
Տաճար է մեր երկիրը, Սուրբ է ամեն քար․․․
Վահան Տերյան
Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական անթիվ ու հրաշքի նմանվող հուշարձանների մեջ իր վեհությամբ ու շքեղությամբ առանձնանում է Խամշի վանքը, որը մարդկային մտքի բազմաշնորհ շռայլության արգասիք է, աներեւակայելի թռիչք, ստեղծագործ ոգու զորության առհավատչյա։
Դարեր ի վեր խոնարհված, նույնիսկ հողի հաստ շերտի տակ թաղված այս կառույցը հոգեւոր անհաշվելի ու անսպառ գանձարան է, քանզի նրա ամեն մի քարի վրա քանդակ կա, գիծ կամ նախշ, զարդապատկեր կամ զարդամոտիվ, հայատառ գիր, ու այդ քարերի, վեմերի, սյուների, խոյակների վրա անջնջելիորեն կնքված է Հայոց պատմության փառքը, հայ ժողովրդի մտքի վեհությունն ու սլացքը, ապրելու եւ արարելու անկոտրում կամքը, որն այդպես էլ չի խոնարհվել արյունարբու անհամար ազգերի բռնակալության ու ավերող թաթերի, նաեւ՝ բնության դժնդակ արհավիրքների առջեւ։

Խամշի վանքը միաժամանակ Գեղարքունիքի մարզի ամենաթաքնված հուշարձանն է, քանի որ այն գտնվում է Գետիկ գետի ավազանի բնական ու խիտ անտառի գրկում, Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղից Ճապկուտ բնակավայր տանող ճանապարհի հյուսիսակողմում, գրեթե անմարդաբնակ վայրում։ Անգամ հուշարձանի կողքով անցնելիս նրան ոչ մի անծանոթ աչք չի կարող նկատել, եթե անցվորը նախօրոք լսած կամ տեղեկացված չլինի այդ հրաշալիքի մասին։
Խամշի վանքի գոյության մասին մինչեւ նախորդ դարի 70-ական թվականները շատ քիչ մարդիկ են իմացել կամ առհասարակ չեն իմացել, քանի որ այն թաղված է եղել հողի հաստ շերտի ու սաղարթավոր հսկա կաղնիների արմատների տակ ու միայն պատահական դիպվածով են մարդիկ հասկացել, որ ինչ-որ հին շինություն կա իրենց ոտքերի տակ։
Հետո , 1979-1985 թվականների ընթացքում , ՀԽՍՀ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը Գրիգոր Կարախանյանի ղեկավարությամբ ձեռնարկել է Խամշի վանքի պեղումները՝ անցած դարերի մոռացության փոշիների, թանձր ծառաստանի ծածկի տակից հողի երես հանելով զարմանահրաշ վանական համալիր, որն անգամ ավերակների մեջ երեւելի է իր ողջ հմայքով, քանդակների գեղեցկությամբ ու բազմազանությամբ, ճարտարապետական ճոխ հարդարանքով։

Սա այնպիսի հուշարձան է, որի կառուցվածքին, մտահղացմանը, առանձնահատկություններին ծանոթանալու համար ոչ միայն ժամեր կամ օրեր են հարկավոր, այլ՝ բազմաթիվ այցելություններ ու մանրազնին ուսումնասիրություններ, քանզի պատմահնագիտությամբ ու պատմաճարտարապետությամբ հետաքրքրված ամեն ոք ստիպված է լինելու, անկախ իր կամքից, հայացք սեւեռել աջուձախ գետներես ընկած քարերին, խոյակների ու սյուների բեկորներին, բեmառէջքին, կամարներին, խաչքարերին, գմբեթի ու թմբուկի մաս կազմող տարրերին, թռչունների կամ կենդանիերի ու մարդկանց պատկերաքանդակներին, որոնցից յուրաքանչյուրն իրենից արվեստի գլուգործոց է ներկայացնում, մարդկային մտքի կատարելություն։
Ինձ քանիցս բախտ է վիճակվել լինել Խամշի վանքում, ժամեր շարունակ պտտվել հուշարձանի տարածքով մեկ, ապշած նայել քարեղեն հրաշքներին, ցնցվել ու հուզվել այդ վեհություններով, սակայն ամեն անգամ, երբ փորձել եմ ներշնչանքս վերածել գրի, հասկացել եմ, որ ինչ-որ բան թերի, հացական է մնացել մեջս՝ վանքի պատմության ու պատմաճարտարապետական առանձնահատկություններն ամբողջությամբ ներկայացնելու եւ արտացոլելու համար։
Երյկար որոնումները ստիպեցին ինձ՝ դիմել հուշարձանը պեղեղ հնագետներ Գրիգոր Կարախանյանի և Հուսիկ Մելքոնյանի օգնությանը։ Այդ նպատակով դեռեւս 2012 թվականին «Գեղամա աշխարհ» թերթի կողմից ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ գործուղվեց մեր արտահաստիքային թղթակից Նունե Առաքելյանը։ Երկար պրպտումներից հետո նա Խամշի վանքի մասին տպագրության ներկայացրեց ծավալուն ու բովանդակալից հոդված՝ պեղող հնագիտների կողմից տրամադրված տվյալների հիման վրա։

