
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և շարունակվում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Սարուխանի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 14 միլիոն 500 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Արտավազդ Քիշոյան, Զորավար Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ոռոգման և ջրահեռացման համարգի կառուցում 460 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով, անցումներում՝ մետաղական խողովակներով։ Արտավազդ Քիշոյան փողոցում համակարգը ծառայելու է ոռոգմանը, իսկ Զորավար Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում, ոռոգմանը զուգահեռ, նաև ջրահեռացմանը։Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերին և կավարտվեն մինչև տարեվերջ։
Ծրագրի իրագործմամբ Սարուխանում շուրջ 200 տնտեսություն հնարավորություն կունենան՝ ոռոգելու ավելի քան 50 հեկտար տնամերձ հողատամաս։ Համակարգի միջոցով ջուրն արդեն առանց կորուստների կհասնի հողագործին։
Գեղամա աշխարհ