Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԽԱՄՇԻ ՎԱՆՔԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

 

 

Խամշի վանքի պեղումներ արդյունքում հայտնաբերվել է նյութական մշակույթի մեծաքանակ իրեր, որոնք պատրաստվել են քարից, մետաղից, իսկ հիմնականում՝ կավից։ Իրենցից մշակութային մեծ արժեք են ներկայացնում հատկապես խեցեղեն իրերը, որոնք ժամանակագրական առումով բաժանվում են երեք խմբի՝ 10-11, 12-14 եւ 17-րդ դարերի։ Առաջին խմբի մեջ են մտնում փոքր եկեղեցու պեղումներով հայտնաբերված կղմինդրները, որոնք փաստում են, ըստ հեղինակների,  որ կիսակլոր կղմինդրը, հարթ տարբերակի հետ միավորված,  հանդես է գալիս արդեն 9-10-րդ դարերում։ Իսկ 12-14-րդ դարերի գտածոներն ամենաշատն են, որոնք իրենց հերթին փաստում են, որ այդ ժամանակաշրջանն է հենց եղել վանքի գործունեության ամենաակտիվ շրջանը։ 17-րդ դարում թվագրվող գտածոների թվում ուշագրավ է կճուճանման անոթը, որը կարեւոր է ոչ միայն թվագրում ունենալու, այլ այն առումով, որ շուրթի վրա  նշվում է նաեւ անոթի տեսակի անվանումը՝ Դուճ, ինչը եզակի երեւույթ է խեցեգործության մեջ։

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱՅՍ Է ԴՈՒՃՍ ՍԱՐԳՍԻՆ, ԹՎԻՆ ՌՃԽ/1691/։ Արձանագրությունը վկայում է նաեւ անոթի տիրոջ անունը , մաժամանակ այն փաստը, որ Խամշի վանքը գործել է նաեւ 17-րդ դարում, ուր այցելել են թե՛ ուխտավորներ, թե՛ առեւտրականներ կամ այլ զբաղմունքի  տեր մարդիկ։

Կենցաղային խեցեղենը բաժանվում է անջնարակ եւ ջնարակապատ խմբերի։ Առաջին խմբի մեջ մտնում են կարասները, կճուճները, սափորները, թաս-պնակները, ձձումները եւ լուսավորության միջոցները։ Երկրորդ խմբի մեջ մտնում են ջնարակապատ թասերը։

Խամշի վանքի կարմրափայլ կարասների մակերեսները հարդարված են մատնեքազարդով, կետերով, սեպաձեւ զարդերով։ Առավել հետաքրքրական են դրոշմազարդ օրինակները, որտեղ արտացոլված  են Կենաց ծառի շուրջը խմբված թռչուններ եւ կենդանիների պատկերներ։

 

 

 

 

Ջնարակապատ խեցեղենը, որը սակավ է հայտնաբերվել, հիմնականում թվագրվում է 12-14-րդ դարերով։ Մի քանի բեկոր էլ վերաբերում են 15-16-րդ դարերին։ Դրանք հիմնականում թասեր են՝ ինչպես ամբողջական, այնպես էլ բեկորային տեսքով։ Խեցեղենի մեջ կան փորագրումով արված բազմագույն, երկրաչափական զարդերով հարդարված օրինակներ։ Ջնարակած խեցեղենի բեկորից է պատրաստված նաեւ մեկ խաղաքար։  Հախճապակե անոթի ուշագրավ օրինակ է թասի նստուկի հատվածը, որը գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարավային պատի տակ՝ ներքուստ ու արտաքուստ պատված փիրուզագույն ջնարակով։ Ներսի մակերեսը հարդարված է ծաղկապատկերներով։ Դրանք արված են կետերով, որոնք լցված են կոբալտով, իսկ թերթիկներն ընդգծված են ոսկով ընդելուզված խորանարդներով, ինչն առավել շքեղ տեսք է հաղորդում անոթին, որը պատրաստվել է 12-13-րդ դարերի ընթացքում։ Սա էլ իր հերթին հուշում է, որ վանքում հոգեւրականներն ու սպասավորներն ապրել են բարվոք ու շքեղ կենցաղով։

