
Արդի հայ գրականության երեւելի դեմքերից մեկը ՍԱՇ Հայկազունին է, ով տարիներ շարունակ հոգեբուխ նվիրումով հարստացնում է հայ քնարերգության փառավոր ու շքեղաշուք էջերը՝ հրաշալիորեն ու անսխալ զգալով հայ բանաստեղծության տրոփող երակը։
Հազարամյակների ճանապարհ անցած հայկական քնարերգությանը ՍԱՇ Հայկազունին հաղորդում է բոլորովին նոր որակ, նոր ասելիք, նոր խոհականություն։ «Գեղամա աշխարհ» թերթի 2021 թվականի 4-րդ համարում լույս է ընծայվել նրա ստեղծագործություններից մեկը։ Իսկ մեր թերթի էլեկտրոնային տարբերակում նա ընթերցողին ներկայանում է առաջին անգամ։
Թեեւ 27 տարի շարունակ նա ապրում է հայրենիքից դուրս, ՌԴ Վոլգոգրադ քաղաքում, ադուհանդերձ, շարունակում է ապրել հայրենիքի հոգսերով, ցավերով, առօրյայով, գեղեցկությամբ ու անհուն կարոտով, ու բոլոր այդ հույզերը նա ողջ անկեղծությամբ, նրբին քնարերգությամբ մատուցում է ընթերցողների ստվար բազմությանը։
ՍԱՇ Հայկազունին ծնվել է Երևանում: Նախադպրոցական տարիներն անցել են Լոռվա գեղատեսիլ բնության գրկում, տատի պատմած հեքիաթների գունազարդ ու կախարդական աշխարհում… Ավարտելով Երևանի թիվ 155 միջնակարգ դպրոցը, ընդունվել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանա-քիմիական ֆակուլտետը, ապա երկար տարիներ դասավանդել դպրոցում։ Այնուհետ ընդունվել և ավարտել է նաև Երևանի Հայբուսակ բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1999 թվականից տեղափոխվել ու բնակվում է Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում։
2015 թվականին լույս է տեսել «Մենակությունս», 2018 թվականին՝ «Հեքիաթ հավերժի», 2021 թվականին՝ «Խելակորույս աշխարհ» 2025 թվականին՝ «Հրաբուխի շուրթին» բանաստեղծությունների ժողովածուները։
Տպագրվել է «Գրական թերթ»- ում, «Արմավ» գրական — գեղարվեստական մշակույթային կայք էջում, grakan.am կայքում, «Գարուն» ամսագրում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գրողների և լրագրողները միության «Վերնատուն» պարբերականում, «Մաշտոց» գրական համահայկական առցանց հանդեսում և այլ պարբերականներում կամ թերթերում։
2021թվականի հունիսից Հայաստանի գրողների միության անդամ է։
Ունի երկու զավակ եւ մեկ թոռ։
Խոսրով Խլղաթյան
ԽԱՂԻԿ
Ասացիր.
-Ո՞վ ես դու, որտեղի՞ց…
Ասացի.
-Սիրիուսից հեռավոր:
Նայեցիր զմայլված,
Ժպտացիր՝
Ժպիտով անմեղ ու
Մեղավոր։
Ասացիր.
-Եկ, նստիր իմ կողքին,
Տխուր եմ, դառնացած
Ու մենակ…
Ասացի.
-Թե հպվեմ, քո հոգին
Կվառվի բոցերում
Շարունակ։
Ասացիր.
-Թող վառվի հավիտյան,
Գրկիդ մեջ բոցակեզ
Թող հալչեմ…
Ասացի.
-Շաղի հետ վաղորդյան
Կթողնեմ քեզ մենակ,
Կկորչեմ։
Ասացիր.
-Կսպասեմ կրկին քեզ,
Թե իմն ես, ետ կգաս
Դու մի օր…
Ասացի.
-Թե չգամ, չտխրես, Սիրիուսից կժպտամ
Աստղածոր…
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Ե՛վ մթնշաղդ սիրեցի,
Ե՛վ արշալույսդ վառ,
Ե՛վ տրտմությունդ երգեցի,
Ե՛վ ժպիտդ պայծառ։
Իմ հոգու մեջ ես կրում եմ,
Ինչպես լուսե պսակ,
Ե՛վ պատմությունդ փառահեղ,
Ե՛վ ալեցունց ներկադ։
Ի՛մն է հայկյան ոգին խրոխտ,
Անպարտ, արևածին,
Ի՛մն է երկինք վեր խոյացող
Հայոց եկեղեցին։
Ի՛մն են քարերը սեպագիր,
Հանց անցյալի վկա,
Մագաղաթները ձեռագիր,
Որ եղել են ու կան…
Ու որքան շատ փորձեն խեղել
Փառքդ, աշխա՛րհ հայոց,
Այնքան ուժգին պիտի սիրեմ,
Իմ ոգեղեն ամրոց։
Ինձ ասացին՝ բա՛վ է,
Երգդ երգված է,
Հերիք գրես տողեր
Մտամոլոր,
Համբուրածդ ձեռքը
Անաղուհաց է,
Շուրթը՝ երդմնազանց,
Ստին սովոր:
Ես ասացի՝ գիտե՞ք,
Վերում Աստված է,
Ու թող դատի այնպես,
Ինչպես կուզի.
