Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԽԱՄՇԻ ՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 
Խամշի վանքի կառուցումը հովանավորող աշխարհիկ ու հոգեւոր տերերի, ճարտարապետների, շինարարների ու քանդակագործների կողմից արվել է հնարավորը, որպեսզի այս կառույցը մի կողմից իր տեսքի մեջ լինի բացառիկ ու վեհաշուք, մյուս կողմից էլ մրցակցել կարողանա կամ երեւելի տեսք ունենա իր ժամանակի կամ նախորդ ժամանակներում կերտված պատմաճարտարապետական այլ հրաշալիքների կողքին, որոնք առկա են եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրան շրջապատող երկրներում։ Ու դա նրանց գերազանցապես հաջողվել է։
Խամշի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հեղինակների կարծիքի, իր ճարտարապետական զուսպ ձեւերով ու գեղարվեստական շքեղ հարդարանքով համարվում է հայ միջնադարյան եկեղեցաշինության բարձրագույն նվաճումներից մեկը, իսկ նրա գմբեթն իրավամբ կարելի է համարել հայ քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից։ Դասական օրինակ է եկեղեցու թմբուկը, որի կլոր պատուհաններից մեկի շուրջբոլորը քանդակված է եկեղեցական, ծիսական արարողությունների ժամանակ կիրառություն ունեցող երաժշտական գործիքը, որը կոչվում է Քշոց։ Քանդակն աչքի է զարնում ոչ միայն գործիքի ռեալ պատկերով , այլեւ քանդակային վերարտադության բարձր մակարդակով։
Երեւելի են նաեւ արծիվ եւ կաքավ հիշեցնող թռչունների պատկերաքանդակները, որոնք լայնորեն տարածված են հայկական եմեղեցական քանդակային հարդարանքում, որն ավանդվել է դեռեւս 10-րդ դարից։ Դրանք խորհրդանշում են Դրախտային պարտեզը եւ առնչվում են գմբեթի ու թմբուկի խորհրդաբանական պատկերացումներին։ Գմբեթի թմբուկների զարդաքանդակների շարքում հատուկ ուշադրության են արժանի ճակտոնապատերի տակ գտնվող եռանկյունաձեւ տիմպանները, որոնք բոլորն էլ ծածկված են իրար չկրկնող երկրաչափական ու բուսական հետաքրիր զարդաքանդակներով ու հիացնում են իրենց բարձր արվեստով։
Ճարտարապետը եւ քանդակների հեղինակները շքեղ ձեւ են տվել դեպի երկինք ձգվող գմբեթին, ինչի արդյունքում էլ ստեղծվել է բացառիկ ու անկրկնելի կոթող։ Եկեղեցու գմբեթն ունեցել է 16 նիստ՝ իր կերպով հիշեցնելով Հառիճավանքի եւ Գանձասարի վանքի Կաթողիկե եկեղեցիների գմբեթները։ Գմբեթի նիստերն ավարտվում են անկյունաձեւ վերնաճակատներով, որոնցից յուրաքանչյուրի անկյունը կրում է կոնաձեւ սալապատ ծածկ՝ վերջինիս տալով հովհյարի տեսք։
«Տաճարի գմբեթը, հուշարձանի պսակը հանդիսանալով հանդերձ, եղել է նաեւ նրանից վեր խոյացող առանձին դիտվող մի հորինվածք, որի վեհությունն ընդգծվել է ոչ միայն նիստերի ուղղահայաց բաժանումներով, այլեւ կողերին բարձրացած երեքական կիսասյուների համադրությամբ մշակված սյունափնջերով, որոնցից յուրչաքանչյուրն ունի իր յուրօրինակ խարիսխը եւ խոյակը։ Գմբեթի թմբուկի բվեհությունն ու մասնատվածությունն ընդգծվել են նաեւ նիստերը ձեւավորող որմնախորշերով եւ սքանչելի զարդաքանդակներով ։ Այս ամենը, բացի իրենց ունեցած որոշակի դերից, ստեղծել են լույսի եւ ստվերի հետաքրքիր մի համադրություն, որով ավելի ցայտուն է դարձել թմբուկի հարդարանքը։ Առկա