Վանքի պեղումներով հայտնաբերված շինարարական խեցեղենը եղել է  հարթ, կիսակլոր ու հարթ-կիսակլոր։ Կղմինդրների մեջ ուշագրավ է արձանագիր օրինակը, որը հաղորդում է պատրաստող վարպետի անունը՝ Թեոդորոս։ Առանձնակի ուշադրության են արժանի կղմինդրների ճակտոնները, որոնց որոշ օրինակներ ներկված են կարմիր գույնով։ Դրանք եռանկյունաձեւ են, ՝ վերին հատվածում ելուստով թեքված դեպի ներքեւ՝ նմանվելով կտուցը ներքեւ իջեցրած թռչնի գլխի։ Շինարարական խեցեղենի թվում են նաեւ փողրակները, որոնք հուշում են այն մասին,  որ վանական այս համալիրն ունեցել է առանձին ջրամատակարարում ու ջրահեռացում։

Հայտանբերված մետաղե իրերից ուշադրության են արժանի երկաթե եռամատ եղանը, խողովակակոթառ դուրը, ծալովի դանակի միասայր շեղբը, տաշտաքերիչը, եզան պայտը, դռան մետաղի հատվածները, գամերը, ձիու սանձի առանձին մասերը։

Քարե առարկաներից ուշադրության են արժանի երեք սրաքարերը, որոնցից մեկի ծայրին փորձել են անցք անել՝ գոտուց կախելու համար, բայց աշխատանքը կիսատ է մնացել։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաեւ զարդեր, որոնցից երկուսը բեկորային են՝ հարդարված բուսական մոտիվներով, իսկ երրորդը, որն ամբողջական է, մետաղից պատրաստված կախազարդ է՝ Սֆինքսի պատկերով։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մեկ պղնձե դրամ, որը հատվել է Մոսուլի Ջենգյան իշխանության տիրակալ Իզզ ալ-Դին Մասուդ Առաջինի իշխանության ժամանակ, 1180-1193 թվականների ընթացքում։

Մետաղադրամի դիմերեսին ծալապատիկ նստած կնոջ դիմապատկեր է՝ ձեռքերում բռնած մեծ կիսալուսին։ Կողքերի գրությունն է․ «Թողարկված Մոսուլում հիջրայի 585 թվականին /1189/»։

Փաստորեն, Խամշի վանքի պեղումներով հայտնաբերված կավե  իրերը ցույց են տալիս, որ այստեղ օգտագործել են ինչպես բարձր որակով պատրաստված տոնական սեղանի սպասք, այնպես էլ կենցաղում օգտագործվող առտնին նշանակության խեցեղեն։  Իսկ մետաղե գտածոները տնտեսության մեջ եւ կենցաղում լայնորեն օգտագործվող առարկաներ են, որոնք             փաստում են վանական համալիրի տնտեսական ակտիվ գործունեության մասին։

Ըստ հեղինակների՝ Խամշի վանքի մենսաստանի շուրջբոլորը նշմարվում են գյուղական բնակավայրի ավերակներ, որոնք զբաղեցնում են բավականին մեծ տարածություն։ Իսկ մենաստանին դեմ հանդիման, բարձրադիր լեռան կատարին վեր է խոյանում 13-րդ դարի կիսավեր ամրոցն իր  հզոր աշտարակներով, որի պաշտպանությանն են ապավինել վանքի միաբանության անդամներն ու տարածքի բնակչությունը դժնդակ ու աղետալի օրերին։

 

Կարելի է նաեւ ենթադրել, որ հեց այս ամրոցում է գտնվել աշխարհիկ այն հայկական իշխանությունը, որը տիրել ու պաշտպանել, քաջալերել ու առաջ է մղել հոգեւոր նույնքան հզոր, երեւելի իշխանությանը։

Խոսրով   Խլղաթյան

33 դիտում