Ես իմ ծուռ հերոսին
Սիրահարված եմ
Ու կգրեմ, թեկուզ
Մեկ լար հուզի…
Ինձ ասացին՝ դա՛վ է
Հովիտներում կանաչ,
Էլ չեն բուրում այնտեղ
Շուշանները վայրի,
Այնտեղ տատասկներ են
Համատարած,
Որ մատնել են նեռին
Ոգին դարի:
Ես ասացի՝ գիտե՞ք,
Վերում Աստված է,
Ու թող դատի կրկին,
Ինչպես կուզի.
Ես էս ծուռ աշխարհին
Սիրահարված եմ,
Ու թե հարկ է, կայրվեմ
Արարումով լույսի:
Ինձ ասացին՝ ցավ է
Հայոց աչքերի մեջ,
Ուր ժպիտը անգամ
Խոնավ է, թաց,
Բիբլիական սարը
Գերեվարված է,
Հողը պապենական՝
Սրբապղծված:
Ես ասացի՝ գիտե՞ք,
Վերում Աստված է,
Թե հավատաք,
Մի նոր դուռ կբացի.
Ես էս խելառ դարին
Սիրահարված եմ
Ու կերգեմ նրա գովքը
Այգաբացի:
ԵՐԵԿ
ԱՅՍՕՐ
ՎԱՂԸ
Երեկ հեքիաթի աղջիկն էր քո հետ,
Էն, որ համբուրեց շրթունքդ անուշ,
Այսօր պոետն է ու գողտրիկ մի երգ,
Վաղը ամեն բան կդառնա լոկ հուշ։
Երեկ աստղերը սեր էին մաղում.
Հոգու թռիչք էր, թովչանք էր անմեղ…
Այսօր ամպրոպ է երկնակամարում,
Վաղը գուցեև լինի ջրհեղեղ…
Երեկվա օրը մի փնտրիր բնավ,
Այն երգ է դարձել, դարձել՝ պատմություն,
Այսօրը վրձնիր նկարչի նման,
Վաղը, սիրելի՛ս, վաղը թո՛ղ Աստծուն։
ՆԵՐԿԱՊՆԱԿ
Գիշերը իր սև շղարշն էր փռել,
Բացել էր գունեղ ներկապնակը,
Մի բու զարմանքից աչքերը չռել,
Խառնել էր կարծես սևն ու ճերմակը:
Հուշերը եկել ու աչքիս առաջ
Պտտվում էին, ասես թե ծես էր,
Բայց ո՞ւր էր խաչը, ո՞ւր էր քահանան,
Ծնո՞ւնդ էր, մա՞հ էր, թե՞ հարսնատես էր…
Մի փոքրիկ աղջիկ ծաղկաթերթերից
Պսակ էր հյուսում տիկնիկի համար,
Որ տատի փեշի կարկատաններից
Կարած տիկնիկի սիրտը ջերմանար:
Օ՜, խավարածին քաոսի տերեր,
Դուք էլ եք կարված տիկնիկի նման,
Աղջիկն այն ցավից պոետ է դարձել,
Որ արդեն երգեր հյուսի ձեզ համար:
Բայց ձեր սիրտը՝ քար, խո՜լ ապառաժ է,
Վկա է վերից նայող լուսնկան.
