Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԽԱՄՇԻ ՎԱՆՔԻ ԽԱՉՔԱՐ- ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ ԵՎ ՎԻՄԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բացի բարձրարվեստ քանդակագործությունը եւ ճարտարապետությունը, Խամշի վանքը չափազանց հարուստ է նաեւ շքեղ խաչքարերով ու տապանաքարերով ու վիմագիր արձանագրություններով։ Այստեղ պեղումներով հայտնաբերված խաչքարերի թիվն անցնում է հարյուրից։ Որոշ խաչքարեր ագուցված են պատերի մեջ, որոշ խաչքարեր էլ կանգնած կամ ընկած վիճակում են, որոնք դրվել են որպես հանգուցյալների հիշատակը հավերժող կոթողներ։ Ձեռակերտ այդ հրաշալիքները հանդիսանում են հայկական խաչքարագործության գլուխգործոցներ, որոնց վրայի նրբին քանդակներն ու նախշերը պարզապես ցնցում են իրենց գեղեցկությամբ՝ լիովին համապատասխանելով վանական ողջ համալիրի վեհաշուք միջավայրին։
Որոշ խաչքարեր իրենց շքեղությամբ պարզապես ասեղնագործ աշխատանքի են նմավում։
Երեւելի են գավթի պեղումների ժամանակ հայտնաբերված ու կառույցի որմին ագուցված Հայր Զաքարի անվանակիր զույգ խաչքարերը, որոնք կերտված են տեղական կրաքարից եւ ունեն նույն չափսերը։ Խաչքարերից առանձնանում են Վասակ իշխանի եւ Պողոս «պատվական» քահանայի հիշատակին նվիրված խաչքարերը, որոնք կերտվել են 13-րդ դարում։
«Պողոս քահանայի հետ աղերսվող խաչքարի զարդամոտիվները կրկնվում են մի քանի այլ գեղաքանդակ խաչքարերի վրա, որոնք, մասնավորապես, աչքի են ընկնում թռչնաքանդակի կերտման կատարյալ վարպետությամբ։ Այս խաչքարերի զարդամոտիվները հիմք են տալիս եզրակացնելու, որ տաղանդավոր քանդակագործները ստեղծել են քանդակի անկրկնելի գործեր, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս ընդլայնելու մեր իմացությունները քանդակագործական դպրոցների վերաբերյալ, այլեւ հարստացնում են խաչքարային արվեստի բնագավառը։ Ուշադրության է արժանի եկեղեցու հյուսիսային կողմում հայտնաբերված խաչքարի ստորին մասը, որտեղ քանդակված է ռամկական հագուստով տղամարդ, աջ ձեռքը՝ գոտկատեղին, ձախը՝ երեսին։ Քանդակը, թերեւս, կարելի է բնորոշել իբրեւ «մտածող մարդը»,-գրում են հեղինակները։
Հնավայրում հայտնաբերված բազմաթիվ տապանաքարերը հիմնականում ուղղանկյունաձեւ, կոփածո քարից մեծ չափերի գերեզմանաքարեր են, որոնցից մի քանիսը հարդարված են երկրաչափական զարդաքանդակներով։ Բոլոր տապանաքրերը կրաքարե զանգվածց են, որոնք թեեւ անարձանագիր են, սակայն աչքի են ընկնում կատարյալ մշակվածությամբ։ Ենթադրելի է, որ այդ տապանաքարերը Խամշի վանքի միաբանության ներկայացուցիչների գերեզմանական կոթողներն են։
Գլխավոր եկեղեցու հարավային պատից շուրջ 30 մետր հեռավուրությամբ պահպանվել է մեկ այլ միջնադարյան գերեզմանատուն, որտեղ հարթ, հաճախ կոպտատաշ շիրմաքարերի կողքին կանգնեցվել են նաեւ հուշակոթողի բաղկացուցիչ մասը կազմող գեղաքանդակ խաչքարեր, որոնք, ինչպես պարզվել է, ժամատունը կառուցելիս տեղահան են արվել ու օգտագործվել որպես գեղազարդ վեմեր՝ ագուցվելով գավթի հյուսիսային, հարավային եւ արեւմտյան պատերին, արտաքին ու ներքին կողմերից։ Տապանաքարերից մեկն աչքի է զարնում արտակարգ նուրբ, բարձր արվեստով արված երկրաչափական քանդակներով։ Քառանկյունի կոփածո, հարթ տապանաքարի երեսն ամբողջովին զբաղեցնում են թեք շեղանկյունաձեւ զարդաքանդակները։
Տապանաքարերով միջնադարյան գերեզմանատուն է հայտնաբերվել նաեւ փոքր եկեղեցու հյուսիսային ու հարավային կողմերում։ Դրանք եւս արձանագիր չեն, ու հեղինակների կարծիքով, թվագրվում են 12-13-րդ դարերով։