Դրանից հետո, երբ թվում էր, թե Խամշի վանքի գաղտնիքների մասին գրավոր ասելիքը մեր կողմից սպառված է, իսկ առաքելությունը՝ ավարտված, հետագա այցերն ու ուսումնասիրությունները մեջս ծնեցին նոր խանդավառություններ ու ոգեշնչումներ, միաժամանակ՝ նոր հարցականներ, որոնց պատասխանները միայն վերջերս կարողացա ստանալ, երբ վերջապես, նախորդ տարեվերջին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս ընծայվեց «Խամշի վանքը» պատկերազարդ ու նույնքան շքեղ ձեւավորված գիրքը, որը հեղինակել են Հուսիկ Մելքոնյանը, Գրիգոր Կարախանյանը եւ Դիաննա Միրիջանյանը։
Այս գիրքը մեկ այլ հոգեւոր արժեք է, մի թանկ մասունք, որը ոչ միայն դարերի մոռացությունից փրկում է կործանված շքեղաշուք հուշարձանը, այլ նոր կյանք ու շունչ է տալիս նրան՝ հայ մարդու առջեւ բացելով իր նախնիների մտքի անհատակ, անսպառ շտեմարանը, գեղագիտական ճաշակը, կենսասիրությունն ու հավատի զորությունը։
Մի բան է միայն ցավալի, որն առաջին հերթին եղել է հենց գրքի հեղինակների, կամ որ նույնն է, Խամշի վանքը պեղող հնագետների հոգու խռովահույզ ցավը, այն, որ այս անկրկնելի հուշարձանն այդպես էլ մինչ օրս չվերականգնվեց իր շքեղաշուք տեսքի մեջ, թեեւ այդ ուղղությամբ էլ երկար են տքնել նրանք, գուրգուրել հողի տակից հանված ամեն մի քար ու կոթող, համարակալել, հաշվարկել, ստացել տաճարի, գավիթի, փոքր եկեղեցու, ավանդատների հատակագիծը։
Այս հուշարձանի վերականգնումն այսօր առավել քան հրատապ ու կարեւոր, անգամ մշակութային գոյաբանական հարց է այն առումով, որ Խամշի վանքը, գրքի հեղինակների խորին համոզմամբ, Արցախի Գանձասարի նախատիպն է հանդիսանում։ Դաժանաբար, պիղծ, հայասպան ոսոխների ձեռքերով կորսված Գանձասարը մեզնից օր ու ժամ առաջ է պահանջում՝ ամեն միջոց գտնել՝ Խամշի վանքը վերականգնելու եւ սերունդներին ու դարերին այն իր վեհ տեսքով հանձնելու համար։ Ավելորդ չեմ համարում նշել, որ Խամշի վանքի կործանողներն էլ հենց եղել են նույն ավարառու, քոչվոր ու բարբարոս թշնամիները, ովքեր գրեթե հողին են հավասարեցրել կաթողիկոսանիստ վանքը, որպեսզի ժամանակին Միափորի լեռնահովտի տարածքից իսպառ ջնջեն հայկականության հետքերը։