Այդ ձեր անվրդով հայացքի առջև
Ճերմակ աղավնին անկենդան ընկավ:
Գիշերը իր սև շղարշն էր փռել,
Նոսրանում էին գույները կամաց,
Մի բու հայացքով փորձում էր ասել՝
Լույսը բացվում է, դիմացի՛ր, պի՛նդ կաց…
ԲԱԶՄԱԿԵՏԵՐ
Տողերիս մեջ հաճախ
Մորեմերկ եմ եղել
Ու չեմ կրել դիմակ,
Չեմ խաղացել դերեր,
Մերթ՝ հարցական,
Մերթ էլ,
Գուցե, շեշտ եմ եղել,
Մերթ էլ՝ դրել անվերջ
Բազմակետեր…
Տողերիս մեջ հաճախ
Դուռս բաց եմ թողել,
Ափս բաց եմ պահել
Գիշեր ու զօր,
Մնացողի համար
Հոգու հաց եմ եղել,
Գնացողին՝ ժպիտ
Աստվածամոր…
Տողերիս մեջ հաճախ
Թե սխալ են պեղել
Ու փնտրել են չեղած
Տողատակեր,
Ես փորձել եմ ժպտալ
Ու փորձել եմ ներել
Ու դրել եմ կրկին
Բազմակետեր…
ԾԱՓԵՐՍ ՔԵԶ
Կյանք իմ, մեղմ ասած,
Տարօրինակ ես,
Մերթ շռայլ, մերթ զուսպ,
Մերթ խեղկատակ ես:
Մերթ որոտում ես,
Պայթում ես անսանձ,
Մերթ ինձ տանում ես
Ճամփեքով անդարձ:
Կյանք, դու՝ դեռ հնուց
Թափառող կրկես,
Ես՝ դարին գամված
Լոկ հանդիսատես…
Լու՜ռ, աներևույթ
Անցիր կողքովս,
Ինքս իմ գլխին
Կմաղեմ հողս:
Ինքս կիջեցնեմ
Վարագույրը թավ՝
Թողած անուրջներ,
Համբույր, սեր ու դավ:
Կյանք, որքան քաղցր,
Այնքան էլ դառն ես,
Լացս պահեմ ինձ,
Ծափերս տամ քեզ:
ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ
Ես հեռացա քեզնից
Աշնան մի պաղ գիշեր՝
Կապույտ անմոռուկներ
Թողած բարձիդ,
Թերթիկներում նրանց՝
Անմարելի հուշեր
Ու մի թաքուն շավիղ
Վերադարձի …
Ես հեռացա, հոգի՛ս,
Որ դու քեզ որոնես
Արշալույսի վճիտ
Ճաճանչներում.
Ու թե գտնես,
Գուցե տաք ժպիտս տեսնես
Վայրի ծաղիկների
Կապույտ թերթիկներում…
Իսկ թե հանկարծ, հոգի՛ս,
Բացվող օրը չքնաղ
Այլ երանգներ բերի
Քո աշխարհին,
Թափ տուր բարձդ զգույշ,
Թափ տուր այնպես արագ,
Որ տաք ժպիտը իմ
Զուր մատներդ չայրի…
ԿԱՆՉ
Սարերս թողել եմ հեռվում,
Կառչել եմ քաղաքի վիհերից,
Իմ հոգում անձրև է մաղում,
Շրթունքս ճաքել է ցամաքից:
Ինչ-որ տեղ ծաղկել է լորենին,
Ինչ-որ տեղ բուրում է ուրցը,
Ես, փակվել իմ սառը զնդանում,
Տանում եմ հոգսերիս խուրձը:
Մի հրաշք լիներ, ու կրկին
Բոկոտն վազեի հանդերում,
Վրնջար հեռվից պապիս ձին,
Որոտար ծովիանը երկնքում…
Ու սելավ տեղար իմ գլխին,
Ու տատս, ինչպես մի աստված,
Գիրկն առներ շփոթված իր ձագին,
Տուն տաներ՝ շալի մեջ պարուրած:
Ու լցվեր հեքիաթով իմ տատի
Խրճիթն այն՝ հասարակ ու տաք,
Ու պատից կախ ընկած լամպը հին
Թվար մի հսկա արեգակ…
Սարերս թողել եմ հեռվում,
Հուշերս տանում եմ ինձ հետ,
Իսկ դրսում անձրև է մաղում
Ու կորչում մայթերին անհետ…
ԴԱՐԻՍ ԶԱՎԵՇՏԸ
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն,
Մի տեսակ ուրիշ տագնապ կա օդում,
Այստեղ բառեր են, գոչեր են հնչեղ,
Ավա՜ղ, ոչնչի էլ չեմ հավատում:
Այստեղ խաչվել են, խառնվել անփույթ
Սեր, կյանք, մահ, ցնորք և, անգամ, հավատք,
Օ՜, շլացուցիչ մեծարգո շահույթ,
Աշխարհն իր հունից հանեցիր, տարար:
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն,
Ծղրիդներ չկան պատուհանիս տակ,
Մի հի՜ն աղոթք է երկնքից կառչել,
Լքված մի մատուռ, մի կոտրած տաշտակ…
Իսկ գիտե՞ք որն է զավեշտը դարի,
Եվ ո՞ւր են տանում հնչեղ գոչերը.
Անմիտ ծերերն են հեծնել աշխարհին,
Ընկնում են մարտում լոկ կտրիճները:
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն,
Մի տեսակ մարդու հավատ չի գալիս.
Աստվա՜ծ իմ, եթե դու էլ ես ննջել,
Բեր, գլուխդ դիր հոգնած ծնկներիս: