Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/ 

Հայ ընտանիքի բարոյական նկարագիրը  Հրանտ  Մաթևոսյանի ստեղծագործության մեջ

Ընտանիքը մարդկության պատմության այն երևույթներից է, որը բնորոշ է աշխարհի բոլոր ազգերին ու ժողովուրդներին։ Ընտանիքը կոչված է պահպանելու  հասարակական կայունությունն ու ինքնավերարտադրման ուղիները։ Այն սոցիալական ինստիտուտ է, որի ձևավորման համար որպես հիմք են ծառայում հասարակության կողմից մշակված նորմերը, վարքականոնները, օրենքները, իրավուքներն ու պարտականությունները և այլ հանգամանքներ։

Ազգագրական արձանագրությունները, որոնց հիմքում ընկած են հայ և օտարազգի հեղինակների մատենագրությունն ու այլ պատմական արժեքավոր հուշարձաններ, խոսուն վկայություններ են պարունակում հայ ընտանիքի ամբողջական, կուռ և ամուր համակարգ լինելու, որպես սոցիալական ինստիտուտ՝ մարդու կյանքում առանցքային գործառույթներ իրականացնելու վերաբերյալ։ Ուշագրավ է, որ ազգագրական ուսումնասիրություններում առանցքային տեղ է հատկացվում հայ ընտանիքի կազմակերպվածության, նրա անդամների դերի ու նշանակության հարցերին։ Այս բանը վկայում է այն մասին, որ հայկական բնաշխարհում հազարամյակների գոյընթացի մեջ հայ ընտանիքը ունեցել է համակարգված բնույթ և լուրջ գործոն է հանդիսացել շրջակա աշխարհի հետ փոխգործակցության հարցում։ Հայ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի իրավունքն ու պարտականությունը իրացվել է համապատասխան սեռը, տարիքը, ձիրքը ներկայացնող անդամի կողմից։ Նման հարցերը խիստ կանոնակարգված են եղել և կրել են շարունակական բնույթ։

Ազգագրական արժեքավոր աղբյուրներից քաղվող տեղեկությունները մեզ թույլ են տալիս ընդհանրություններ և տարբերություններ նկատել հայկական նահապետական ընատնիքի կաղապարի և մաթևոսյանական՝ թե՛ պահպանողական և թե՛ ավանդականությունից աստիճանաբար հեռացող ընտանիքների միջև։

Ոչ հեռավոր անցյալի նահապետական ընտանիքի վարքուբարքով, նիստուկացով, դերաբաշխմամբ ապրող, սակայն սեփական զավակի ապագան առանձին լույսի տակ դիտարկող հայ ընտանիքի օրինակ է «Հացը» պատմվածքի գողտրիկ օջախը։

Պատմվածքի հերոսը տակավին երեխա է, որին ծնողներն ապահովում են անհրաժեշտ ամեն բանով՝ փոխարենն ակնկալելով, որ տղան լավ սովորի։ Յուրայինների օրնիբուն աշխատելն ու տղային խնայելը, ծնողների հոգածությունը այնքան ակնառու են, որ անգամ մանկահասակ տղան դյուրությամբ արձանագրում է բոլորը․ «Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն առել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք»։ Ծնողները ջանում են տղային չկտրել գրքից անգամ այն դեպքում, երբ խոզերը կորչում են․ «Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ, թե չխնդրել, և որոշեց չխնդրել․ որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա»։

Ընտանիքում կրթությունն այնքան է կարևորվում, որ ծնողներն աշխատում են երեխային հեռու պահել տնային գործերից, եթե պատահում է, որ վերջինս զբաղվում է որևէ գործով, ապա անկախ արդյունքներից՝ գնահատանքի է արժանանում։ Բացատից ձեռնունայն տուն վերադարձող տղային հայրը ոչ միայն չի հանդիմանում, այլև շնորհակալություն է հայտնում և հոգնած, ջարդված մեջքով, ոտքերն հազիվ քարշ տալով, արդեն գիշերով, գնում է խոզերին փնտրելու։

«Երեխան հայ իրականության մեջ կուռք է,-նկատում է Ռ․ Նահապետյանը,- անգամ հասուն տարիքում հայ ծնողներն իրենց երեխաներին չեն ուզում մեծացած տեսնել․․․»։ Հայրը  վստահ է, որ որդին ամբողջ օրը փնտրել է, հոգնած է, նրան հանգիստ է պետք, իսկ ինքը՝ ոչինչ, ինքը հաստատ գիտի․ «Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է»։ Այս մարդիկ լուռ տառապանքով են տրվում ամենօրյա գյուղական չարքաշ գործին, աշխատում է հայրը, մայրը, հորեղբայրը, բայց ոչ զավակը, որի հետ երազանքներ է կապում ընտանիքը։ Մեծերի առաջադիր խնդիրը տղայի ոչ միայն ներկան, այլև ապագան ապահովելն է։ «Գրագիտությունը համարվում է աչքի ընկնող հպարտություն» ։

