Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքի 7 ընտանիքներ նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեցին իրենց վարձակալած բնակտարածքների նկատմամբ

Մարտունի քաղաքի 7 ընտանիքներ նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեցին իրենց վարձակալած բնակտարածքների նկատմամբ։

Ինչպես   տեղեկացրին  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, նրանք Մարտունի քաղաքի  Շահումյան փողոցի 15/1 շենքի այն բնակիչներն են, ովքեր  երկար տարիներ վարձակալությամբ բնակվելով նախկին շրջսանէպիդկայանին պատկանող տարածքում, իրավական տարբեր խոչընդոտների պատճառով չէին կարողանում օրինականացնել ու սեփականաշնորհել իրենց անշարժ գույքը։ Սակայն  այդ երկարատև սպասումն ու անորոշությունն արդեն մնացել են անցյալում։

Օրերս  Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը համայնքապետարան էր հրավիրել հիշյալ շենքի բնակիչներին՝ անձամբ հայտնելու երկար սպասված ուրախալի լուրը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին և նրանց հանձնել համապատասխան որոշումները, որոնցով շենքի թվով 7 բնակարանները նվիրատվությամբ հատկացվել են  այդ բնակարանները տասնամյակներ շարունակ վարձակալող 7 ընտանիքներին։

«Տարիների խնդրի հանգուցալուծումը ոչ միայն իրավական ակտերի հստակեցում է, այլև մարդասիրական ու արդարացի քայլ՝ ուղղված մեր համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ու նրանց սեփականության իրավունքի պաշտպանությանը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

1 դիտում