Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԱՅՆՔԱՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՁՅՈՒՆԸ

Հունվարի երկրորդ տասնօրյակի ավարտին վերջապես առատ ձյուն տեղաց Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններում, մի իրադարձություն, որը տեղի չէր ունենում վերջին մի քանի ձմեռների ընթացքում։ Ձյան շերտը կազմում է 40-50 սանտիմետր։  Ու սրանից առավել հրճվանք ապրում են հատկապես ավագ սերնդի մարդիկ, ովքեր շատ լավ են հիշում ոչ հեռավոր անցյալի տեւական, բքառատ ու ձնառատ ձմեռները, երբ օրերով ու շաբաթներով ձյունն անդադար մաղում էր երկնքից, բռնում ամեն լեռ ու ձոր, դաշտ ու անտառ, փողոց ու բակ, երբ ջրհորդաններից կախվում էին սառցե լուլաները, տների ապակիները գիշերային սառնամանիքի ազդեցության տակ պատվում էին աննկարագրելի գեղեցիկ նկարչությամբ, որի վրձնողն  այդ դեպքում ամենաստեղծագործ ու ամենահանճարեղ   բնությունն էր։ Այդ անցած ձմեռները կապված են շատ ու շատ վառ տպավորությունների՝ սահնակ ու դահուկ քշելու, ձնից բակն ու տանիքները մաքրելու, ձնագնդի խաղալու, այլ հետաքրքությունների  հետ, որոնք մարդկանց սրտերն առավել կարոտով ու նաեւ տագնապով  էին լցնում  գրեթե անձյուն-անձմեռ վերջին տարիների պատճառով։ Այո, նաեւ տագնապով, քանի որ ավագ սերնդի մարդիկ շատ ավելի լավ գիտեն ամենազոր ձյան արժեքը, որը առատ ջրի, առատ բերքի, առատ ծաղկունքի, կանաչազարդ դաշտերի, փարթամ գարնան անփոխարինելի երաշխավորն է։

Ու հիմա բոլորս խանդավառ նայում ենք լիովին ձնածածկված, ճեփ-ճերմակին տվող մեր լեռներին, դաշտ ու արտ ծածկած ձյան սավանին ու բերկրալից ասում․

-Հազար բարով եկար, մեր սիրելի, մեր ամենասպասված, մեր ամենազոր, մեր լեռնաշխարհի հարատեւ հարստություն՝ միշտ անարատ, միշտ հեքիաթային ու սպիտակ ձյուն։

Խոսրով   Խլղաթյան

33 դիտում