Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Բարելավվել է Մարտունու մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան  

Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  համագործակցության արդյունքում  2026 թվականին «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի բարելավման, երեխաների համար ժամանակակից ու հարմարավետ կրթամշակութային միջավայրի ստեղծման նպատակով իրականացվել է շուրջ 21 միլիոն ՀՀ դրամի արժողության գույքի, հումքի, սարքավորումների ձեռքբերման ծրագիր։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  ներդրումը կազմել է 16 միլիոն 31 հազար դրամ,  Մարտունու համայնքապետարանի ներդրումը՝ 5  միլիոն 87 հազար դրամ։

Ձեռք բերված գույքը նախատեսված է դպրոցի առօրյա գործունեության, ուսումնական պարապմունքների, ստեղծագործական աշխատանքների և կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար։ Ձեռք է բեևվել գերմանական արտադրության բարձրորակ կավագործական վառարան, բրուտագործական հաստոց, խեցեգործության մեջ հումք հանդիսացող եվրոպական կավ, ներկեր, շրջանակներ, մոլբերտներ և զանազան կահույք։

Ներդրման շնորհիվ կբարելավվեն դպրոցի նյութատեխնիկական պայմանները, կբարձրանա ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև կընդլայնվեն երեխաների կրթական և ստեղծագործական զարգացման հնարավորությունները։

«Ծրագրով կահավորել է արվեստի դպրոցի 13 դասարան և 3 վարչական աշխատասենյակ, ինչպես նաև՝ նորաստեղծ խեցեգործական արվեստանոցը։ Մարտունի համայնքում չի եղել որևէ խեցեգործական արվեստանոց, չնայած որ համայնքը ունեցել է խեցեգործության լավ ավանդույթներ և անհատ վարպետներ։ Արվեստանոցի ստեղծմամբ կավելանան նոր աշխատատեղեր, իսկ երեխաների և ուսուցիչների ձեռագործ աշխատանքները կարող են ցուցադրվել և վաճառվել։

Ծրագրի իրականացումը կարևոր քայլ է Մարտունի համայնքում արտադպրոցական կրթության պայմանների բարելավման, երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման և որակյալ կրթամշակութային ծառայությունների հասանելիության ընդլայնման ուղղությամբ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա  աշխարհ

1 դիտում