
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրերի իրականացման համար 2026 թվականին կհատկացվի 106 միլիոն դրամ ։
Մարտունու համայքնապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Վարազդատ Մհերյանի տեղեկացմամբ՝ համայնքապետարանի կողմից կողմից 2025 թվականին տեղական բյուջեից հատկացվել էր 40 միլիոն դրամ, որով ֆինանսավորվել են համայնքի բնակիչների կողմից առաջադրված և հավանումների արդյունքում հաղթող ճանաչված երկու ծրագրեր, որոնց իրականացման շնորհիվ հիմնանորոգվել են Ներքին Գետաշենի մշակույթի տան դահլիճը և Գեղհովիտում գործող բռնցքամարտի մարզասենյակը՝ գույքի ապահովմամբ։
-2026 թվականի համար համայնքի ավագանին կրկին հաստատեց 40 միլիոն դրամի հատկացումը «Մասնակցային բյուջետավորման» գործընթացին, որին գումարվեց նաև ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցներից Մարտունի համայնքին ուղղված մոտ 66 միլիոն դրամ գումարը, ինչի արդյունքում էլ այս տարի բնակչության կողմից ներկայացված լավագույն գաղափարների իրագործման համար առկա է մոտ 106 միլիոն դրամ գումար։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկի նպատակով հրավիրված քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան՝ բարձրաձայնելու իրենց առաջարկներն ու դիտարկումները, ինչպես նաև ստանալու պատասխաններ հնչեցված հարցերին։ Առաջիկայում օրենքով սահմանված կարգով նախատեսված քվերակության արդյունքներով հաղթող ճանաչված ծրագրերը կդրվեն գործողության մեջ,-ներկայացրեց Վարազդատ Մհերյանը։
Գեղամա աշխարհ