
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և մարզպետի շնորհակալագրով խրախուսեց միջազգային ու հանրապետական առաջնություններում մրցանակային տեղեր գրաված բռնցքամարտիկներին և նրանց մարզիչներին։
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց չորս տարիքային խմբերում Գեղարքունիքի մարզը ներկայացնող բռնցքամարտիկների գրանցած հաջողությունները հանրապետական ու միջազգային ստուգատեսներում՝ խոսելով նաև առաջիկա մրցաշարերի նախապատրաստության ու առաջնահերթ անելիքների մասին։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, ցանկացավ հետագա հաջողություններ ու նորանոր հաղթանակներ՝ հույս հայտնելով, որ գալիք տարվա սկզբին դրանք կլինեն ավելի ծանրակշիռ ու ավելի հեղինակավոր ստուգատեսներում։
«Այս հաղթանակները, անշուշտ, ոգևորում են նաև ձեր ընկերներին ու տարեկիցներին ու նպաստում, որ բռնցքամարտը մեզանում դառնա շատ ավելի ընդգրկուն ու մասսայական մարզաձև։ Իսկ առավել կարևորն այն է, որ ձեր հաղթանակներով դուք բարձր եք պահում Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի և ձեր համայնքների մարզական պատիվը, աշխարհին ճանաչելի դարձնում մեր երկիրը, ինչի համար և շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ մարզիչներիդ ու մարզիկներիդ»,-նշեց Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանները, Էդգար Սահակյանը, Հովիկ Վարդանյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մարատ Կարոյանը, Տարոն Իսպիրյանը և Մանուշակ Դավուդյանը։ Գեղարքունիքի մարզում բռնցքամարտի զարգացման գործում ունեցավ վաստակի ու երկարամյա մարզչական աշխատանքում գրանցած հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեց նաև արդեն վաստակած հանգստի անցած մարզիչ Վազգեն Շահինյանը։
Մարզիկներից Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին արժանացան Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վարդենիս և Գավառ համայնքները ներկայացնող բռնցքամարտիկներ Ջուլիետա Մարգարյանը, Մարգարիտա Աղաբաբյանը, Գոռ Ղազարյանը, Սիմոն Սիմոնյանը, Արեգ Ավդալյանը, Շուշան Հովհաննիսյանը, Կարեն Զախարյանը, Աննա Մանուկյանը, Մերի Մանջոյանը, Ազատուհի Ներսիսյանը, Նազելի Ավագյանը, Մհեր Խեչոյանը, Արաքսյա Շառաջյանը, Էլեն Բարսեղյանը, Կարինե Դալլաքյանը, Արսեն Խլղաթյանը և Հայկ Մարգարյանը։
Հանդիպման ավարտին իր և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անունից Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը շնորհալակություն հայտնեց մարզպետ Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզում բռնցքամարտի զարգացմանը մշտապես աջակցելու և հաղթանակ գրանցած մարզիկներին խրախուսելու համար։
Գեղամա աշխարհ