Խամշի վանքը բավականին հարուստ է նաեւ վիմագիր արձանագրություններով, որոնք պահպավել են շինությունների պատերին ու խաչքարերի քիվերին ու պատվանդաններին։ Քարեղեն այդ հիշատակարանները, որոնք, բարեբախտաբար, պահպանվել ու մեզ են հասել գրեթե անաղարտ վիճակում, իրենցից պատմագիտական հսկայական արժեք են ներկայացնում։
Դրա հետ մեկտեղ, Խամշի վանքի ավերումից հետո, անհետացել են ամենատարբեր բնույթի արձանագրություններ, որոնք կարող էին ամբողջացնել համակառույցի տարեգրությունը։ Խամշի վանքի մայր տաճարի որմերին շինարարական արձանագրություն չի փաստագրվել, իսկ պեղումների ընթացքում հայտնաբերված վիմագրերը հիմնականում նվիրատվական բովանդակություն ունեն։ Վիմագիր արձանագրություններից ամենաընդարձակը բաղկացած է երկու տողից, որը փորագրվել է եկեղեցու՝ կրաքարից կերտված քիվին։ Թեեւ հայտնաբերվել են արձանագիր յոթ վեմերը, սակայն պակասում է բնագրի մի զգալի հատվածը, քանի որ մի քանի արձանագիր քարեր պակասում են։ Վիմագրությունն ասում է․ «․․․ԵՐՈՒ ՇՈՒՐՋԱՌԱՆԻ ԶՄԻԱՅՓՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ Ի ՅՈՒԽՏ ԵԿԵՂԵՑՈՑ ՄԻՆՉ Ի ՍՐՈՂԱՆ ՋՈՒՐՆ,ՄԻՆՉ Ի ԿՈԾՈՂՈՅ ԽՈՌՆ, ԶՎԱՃԱՌՆ Ի ՏՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԽԱՄՇԻ ՎԱՆԱՑՍ ԵԿԵՂԵՑՈՅՍ ՅԺԸ ՀԱՅՐԱՊԵՏԱՑՆ ՆԶՈՎԱԾ Է ՈՒ Ի ՅԱՅՍ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐՉԱՅՍ, ՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՍ ԳԵՐԵԶՄԱՆԵՍ, ՈՎ ՉԿԱՏԱՐԷ, ԿՐԿԻՆ ՆԶՈՎԱԾ Է։ Ի։Չ։ /1251/ ԹՎԻՍ ԳՐԵՑԱՎ։
Այս չափազանց արժեքավոր արձանագրությունը փորագրվել է Ներսես Գ-ի կաթողիկոսության ժամանակ, 1235-1262 թվականներին ու վերաբերում է Խամշի վանքի թեմին պատկանող տարածքների սահմանների ճշգրտմանը։ Նվիրատվական է նաեւ մեկ այլ արձանագրություն․ «ԿԱՄԱՎՆ ԱՍՏԾՈՅ ՄԵՔ ԲՈԼԿԱՅ ՈՐԴԻՔ, ՄԻԱԲԱՆՔՍ ԷՏՈՒՆ ԾԱՌԶԱՐԴԱՐ․․․»
Ըստ հեղինակների՝ Բոլիկ անձնանունը վկայված է նաեւ Վայոց Ձորում՝ Գնդեվանքի գավթի հյուսիսային պատին կից մույթին ներքուստ փորագրված արձանագրության մեջ։ Համաձայն այդ վկայության՝ Բոլկա որդի Աշոտն իր որդու՝ Հասանի մահվան կապակցությամբ մեծ այգի է նվիրել վանքին, իսկ վերջինիս հոգու փրկության համար տարին երկու պատարագ ստացել Նոր կիրակի տոնին։
Խաչքարերի վրա պահպանված վիմագրությունները պահպանել են հավերժի ճամփան բռնած բարեխոսների անունները՝ Հակոբ, Վրթանես քահանա, Կարապետ, Հայրապետ, Ստակիս, Խոցայդեղ, Ստուր Աղբերիկ, Պողոս պատվական քահանա, Հայր Զաքարե, Հազարդեղ, Այլափսոս, Գրիգոր, Սպարապետ, Զաբետ, Միխիդար, Հովհաննես եպիսկոպոս։
Գեղաքանդակ խաչքարի վերին մասը վանքի տարածքից տեղափոխվել է Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի դպրոցի բակ։ Թիկունքիւն պահպանվել է արձանագիր յոթ տող․ «Ի ՈՀԲ /1223/ ԹՎԻՍ ՀԱՅՈՑ ԵՍ ՄԱՄԱՔՍ ԵՎ ՈՐԴԻ ԻՄ ԿՈՒԿՍ Ի ԽԱՉԵՆՈՅ, ՈՐԴԻ ՀԱՐԲԱ ՄԵԾ ԻՇԽԱՆԻ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ Ի ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՍԱԿԱ ԵՂԲՈՐ ԻՄՈՅ»։
Մեծ տաճարի սրբատաշ քարերից մեկին քանդակված են մի քանի խաչաքանդակներ։ Խաչերից մեկի վերին մասում պահպանված է հետեւյալ արձանագրությունը․ «ՇԱՄՇԻ ԱՅՑ ՅԷՐԷՎԱՆԷ»։
Հեղինակների ենթադրությամբ՝ Շամշին ծագումով Երեւանից է, ով ուխտի կամ այցի է եկել Խամշի վանք։
Անշուշտ, գեղեցիկ քանդակներին համահունչ էլ արվել են գեղեցիկ փորագրությունները՝ պահպանելով ձեռագրերի ու տառատեսակների բազմազանությունը, հետաքրքիր, ոչ պակաս շքեղ ձեւավորումները։
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի/
31 դիտում