Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Տեղի է ունեցել  Մարտունի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի հանրային քննարկումը

 

Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում տեղի է ունեցել  Մարտունի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի հանրային քննարկում, որը  վարել է  Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն  Շահինյանը։

Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  քննարկմանը մասնակցել են  համայնքապետարանի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ, համայնքի բնակիչներ, շահագիգիռ անձինք:

Մարտունի համայնքի բյուջեն ներկայացրել է  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Թաթուլ Դավթյանը։

Ըստ զեկուցողի՝ Մարտունի համայնքի վարչական բյուջեն 2026 թվականին կազմելու է 5 միլիարդ 588 միլիոն 560 հազար  դրամ, որից համայնքի սեփական եկամուտները կկազմեն 1 միլիարդ 402 միլիոն 527 հազար դրամ, պետության կողմից տրված դոտացիան` 4 միլիարդ 186 միլիոն 33 հազար դրամ։

Քննարկման ընթացքում  ներկայացվել են  բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները, նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։ Բյուջեի միջոցներն  առավելապես կուղղվեն սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը և տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորմանը։

Քննարկման ընթացքում խոսվել է  նաև  միջազգային կառույցների աջակցությամբ սարքավորումների և սպասարկող տեխնիկայի ձեռքբերման, Մարտունի քաղաքում երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման և շահագործման, միջհամայնքային և ներքաղաքային հանրային տրանսպորտի, կեղտաջրերի 2 կենսաբանական մաքրման կայանների կառուցման,  համայնքի բոլոր բնակավայրերում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ»-ի միջոցով կենտրոնական աղբահանության կազմակերպման, Մարտունու կենտրոնական գրադարանի վերակառուցման, Մարտունի քաղաքի և Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքների, Մարտունի քաղաքի գլխավոր մարզադաշտի կառուցման և ֆուտբոլային ակումբի հիմնման, «ԹՈՒՄՈ»  ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման, սիրողական մարզաձևերի սպորտային համալիրի կառուցման,  Մարտունի քաղաքի Գետափնյա -2 փողոցի երկայնքով գետեզերքին հանրության համար ճեմուղու կառուցման  և նախատեսված այլ ծրագրերի մասին, որոնք նախատեսված է իրականացնել 2026 թվականի ընթացքում։

Գեղամա աշխարհ

3 դիտում