնը դարձյալ մնացել է գերակա․ «․․․Կենտրոնից չկարողացան պատասխանել, որովհետև կայծակը խփեց և փշրեց հեռագրասյունը»։ Կենտրոնը չի հասկացել նաև, որ գյուղը մի մեծ ընտանիք է, մի կուռ համակարգ։ Եթե ընտանիքին գլուխ է պետք, ապա նախագահը պատրաստ է, եթե հնար է գտնվել քսան տղամարդով, հունձից ջարդված, քաղցած մի լավ խորովածի շուրջ նստել, ապա պատրաստ են Զավենը, Իշխանը, Ռևազն ու Ավագ հորեղբայրը (մի քիչ գողության պես կամ՝ ի՞նչ գողություն)՝ իրենց հասկանալի առուծախի ճամփով գործը գլուխ բերելու։

Հրահանգիչը, որ պետության մարդն է, դժվարանում է ըմբռնել, թե Անտառամեջի հովիվներն ինչպես կարող են ընդամենը անձրևի պատճառով ոչխարի խուզը հետաձգել, «բրդամթերման հաշիվները» ժամանակին չփակել և նման բաներ։ Գյուղխորհդի նախագահն էլ իր հերթին է խանգարում գործին՝ «ես թույլ չեմ տալիս իմ ոչխարը խուզել», «մեր ոչխարն է, մենք չենք խուզում»։ «․․․Համապետական գործը դարձնում եք մասնավոր,-եզրակացնում է հրահանգիչը։-Շան գլուխը այդտեղ է թաղված»։ Մինչդեռ աշխատանքը համապետական լինի, թե սեփական, աշխատավորը գործն անում է խղճի մտոք՝ գործից հասկանալով տարիների փորձով։ Աշխատողը գործին մոտենում է բարեխղճորեն, ինչպես իր սեփականին՝ առաջնահերթությունը տալով ոչ թե վերևների կամ ներքևների հրահանգներին, այլ աշխատանքի որակին և արդյունքներին։

Գործն ավարտվում է նրանով, որ կենտրոնի ստիպմամբ, անձրևառատ եղանակին հովիվը խուզում է ամբողջ ոչխարը՝ օրվա ընթացքում քնելով ընդամենը 4-5 ժամ։ Մթերման խնդիրները հարթվում են՝ առաջ գնալով «յոթ մղոնանոց քայլերով», նախագահը կուսակցական նկատողություն է ստանում, իսկ ոչխարի «մատղաշը ջարդվում է»։

Մի երեկո, հունձից հետո, հովիվների հանրապետություն մուտք է գործում չորս ոչխար՝ երկուսը սև, երկուսը՝ սպիտակ։ Հովիվները կարող էին պահել ոչխարներին, սրանք գառներ կտային ոչխարների տերն էլ կօրհներ ու կգովեր հովիվներին։ Բայց արի ու տես, որ «գիշերվա հետ էդ անտեր գողության միտքն ինքն իրեն է գալիս» ։

Հովիվները Ռևազի ոչխարները մորթելը հանցանք չեն համարում, քանի որ Ռևազն իրենց Ռևազն է, ուրեմն ոչխարներն էլ իրենց ոչխարներն են։ Գյուղում էլ առաջին անգամը չէ, որ նման դեպք է պատահում․ հարևան գյուղը Անտառամեջից ձիերի մի ողջ երամակ է գողացել և աշխատեցրել օրերով, հետո էլ զանգով լուր է ուղարկել, որ ձիերի աշխատանքը գովելի է։ Պատահել է՝ Պավլեին են գողացել, յոթ օր չի երևացել, «լսել ենք՝ լավ հնձվոր ես» և տարել են հունձ անելու։ «Առաջին օրը չափ էինք մտնում, հետո հանգիստ աշխատեցինք։ Չափ մտնելով հունձ չի լինում,-հիշում է Պավլեն ու քաղցրությամբ է հիշում,-լավ տղերք էին»։ Նման դեպքերը օրինաչափ են և բնորոշ են այս մարդկանց։

Հովիվներից ոչ ոք չի հերքում, իհարկե, որ ոչխարները մորթել են, քսան-քսանմեկ մարդով միսը կերել, «փառավորապես կշտացել», որ չեն էլ հիշում, թե քանիսն են մորթել, քանիսը՝ թողել, սակայն այդ մսից կերել է նաև ոչխարների տերը, հետո էլ ոչխարների դիմաց գումար է վերցրել և չի բողոքում՝ «չորս ոչխարի պատճառով հո քսանմեկ մարդու չէի՞ն պատժելու»։ Հատկապես վերջին միտքը գյուղի բարոյականության, նրա ներդաշնակության, մարդուն և նրա հետ հարաբերութ-յուններն արժևորելու տրամաբանության մեջ է։