Այս գրքի մեջ ամփոփված է հայ ժողովրդի հերոսական ու ողբերգական անցյալը, տեւական մաքառման, ինքնության պահպանման ու զարգացման, դժվարին գոյապայքարի ուղին, նաեւ հանճարի ու Աստվածատուր շնորհների արտացոլանքը։ Սրանով ոչ միայն փրկվել է հեղինակների երկար տարիների տնքաջան աշխատանքն ու ուսումնասիրությունները, այլ նաեւ մի մնայուն քայլ է արվել՝ հուշաձանի բազմաթիվ գաղտնիքների բացահայտման ու հանրայնացման, ինչպես նաեւ՝ վերականգման ճանապարհին։
Մի դիտարկում եւս, որը կուզեի ուղղել թե՛ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, թե՛ գործարարներին ու բարերարներին՝ որոշակի մեծ տպաքանակով վերահրատակելու այս գիրքը, քանի որ այն տպագրվել է խիստ սահմանափակ տպաքանակով՝ մի քանի տասնյակի չափով, ինչն արդեն իսկ անհասանելի է ընթերցող լայն շրջանակներին։ Մինչդեռ այն պետք է դառնա ոչ միայն գիտությամբ զբաղվողների, այլ մասնագետների, այլ ցանկացած գրագետ հայ մարդու սեղանի գիրքը։
Խամշի վանքը, ինչպես հաստատված է ուսումնասիրությունների արդյունքներով, հասարակ վանք չի եղել, այլ որոշակի ժամանակ ծառայել է որպես կաթողիկոսական կենտրոն կամ նստավայր, ուր, դատելով ավանդատների, օժանդակ շինությունների ու շրջակա գերեզմանոցի գոյությունից, գործել են ստվար թվով հոգեւորականններ։

Վանքը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին, Աղվանից եկեղեցու առաջնորդ Հովհաննես Հայրապետի կողմից, Հայոց իշխանապետեր Զաքարե եւ Իվանե Զաքարյան եղբայրների սիրահոժար համաձայնությամբ, ինչի մասին վկայել է միջնադարյան հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին։
Միջնադարյան հայ ճարտարապետության այս գլուխգործոցի հիմնարկեքը կապվում է Աղվանից աշխարհի կաթողիկոս Հովհաննես Զ-ի անվան հետ, ով գահակալել է 1195-1235 թվականներին։ Հավելենք, որ Աղվանից կաթողիկոսությունը միշտ գործել է Հայ Առաքելական եկեղեցու գահերեցությամբ, իսկ Աղվանքում քրիստոնեության տարածումն ու եկեղեցաշինությունը հիմնականում կապվում է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ։
Հովհաննես Հայրապետը Իվանեին ու Զաքարեին է դիմում՝ իրեն կաթողիակոսանիստ տարածք տրամադրելու համար, քանի որ, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, շատ է նեղվում այլազգի թշնամիներից։

Հովհաննես Կաթողիկոսի մահից հետո հայրապետական աթոռին է բազմում նրա եղբայր Ներսես Գ-ն, ով գահակալել է 1235-1262 թվականներին։ Նա համարվում է հայ եկեղեցու ամենահայտնի սպասովորներից մեկը։ Նույն Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝ ժամանակին այնքան հռչակված է եղել Խամշի վանքի գահակալ Ներսեսի անունը, որ նրան պալատ է հրավիրել մոնղոլական մեծ խան Չարմաղանի կին Ելթինա Խաթունը։ Ճոխ եւ մեծ հարգանքով ընդունելության արժանանալուց հետո Ներսեսը պաշտոնակալման է վերադառնում Խամշի վանք։
Խամշի վանքում է գտնվում Հովհաննես Հայրապետի գերեզմանը։ «Վանքի հնագիտական պեղումների ժամանակ մեծ տաճարի հարավարեւմտյան ավանդատան հատակին բացվեց զանգվածեղ մի տապանաքար, որը զբաղեցնում էր սրահի ողջ հատակը։ Ելնելով տապանաքարի չափից եւ տաճարի ներսում թաղվելու հանգամանքից, կարծում ենք, որ դա Հովհաննես Հայրապետի գերզմանն է, թեեւ վրան հիշատակագիր չկա»,-վկայում են գրքի հեղինակները։
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի/