
Խամշի վանքի ճարտարապետության մասին միայն կարելի է պատկերացում կազմել միայն տարածքով մեկ սփռված քարերի ու քարաբեկորների հարդարված, քանդակված, նախշազարդ ու բազմագույն տեսքից, քանի որ կառույցը մեզ է հասել բացառապես ավեր վիճակում, այն էլ՝ հողի հաստ շերտը մաքրելուց հետո։ Սա, այո, մի անկրկնելի ճարտարապետություն է կրում իր մեջ, որը հենվել է ազգային հին ճարտարապետական ավանդների վրա, սակայն հարստացվել է նոր մտահղացումներով ու բարձրարվեստ ճաշակով։
Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, գավթից եւ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձեւ հատակագծով գմբեթավոր փոքր եկեղեցուց։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է սրբատաշ քարով՝ իր դիրքով ու ծավալով ունենալով իշխող դիրք։ Ըստ գրքի հեղինակների՝ տաճարը նախապես կառուցվել է առանձին, առանց ժամատան, որը հետագայում կառուցվել է եկեղեցու արեւմտյան կողմում՝ ծածկելով տաճարի գլխավոր ճակատի մեծ մասը եւ դռան շուրջը փիրուզագույն ու դեղնավուն ռոմբաձեւ քարերով հարդարված շքամուտքը։ Կառույցը կրկնում է հայ դասական ճարտարապետության մեջ 11-13-րդ դարերի ընթացքում լայն տարածում ունեցած արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձեւ շինությունների այն տիպը, երբ ներքին խաչաձեւ հորինվածքը ստեղծվել է շինության չորս անկյուններում զետեղված երկհարկ ավանդատներով։
Եկեղեցին զբաղեցնում է 204 քառակուսի մետր տարածք՝ 12 մետր լայնությամբ ու 17 մետր երկարությամբ։ Այն աչքի է ընկնում կառուցողական բարձր արվեստով՝ բազմերանգ քարերի օգտագործմամբ ու կատարյալ մշակմամբ։ Որոշ հատվածներում պահպանվել են եկեղեցու պատերի չորսից հինգ շարքերը։
Խաչաձեւ սրահի արեւմտյան թեւը երկար է, իսկ հյուսիսային եւ հարավայինը՝ կարճ։ Արեւելյան թեւում ներսից կիսաշրջանաձեւ ավագ խորանն է՝ բեմի եւ բեմառէջքի համար բարձրացված դարձյալ կիսաշրջանաձեւ տարածությամբ։ Աղոթասրահի ներքին ամբողջ ծավալի վրա գերիշխել է եկեղեցու գմբեթը։ Կառույցը պսակվել է բազմանիստ թմբուկով։ Դեպի վեր են ուղղված եղել մեծածավալ քարաբելորներից կերտված սլացիկ որմնասյուները, սլաքաձեւ գմբեթակիր կամարները։ Թմբուկը լուսավորվել է ուղղանկյունաձեւ ու շրջանաձեւ բացվածքի լուսամուտներից։
Եկեղեցին ունեցել է երկու մուտք, որոնցից մեկը բացվել է հյուսիսային, մյուսը՝ արեւմտյան կողմից։ Շքամուտքը եղել է արեւմտյան կողմից ու բացվել գավթի մեջ։ Աղոթասրահի չորս անկյուններում երկհարկ ավանդատներ են, որոնց առաջին հարկերը գրեթե ամբողջությամբ պահպանված են, իսկ երկրորդ հարկի պատերը պահպանված են մեկ-երկու շարքով։ Արեւմտյան ավանդատան երկրորդ հարկ տանող սանդուղքները կառուցված են պատից ելուստ ունեցող, պահունակային աստիճաններով։ Արեւելյան խորանների երկրորդ հարկերի մուտքերն ավագ խորանի երկու կողմերից են։ Եկեղեցու ներքին հարդարանքը մշակված է եղել ճարտարապետական ու քանդակագործական բարձրաճաշակ հմտությամբ։

«Հայ արվեստին հատկանշական գերագույն առանձնահատկությունն իր դրսեւորումն է գտել նաեւ այստեղ։ Քանդակազարդերի, եւ առհասարակ, հարդարանքի մանրամասները երբեք չեն կրկնվում, այլ լրացնում, հարստացնում են իրար՝ ստեղծելով մեծ արվեստով եւ արտահայտչականությամբ կատարյալ ամբողջություն։ Եկեղեցու ներսում իշխողը հարդարման հին հայկական եղանակների բազմազանությունն է։ Դա երեւում է փլատակների ճարտարապետական այն մանրամասներից, որոնք պատկանում են գմբեթին եւ թմբուկին։ Այստեղ առկա են ուղղահայաց իջնող պարզ զարդերը փնջաձեւ ծանրացած զարդաքանդակներով գոտիները, որոնք ասես վերից իրենց մեջ են ամփոփել եկեղեցու կենտրոնական մասը․․․Խաչաթեւերի վրա բարձրացող կամարները եռաստիճան են։ Վերինը հարդարված է եղել յուրօրինակ զարդով։ Կամարաթռիչքները խաչի անկյուններում հենվում են հին կիսասյուներից բաղկացած սյունափնջերի վրա։ Ընդ որում, կիսասյուներից կենտրոնականի վրա է հենվել վերին կամարաշերտը, որի անկյունը մշակված կիսագլանի տեսք ունի։ Առավել մեծ կիսագլանների տեսք ունեն ծայրերի կիսասյուները։ Կամարների հիմքերից կազմված անկյուններում բուսական զարդաքանդակներ կան։ Անկյան նեղացող մասը պսակվում է արմավենիներից հյուսված նուրբ ցանցազարդով, որը դեպի վեր շարունակվելով՝ ավարտվում է ութ պսակաթերթից կազմված վարդյակով։ Թեւերն ավարտվել են արմավենազարդերով։ Դրանք իրենց խորհրդաբանությամբ առնչվում են Կենաց ծառին,որը լայն կիրառություն ունի ողջ քրիստոնեական արվեստում։ Այդ զարդաքանդակների կենտրոնական հատվածում տեղադրված է եղել առյուծի ընդգծված ռելիեֆ զարդաքանդակը։ Պեղումներով հայտնաբերվել են առագաստներում զետեղված զարդաքանդակները՝ եզան գլխի, արծվի, խաչերի եւ վարդյակների քանդակների տեսքով։ Տաճարի բազմանիստ թմբուկը ներսից կլոր է եղել։ Ութ զույգ կիսասյուների միջոցով այն բաժանված է եղել ութ մասի։ Կիսասյուներն ավարտվել են խոյակներով, որոնց վրա ելուստավոր կամարներ են դրվել»,-նկարագրում են գրքի հեղինակները։

