Արեւն հրավարս, մարմնով իր հսկա՝
Երթով հաստատուն, անկանգ, անմոլոր,
Վառվռուն դեմքով, փայլով հրաչյա
Բոցավառում է մոգական գույներ
Գեղամա անծիր լեռնավահանում,
Ամպերի պես-պես դեզերի վրա
Եվ արքայական ու հանդիսավոր
Մտնում ծոցն Հողի՝ սիրել-սիրվելու․․․
Գիշերն իջնում է լոկ նրա համար,
Որ իր քողարկիչ սավանը փռի
Կյանքի եռացող կրքերի վրա,
Հրի եւ Հողի քնքուշ մերձեցման
Երկունքախորհուրդ ակնթարթների․․․

Գրկախառնումից Հողն է դղրդում,
Տրոփյունները սիրող սրտերի
Ժայռեր են ճեղքում, եթերը բռնում,
Տիրաբար նստում թեւերին Հովի,
Նրա հետ շրջում լեռնածերպերին։
Իսկ ծաղիկները տարփանքի ժամին,
Բռնած լեռ ու ձոր, գետափ ու կածան,
Երբ որ գիշերն է աշխարհին տիրում,
Կոկոններն իրենց թարմ ու գեղանի
Հրաշքի նման, շքեղ են բացում՝
Անըմբռնելի մի ակնթարթում,
Որ ոչ մի էակ գաղտնիքը Գոյի
Չմատնի նենգ ու դավադիր Չարքին,
ՈՒ արարչական, զորավոր Ոգին
Գետնից ինքնաբավ Երկինք հեռանա․․․
Հետո Արեւն է վեհորեն ելնում
Հողի շիկացած, սրբատես գրկից,
Կայտառ ու պայծառ պատանու նման,
Առնական տեսքով ու գեղեցկակած,
Լեռան թիկունքից ցոլքերն իր հանում,
Ապա գրավում Երկինքը հանկարծ։
Հայրանում է նա, Հողը՝ մայրանում,
Կյանքն է բռնկվում մեկեն ու նորից․․․
Մի պահ, լույս դարձած, ձուլվել Արեւին,
Եղել եմ այս սուրբ Հեքիաթին վկա,
Որ Արիական դարերից պատմեմ,
Դիցերից սերված Հայկազուններից,
Որ Հող-հայրենին ինձնով ապրեցնեմ՝
Արեւից սերված ու Արեւաբաղձ․․․
24․12․2025
Խոսրով Խլղաթյան