Ռևազի կնոջ հորդորով ոչխարների գործը քննող լեյտենանտը հովիվների աչքում անլուրջ մարդու է նման, որը լինելով «տարիքն առած մարդ, երեխա բաների հետևից է ընկել»։ Ինքը՝ լեյտենանտը, համոզված է՝ օրենք է, բոլորը կգնան, օրենքը կմնա։

Երեխա բաների հետևից ընկած չէ Իշխանը․ փորձում է իրենից քսան անգամ ծանր եզը միայնակ շրջել, իսկ նրան քննելու եկած լեյտենանտը հովվին օգնելու համար պետք է համապատասխան կարգադրություն ունենա ընկեր պետի կողմից։ Ավելորդ է նշելը, որ հովիվների հանրապետության քաղաքացիները միայն հովիվներ չեն՝ ընտանիքի հայրեր են, հնձվորներ են, ակումբավար ու ֆերմայի վարիչ, ամենքն իրենց չափով Հովհ․ Թումանյան գիտեն, իրենք սարվոր մարդիկ, բայց քարտեզից գլուխ են հանում, և տեղյակ են, որ Հալեպում տաճիկը հայհոյել է իրենց ազգը։ Այսքանից հետո նրանց առաջ լեյտենանտի դրությունը ամոթալի է․ «Ընկեր լեյտենանտ չի մնացել, մնացել է մի մարդ, որը գետինն է մտնում… Որի տանը շնորհքով դարսված են գրքերը, մի հինգ հարյուր հատ և այդ մարդը կյանքում գիրք չի բացել։ Հիմար գողություններ, հիմար հետաքննություն… Թո՛ւ, սրիկա… Փոխիր գործդ, փոխիր… Հե՜, հիսուն տարեկանում գործը չեն փոխում»։

Մեկ անգամ չէ, որ սովետական կարգերին անդրադառնալիս Հ․ Մաթևոսյանը նկատել է պետական մի շարք գործերի և որոշ օրենքների անօգուտ լինելը։ Խորը դիտարկումներ են արված նաև այս վիպակում։ Կենտրոնը որոշում է մարդու փոխարեն, և չի արժևորում նրա կատարած աշխատանքը։ Կենտրոնին հետաքրքրում է՝ նախատեսված ժամանակում պլանավորված քանակով արդյունքներ ստացվել են արդյոք․ «…Նրանք գերակա խնդիր են դարձնում պարտականությունների կատարումը և ոչ աշխատանքը, հասարակության մեջ մարդու գրաված դիրքը և ոչ անհատին», — նկատում է գրականագետ Վ․ Գրիգորյանը։

Լեյտենանտի վրա մեծ է ընկեր պետի ճնշումը․ Արշոն տեղ է հասցրել՝ իբրև հովիվները կաշառել են Հակոբյանին, սարերում էլ միասին եզ են մորթել։ Լեյտենանտը գիտակցում է, որ պատահածը գյուղական սովորական դիպված է, ոչ թե հանցագործություն։ Իր որոնումներն էլ ապարդյուն են, քանի որ հանցակազմ չկա, սակայն ընկեր մայորն ասել է․ «Լեյտենանտ Հակոբյան, ապացուցիր, որ լեյտենանտ ես, գնա՛»։

Երբ գործը բարդանում է, հովիվները նախ ինքնօգնության ճանապարհով են ընթանում, որպեսզի հնարավորինս քիչ վնասեն իրենց ընկերներին։ Բացի այդ, ինչպես սխալվել են, այնպես էլ պիտի հարթեն իրենց սխալը՝ փորձելով նախ Զավենին ու Պավլեին հեռու պահել պատասխանատվությունից՝ հանցանքը փոխադրելով մյուսների ուսերին․ նրանք մանկահասակ երեխաներ ունեն։