Շատ երեւելի տեսք ունի նաեւ բեմառէջքը, որը զարդարում են 13 կամարախորշերը։ Հենց այստեղ էլ, եկեղեցուց որոշակիորեն լավ պահպանված հատվածում, կարդացվում է այս հոյակապ կառույցի ճարտարապետի անունը՝ ՀՈՎԱՍԱԲ։ Սա այն փառավոր մարդն է, ով իր մտքի փայլատակումով արարել ու կերտել է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը։
Տաճարի գմբեթը լուսավորվել է թմբուկի նեղ, երկար ու կլոր քանդակազարդ լուսամուտներից, որոնք արտաքուստ ունեցել են շքեղ գեղարվեստական հարդարանք։ Խաչաթեւերը եւս ընդգծվում են ոչ այնքան խորը եռանկյուն որմնախորշերով։ Տաճարը դրված է երկաստիճան որմնախարսխի վրա։ Տաճարի հյուսիսային ու հարավային ճակատները մշակված են եղել իրար նման հնգական խուլ կամարներով։ Կենտրոնական, առավել խոշոր ու բարձր կամարներից վեր տեղադրված են եղել խիստ ընդգծված, խոշոր, կիսաբոլոր խաչաքանդակներ։ Խաչի թեւերի մակերեսները հադարված են ցորենի հասկ հիշեցնող գեղեցիկ, կիսաբոլոր քանդակներով, որոնք իշխում են սրահի ճակատների վրա։

Կենտրոնական խոշոր զույգ կամարների ճակատներում բացված են նեղ լուսամուտներ՝ քանդակազարդ լայն երեսակալներով։ Հինգ խուլ կամարներով է հարդարված եղել նաեւ կառույցի արեւելյան ճակատը։ Կենտրոնականը բարձր է եւ իր մեջ է ընդգրկել նեղ, ընդգծված լուսամուտը։ Երրորդ եւ չորրորդ կամարների ներսի տարածություններում փորված են կիսաշրջան որմնախորշեր, որոնց վերնամասերը մշակված են հովհարաձեւ զարդաքանդակներով։ Մեծ կամարներներից հարավային կողմի ներսում, լուսամուտի պսակի զարդից վեր, քանդակված է արեւի ժամացույց, իսկ հարավային ճակատի նույն տեղում երեւում է հավերժության նշանը, որը կրկնված է նաեւ կամարը եզրափակող մեծ խաչի վերին խաչաթեւին։
Եկեղեցու խաչաթեւերի ծայրերին՝ ճակտոնապատերի անկյուններից վեր, դրված են եղել հուշարձանի մանրակերտներ, որոնցից երկուսն են հայտնաբերվել՝ պատրաստված կրաքարից։

Այլ խոսքով, Խամշի վանքի կառուցումն արդյունք է ճարտարապետական հզոր գիտելիքների, երկրաչափական ու մաթեմատիկական գերճշգրիտ հաշվարկների, քանդակագործական արվեստի ու գեղագիտական բարձր ճաշակի կիրառման, որոնք այստեղ օգտագործվել են անսխալ ու անշեղ կերպով։
Բնական է, որ այսպիսի մտահղացումը երբեք ու երբեք չի պատկանել վրանաբնակ քոչվոր ցեղերին, որոնք միայն զբաղված են եղել խաղաղ պետությունները կործանելով ու կողոպտելով, քաղաքակրթություններն ու դրանք կրող ժողովուրդներին բնաջնջելով, իսկ այսօր նրանց զարմերը նույն մոլեգնությամբ, կեղծավորությամբ ու անամոթությամբ փորձում են իրենցով անել նաեւ ճարտարապեական ու քանդակագործական արվեստի գլուխգործոցները, դրանց կերտողներին։ Հայատառ վիմագիր արձանագրություններն անգամ պատմամշակութային արժեքները կողոպտող ելուզակների համար հիմք չեն՝ համոզվելու, թե իրականում որ ժողովրդի մտքի ու ստեղծարար ձեռքերի արդյունքն են Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խամշի վանքի, Ամբերդի, մյուս հուշարձանների կերտումները։
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի/