Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացել է Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրման վերաբերյալ սեմինար-քննարկում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի  համակարգի ներդրման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության վարչության պետ Գոհար Վարդանյանը, տեսչական մարմնի պատասխանատու աշխատողներ, տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սպարտակ Մելքոնյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրեններ, համայնքապետարանների և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչներ։

Սեմինար-քննարկումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության վարչության պետ Գոհար Վարդանյանը ներկայացրել է հանրային սննդի հաստատությունների համար սննդամթերքի անվտանգության պարտադիր պահանջները, վտանգների գնահատման մեխանիզմները, հսկման կրիտիկական կետերի որոշման սկզբունքները, դրանց արդյունավետ կիրառման լավագույն փորձերը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեթոդները և վերահսկողության գործընթացների կատարելագործման ուղիները։

Նա նշել է, որ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումը արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում անհրաժեշտ է՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելու համար:

Հանդիպման ավարտին ՍԱՏՄ ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։

Գեղամա աշխարհ

2 դիտում