մանրամասներից դատելով՝ Ճարտարապետ Հովասաբը կատարել է նիստերի հստակ բաժանում։ Չորս նիստերի մեջ բացված են նեղ, երկար լուսամուտներ՝ եզրերի հետաքրքիր եզրագոտիներովՊատուհանների պսակները լայն են, ծածկված մեծ վարպետությամբ աչքի ընկնող բուսական եւ երկրաչափական զարդաքանդակներով։ Գմբեթի մյուս զարդաքանդակները չեն կրկնվում, հատկանիշ, որը բնորոշ է Հայաստանի ոչ միայն ճարտարապետական հուշարձաններին, այլեւ կիրառական արվեստի ստեղծագործություններին, բազմահազար խաչքարերին»,-նկարագրում են հեղինակները։
Թմբուկը տաճարից բաժանող նրբաքանդակ գոտին հարդարված է եղել բուսական զարդամոտիվների գեղեցիկ հյուսքով։ Իսկ թմբուկի քանդակագործական հարդարանքի ամենաակնառու մասը կազմել են նիստերի եւ ճակտոնների պատկերաքանդակները։
Գմբեթի թմբուկի նիստերից մեկում վերարտադրված է հնգաթեւ աստղի մեծադիր քանդակը, որը մասերի է բաժանվել եկեղեցու խորարհվելու հետեւանքով։ Պեղումներով հայտնաբերվել են այս անզուգական քանդակի գրեթե բոլոր մասերը, որոնցով ամբողջանում է գմբեթի այս նիստը հարդարող կարեւորագույն տարրը։ Նմանատիպ նիստերից մյուսի մակերեսը զարդարում է վեցթեւանի աստղ պատկերող քանդակը։
Գմբեթի թմբուկի հարավային նիստից աջ եւ ձախ գտնվող նիստերի որմնախորշերում քանդակագործը տեղավորել է պատկերաքանդակներ։ Արեւմտյան թեւի վրա եզան գլուխներ են քանդակվել, իսկ մյուս թեւերը հարդարվել են թռչնաքանդակների եւ երկարչափական այլ քանդակներով։ Լուսամուտներից մեկի երկու կողմերում թեւատարած արծիվների քանդակներ կան, որոնց բելորներն ի հայտ են եկել պեղումների ժամանակ։ Պեղումների շնորհիվ հայտնաբերվել է նաեւ խաչը պահող գնդաձեւ խաչաթոռը։
Հուշարձանը պեղած հնագետների կարծիքով՝ մի եզակի իրողություն է հայտնաբերվել գմբեթասրահի արեւմտյան պատի գետնախարսխին անմիջապես հաջորդող պատաշարում, որտեղ որմնադիրը, քարերը շարելուց եւ պատը հարդարելուց առաջ, սրբատաշ քարերի հերթականությունը պահպանելու համար դրանք համարակալել է հայերեն գլխատառ-երկաթագրերով՝ Ա-ից մինչեւ Ժ-ն, որոնք արտահայոտւմ են մեկից տաս թվերը։ Նման բան այլեւս չի հանդիպում ինչպես վաղ միջնադարի, այնպես էլ Հայաստանի 9-14-րդ դարերի հուշարձանների որմերին։ Շքեղորեն է կերտվել տաճարի արեւմտյան որմը, որի կենտրոնում կառույցի շքամուտքն է՝ կազմված չորս զանգվածեղ որմնասյուներից, որոնք պսակվել են երկու քանդակազարդ կամարներով։ Դրանք ունեցել են գլանաձեւ զարդագոտիներ, որոնց վերին եւ ստորին մասերն ավարտվում են որմնափնջերով։ Կենտրոնական որմնասյուների վրա զետեղված է եղել հինգ քարից կազմված մուտքի բարավորը։ Երկու կողմերում՝ որմնասյուների միջեւ շարված են եղել կանաչ եւ դեղին քարերով ռոմբաձեւ փոքր սալիկներ, որոնք առանձնակլի տեսք են հաղորդել շքամուտքին։
Դժվար չէ կռահել, թե ինչ միտք ու ջանք են թափել հուշարձանի պեղումներով ու ուսումնասիրություններով զբաղված անձինք՝ իրար համադրելով գտնված յուրաքանչյուր քարաբեկոր ու քանդակ, ամեն մի մանրուք, մինչեւ որ ամբողջացրել են Խամշի վանքի ամբողջական տեսքի կամ վերականգնման գծապատկերը։ Դա, թերեւս, գրեթե հավասր էր նման մի հուշարձան հիմքից կերտելու աշխատանքին։