Անկախ գործված հանցանքից և դրա շուրջ բազմաթիվ անհամաձայնութ-յուններից, գյուղում աշխատանքի եռուն ժամանակն է։ Գործը մարդու համար է, մարդը՝ գործի։ Քաղաքից եկածներն ամեն օր չէ, որ նման բան են տեսնում․ «Այդ պահը ձևակերպվեց ու մնաց լեյտենանտի հիշողության մեջ. «Բեռան տակից կատակ էր անում», — ասվում է հարցաքննության գնացած լեյտենանտի մասին։ Զավենի բեռը թեթևներից չէր. մի պարկ լիքը աղ՝ ոչխարի համար, որը լեյտենանտի օգնությամբ դժվարությամբ դնում է թիկունքին, և ճոճվելով գնում։ Գյուղացու բեռը առհասարակ թեթևներից չէ։ Սակայն գյուղացիները աշխատանքի մարդիկ են, գյուղի մարդիկ են, հավասար մարդիկ են, բեռն էլ նրանց բեռն է։ Սա անզեն աչքով անգամ տեսնելու բան է։ Ռևազն էլ նրանց Ռևազն է, ուրեմն Ռևազի ոչխարներն էլ նրանց ոչխարներն են։ Այս մեկը, սակայն, աչքով տեսնելու բան չէ, մտքով ըմբռնելու բան էլ չէ։ Այս մեկը ապրելու բան է, ամեն օրվա միջով անցկացնելու, աշխատանքով ամրապնդելու, կենսափորձով գիտակցելու բան է։ Երբ դու իրենց գյուղացի Արշոն ես, սակայն օրենքի մարդ ես և ոչ թե գյուղի, ուրեմն «ավելորդը դու ես, դու լավ մարդ չես»։ «Արշոն այստեղ ինչացո՞ւ է, քննիչն այստեղ ինչացո՞ւ է. դու ես՝ քո աշխատանքը, քո սարերը, քո Ռևազը, քո ոչխարը, քո Գետամեջը»։

Խոսքն այստեղ ոչ թե Անտառամեջը կամ Գետամեջը որպես մասնավոր սեփականություն դիտարկելու մասին է, այլ այդ շրջանակներում վաղուց ի վեր ձևավորված անձնային և համագյուղացիական որակների նկատմամբ անդավաճան մնալու։ Այս մարդիկ օտարված չեն միմյանցից, և նրանցում գերակա նշանակություն ունեն մարդը և անձնային հարաբերությունները, իսկ օրենքի միջամտությունը, ինչին հովիվները ամեն գնով փորձում են խոչընդոտել, պառակտում է մտցնում ավանդական որակներ ունեցող փոխհարաբերությունների մեջ։

Լեյտենանտը մեկն է նրանցից, ովքեր կատարում են օրենքի թելադրանքը և նույնքան խոցելի է, որքան ներքևներին սխալ հրահանգներ ուղարկող կենտրոնը։ Նրա համեմատությամբ Անտառամեջի «մեղադրյալ» հովիվների դիրքերն անգամ ավելի ամուր են և անսասան, նրանց միտքը սուր է և ոչնչացնող․ «Գիտեին, որ քննիչը քաղցած է, քաղցից ուղղակի սատկում է, բայց չպահեցին հացի, որպեսզի անհարմար չզգա։ Նա գյուղից փախավ թաքուն»։

Հեղինակի՝ գյուղի և գյուղացու հոգեբանությանը մոտ կանգնած լինելը, ստեղծում է այդ միջավայրի և նրա մարդկանց գործունեության, իրավունքների և պարտա-կանությունների ամբողջական պատկերը։ Այդ ամենը արվում է գեղարվեստական երևակայությամբ և չափավոր, գրավիչ հումորով։

Գյուղը չի ցանկանում արտաքին աշխարհից որևէ մեկին մասնակից դարձնել իր դարավոր ապրելակերպին, բնականոն ընթացքին, բարոյական նորմերին և չի սխալվում․ «Հաշվի չառան, թե խուզի ժամանակն է, տղաներին վերցրին կալանքի»։ Եվ դարձյալ օգնության փորձը ներսում է ձևավորվում․տնտեսության նախագահը շտապում է քաղաք՝ տղաներին ազատելու ազնիվ հույսով, իսկ նրան ընդունած գեներալը խոսում է ամեն ինչից՝ վարունգ գողանալուց, ջրվեժի տակ լողալուց, իր շալվարից, որ Պավլեին է տվել և այն բանից, որ վարազը կովի քեռին է՝ մակերեսային կերպով միայն հիշելով, որ ոչխար են գողացել։ Ի վերջո, նախագահը խորը տհաճություն է ապրում պատահածի համար՝ հոգու խորքում նույնիսկ հաշտվելով այն մտքի հետ, որ տղաներին մի քանի տարով կբանտարկեն և հեռանում։

Բանտարկությունից հետո Պավլեն մի քիչ փոխվեց։ Որոշ ժամանակ անց  ընտանիքը տեղափոխեց քաղաք, տուն ու տեղ դրեց և կարտոֆիլի պարկի կողքին դրվեց դաշնամուրը, երաժշտական լսողությամբ դուստրը սկսեց պարապել նոր գործիքով․ «Լավը միայն այդ չէ. ոչխարների դեպքից հետո, ասում են, Անտառամեջ ոչ մի գողություն չի հայտնաբերվել։ Լինելը՝ գուցե եղել է, բայց չի հայտնաբերվել, այնպես որ՝ չի եղել»։

24 դիտում