Հայ ընտանիքի խորհուրդը, նրա անդամների պարտքի և երախտագիտության գիտակցումը Հ․ Մաթևոսյանը բացահայտում է տղայի միջոցով։ Վերջինս վերաարժևորում է իր ունեցածը մեկ երեկոյի ընթացքում։ Ինչ խոսք, նրա արարքի մեջ դիտավորություն չկա, քանի որ նա ընդամենը երեխա է։ Սակայն պատահած միջադեպը տղայի գիտակցության մեջ վերածվում է փոքրիկ փորձառության և, վերլուծելով, նա հասկանում է կենդանիներին արձակ դաշտում թողնելու գինը։ Այդ իսկ պատճառով, երբ մայրն իր համար ընթրիքի սեղան է պատրաստում՝ «կարմիր տապակած կարտոֆիլ», «ընկույզի դարչնագույն մուրաբա», «լավ թխած սպիտակ հաց» և այլն, տղան չի մոտենում հացին, այլ մեղքի ծանր զգացումով մտնում է անկողին և քնած ձևանում։

Մաթևոսյանական գյուղը բաղկացած է բազմաթիվ մեծ ու փոքր ընտանիքներից և աչքի է ընկնում համատեղ կյանքի յուրօրինակ եղանակներով։ Գյուղը, հաճախ, ներքին անաղարտության ու ներդաշնակության պահպանության նպատակով, ձգտում է անհաղորդ մնալ արտաքին աշխարհի փոփոխություններին, սակայն կրթության, դաստիարակության, աշխատանքի և այլ հարցերում չի զիջում քաղաքին։ Գյուղի զավակները գուցե անհաղորդ են մնում քաղաքային կյանքին, սակայն ոչ ուսումնառության մակարդակին․ «Հինգերորդ դասարանի երեխան լցնում է մանկական ամսագրի խաչբառը Բեթհովենով, Սերվանտեսով, Հիպոկրատով, Բրունոյով, Կոմիտասով, Սահարայով, Եփրատով ու կենգուրուով և պատասխանը չի ուղարկում խմբագրություն, որովհետև ուղարկելու իմաստը չի հասկանում»։

Գյուղը սիրում է իր զավակներին, հարկ եղած ժամանակ հպարտանում է նրանցով, առատ սեղանի շուրջ հիշատակում է նրանց անունը, խմում է նրանց կենացը, և նրանք, բարձրանալով մասնագիտական կամ պաշտոնական աստիճաններով, նույնն են մնում գյուղացու համար։ Քաղաքից վերադառնալիս հանդիպում են տարիների ու տասնամյակների ընթացքում անփոփոխ վերաբերմունքին. «Եկա՞ր, բարո՛վ եկար, գերանդին հրեն քեզ է սպասում», — ձայնում են հերկվորները։ Եթե եկողը բարձրաստիճան մեկն է, օրինակ՝ գեներալ, իսկ գեներալներ գյուղը շատ է տվել, փոխվում է միայն դիմելաձևը՝ «ընկեր գեներալ»։

Գյուղը բնավ կարիք չունի պարզելու, թե ինչպես է գործում օրենքը, քանի որ սեփական օրենքներն է մշակել՝ աշխատել, երբ աշխատանք կա և գնալ քնելու, երբ մութն ընկել է։ Գյուղական օրենքները ձևավորվել են դարավոր ընթացքի մեջ՝ հազար հինգ հարյուրամյա վանքի հետ մեկտեղ, որի հիմքերում եղած հեթանոսական կրակարանը ութ հազար հինգ հարյուր տարեկան է, ինչի միջոցով էլ հեղինակը մատնանշում է սրբազան դարձած օրենքների առանձնահատկությունը։ Ուստի այդ հնության, պատմության բովում կոփվածության, ժամանակի ընթացքում ամրագրված բարոյականության և կուտակված կենսափորձով իրացվող փոխհարաբերությունների վրա չեն կարող միանգամից ազդեցություն ունենալ «կենտրոնից» եկող հրահանգները։ Այդ բնությունն է, որ հրահանգել է գյուղի բնակչությանն իր դարավոր ընթացքի մեջ։ Բնությունից շահած իրավունքով էլ գյուղացին իր գյուղը սեփական երկրի պես մի բանի է վերածել, որի գործուն արտահայտությունը հեղինակն ամփոփել է «Մենք ենք, մեր սարերը» վիպակում։

/Շարունակելի/

29 դիտում