Գրքում զետեղված են ճարտարապետ Մ․ Դանիելյանի չափագրությունները, Հ․ Կարախանյանի ու Ս․Աղայանի գծանկարները, Հ․ Մելքոնյանի, Կ․ Եղիազարյանի ու Հրայր Բազեի լուսանկարները, որոնց շնորհիվ ընթերցողը կարողանում է հաղորդվել Խամշի վանքը կերտող հանճարների հոյակերտ մտահղացումներին, անկրկնելի կերտվածքներին, միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկի ճարտարապետաաշինյարարան, քանդակագործական ու գեղագիտական հզոր արժեքներին։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում շուրջ 100 մետր հեռավորությամբ է գտնվում փոքր եկեղեցին, որը ուղղանկյուն հակատագծով, կիսակործան շինություն է՝ 9-11-րդ դարերով թվագրվող։ Փոքր եկեղեցու պեղումների արդյունքում արեւմտյան պատի հատվածում գտնվել են 12-14-րդ դարերի մեծ թվավ խաչքարեր ու բեկորներ ու գերեզմանաքարեր, որոնցից մի քանիսն ունեն պարանահյուս զարդերիզ, որն առավելապես բնորոշ է նույն դարաշրջանների գերեզմանակոթողներին։ Փաստագրվել են նաեւ եկեղեցու ուշագրավ ճարտաչրապետական մանրամասներ՝ պատուհանների պայտաձեւ պսակներ։ Եկեղեցու պեղումներով հյայտնաբերվել են բազմաթիվ կղմինդրներ, որոնց թվում ուշագրավ է թաց վիճակում սուր գործիքով փորագիր արձանագրությամբ երկթեք կղմինդրի օրինակը։
Խամշի վանքը բաղկացած է նաեւ գավիթից, որը կառուցվել է շատ ավելի ուշ, հավանաբար, տաճարի կառուցումից մի քանի տասնամյակ անց, կոպըտատաշ բազալտով, 12 մետր լայնությամբ ու նույնքան էլ երկարությամբ։
Բնական է, որ անշուք այս կառույցը մի տեսակ ստվեր է նետում տաճարի չափազանց շքեղ տեսքի վրա։ Գավիթը եւս ավեր վիճակում է, որի պատերը կանգուն են մնացել մոտ 2 մետր բարձրությամբ։ Այն ներքուստ ու արտաքուստ հարդարվել է 9-12-րդ դարերով թվագրվող խաչքարերով, որոնք տեղահան են արվել մոտակա միջնադարյան գերեզմանոցից ու ամենատարբեր դիրքերով, ներքուստ, թե արտաքուստ, զետեղվել գավթի որմերին։ Գավթի հյուսիսային եւ հարավային մուտքերը եւս հարդարվել են մեծ չափերի գեղաքանդակ խաչքարերով։   Մուտքերը երկու կողմից են, քանի որ դրանցից հարավայինը բացվում է դեպի բլրի վրայի տապանատուն, իսկ հյուսիսայինը՝ վանական համալիրի բակ։
Խամշի վանքն ունեցել է նաեւ օժանդակ շինություններ ու միաբանության խցեր, որոնք գտնվում են տաճարի հյուսիսակողմում, 70-100 մետր հեռավորությամբ։ Մենաստանի բնակելի սենյակները, կառուցված բազալտե կոպտատաշ քարերով, չափերով փոքր են։ Խցերի քանակը հուշում է, որ վանքի միաբանները բավականին շատ են եղել։ Վանքի շրջակայքում կան խցերիվ անհամեմատ ավելի մեծ սենմյակներ, որոնք առնչվել են գործատների՝ արվեստանոց-գրչատների հետ։
Խամշի վանքից մոտ 100 մետր հեռավորությամբ պահպանվել է մեծ չափերով ու 7 մետր խորությամբ միջնադարյան հորը, որը կառուցվել է բազալտի քարերով ու երեսապատվել կիր ու ավազի հաստ շերտով։ Այն ծառայել է հացահատիկ կամ ընդեղեն, մթերքներ ամբարելու նպատակով։ Մենաստանից ավելի քան 200 մետր դեպի հյուսիս հայտանբերվել մեն սրբատաշ, բազմերանգ քարեր, որոնք վերաբերում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարին։
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի/
35 դիտում